Դավիթ Մաղրաձե/Բանաստեղծի նամակագրություն

Դավիթ Մաղրաձեն ծնվել է 1962 թվականին Թբիլիսիում։ Բանասեր է, դասավանդել է Թբիլիսիի պետական համալսարանում, եղել է Վրաստանի մշակույթի նախարար, խորհրդարանի պատգամավոր Շևարնաձեի կառավարման տարիներին, սատարել է Վարդերի հեղափոխությանը, դերակատարում է ունեցել նաև 2009 թվականի ցույցերի կազմակերպման գործում, որոնք պահանջում էին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հրաժարականը։ Ղեկավարել է վրացական ՊԵՆ ակումբը, որի հիմնադիրներից է։ Նա պարգևատրվել է վրացական ու միջազգային մի շարք գրական մրցանակներով։ 2023 թվականին Մադրիդի Սերվանտեսի ինստիտուտը Դավիթ Մաղրաձեին պարգեւատրել է Սերվանտեսի ինստիտուտի «Ճանաչման մեդալով»։ Հեղինակ է բազմաթիվ գրքերի, նաեւ Վրաստանի օրհներգի բառերի հեղինակն է։

Թարգմանություն

…ես չեմ ընդօրինակի Բաբրիուսին, որ 
Լավագույնս էր հանգավորում առակները Եզոպոսի…
Կուզեի հարևանիս ուրախություն պարգևել
Ու փոխադրել ուրախությունն իր լեզու։
Կամ գուցե ավելի լավ է
Թարգմանեմ հենց հարևանիս,
Որ մռայլ մարդ է, անբարև,
Դու էն ասա, կարժանանա՞ս հանկարծահաս Նոբելի,
Թե հարևանդ բարևդ առնի։
Ախ, ո՜նց կուրախանա ծնող ժողովուրդդ, թե․․․
Թշնամուս անգամ չեմ ցանկանա՝ անցնել իմ ուղով,
Ուստի, քանի դեռ
Բառի վրա գլուխ եմ կոտրում,
Ցանկանում եմ փոխադրել օթյակցիներին ցած։

․․․ու մերթընդմերթ բացվում է ծանոթ վերքը․
Փնտրում են գնդակահարված պոետի մոկասինները…
Արդ մոտ է կուսակցության համագումարը,
Իսկ Գարսիա Լորկայի կանչը լքում է մեզ,
Ու «Ռոմանս Լուսնի»-ով բացված վերքը
Ահա փոխադրում ու հղում եմ քեզ, առանց կասկածի,
Որ գնչու տղան է,
Ոչ թե Արմսթրոնգը,
Որ առաջինը ոտք դրեց լուսին։
Թե ​հոգին լի է ըմպանակով սին, 
Մինորը գրիֆի կհիշեցնի կիթառի մասին,
Լորկայի տղան լուսնից քեզ ձեռքով կանի, 
Թե կիթառը՝ գնչուական քեզ լացացնի։

․․․էսօր բարլուսով բանկիր Բաուերի այցին,
Թե հաջորդի բանկիրի տիկնոջ ճաշը,
Իսկ հետո բանկիրի կինը՝ Ադելը,
Թե դառնա նկարչի մերկ բնորդուհին,
«Լեխայի՛մ»-ը կթարգմանեմ վրացի դհոլչու
Լեզվով «դելիա-օդելի»-ի, 
Իսկ Կլիմտի կրքոտ, նոր բնորդուհին՝
Բանկիրի սիրելի կինը՝ Ադելը կլինի:
Ոսկե Ադելը՝
Փրկությունը սույն գիշերվա…
Ու բնորդուհու կիրքը՝
Նախորդ գիշերվա…

…բացահայտեցի ժամը, որ չհաջողեց ինձ լծել,
իր ուժը ցույց տալ չկարողացավ․․․
Թարգմանում եմ ժամացույցի սլաքները խարդախ,
Որ գողանում են ինձանից բերկրանքը արժանապատվության։
Շուրջը խավար է… էս ո՞ր դարն է…
Երբեմն ափսոսում եմ լույս աշխարհ գալս…
Նոյի մակույկը հասա՞վ Արարատ։
Հետ կքաշեն հետևիններին առաջինները։
Երբ անօրեն են կանգնած հետևինները առջևում՝ 
Փետւրները քամակին հովհարաձեւ բացած,
Որ ըստ թրենդի՝ հետույքով են զգում,
Այդժամ անձը կթարգմանեմ  հետանձք։

…կարապը կերգի իր կյանքի վերջում ռո—
Արիան՝ զանգվածների ականջին անհաս…
Թե ​​լավ ֆիլմը զանգվածների սրտով է, – Գոդարն է
Ասում՝  նշանակում է, որ ֆիլմը չեն հասկանում:
Փորձենք զանգվածներն էլ կարապների լեզվի  
Թարգմանել, տեսնենք՝ ի՞նչ դուրս կգա։
ժամանակն է զանգվածների վերագնահատման,
Բոսխի խելագարները Նիկոլայի սամովարի շուրջ
Կնստեն՝ որպես  խորհրդանիշ,
Իսկ հետո, երբ գոլորշին դուրս կգա կափարիչից,
-Փա՛ռք  հրաշքին,- կասեն իրիկնաժամին,-
Նոր կրոնին և սուրբ սամովարին:

…վրձինը կենդանացնում է Մագդաղենացուն,
Կգա պարզություն, թե պաթոսը գնա,
Հնչում է Կավարադոսի երկրորդ արիան,
Երկրորդ արիան  է հնչում Կավարադոսի…
Անիծված Սկարպիայի սպառնալիքը հասավ նրան,
Ու գիշերվա աստղերը վառվեցին երկնքում։
Եվ կյանքի կենդանին մեռնում է փափագով…
Ցանկանում եմ թարգմանել մահը
Կյանքի լեզվով։

…առաքյալը՝ ջրի վրա,
Պոետը՝ բեմում…
«Տալիթա՛, կումի»-ն է առաքելությունը պոետի,
Քանզի Ադամի լեզվում վերջավորը
Հին արամեերենում սկիզբն է՝ ճանապարհի:

Բանաստեղծի վետոն

Ի՞նչ է հասարակությունը
առանց հերոսական չափման

Ժան Բոդրիար

Իմ եղբայր գնչու, գտի՛ր ակորդը, 
Փողկապից ազատենք ժամանակի կոկորդը,
Բանաստեղծությունը իմ քայլն է՝ արված  
Ի պատասխան մահվան՝ կյանքով, 
Ցրում եմ տողով ափի մշուշը,
Ու ալիքին երևում է ճայը որսորդ,
Ապա օդում երերացող երկրորդը,
Որ պարզվում է՝ նրա կինն է երրորդ։
Եղբայր գնչու, քո ակորդով
Գուցե ջնջե՞նք ժամանակը…
Հավատացի, որ թեւերը սլաքներ են ժամացույցի,
Ես այլեւս չեմ լինի երբեք միջակություն,
Քանզի երկնքում ազատաթեւ ճախրող
Ճայն է ժամանակը դնում ինձ ի ցույց։

Հենց հաչացի մառախուղի վրա, ցրվեց ակամայից,
Աչքս երկնքին հառեցի… որ ավելին է, քան երկինքը…
Եվ ուզածս ոտանավորը ձոնեցի Ինֆանտային՝
Այն ամենը, ինչ տեղ չարեց գնչուական մի ակորդում։
– Փա՛ռք Ինֆանտային․․․
Եթե պոետի ժամանակն է,  
Ուրեմն ես հրավիրված եմ քո պալատ…
Կառքով գնամ, թե մայթով քայլեմ,
Տկար, թե առողջ, միասին ենք հավերժ։
Եթե լուսանկարները սեպիայով պատվեն,
Ժամանակը մշտապես նույնը կմնա, 
Ինչ էն ժամանակ․․․
Ինչ էս ժամանակ,
Հիշի՛ր արժանապատվությունը,
որ Homo Sapiens-ինն է,
Մեծ վարպետին հարցով եմ դիմում․

-Անդրեյ Արսենիչ,  թե՛ Բախ, թե՛ Բրեյգել,
Երազով են քեզ փոխանցվում ու արթնացնում են քրտնած,
Որ «Հայելի» մեկնես աշխարհին ու վայելես
Գաղտնիքները ժամանակի 
Եվ իմաստնությունը։
– Անդրեյ Արսենիչ,
Երդվիր հորդ հիշատակով,
Արձագանք ես փնտրում անժամանակ ժամանակի մեջ,
Ո՞ր քասթինգով ես ժամանակին իր դերը բաշխել՝
Դերը ժամանակի՝  տեսիլքներիդ գլխավոր հերոսի։
Լուրը, որ արդ կոչվում է «նյուզ»,
Ոչ ինտերնետին է հասու,
Ոչ էլ թերթերում կհայտարարվի,
Քանզի Հիսուսը Dolorosa-ի մայրուղու վրա
Մեկընդմիշտ ջնջեց
Ժամանակը՝ որպես այդպիսին:

Եվ մեկ էլ
Ես հավատում եմ, որ անժամանակ էս կողմերում
Ես՝ Դավիթս, կունենամ հսկային հաղթելու ժամանակ,
Նաեւ Բերգմանի ժամացույցը էն անսլաք,
Այսինքն՝ մի ճայ՝ թևաթափ, ափին։

Եթե անգամ միլիարդներով է դարը հաշվարկվում,
Անժամանակ ժամանակից կկտցեմ էն վայրկյանները,
Որ չզորեցին սպանել Իլյային էստեղ՝ մոտերքում Ծիծամուրիի,
Ու կհավատամ նոր դարի սկզբին։
Իսկ դարդերս կվստահեմ չքնաղ գեյշային,
Գինու հարցում՝ վստահում եմ խաղողներին Ալազանի,
Պատուհանից կվայելեմ բնապատկերներ հայրենյաց…
– Հա վա՛յ, բաղձալի
Հայրենիքի մասին․
Երբեմն ատրճանակ, 
Երբեմն ուրիշի պոեզիա
Մեկնումեկը ինձ դեմ կտա և կուրախանա,
Որ ինձ նման պահեր է պարգևում,
Որովհետև վրացիների արխային հանգրվանը
Ես կոչեցի իմ հայրենիք
Եվ մատնեցի զրպարտության։

…երազում է պատեհապաշտը, որ քայլի
մոդայիկ հագնված եւ անխիղճ ավաղ,
Բայց բանաստեղծի վետոն դեռ չեմ բանեցրել,
Ժամանակին բացականչեցի՝ օղեվուաղ։
Բազմիցս ընկել եմ՝ հանց Սիզիփոսի մի բեռ,
Իսկ հիմա ժամանակի դեմ նոր ձեւեր գիտեմ…
Թե չզորեմ գնչուական ակորդով ջնջել,
Բանաստեղծի իմ վետոյով կկասեցնեմ…
Քանզի արմատից հավատացի կատարին
Եվ ճային ընդունեցի՝ որպես Տիրոջ պատգամ..
Որովհետև սերը արտադրյալն է
Նոր բանաստեղծության և
Լույսի արագության
Բազմապատկման։

P.S.

– Ողջույններս ավանգարդին․․․ 
Երբ արմատն է արիերգադում, 
Ժամանակն է փնտրտուքի…
Բանաստեղծի վետոյով եմ կոտրում 
Ժամանակի պատնեշը,
Ինձ ուրախացնում են թե՛ ժամանակը,
Որ ինքնին անժամանակ է, 
​Թե՛ անցորդ մի կին, որ իսկական կին կլինի, 
Թե՛ հանդիպած տղամարդը, որ իրոք տղամարդ է…
Ինչքան հազվադեպ է… In English rare
«Դո»-ն, որ դո է, և «ռե»-ն որ «ռե» է,
Ինֆանտայի ժամանակն է և՛ բանաստեղծի ժամանակն է…
-Հիշենք արժանապատվությունը,-
ասում է Բոդրիարը։

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Please follow and like us: