-Վերա՞, ի՞նչ եղավ քեզ, – վեր թռավ Սամվել պապը ու արագ թեքվեց դեպի կինը, որը ծանր շնչում էր՝ ձեռքը սրտին։
-Երազիս Գոհարի ձայնն էր, Սամվել, էլի, պատուհանից դուրս:
-Անցավ, անցավ,- ասաց Սամվելը, վառեց լույսն ու տեսավ, որ արդեն առավոտյան ժամը յոթն է լինում,- հե՛լ, հե՛լ, սուրճ դնեմ, խմենք, էսօր լավ օր ա, հե՛լ, հե՛լ, կնիկ ջան, անցավ:
Ծնվել էր Սամվելի ու Վերայի երկրորդ թոռը՝ իրենց որդի Գոռի երկրորդ որդին: Սամվելը որոշել էր, որ ինքն իրավունք ունի հենց շենքի բակում՝ իրենց առաջին հարկի տան դիմաց սեղան բացել, որ բոլորը լսեին ու կիսեին իր ուրախությունը:
Սամվելը ծանր-ծանր վեր կացավ տեղից, հագավ տաբատը ու հագի սպիտակ, անթև շապիկով մտավ խոհանոց.
-Էհ, Գոհա՛ր ջան,- ինքն իրեն ասաց Սամվելը:
Տիկին Վերան թեքվեց, իր դարակից վերցրեց իր սրտի դեղին կոճակները, ծաղկավոր խալաթը հագավ, գնաց ամուսնու հետևից: Սուրճ խմեցին։ Օրն անցավ՝ պատրաստվելով Սամվելի խնջույքին, որ երեկոյին մոտ սկսվեց: Սկսելը ո՞րն է․ եկան Սամվելի բակի հարևանները՝ մի քանի ընկեր, բարեկամ շարվեցին Սամվելի կողքերը՝ սեղանի շուրջ, լցրին բաժակները։
-Խաչի՛կ, դու կենաց ասա՛։
-Դավի՛թ, դու կենաց ասա՛։
-Ֆրունզ, դու մեծ ես, մի լավ բան ասա՛։
-Սամվել ջան, Գոռի կենացը։
– Սամվել ջան, քո կենացը։
– Սամվել ջան, Վերայի կենացը։
– Վերա ջան, Սամվելի կենացը։
– Սամվել ջան, ձեր օջախի կենացը։
– Սամվելիկ, քո կենացը։
– Սամվել ջան, երեխեքի կենացը։
– Սամվե՛լ ջան։
– Վերա՛ ջան։
….
Բակում կյանքը կանգնել, նայում էր Վերայենց ուրախությանը: Վերան անցնող-դարձողին հրավիրում էր մի բան ուտելու, մի բաժակ խմելու՝ միշտ մտքում համոզված, որ պետք էր տանն անել խնջույքը, և որպես դրա նշան՝ ժամանակ առ ժամանակ նայում էր ամուսնուն ու տարուբերում գլուխը: Մեկել նայում էր թոռանը՝փոքր Սամվելին, որ ուրախ-ուրախ նստել էր պապի ծնկներին:
Հերթական անգամ ամուսնուն նայելիս Վերան նկատեց, որ մի մեքենա եկավ, կանգնեց երկու շենք այնկողմ: Վերան, պատրաստ կանչելու հերթական հարևանին, ստիպված եղավ կանգնել, որ ճանաչի ջահել այդ տղամարդուն:
-էն ո՞վ ա։
– ո՞վ ա։
– էդ ո՞վ ա։
– Արի, ախպեր, ու՞մ տղեն ես։
– էդ ո՞վ ա, է,- թեքվեց Սամվելն էլ:
Տղամարդը անշարժ նայում էր շենքին, որի դիմաց կանգնել էր, հայացքը դարձրել էր շենքին՝ երրորդ հարկի պատուհաններին, որ ներսից վարագույրներով փակ էին, իսկ Սամվելենց սեղանի հայացքը իրեն էր ուղղված:
Տղամարդը, կարծես ուշքի եկած, սկսեց դանդաղ քայլել դեպի սեղանը՝ քայլելիս անկանոն շարժելով ձեռքերը, մեկ դնելով գրպանները, մեկ ուղղելով հագուստը, ձեռքը տանելով աչքերին, ճակատին:
-Հազար բարև ձեզ:
Էստեղ պետք է լինի դադար, մի քանի էջ դադար, որ զգաք՝ ինչ եղավ: Սամվելը հետո պիտի ասեր Վերային, որ իրեն թվաց սիրտը կկանգնի, չգզաց՝ ինչպես թոռանը իջեցրեց ծնկներից, որ չվախենա: Վերան ամուսնուն չէր տեսել էդ պահին, սեղմել էր իր կողքին նստած Թամարի ձեռքը, լցրել աչքերը:
-Աշոտ ջան, դո՞ւ ես։
-Ես եմ, տիկին Վերա, ես եմ, մեծ մարդ եմ,- ասաց Աշոտը՝ առաջ գնալով, որ գրկի դեպի իրեն եկող Վերային:
-Աշոտ ջան, տղես, ո՞նց ես, բարով ես եկել:
-Աշոտ ջան,- ասաց Սամվել պապը՝ ելնելով տեղից ու տղամարդու պես գրկելով Աշոտին․ այսինքն՝ պակաս բնական, պակաս ուժեղ ու պակաս այն ձևից, որ կուզեր Սամվել պապը, եթե մեջից մեկը չասեր իրեն՝ տղամարդու պես պահի՛ր քեզ: Ձեռքը քցելով Աշոտի ուսին՝ նստեցրեց իր կողքին։
– Տղուս՝ Գոռիս երկրորդ տղու համար ա, Աշոտ ջան, խմե՞նք, հո չե՞ս գնում։
-Խմենք, դեռ չեմ գնում, տունը կծախեմ, կգնամ:
-Դե խմեցինք… այ Վերա, էս ուրախ օրով կլացե՞ն։
-Գնում եմ, գնում:
Տիկին Վերան ներս մտավ՝ թոռն իր հետևից՝ եղածից շշմած:
-Տա՞տ, էս ո՞վ էր էս հոպարը, ինչի՞ ես լացում:
Տիկին Վերան ծանր շունչ քաշեց, հանեց թաշկինակը, մաքրեց արցունքները ու թոռանը վերցրեց իր գիրկը։ Սկսեց թոռանը պատմել այն օրվա մասին, որ տիկին Վերայի համար չէր վերջանում՝ չնայած տարիներ էին անցնում։ Այդ օրը մոռանալու համար տիկին Վերան, որ հավատացյալ ընտանիքից էր, գնացել էր երկրի մյուս ծայրը՝ բախտ նայողի մոտ։
«Սրտիդ վրա երկրորդ շերտ եմ տեսնում, որ չի թողնում շնչես, սիրտդ մաշելու է, բայց ես կօգնեմ քեզ», – ասել էր բախտ նայողը։
«Աստված ջան, թողեիր՝ օգներ»,- դեռ տարիներով դիմելու էր Վերան Աստծուն։
Վերան սկսեց պատմել փոքր Սամվելի համար իր պատմությունը՝ աչքերն ու ականջները դրսի աղմուկին, որ լսի, եթե իրեն կանչեն․
-Մի օր, ես ու պապդ նստած էինք հեենց էն անկյունում, մեկ էլ դրսից աղմուկ լսվեց: Մոտենալով պատուհանին՝ հասկացանք, որ կողքի շենքերից է. Վահանի ձայնն էր՝ Աշոտի հոր։ Հասկացանք, որ տանը կռիվ է,- ասաց տիկին Վերան՝ «կռիվ» բառն արտաբերելով դանդաղ ու հապաղելով՝ գլխում դեռ պարզ լսելով ծեծի այդ ձայնը՝ «Շըխկ»,-պապդ ինձ էր նայում, ես ՝ պապուդ՝ չիմանալով՝ ինչ անել։ Պապդ որոշեց իջնի բակ, ես էլ՝ հետևից։ Շտապ օգնությունն ու ոստիկանությունը մտան բակ։ Եկավ նաև Ամալը՝ Աշոտի մորական տատը, հասավ, երբ բժիշկները աղջկան՝ Գոհարին, պառկացրած բարձրացնում էին մեքենան: Ես չգիտեմ՝ ոնց էդ պահին չմեռավ էդ կինը: Բայց երևի մեռնել էր ուզում, էդ լացի ձենը չմեռած մոր լաց էր։
«Գոհար ջան»
«Գոհար ջան»
«Գոհար ջան»
-Բակից շատերը լսել էին Վահանի ձայնը, բայց մտածել էին, թե առաջին անգամը չէ, համ էլ ու՞մ տանը չի լինում,- Վերա տատը նորից սրբեց արցունքները, ձեռը դրեց դնչին՝ հայացքը դուրս՝ Աշոտին:
Դրսում արդեն Սամվելը դատարկել էր մի քանի բաժակ, գրկել էր Աշոտին ու լացում էր։
– Ամեն ինչ լավ ա, ձյաձ Սամո, լավ ա, լցրու՛, խմենք,- ասում էր Աշոտը։
Ի՞նչ ասեր։ Լավ էր անում՝ լացում էր, ինքն էլ կլացեր, բայց արցունք չէր մնացել Աստծուց իրեն հասածից: Աշոտի աչքերից էլ վաղուց արցունք չէր գալիս, փոխարենը՝ ծխախոտի ծխի քուլաներից նոր մի կնճիռ էր ավելանում:
-Ինձ չթողեց լացեմ, որ ինքը լացի, տենու՞մ ես, Թամար,- դիմեց Վերա տատը սենյակ մտած Թամարին:
-Աշոտը մոր աչքերն ուներ՝ փոքրուց: Հիշու՞մ ես՝ տատն ասում էր՝ «մորն ա քաշել, մեզնից բան չկա, վրեն հալ չկա, ձեռքում ուժ չկա, վրեն մազ չկա, սրտում՝ արճիճ»,- հիշեց Թամարը՝ նստելով Վերայի կողքին։
Խոսում էր Վերան ու պատուհանից նայում Աշոտին: Աշոտն արդեն կլիներ մոտ երեսուներկու տարեկան, անցել էր մոտ տասնհինգ-տասնվեց տարի, Աշոտի մազերը թափել էին, բայց դեմքին ուներ խիտ թրաշ, որը թույլ չէր տալիս դեմքն ամբողջությամբ տեսնել, ձեռքն անընդհատ ճակատին էր տանում՝ կնճիռներին, կարծես միշտ մտածեր, նույն անմարմինն էր, դարձել էր նաև անհայացք:
-Բա էդ աղջի՞կը, տատ։
-Ողջ մնաց։ Աշոտը հիմա, որ եկել ա, Ռուսաստանից ա եկել, Ամալենք տարան երկրից Գոհարին էլ, Աշոտին էլ, իսկ Վահանը բանտում էր երկար տարիներ։ Հետո, ասում են, հիվանդ էր ու չիմացանք՝ ինչ եղավ, բայց եթե տունը ծախում են․․․ եսիմ, չգիտեմ, բալես։
-Տատ, էն մարդը գնում ա,- ասեց փոքր Սամվելը՝ ձեռքով ցույց տալով պատուհանից դուրս կանգնած Աշոտին։
-Աշոտ ջան,- ասաց տիկին Վերան ու մի ակնթարթ դադարից հետո (որի մասին հետո Թամարին ասում էր, թե ջահել Վերայի խաթր ոնց որ մեջիս ուժը եկավ, հասավ լեզվիս) ավելացրեց,- Գոհարը ո՞նց ա, լավ ա՞:
Աշոտը, որ վերարկուն էր հագնում, կարծես օգտվելով այդ պահից, որ մի բանով զբաղված է, նախ հենց այնպես ասաց, որ մայրը լավ է, հետո, երբ արդեն պատրաստ կանգնած էր, նայեց տիկին Վերային, ձյաձ Սամոյին, ու փոքր Աշոտի խաթր թողեց, որ մեջի օղին գա, հասնի լեզվին.
-Լավ ա, արդեն, արդեն աչքի տեսողությունը վերականգնել ենք, ոտքը վաղուց արդեն վիրահատել ենք, քայլում ա, ուղղակի շատ հոգնել չի կարելի, նոպարներ էլ չունի, լավ ա:
Ապա գիտակցելով, որ իր խոսքերից հետո դժվար կլինի խոսելը՝ ավելացրեց․
-Կբարևեմ, – ու շրջվեց, որ գնա:
-Աշոտ ջան, հարց լինի, ձեն հա՛ն,- ակամա ասաց Սամվել պապը:
-Ինչի՞, մեր տնից ձեր տուն լսվում ա՞,- ծիծաղեց Աշոտը ու գնաց։