Խոջիվանքի խնդիրը/Հասմիկ Հակոբյան

Սույն անդրադարձի թեման Թբիլիսում գտնվող Խոջիվանքի գերեզմանատան բազմամյա խնդիրն է, առիթը՝ վրաստանյան վերջին այցիս տպավորությունների արդյունքում կատարած փոքրիկ հետազոտությունս։ 

Գաղտնիք չէ, որ Վրաստանը, մասնավորապես Թիֆլիսը՝ ներկայիս Թբիլիսին, ժամանակին եղել է Կովկասի վարչական և հայերի մշակութային մայրաքաղաքը, որտեղ իրենց մշակութային հետքն են թողել հույները, ռուսները, գերմանացիները, իսկ ավելի շատ՝ հայերը։ Հայկական հետքերը տարիների ընթացքում հաջողությամբ ու հետևողականորեն ջնջվել են վրացական իշխանությունների և ազդեցիկ անհատների կողմից։ Հասկանալի է, որ մշակույթն ազգային դիմագիծ է, իսկ դրանց գոյությունն օտար հողում կարող է անցանկալի լինել ու ոչնչացման վտանգի առաջ հայտնվել։ Ազգային մշակութային ժառանգությունն օտար հողում պահպանելու հարցն ազգային դիմագիծը պահպանելու միջոցներից մեկն է։

Տարիներ շարունակ լրագրողական և գիտական հետազոտությունների արդյունքում բարձրաձայնվել է տարբեր երկրների, այդ թվում նաև Վրաստանում գտնվող հայկական մշակութային կենտրոնների ու հուշարձանների ոչնչացման հավանականության, վտանգի մասին։ Ասվածի ցայտուն ապացույցներից մեկն էլ այն փաստն է, որ դեռ 1922 թվականից Վրաստանում շուրջ 26 հայկական եկեղեցի է գործել, 1988 թ․ եկեղեցիների թիվը դարձել է 16, իսկ ներկայումս Թիֆլիսում գործող հայկական եկեղեցիներն ընդամենը երկուսն են։ Հայկական եկեղեցիներից մի քանիսը սահուն կերպով վրացական են դարձվել։

Եկեղեցիների հետ կապված մի զգայուն հարց ևս արդիական է։ Վրաց հոգևորականների վերաբերմունքը հայ հավատավորների նկատմամբ բավականին կոպիտ ու վիրավորական է։ 

Դեռ 1998 թվականին հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը, որ տարիներ շարունակ զբաղվել է հայկական հուշարձանների ուսումնասիրության և պահպանության հարցերով, փաստերի հավաքագրման արդյունքում կազմել և հրատարակել է ամփոփ ու համապարփակ ուսումնասիրությունների և հոդվածների ժողովածու, որտեղ ներկայացված են Վրաստանի տարածքում գտնվող հայ մշակութային հուշարձանների ոչնչացման և յուրացման մասին բացառիկ փաստեր, որոնք հավաքագրվել են անձամբ հեղինակի անխոնջ ու հետևողական ջանքերի շնորհիվ։ Այս ժողովածուն շուրջ երեք տասնյակ մշակութային հուշարձանների, հայկական եկեղեցիների, դպրոցների և այլ կենտրոնների մասին տեղեկատվական և պատմական թանկարժեք ու հավաստի աղբյուր է, որը, սակայն, ցավալիորեն անտեսված է։ Ժողովածուն հարուստ է ոչ միայն տեղեկատվությամբ, այլ նաև լուսանկարներով, որոնք ճանաչողական մեծ արժեք ունեն։

Ժողովածուում տեղ են գտել ականատեսների պատմություններ, որոնց մեջ է վիրահայ Լուսիկ Մուրադյանի՝ 1996 թվականի վկայությունը, որտեղ պատմվում է վրացի քահանայի՝ հայերի նկատմամբ վիրավորական վերաբերմունքի մասին։

Վերադառնանք մեր օրեր։ Վերջերս՝ 2024 թ․ հունիսի 16-ին, մի խումբ արշավականների հետ եղանք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Վրացական եկեղեցու մոտ կանգառի ժամանակ արշավականներից մի քանիսը մտան եկեղեցի, նրանցից մեկը ապշահար դուրս եկավ՝ պատմելով հետևյալը։ Վրացի քահանան նշխարներ է բաժանել ներկաներին, իսկ երբ տեսել է կնոջ խաչակնքվելը, մոտեցել ու հարցրել է, թե ինչ ազգի ներկայացուցիչ է նա։ Երբ լսել է, որ հայ է, նրա ձեռքից վերցրել է արդեն կծած նշխարը և հեռացել։ Փոխարենը մի քանի մետր հեռու գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հայերը հյուրասիրություն էին կազմակերպել հեռվից եկած հայրենակիցների համար։ Զուգահեռ իրականությունները, որ ձևավորված էին վրացական մայրաքաղաքի այդ փոքրիկ հատվածում, խոր մտորումների առիթ էր տալիս։ Վրացական եկղեցում «մերժված» և հայկական եկեղեցում ջերմ հյուրասիրության արժանացած կինն ապշած էր, փորձում էր հասկանալ, թե ինչու։ Ինչուի պատասխանը տարիներ առաջ տվել է Սամվել Կարապետյանը՝ խոսելով հայկական եկեղեցիների փակման, ավերման կամ դրանք վրացական դարձնելու մասին, որից էլ բխում է վրացի հոգևորականների վերաբերմունքը հայ քրիստոնյաների նկատմամբ։ 

Դառնանք բուն թեմային։ Հայկական հայտնի Հավլաբար թաղամասին կից գտնվող Խոջիվանքի գերեզմանատան պատմությունը գալիս է դեռ 17-րդ դարից, երբ վրաց արքա Ռոստոմն իր հայ գանձապետ Աշխարհբեկ Բեհբությանին պատկանող ընտանեկան գերեզմանատունը թույլ է տվել ընդարձակել՝ դարձնելով ազգային գերեզմանատուն։ Աշխարհբեկին Ռոստոմ արքան Խոջա (Մեծ) Բեբութ է կոչել՝ ի պատիվ նրա անձնվեր ծառայության։ 1655 թ․ նրա կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդիկ անվանել են խոջա Բեբութի շինած վանք՝ Խոջավանք, ըստ այդմ էլ՝ գերեզմանատունը կոչվել է Խոջիվանքի գերեզմանատուն։ Խոջիվանքի պատմությանը տարբեր ուսումնասիրողներ և լրագրողներ են անդրադարձել։ Անդրադարձներից ամենահամապարփակը դարձյալ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունն է։

 Անձամբ լինելով Հավլաբար և Էլիտա թաղամասերում, խոսելով տեղի բնակիչների հետ՝ դեռ 1998 թվականին Սամվել Կարապետյանը ցավով զգուշացնում է, որ դեռ 1937 թվականից Բերիայի պատվերով ավերվող ու վայրագաբար կրճատվող գերեզմանատունը լուրջ վտանգի առաջ է։ Բերիան ժամանակին ավերել է տվել տեղի գերեզմանատունն ու վանքը՝ փոխարենը կառուցելով զբոսայգի, որին Բարեկամության զբոսայգի անունն է տվել։ 1967 թվականից գերեզմանատունը դարձել էր Թիֆլիսում ապրած ու ստեղծագործած հայ մտավորականների վերջին հանգրվանը՝ ուրույն խորհուրդ ստանալով մեր ժողովրդի համար։ 

Նկարը՝ համացանցից, Խոջիվանք, 1935 թ․։

Այստեղ ամփոփված են եղել շուրջ երեսունչորս մշակութային անվանի հայ գործիչների աճյուններ, որոնց մասունքների ճակատագրերը արդեն անհայտության են մատնվել։ Շատ տապանաքարեր վրացական այլ կառույցների, հայտնի ու ազդեցիկ մարդկանց տների և նույնիսկ սանհանգույցների համար շինանութ են ծառայել։ Կուր գետի աջ ափին գտնվող «Դեդաենա» (մայրենի լեզու) հուշահամալիր տանող աստիճանների եզրաքարերի վրա այսօր էլ ընթեռնելի են հայկական շիրմաքարերի մակագրությունները։

Ցավոք սրտի, Սամվել Կարապետյանի՝ անցյալի դառը փորձից արված կանխատեսումը ևս ժամանակի ընթացքում իրականացավ։ Նախկին Խոջիվանքից ներկայումս մի փոքրիկ պատառիկ է մնացել, իսկ հարևանությամբ վեր է խոյանում Վրաստանի հոգևոր կենտրոնը՝ շքեղ Ծմինդա Սամեբան։

Խոջիվանք, 2024 թ․

Եթե միայն ճիշտ ժամանակին կարողանայինք պետական մակարդակով անսալ Ս․ Կարապետյանի և առհասարակ անհանգստության ձայն բարձրացնող բոլոր արժանի մտավորականների խոսքերինին ու հորդորներին․․․

Եթե նախկինում մենք ասում էինք, որ, մշակութասեր, մշակութաստեղծ ու մշակութապաշտ ազգ լինելով, չգիտենք, թե որտեղ են հանգչում մեր մեծերից Խ․ Աբովյանի, Վ․ Տերյանի, Ե․ Չարենցի մասունքները, ապա հիմա այդ շարքին ավելացել են ավելի քան երեք տասնյակ այլ մտավորականների անուններ, որոնց թվում են Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Նար-Դոսը, Մուրացանը, Գաբրիել Սունդուկյանը, Պերճ Պռոշյանը և այլք։ Տեղում է միայն Րաֆֆու աճյունը։ 

Այս ամենով հանդերձ՝ Խոջիվանքը շարունակում է ուխտավայր մնալ հայերի համար։ Թիֆլիս այցելող հայերի ամենանվիրական կետը հենց Խոջիվանքն է, որտեղ շիրմաքարերը, սակայն, սոսկ ձևական բնույթ են կրում, իսկ ազգի մտավորականների մեծ մասի ոսկորները հայտնի չէ, թե ինչ ճակատագրի են արժանացել․ շատերի նման վրացական աղբանոցում են հայտնվել, թե՞ մնացել են Վրաստանի հոգևոր կենտրոն համարվող Սուրբ Երրորդություն (Ծմինդա Սամեբա) եկեղեցական համալիրի հիմքի ներքո։

Ինչպես վերը նշվեց, այս խնդրին տարբեր ժամանակահատվածներում տարբեր հետազոտողների կողմից տարբեր անդրադարձներ են եղել, որոնք սակայն չեն գտել իրենց հասցեատերերին, իսկ բարձրաձայնված խնդիրներն անլուծելի են մնացել։ Սույն  անդրադարձի նպատակը նաև խնդրի վրա վերստին ուշադրություն հրավիրելն է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր վերադասավորումները և հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրացմանն ուղղված ներկայիս քաղաքականությունը։ Դարերի խորքից եկող հայ-վրացական ջերմ բարեկամության ապացույց հանդիսացող և Վրաստանում գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման հարցը թերևս վերարժևորման կարիք ունի և կարող է լուրջ կռվան լինել հայ-վրացական բարեկամության ամրապնդման համատեքստում։

Please follow and like us: