Արևիկ Չափարյան/Գարունը դեղին բարձրակրունկների վրա

Բարձրակրունկներիցս իջա համավարակի ինքնամեկուսացման օրերին ու այնքան հետ վարժվեցի, որ վախենում եմ նորից բարձրանալ։ 

Դեռ մի երկու տարի առաջ այնքա՜ն համարձակ էի ճեմում տասը սանտիմետր բարձրության վրա, շտապելիս` վազում, անգամ անձրևի ժամանակ։ Հիմա միջանցքի պահարանում միայն սպորտային կոշիկներս են քիպ տեղավորվել։ Համարյա միագույն են` ճիշտ  վերջին տարիների նման։ Այ դրանցով սրտի ուզածի չափ կարելի է վազել, բայց հիմա էլ ես մի տեսակ չեմ շտապում…

Բոլոր առավոտներին ինձ անկողնուց կարող է դուրս բերել մի բաժակ սև դառը սուրճ վայելելու հեռանկարը միայն։ Սովորական չորեքշաբթի ոտքի վրա անշտապ կուլ եմ տալիս իմ մոգական ռոբուստան ու նոր միայն նկատում, որ  պատուհանից այն կողմ գարուն է…

Մեր բակի ծիրանենին  է անգամ տարին չորս անգամ ոճափոխվում, իսկ ես արդեն քանի տարի է  տափակ կոշիկներով եմ միայն մաշում այս քաղաքի ասֆալտը։ 

Ինչ֊որ բան պետք է փոխել, երևի սկսեմ կոշիկներից։ Սուրճս կիսատ եմ թողնում,  մտովի քանդում միջանցքի պահարանը։ Դեղին բարձրակրունկներս թաքնվել են ամենախորքում, բայց եթե որոշել եմ դուրս բերել, ո՞ւր պիտի փախչեն։ Փոշոտված տուփի հետ մտքիցս դուրս է պրծնում փոշոտված մի բառ՝ բոկոտիկ։ Ի՜նչ սիրուն է հնչում ու ինչու գրեթե երբեք չի հնչում։

Շքամուտքից դուրս գալիս աչքերով բարևում ենք իրար` ես ու մեր բակի սիրունը։ Ես իր ճերմակ  հագուստն եմ ոտքից գլուխ գնահատում, ինքը երևի իմ դեղին բոկոտիկները։ Մինչև շենքի անկյուն հետս տանում եմ ճերմակ ծաղկաթերթիկների բույրը։ 

Գարուն է։ Շնչում եմ գարունը։ 

                                                                      ***

Թումանյան փողոցի ամենաբանուկ հատվածում շարունակում են նորոգել մայթը (կամ կրկին նորոգում են)։  Տաք ասֆալտի տարօրինակ հոտը խլացնում է անգամ ծաղկած ծիրանենիների բույրը ու ամեն բույր աշխարհում։ Թվում է` ասֆալտահոտը ներծծվել է մազերիս, հագուստիս անգամ օծանելիքիս մեջ։ Քիչ֊քիչ մոռանում եմ, թե ինչպիսին է օդը` առանց ասֆալտի։  

Կրունկներս ներս ու դուրս են անում կիսատ-պռատ չորացած մայթին։ Ուզեմ, թե չէ թողնում եմ իմ հետագիծը Թումանյան փողոցի վրա։ Մռայլ մոխրագույն ասֆալտ ու վառ դեղին բարձրակրունկներ։ Կյանքը երևի հենց հակադրությունների մասին է։

Ասֆալտը, գարունը… ասֆալտը  խեղդում է գարունը։ 

                                                               ***

Ծանոթ դիմագծերով անծանոթ տատիկը կակաչներ ու իմ սիրելի ֆրեեզիաներն է վաճառում փողոցի անկյունում։ Վազելու չափ քայլում եմ դեպի ինձ կանչող փունջը։  Դրամապանակս բացելուց հետո եմ միայն մտաբերում, որ այնտեղ  վաղուց կանխիկ գումար չի լինում անգամ մի ծաղկեփունջ գնելու համար։ Դրամապանակիցս էլ է երևի ասֆալտի հոտ գալիս։ 

Հայացքս որսում է «փրկության բանկոմատը»։ Երանի հույզերի բանկոմատ էլ լիներ, օրինակ կանխիկ ուրախություն չունենայիր, արագ կանխիկացնեիր մոտակա բանկոմատից կամ տրամադրության փոխանակում անեիր,  երբ զգայիր, որ կտրուկ տատանվում է։ Երբվանի՞ց եմ սկսել փիլիսոփայել։ Հաստատ իմաստության նշան չի, ուղղակի գարուն է ու ես կանգնել եմ իմ դեղին բարձրակրունկներին։

                                                                  ***

Ճեմում եմ Նալբանդյան փողոցով։ Հետևում թողնելով Սախրովի հրապարակն ու մետրոյի  կայարանը՝  աչքերով ազատ նստարան եմ փնտրում հարակից այգում։

Գարունը գրկել է այգին. նստարանները մարդկանց պակաս չունեն։ Երերում եմ ու դանդաղում․ կարծես ոչ թե ես, այլ ողջ այգին է ճոճվում իմ դեղին բարձրակրունկների վրա։  Վերջապես մի ազատ անկյուն, երևի հենց այսպիսին է լինում հենման կետը։

Կողքի նստարանին մի սիրուն զույգ ուժերի ողջ լարումով վիճում է, գուցե խանդի հողի վրա, և ես լսում եմ բոլոր ժամանակների ամենաավերիչ  արտահայտությունը` դու ես մեղավոր,  ու ափսոսում, որ խախուտ կետից են փորձում հաշտվել։

Հետո ականջիս են հասնում լայքել, քոմենթել գրվել ու էլի նման միալար ու սառը բառեր։ Վախենում եմ հավատալ, որ այդչափ տեխնոլոգիական է անգամ վեճը մեր օրերում։ Տեսնես ասֆալտահո՞տն է ավելի տհաճ, թե՞ տեխնոլոգիական սերը, խանդը, հույզերը։

Նայում եմ աջ՝  միջահասակ մի կին անտարբեր հայացքով, բայց շարժուն մատներով տանջում է հեռախոսի էկրանը, նայում եմ ձախ՝ ընկերախումբ է՝ յուրաքանչյուրն իր սմարթֆոնի սարդոստայնում։ Իսկ բոլոր էկրաններից դուրս գարուն է։ Խելացի սարքերը մաշում են գարունը․․․

Քիչ հեռվում կոկիկ հագ ու կապով  մի պապիկ, թոռանը ծնկներին առած,  ինչ֊որ բան  է պատմում։ Տարածությունը խանգարում է տեսնել, բայց աչքերը երևի փայլում են։ Փոքրիկ աղջիկը շունչը պահած լսում է ու ժամանակ առ ժամանակ բարձր ու անզուսպ ծիծաղում։ Հոգիս թեթևանում է․ դեռ կա կյանք ասֆալտից ու տեխնոլոգիաներից անդին․․․ և այդ կյանքը հենց հակադրությունների մասին է…

Պայուսակիցս հանում եմ կարմիր թերմոսս, ու իմ սիրելի ռոբուստայի բույրը մոռացնել է տալիս և՛ տեխնոլոգիաները և՛ ասֆալտը և ամեն բան աշխարհում` բացի ձեռքիս ֆրեեզիաներից։ Թվում է` գրկել եմ իմ բաժին գարունը։ 

Փոքրիկ հաճույքներից երջանկանալու միտքը միֆ չէ, աշխատում է, հատկապես, երբ զգում ես գարունը դեղին բոկոտիկների բարձրությունից։ Հավանաբար նույն միտքը կունենամ նաև երեկոյան, երբ դեղին բարձրակրունկերս վերածվեն մոխրագույն հողաթափերի։

Please follow and like us: