Ասենք, մարդը ինչ-որ բանի մասնագետ է։ Եթե լավ մասնագետ է, ինչ-որ պահից սկսում է հարգանք վայելել իր ոլորտի մարդկանց շրջանում։ Հետո մարդու համբավը տարածվում է նաեւ իր ոլորտից դուրս։ Եթե ինչ-որ մեկի էդ ոլորտի մասին բան է պետք լինում, դիմում են իրեն, հարցազրույցներ են վերցնում, խորհուրդներ հարցնում։
Թվում է՝ ամեն ինչ լավ է ընթանում։ Բայց կյանքը միագիծ չէ։ Կյանքը հազարումի փորձություն ունի պահած մարդու համար։ Մարդուց պահանջվում է ոչ միայն հոգեկան ուժ, այլեւ բարոյական տոկունություն։ Միշտ չի, որ մարդը դիմանում է։ Միշտ չի, որ նրա՝ իր ներսում ամբարած խաղաղության ու բարոյականության պաշարները բավարարում են։ Ցավոք, մարդը կարող է կորցնել համարժեք արձագանքելու կարողությունն ու հոգեկան առողջությունը։ Դա, իհարկե, առանց նշանների չի լինում։ Բայց մարդիկ չեն նկատում։ Կամ նկատում են ու վերագրում են ընդհանուր ոչ լավ վիճակով նրա չափազանց մտահոգվածությանը։ Ավելի են համոզվում, որ նա ազնիվ մարդ է ու լավ մասնագետ։ Ուրիշ ո՞նց խոսես մարդու մասին, որը իր անձնական հոգսերը թողած՝ մտահոգվում է, ասենք, հայրենիքի ու արդարության մասին։ Կամ աննվաճ է պահում իր մասնագիտական սկզբունքային դիրքերը։
Նրա վարկանիշը շարունակում է աճել։ Նա շարունակում է ավելի շատ հարցազրույցներ տալ ու մեկնաբանություններ անել, խորհուրդներ եւ այլն։ Քանի որ նրա խոսքում հայտնվում է ագրեսիա, նրա հետեւորդների թիվը սոցցանցերում ավելանում է։ Ավելանում է նաեւ ընկերների թիվը իրական կյանքում։ Մարդիկ սիրում են կրակոտ մարդկանց։
Նախկինում նրան ճանաչած մարդիկ երբեմն նկատում են, որ նա առաջվանը չէ, բայց շարունակում են վերագրել դա ընդհանուր ծանր վիճակին՝ երկրի, աշխարհի․․․ Իսկ ո՞վ է առաջվանը՝ ասում են մարդիկ։
Իսկ մարդը շարունակոմ է կարծիքներ հայտնել ու խորհուրդներ տալ։ Նրա կարծիքներն ու խորհուրդները դուրս են գալիս մթնոլորտ ազատ ճախրանքի, հաճախ հայտնվում եթերում։ Մարդիկ հետեւում են նրա խոսքին, որովհետեւ այն թվում է նրանց արդարամիտ ու քաջ։ Մարդիկ սիրում են արդարամտությունն ու քաջությունը։
Իհարկե, նրանք մի քիչ ավելի հաճախակի են նկատում, որ մի բան այն չէ։ Առաջինը սկսում են նկատել ոլորտի այլ մասնագետները, մարդու գործընկերները։ Նրանք տեսնում են, որ մարդը սկսել է ապուշություններ դուրս տալ եւ մասնագիտական առումով սխալ-մխալ բաներ խոսել, բայց հարգում են նրա վաստակը, մտածում են՝ շողուլից ընկել է, կանցնի, ո՞ւմ հետ չի լինում։ Մյուսներն էլ դեռ հարգում են մարդուն ու աչք են փակում նկատածի վրա, որովհետեւ եթե ընդունեն, որ այդպես է, ո՞վ նրանց համար կլինի արդարամտության ու քաջության օրինակ, սկզբունքայինության անմար փարոս։
Դեռ ժամանակ է պահանջվում, դեռ մարդը շատ մեկնաբանություններ ու խորհուրդներ պիտի տա, դեռ պիտի շատ սխալվի անձնական հարաբերություններում, բարոյական սայթաքումների ինչ-որ քանակ պիտի անցնի, որ մարդիկ չկարողանան չընդունել՝ մարդը չի հաղթահարել կյանքում իրեն պատահած փորձությունները, դրանք անջնջելի հետք են թողել նրա մտածելու ու վերլուծելու, աշխարհը ճիշտ ընկալելու, իրերին ու երեւույթներին համարժեք գնահատականներ տալու կարողությունների վրա, անջնջելի եւ ավերիչ, մարդն այլեւս պիտանի չէ նրանից կարծիք ու խորհուրդ հարցնելու համար։
Բայց մինչեւ այդ ժամանակը կգա, նրա կարծիքները, մեկնաբանություններն ու խորհուրդները, նրա բղավոցներն ու հայհոյանքները փոխում են աշխարհը։ Իր՝ այդ մարդու չափով, իհարկե։ Բայց նաեւ, որ պակաս կարեւոր չէ, այդ մարդու պատկերով ու նմանությամբ են փոխում։ Եվ աշխարհը մի քիչ սկսում է նմանվել այդ մարդուն՝ երբեմնի ազնիվ ու խելացի, բայց բարոյական ուղենիշերը կորցրած, մոլորված դեգերող եւ երբեմն շվարած կանգ առնող ու շուրջը նայող խելագարի, որի հայացքում շառաչ է եւ ցասում։ Մարդու, որ չգիտի, թե ուր է գնում եւ ցավոք մոռացել է նաեւ՝ որտեղից է եկել։