«Հայլուրը» ոստիկանության կենտրոնական բաժնի հետ համատեղ ռեպորտաժների շարք էր ներկայացնում՝ նպատակ ունենալով պատկերել Ազատության հրապարակում վրան խփած միտինգավորների հանդեպ կենտրոնաբնակների ու հեռավոր գյուղերի բնակիչների ատելությունը։ Սակայն ինչ-ինչ պատճառներով եթեր չէր հեռարձակվել հերթական ռեպորտաժը, եւ Գազազը, թեթեւացնելով իր՝ բառի բուն իմաստով ծանր տեղը, գնում էր անձամբ հետաքննելու պատճառները։
Ոստիկանության կենտրոնական բաժնի պետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Գազազը սկզբունք էր որդեգրել, որ միջին կարեւորության գործեր չեն լինում, եւ գերազանցիկի պատվախնդրությամբ հետեւում էր իր ստացած ու արձակած յուրաքանչյուր հրամանի կատարմանը։ Ճիշտ է՝ նա լիովին վստահում էր իր տեղակալ Մուննաթին, որին ինքն էր վերանշանակել այդ պաշտոնում իրենը ստանձնելուց անմիջապես հետո, բայց հարց էր՝ կարո՞ղ է Մուննաթը պատասխանատվության նույնպիսի զգացում ցուցաբերել, եթե հաշվի առնենք, որ նրա պաշտոնն այնուամենայնիվ ավելի ցածր է։ Իրավիճակի ողջ փիլիսոփայությունը խտացած էր ժողովրդական մի խոսքի մեջ, որը Գազազը հա փորձում էր հիշել, բայց միտքն էին գալիս կամ «եղունգ ունես՝ գլուխդ քորի», կամ «շան հետ ընկերություն արա, փետը ձեռիցդ մի դիր», կամ «աչքդ թեքեցիր, բանիդ տերը չես» ու այլ ասացվածքներ, որոնցից ոչ մեկը չէր արտահայտում նյութի էությունը։
Գյուղական ճանապարհի հատվածը, որ ընտրված էր նկարահանումների իրականացման համար, այնքան կորած-մոլորած, «Լինսի» հիմնադրամից խուսանաված տեղ էր, որ Գազազը դժվար էր պատկերացնում երթուղին։ Նա հույս ուներ կողմնորոշվել այդ վայրերին անհարիր մարդաշատ աշխուժությամբ, բայց շուրջբոլորը շնչավոր արարած չէր երեւում։ Մի քանի անգամ նույն անջրդի ու անապատացած տարածքները չափչփելուց հետո արգելակեց ու դուրս եկավ մեքենայից։ Թոքերը պայթելու չափ լցրեց մաքուր օդով ու, ասես չհանդուրժելով օդի այդչափ մաքրությունը, ազատ արձակեց աղիներում բանտարկված գազերը, որ ամայի տարածության մեջ հրազենային համազարկի պես հուժկու հնչեցին։ Ապա ինքն իրեն ի պատասխան մի քանի հայհոյանք օդ կրակեց ու սիգարետ կպցրեց։
Այդպես ծանրումեծ կանգնած՝ պետական սահմանից մի քանի քայլի վրա, ամայի դաշտում, բաց երկնքի եւ փետրվարի համար չափազանց վառ արեւի տակ, Marlboro-ի գլանակը բերանին՝ Գազազը հանկարծ տարօրինակ զգացողություն ունեցավ. ասես վեստեռնում լիներ։ Ինքն իրեն կողքից տեսավ, ու թվաց, թե Թեքսաս նահանգի շերիֆն է, որի քթի տակից վերջնականապես պլստաց հեռուստաաստղ դարձած շանորդին։ Հետո թվաց՝ հայտնի գողն է՝ բարեպաշտ ամուսինների ու նրանց խնայողությունները սրբությամբ պահպանող բանկերի ահուսարսափը, որ չնայած նրանց կանանց թաքուն սիրուն՝ ի վերջո թակարդն է ընկել։
Զգացողությունը կարճ տեւեց, գուցե մի ակնթարթ, բայց այդ ակնթարթը մի ամբողջ կյանք թվաց՝ առավել իրական, քան Գազազի ապրած կյանքն էր։ Մեկ ուրիշը երեւի վախենար ու խուճապի մատնվեր, բայց Գազազը քթածակ ունեցողներից էր ու որոշեց, որ պատճառը բռնագրաված պլանն էր, որից երեկ ցնծում էր ողջ բաժինը։ Ինքը երբեք պլանից հաճույք չէր ստացել ու հիմա էլ չէր կարող ասել, թե զգացողությունը հաճելի էր։ Բայց կուզենար, որ այն կրկնվի։ Եւ երբ հորիզոնում ոստիկանական մեքենաների շարասյուն երեւաց, Գազազը զանգեց տեղակալին ու հրամայեց տագնապի ազդանշանները միացնել՝ հույս ունենալով ոռնոցով մոտեցող ոստիկանական մեքենաների տեսքից վերապրել զգացածը։ Բայց եթե դրանք ինչ-որ ֆիլմ էլ աղոտ հիշեցնում էին, ապա՝ Լուի դը Ֆյունեսի ոստիկանական թեմաներով կոմեդիաները։
Մուննաթը երբեք Գազազին անվստահության տեղիք չէր տվել։ Շարժումից սկսած՝ նրանք միասին էին անցել հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբախտորոշ ու թեժ կետերով, միասին թերթել այդ պատմության պանծալի ու ամոթալի էջերը, միասին արժանացել ցուցարար կանանց անեծքներին ու իշխանությունների խրախուսանքին։ Չնայած խրախուսանքի շքանշանային ու պատվոգրային մասը բաժին էր ընկել Գազազին, ու ընդդիմադիր մամուլը, ցանկանալով սեպ խրել անբաժան զույգի արանքում, Մուննաթի դեմքի մշտապես դժգոհ արտահայտությունը մեկնաբանել էր այդ հանգամանքով, Մուննաթը դրանից երբեք չէր սրտնեղել, մանավանդ, որ խրախուսանքի դրամական մասից Գազազը միշտ բաժին էր հանել տեղակալին։ Պատկանելով այն մարդկանց թվին, որոնք օժտված են երկրորդ մարդ լինելու՝ մեր օրերում ու մեր երկրում այդքան բացառիկ տաղանդով, Մուննաթն իր առաջխաղացումը ամենահամարձակ երազանքներում ավարտում էր վարչապետի պաշտոնով։ Մասնավորապես Մուննաթի այս բացառիկ հատկության շնորհիվ է, որ Գազազն ու Մուննաթը կարող էին ներդաշնակ զույգի կատարյալ օրինակ լինել նորապսակների համար։ Այդ համերաշխությունն էլ հանգիստ չէր տալիս ընդդիմադիր մամուլին, որը ջանադրաբար փորձում էր նրանց կապվածությանն այլ գունավորում տալ։ Մուննաթի վերանշանակումից անմիջապես հետո «Չորրորդ իշխանությունը» «Թռիչքներ երազում եւ արթմնի» խորագրի ներքո տպագրեց «Գազազի երազը» վերնագրով մի նյութ, որ հիրավի կարող է պոռնո-գրականության գլուխգործոց համարվել։ Չնայած անանուն հեղինակի տաղանդին՝ սույն հրապարակումը միայն գռեհիկ կատակների տեղիք տվեց՝ անզոր գտնվելով բաժանել այն, ինչ Տերն էր միացրել։ Սակայն երկու օր առաջ նույն խորագրի ներքո տպագրված «Մուննաթի երազը» ոչ պետի, ոչ տեղակալի կողմից նույնքան հումորով չընդունվեց։ Չի կարելի ասել, թե գեղարվեստական տեսանկյունից այն նախորդից հաջողված էր. թե մտահղացման, թե ոճի ու լեզվի առումով այն հիմնականում կրկնում էր «Գազազի երազը»՝ մի էական տարբերությամբ, որ այստեղ ցանկության ու երազախաբության օբյեկտը ոչ թե Գազազն էր, որի թեկնածությունը, այսպես ասած, ինքնըստինքյան է առաջադրվում, այլ քաղաքական էլիտայի բոլորովին այլ ներկայացուցիչ։ Սեռական ոչ ուղղափառ կողմնորոշում ունեցող այս պաշտոնյայի հետ Մուննաթն իբր դավաճանում է Գազազին ու փոս փորում նրա համար։ Նյութն ուղեկցող ծաղրանկարում պատկերված էին Մուննաթն ու վերոհիշյալ պաշտոնյան՝ բահերով հայրենի հողը փխրեցնելիս։ Անանուն հեղինակն այնքան համոզիչ ու այնպես վարպետորեն, հոգեբանության ու ֆիզիոլոգիայի այնպիսի խոր իմացությամբ էր նկարագրել մարդուն դավաճանության մղող շարժառիթները, որ դրանց անծանոթ մարդն անգամ անկարող էր չգիտակցել դավաճանության պատմական անխուսափելիությունը։ Ընդամենը երրորդ գործող անձի հավելումով, որի արվամոլությունը ստույգ ու հավաստի էր, անանուն հեղինակը արժանահավատություն էր հաղորդել ոչ միայն պետի ու տեղակալի սեռական կողմնորոշման խոտորությանը, այլեւ դավադրության տեսությանը։ Մուննաթն անգամ իրեն հանցանքի մեջ բռնված զգաց, ասես իսկապես էլ դավ էր նյութել սիրելի վերադասի դեմ։ Բայց ընդամենը այդ առավոտ մի աման խաշ էր կերել վերոհիշյալ պաշտոնյայի հետ։ Ճիշտ է՝ առանց Գազազի եւ, որ կարեւոր է, առանց վերջինիս իմացության։ Այս հանգամանքն էր հիմնականում պղտորում Մուննաթի խիղճը, թեպետ այն ոչ թե դիտավորության, այլ դեպքերի անբարենպաստ դասավորման արդյունք էր։ Պարզապես Մուննաթը նպատակահարմար չէր գտել առավոտ կանուխ անհանգստացնել պետին, ուտելուց հետո էլ ուշ էր եղել, որովհետեւ ուտելու ընթացքում ՉԻ-ն արդեն լույս էր տեսել ու հայտնվել Գազազի սեղանին։ Հնարավոր է՝ ընդդիմադիր խառնակիչները իրենց հատուկ օպերատիվությամբ հասցրել էին տեղեկացնել նաեւ ընթացիկ խաշի մասին. պետից փչող սառնությունից Մուննաթի մարմնով դող անցավ։ Ու թեպետ սառնությունը կարող էր հազարումի պատճառ ունենալ, Մուննաթի՝ անսխալականությամբ գրեթե կանացի ինտուիցիան այն վերագրեց խանդին։
Այս համատեքստում «Հայլուրի» միջադեպը նրան ծրագրված դավադրություն թվաց։ Իր եւ պետի արանքում սեպ խրելու նպատակով, վստահ էր Մուննաթը, ընդդիմությունը սկսել է համագործակցել իշխանական օղակների հետ։ Կամ հակառակը։ Իհարկե, Մուննաթը չէր կարող մեղավոր ճանաչվել ռեպորտաժի ձախողման հարցում, քանի որ իր պարտականությունը, այն է՝ ոստիկաններ տրամադրել նկարահանումների համար, կատարել էր սրբությամբ։ Այս միջադեպն էլ առանձին վերցրած հազիվ թե ուշադրության արժանանար, բայց ՉԻ հրապարակման ու չմարսված խաշի հետ համախումբ՝ կարող էր տարաբնույթ մտորումների մղել Գազազին։ Ու թեպետ Մուննաթը կանխատեսում էր որոշ անվստահություն վերադասի կողմից, ոչ այն աստիճան, որ ակնկալեր տեսնել նրան այս կողմերում։ Սկզբում նույնիսկ տեսածին պատշաճ հավատ չընծայեց՝ կարծելով, թե պերմանենտ պլանքաշությունից տանջահար ուղեղը սեւ հումորներ է անում։ Բայց ազդանշանները միացնելու հրամանը վերջնականապես սթափեցրեց նրան։ Այն Մուննաթն ընկալեց իբրեւ մեսիջ։
Նա որոշեց մեքենայից դուրս գալուն պես զեկուցել իրենց միության դեմ նյութվող դավադրության մասին, բայց դրա փոխարեն, չգիտես ինչու, ինքն իրենից խրտնած, հանդես եկավ մեղադրականով ռեպորտաժի հեղինակ Տաթեւիկ Նալբանդյանի հասցեին, որի ծայրահեղ իշխանամետության ու իշխանություններին հաճոյանալու չափազանցված ցանկության պատճառով էլ, վստահ էր, ռեպորտաժը չէր բռնել քննությունը։ Էլ չասած, թե քանի մարդ է այդ աղջկա ռեպորտաժներից հետո ընդդիմադիր դարձել։ Մուննաթն անգամ ապսպրել էր «Հայլուրի» տնօրինությանը, որ առավել պրոֆեսիոնալ մեկին ուղարկեն։ Նա, ինչպես Տաթեւիկ Նալբանդյանին մեկ անգամ տեսած մարդը, չէր կասկածում վերջինիս պրոֆեսիոնալիզմին, բայց որոշ կասկածներ ուներ պրոֆեսիայի հետ կապված։ Այն իմաստով, որ վստահ չէր, թե լրագրողն ի վիճակի է գլուխ հանել ռեժիսուրայից։ Դրա համար էլ առաջադրել էր Հրաչ Քեշիշյանի թեկնածությունը՝ տպավորված «Մի վախեցիր» սերիալից, որ սխալմամբ վերջինիս էր վերագրում։
Որքան մեծ եղավ Մուննաթի հիասթափությունը, երբ երթուղայինների հետ ժամանած BMW-ից ակնկալվող Հրաչ Քեշիշյանի փոխարեն դուրս եկավ նույն Տաթեւիկ Նալբանդյանը։ Մինչդեռ Գազազը վերջինիս ներկայությունից իրեն միանգամից տղամարդ զգաց։ Լրագրողուհին օժտված էր մի հատկանիշով, որը չափազանց բարձր էր գնահատվում Գազազի հայրենի գյուղում՝ ղոչաղությամբ։ Գազազն իսկույն պատկերացրեց Տաթեւիկ Նալբանդյանին կով կթելիս, քաղհան անելիս, լավաշ թխելիս։ Ու միանգամից զգաց իր մարմնի ողջ ծանրությունը։ Հավանած կանանց վերցնելով Բաղրամյան պողոտայի մայթեզրից՝ Գազազը երբեք արտաքինին հետեւելու կարիք չէր զգացել։ Բայց Տաթիկ Նալբանդյանի պարագայում հարցը դժվարանում էր, քանի որ վերջինս Հ1-ի առաջնակարգ լրագրողներից էր։ Անտեսելով Գազազի սիրատոչոր հայացքները՝ նա միանգամից սկսեց քասթինգը երթուղայիններից իջած ժողովրդական զանգվածների եւ ոստիկանների շրջանում՝ յուրաքանչյուրին դեր ու խնդիր տալով, ոմանց՝ նաեւ խոսք։ Համաձայն սցենարի՝ ժողովրդական զանգվածները մարտական տրամադրությամբ ուղեւորվում էին մայրաքաղաք՝ ցրելու ընդդիմության հետընտրական հանրահավաքը, իսկ ոստիկանները քաղաքացիական բախումներն ու արյունահեղությունը կանխելու նպատակով պետք է փորձեին կասեցնել նրանց առաջխաղացումը։ Եւ հանկարծ ժողովրդական զանգվածների միջից որոշ դեմքեր Գազազին ծանոթ թվացին։ Գազազն անգամ ամաչեց դրանք տեղը չբերելու համար։ Բայց քանի որ այդ դեմքերը փոխադարձ ծանոթության զգացում չարտահայտեցին, Գազազը դա նույնպես վերագրեց նախորդ օրվա պլանին։ Եւ միայն սյուժեի կուլմինացիոն պահին, երբ մի բիձուկ արտասանեց առանցքային՝ «Ես Սերժի կողմնակիցը չեմ, ես Լեւոնին եմ դեմ»՝ հակառակորդի հռետորական զինանոցից վերցրած ու շրջած արտահայտությունը, Գազազը հանկարծ տեղը բերեց այդ բիձուկին։ Ապա եւ կնոջը, որ կոչ էր անում օգտագործել Սերժին որպես գործիք՝ Լեւոնին իշխանությանը մոտ չթողնելու համար։ Իսկ երբ տեղը բերեց մի այլ կնոջ, որը դժբախտություն էր ունեցել տուն ոչ կույս հարս տանելու, իսկույն նրան պարզ դարձավ, որ այդ դեմքերը ծանոթ են ոչ թե իր քննչական անցյալից, այլ «Իմ իրավունքը» եւ «Օտար խաղեր» թոք-շոուներից։
– Հլը հոպ,- բղավեց Գազազը՝ ընդհատելով նկարահանումները,- սրանց խի՞ եք հավքել, սրանց սաղ ազգը ճանաչում ա։ Չէիք կարա՞ անարատ գյուղացիք ճարեք։ Էն ա Սոս Սարգսյանին բերեիք, էլի…
– Վայ թե նրան ավելի քիչ ճանաչող ըլներ,- համաձայն պետի ասածը լրացնելու սովորության՝ հավելեց Մուննաթը, սակայն այս անգամ դա քծնանքի պես հնչեց։
Փոքր-ինչ մտածելուց հետո Գազազը վճռեց ժողովրդի՝ տարբեր թոք-շոուներում օգտագործված դերակատարների ու ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների միջեւ դերափոխանակություն կատարել։ Առարկությամբ հանդես եկած ու ակտիվորեն դիմադրող Տաթեւիկ Նալբանդյանին Գազազը տնային կալանք նշանակեց ավտոմեքենայում՝ ռեժիսորական վահանակը վերցնելով իր ձեռքը։ Գործի դնելով տարիների քննչական փորձը՝ գրական տեքստի հետ աշխատելու ճկունությամբ, ստեղծագործական մեծ երեւակայությամբ ու մտահղացումների անսպառությամբ, Գազազը զարմացրեց Հրաչ Քեշիշյան տեսած Հ1-ի նկարահանող խմբին։ Ռեպորտաժը նկարահանված էր քսան դուբլից, եւ այդ թիվը կարող էր մեծանալ, եթե գյուղացու դերը վերապրումով կատարող մի ոստիկան ինքնամոռաց կերպով չջնջխեր ոստիկանի դերակատարի մռութը։ Դրանից հետո սկսվեց մի ծեծկռտուք, որ սովորական ու անգամ պարտադիր է վեստեռններում։
Այդ ժամանակ էր, որ բոլորովին անսպասելի կերպով Գազազը տեսավ Արարատը։ Սարն ինքն իր նման չէր, թվաց, թե առաջին անգամ է տեսնում, նույնիսկ փորձեց հիշել՝ երբ է տեսել վերջին անգամ ու տեսե՞լ է արդյոք երբեւէ, թե՞ այնքան շատ է լսել, կարդացել, անգիր արել, այնքան շատ տեսել նկարներում, որ թվացել է՝ իրականում է տեսել։ Հետո հիշեց, որ իր տան պատուհանից Մասիսը երեւում է, բայց էլի չկարողացավ հիշել, որ պատուհանից նայած ու տեսած լինի, այլ հայտարարության տեքստից հիշեց, որով գնել էր բնակարանը՝ զգալի չափով գայթակղված հենց այդ հանգամանքով։ Կասկած լինել չէր կարող՝ նա առաջին անգամ էր տեսնում Արարատը, այսպիսի տեսարանը անհնար էր տեսած լինել ու մոռանալ. սարը նման էր սովամահ եղած ահռելի ուղտի, որի դիակը ժամանակի ընթացքում ծածկվել է հողով, իսկ հյուծված, սմքած սապատները դրսում են մնացել։
Հետդարձի ճանապարհը Գազազը ցանկացավ անցնել իր սիրելի տեղակալի հետ, քանի որ հարազատ մարդու կարիք զգաց։ Նա այնքան շփոթված էր ապրումների առատությունից, որ մտքից թռցրել էր Տաթեւիկ Նալբանդյանին եւ մոռացել հանել խափանման միջոցը։ Մուննաթը, որ անակնկալ ջերմացումից հուզված՝ մտքում մեղայականի տեքստն էր մշակում, չիմացավ ինչ պատասխանել, երբ Գազազը հարցրեց, թե ինչ ոտանավոր կամ երգ է հիշում Մասիսի մասին։ Ավելին՝ Մուննաթը ոչ մի երգ կամ ոտանավոր չկարողացավ հիշել, չնայած վստահ էր, որ գիտի։ Առավել զարմացրեց նրան սարի համեմատությունը թաղած ուղտի հետ։ Ու չնայած անգամ մեծ ցանկության դեպքում դժվար էր նմանություն գտնել այդ երկուսի միջեւ, հաստատելով ասաց.
– Էն ամերիկացիներն էլ ընդե սարուձոր են ընգել։
– Ի՞նչ իմաստով։
– Էն կինոյի, էլի։ «Սապատավոր լեռը»։ Չես տեսե՞լ։
– Չէ։ Ինչի՞ մասին ա։
Մուննաթը ուզում էր ասել՝ գյոթերի, բայց հիշեց ՉԻ հրապարակումները։
– Կավբոյների,- ասաց։
– Յա,- զարմացավ Գազազը, քանի որ իր զգացածը մեծամասամբ առնչվում էր վեստեռնի ժանրին,- լավն ա՞։
– Կինո ա, էլի,- ասաց որոշ արհամարհանքով ու դրանից շփոթված՝ պետի հնարավոր սեռական վերակողմնորոշումը քաջալերելու նպատակով ավելացրեց,- լավն ա, որ «Օսկար» ա շահել։
Ողջ ճանապարհին Մուննաթը փորձում էր հասկանալ ու մարսել Գազազի խոսքերը, ու քանի որ դա նրան չէր հաջողվում, նա անընդհատ քրտնում էր ու բղկում՝ ճգնելով որեւէ ոտանավոր հիշել Մասիսի մասին, ինչպիսիք, իր կարծիքով, պետք է որ շատ լինեին։ Բայց միայն ինչ-որ բանաստեղծական տողի վերջին բառերն էր մտաբերում՝ լյառն Արարատ։ Կամ լյառը Մասիս։ Հետո բիբլիական բառն էլ հիշեց, բայց թե ինչ հարաբերության մեջ էր գտնվում նախորդ բառակապակցության հետ եւ ինչ դիրք էր գրավում նրա հանդեպ, չկարողացավ հիշել։ Արդյո՞ք Արարատի մասին խոսք բացելով ու այն ուղտի սապատների նմանեցնելով՝ Գազազը չէր փորձում խոսակցությունը «Սապատավոր լեռան» եւ այդ ֆիլմում շոշափվող թեմայի վրա դուրս բերել։ Մուննաթն ըստ էության կարող էր հաղթահարել բոլոր հոգեբանական եւ ֆիզիոլոգիական խոչընդոտները՝ իր վերադասին հաճույք պատճառելու համար։ Նույն նպատակով կարող էր թեկուզ չեղած տեղից խոչընդոտներ ստեղծել։ Բայց պատկերացում չուներ, թե իրենից ինչ է պահանջվում։ Երկար տարիների համագոյակցության ընթացքում առաջին անգամ էր, որ պետի մտքերը անխոս կռահող տեղակալը կորցրել էր իր այդ բացառիկ ունակությունը։
Մայրուղին, ինչպես անհաս փառքի ճամփա, տանում էր դեպի սարը։ Կամ լեռը։ Իսկ ավելի ճիշտ՝ Լյառը, որի ներկայությունը Գազազին էկզիստենցիալ մտորումների էր մղում՝ ապրածի վերարժեւորման ու առաքելության փնտրտուքի՝ օտարելով նրան միակ ու անփոխարինելի տեղակալից։ Պետականության հաստատման առաջին իսկ օրից մեկ մարմին-մեկ հոգի եղած պետի ու տեղակալի արանքում լարվածությունը մեծանում էր։ Ու պատճառը, ոնց էլ նայես, սապատավոր լեռն էր, որ անպարկեշտ առաջարկի պես մեկ մեքենայի դեմ էր ցցվում, մեկ մեքենային համընթաց քայլում էր կողքից, մեկ էլ հետնապակու միջից լուռ ժպտում՝ խորհրդավոր ու բազմանշանակ, ամեն ինչ տեսնողի ու հասկացողի պես։
2008 թվական
«Չի վաճառվում» գրքից