Արմեն Շեկոյանի ապոֆատիկ պոեզիան/Վարդան Ջալոյան

Ես չեմ խոսում, ես փորձում եմ
վեր բարձրանալ էս հատակից։
․․․․․
Ես մեռա ու չիմացա
ցնծությունը հարության։
Ես չեղա ու չիմացա
պատճառը ձեր բարության։

Արմեն Շեկոյան

․․․․․․․
Я не слыхал рассказов Оссиана, 
Не пробовал старинного вина.

Օ․ Մանդելշտամ

Արմեն Շեկոյանի պոեզիայի մի զգալի մասը կարելի բնութագրել իբրև ապոֆատիկ/ անճառ պոեզիա։ Արմեն Շեկոյանը, անշուշտ, ավանգարդիստ պոետ է, ավելի ստույգ՝ նեոավանգարդի ներկայացուցիչ։ Նեոավանգարդիստ հայտնի ապոֆատիկ պոետներ են Պաուլ Ցելանը կամ Գենադի Այգին, և թվում է, որ նրանք բոլորովին տարբեր են Ա․ Շեկոյանի պոեզիայից։ Առաջինները պոեզիան բարդ է և պահանջում է մտավոր մեծ ջանք, Արմեն Շեկոյանը ձգտում է առավելագույն պարզության, բանավոր խոսքին հատուկ հասկանելիության։ Առաջինները օգտագործում են վեռլիբր, Ա․ Շեկոյանը դասական հանգավոր բանաստեղծություն։ Հավանաբար ընդհանուրը նաև նրանց պոեզիայի էլեգիկ սուբյեկտն է, յուրաքանչյուրը ունի ինչ սգալ։

Արմեն Շեկոյանը «հին տիկերի» մեջ լցնում է «նոր գինի»․ պահպանելով հին ձևը՝ Արմեն Շեկոյանը այն օժտում է նոր՝ հակա֊բովանդակությամբ, այն դառնում է անտի-պոեզիա։ Ինչպես ասված է Ավետարանում․ «Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»։ Եվ իսկապես, հին ձևը «պատռվում է», դեստրուկցիայի է ենթարկվում։ Բացասումը Արմեն Շեկոյանի մոտ սեփական ուղին ունի, և այս պոետների համադրումը կարող է բացել իմաստային նոր շերտ։

I. Ապոֆատիկ աստվածաբանություն

Ապոֆատիկ պոեզիան սահմանելու համար նախ հարկավոր է սահմանել ապոֆատիկ աստվածաբանությունը, որը խորհրդապաշտական/ միստիկ աստվածաբանության կարևորագույն ուղղությունն է։ Ապոֆատիկ/ անճառ աստվածաբանություն, որի հիմնադիրը համարվում է  Դիոնիսիոս Կեղծ (Պսևդո)–Արիոպագացին։

V- VI դարերում ի հայտ են եկել խորհրդապաշտական (միստիկ) բնույթի մի քանի քրիստոնեական աստվածաբանական աշխատություններ (չորս տրակտատ՝ «Յաղագս երկնային քահանայապետութեան», «Յաղագս երկրային քահանայապետութեան», «Յաղագս աստուածային անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան», և տասը նամակ), որոնց հեղինակությունը այդ ժամանակ վերագրվել է Դիոնիսիոս Արիոպագոսցուն։ 

Ըստ Հակոբ Քյոսեյանի․ «Այս երկերում առկա է ժամանակի մտավորականության մեջ մեծ տարածում գտած նորպլատոնյան աստվածիմացության (թեոսոֆիա) որոշակի դրոշմը: Աստծո` իբրև անորակ Մոնադայի մասին ուսմունքը, «բարիքի», «չարիքի», «աստվածացման» վերաբերյալ հասկացությունները ինչպես արիոպագիտյան, այնպես էլ նորպլատոնյան խորհրդապաշտության մեջ ավելի շատ վերացարկված, բնազանցական բնույթի են, քան բարոյական: Մարդուն աստվածացման բարձրագույն աստիճանի հասցնող գլխավոր ուժն իմացական մտահայումն է: Բուն աստվածացումն իրագործվում է ավելի շուտ մտքի վերացարկված գործունեության, քան կրոնաբարոյական կատարելագործման ընթացքում: Սրանք այնպիսի գծեր են, որոնք Դիոնիսիոսի խորհրդապաշտությունը մոտեցնում են նորպլատոնյան խորհրդապաշտությանը»:[Խորհրդապաշտական աստվածաբանություն: Բուհական դասագիրք /Կազմեց և ծանոթագրեց` Հակոբ Քյոսեյանը.- Եր.։ ԵՊՀ հրատ., 2023]։

Կեղծ Դիոնիսիոս Արիոպագացուն վերագրված գործերի հայերեն առաջին թարգմանությունը կատարվել է VIII դ.` Ստեփանոս Սյունեցու և Դավիթ Հյուպատոսի ջանքերով։ Այն, հատկապես Դիոնիսիոսի աղոթքի տեսությունը, մեծ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան աստվածաբանական մտքի վրա, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու [Հրաչյա Թամրազյան․ Դիոնիսիոս Արեոպագացին և Գրիգոր Նարեկացին]։

Ապոֆատիկ/ բացասող/ անճառ աստվածաբանության գաղափարները Կեղծ Դիոնիսիոսը զարգացնում է «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան» աշխատությունում։ Ուշագրավ է նրա՝ Տիմոթեոսին ուղղված նամակը, որտեղ նա ներկայացնում է ապոֆատիկ աստվածաբանության հակիրճ սահմանումը․ «Եվ այնժամ ծածկվում էր նաև նրանցից՝ թե՛ տեսանելի բաներից, թե՛ տեսնողներից, մնում արդարև խորհրդական անգիտության Մեգը, որով Նա գոցում է ամենայն իմացական ընկալումներ և բոլորի համար դառնում ամենայնիվ անշոշափելի և աներևույթ. Նա, Ով բոլորից անդին է, լինելով վեհագույն, միավորված չէ ո՛չ որևէ մեկի, ո՛չ Իր, ո՛չ այլ մեկի հետ և ամբողջապես անգետ է ամենայն գիտության Իր ոչ գործունեությամբ՝ գերագույն կերպով անգիտանալով ոչինչ իմանալը: ….

Բայց, որ ասում ենք․ որ ամեն ինչի Պատճառը և ամեն ինչից Գերագույնը ո՛չ անգոյ է, ո՛չ էլ՝ անկենդան, ո՛չ անխոս է, ո՛չ էլ՝ անմիտ, ո՛չ մարմին ունի, ո՛չ էլ ձև, ո՛չ տեսակ, ո՛չ էլ որակ կամ քանակ կամ ծանրություն ունի։ Նա ոչ ին֊որ տեղում է և ո՛չ էլ տեսանելի է և ո՛չ էլ ունի զգալի շոշափում։ Ո՛չ զգում է, ո՛չ էլ զգալի է և ո՛չ էլ ենթակա է անկարգության կամ շփոթության նյութական ախտերի հետևանքով։ Անզոր չէ զգայական տկարություններով, ո՛չ էլ կարոտ է լույսի, ո՛չ էլ ենթակա է այլայլության կամ ապականության կամ բաժանման կամ զրկման կամ կամ հոսման կամ մի բանի, որ հատուկ է զգալիներիս, և ոչ է՛ և ոչ է՛լ ինչ֊որ նման բան է կոչվում»։ [Խորհրդական աստուածաբանութեան մասին, աշխարհաբարի վերածեց Վ. Ղազարյան, «Գանձասար», 2, 1992]

Վերոհիշյալ տեքստում հեղինակը օգտագործում է «ոչ» նախածանցով բազմաթիվ բառեր (Դիոնեսիոսը գերադասում է նաև «գեր» նախածանցը) ըստ էության նույն բանն են ասում, բայց առանց ապացուցելու: Նա անընդգրկելի ռիթմիկ մակընթացության/ տեղատվության հիման վրա ընդլայնում է նույն իմաստը՝ ասելով, որ Աստված ամեն ինչ է, բայց Աստված նույնպես ոչինչ է, և առաջին հերթին Աստված Ոչինչ է։ Պատահական չէ, որ Դիոնիսիոսը «աստվածաբանության» փոխարեն ասում է «օրհներգություն»՝ ուղղակիորեն ընդգծելով ապոֆատիկայի բանաստեղծական հիմքը։

Ըստ Հակոբ Քյոսեյանի․ «Բնազանցական միտվածքը շատ ավելի ցնցուն է արտահայտվում անճառելի աստվածաբանության մեջ: Դիոնիսիոսն անսահման շռայլ է բոլոր տեսակի կարելի որակումների թվարկման մեջ, որակումներ, որոնք չեն կարող պատշաճել Աստծուն: Ինչպիսի որակումներ էլ Նրան ընծայենք, մենք առավել մեծ իրավունքով պետք է ժխտենք դրանք իբրև Աստծո էությանն անհամապատասխան որակումներ: Ինչպես Պլոտինի, այնպես էլ Դիոնիսիոսի համար Աստված ո՛չ հոգի է, ո՛չ բանականություն, ո՛չ երևակայություն, ո՛չ մտածողություն, ո՛չ կյանք, ո՛չ էություն, ո՛չ անուն, ո՛չ իմացություն, ո՛չ ճշմարտություն, ո՛չ իմաստություն, ո՛չ բարիք, ո՛չ շարժում, ո՛չ դադար, ո՛չ միություն, ո՛չ բազմություն, ո՛չ ոգի, ո՛չ աստվածություն. Անգոներից չէ և ոչ էլ գոյողներից, այլ վեր է բոլորից:

Այսպիսով, Աստված բացարձակ անդրանցականություն (տրանսցենդենտալ) է` և՛ բնազանցական, և՛ իմացաբանական առումով»: [Խորհրդապաշտական աստվածաբանություն: Բուհական դասագիրք /Կազմեց և ծանոթագրեց` Հակոբ Քյոսեյանը.- Եր.։ ԵՊՀ հրատ., 2023]։ 

Ակնհայտ է, որ ապոֆատիկ ժխտումը մաքուր ժխտում չէ, բայց միևնույն ժամանակ զուտ հաստատում չէ, թեև, իհարկե, խոսում է ինչ-որ դրական բանի մասին։ Կարելի է ասել, որ ժխտումն ու դրականն այստեղ կա՛մ միաձուլվում են, կա՛մ փոխակերպվում, կա՛մ փոխատեղվում:

Քսաներորդ դարում փիլիսոփայական ապոֆատիզմի զարգացման հետ զուգահեռաբար փոխվում են նաև բանաստեղծական ապոֆատիզմը և ազատ ոտանավորի ոճական ուղենիշները։ Ապոֆատիկ տեքստը ներառում է բոլորին հավասարապես հայտնի ամենասովորական, ամենապարզ բաները, և ոչ միայն վիթխարին կամ բարձրը։

Շարունակությունը՝ հաջորդիվ

Please follow and like us: