Երբ խորհրդային միությունը փլուզվեց, իհարկե, մեր պատմությունը վերաշարադրելու անհրաժեշտություն առաջացավ։
Ամենահիշարժանը Ռաֆայել Իշխանյանի և Ուլուբաբյանի փորձերն էին՝ տալ հանրամատչելի շարադրանք հայ հին և միջնադարյան պատմության։ Անշուշտ, դրանք ոչ միայն պատմության շարադրանք էին, այլև մեր ազգային ինքնությունը պատմական նյութի վրա հիմնավորելու փորձ։
Այդ ժամանակ թվում էր, որ կարելի է ազատվել ինքնության խորհրդային պարտադրանքից՝ ազատ նավարկության դուրս գալով առասպելաբանական օվկիանոսով։
Բայց քաղաքական գործիչները, որոնց մեծ մասը ազգայնական ձեռնարկատերեր էին, որոշեցին, որ այդ միտումը կվնասի իրենց բիզնեսին։ Նախ ազատվեցին «արիական», «շումերական» և այլ միֆոլոգեմներից, բայց ամենաարմատական քայլը «ցեղակրոնից» և նժդեհականությունից ազատվելն էր և այն փոխարինելը ամերիկյան նեոլիբերալիզմով ՀՀԿ գաղափարախոսությունում։ Այդ էվոլյուցիան հարկավոր է պատմել դետալներով, բայց այն ակնառու է։
2020 թ․ պատերազմը կարծես դեն նետեց ինքնության ինչպես ազգայնական, այնպես էլ նեոլիբերալ մոտեցումները։ Դա շփոթության և ապակողմնորոշման պահ էր, երբ հարկավոր էին նոր սկզբունքներ։ Իշխանությունների համար այդ այլընտրանքը եղան «Մասնակցային դպրոցի» դասագրքերը, որոնցից հատկապես քննադատվեց Սմբատ Հովաննիսյանի հեղինակած՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը։ Էական է, որ որպես հիմնական թերություն նշվում էր, որ «դասագիրքը բավականին բարդ է 7-րդ դասարանի սովորողների համար, որոնք դժվարությամբ են ընկալում նոր ուսումնասիրվող առարկայի բարդ տերմինները, հստակ չեն պատկերացնում պահանջվող առաջադրանքները, յուրացվող նյութի անհարթ ու բարդ ձևակերպումները, որոնք առկա են դասագրքում»։
Վահրամ Մարտիրոսյանի «պատմական պեղումները» սեփական պատասխան են մեր ինքնության նոր մարտահրավերներին (Մարտիրոսյան Վահրամ․ Պեղումներ Հայոց պատմությունից․ Ակտուալ արվեստ․ 332 էջ )։ Ըստ նրա՝ հայոց պատմությունը կոմունիստական ժամանակներում մեկնաբանվել է կոմունիստավարի, ավելի վաղ (որը հեղինակը կոչում է վարժապետական) ժամանակներում՝ վարժապետավարի, իսկ այսօր, նրա բնորոշմամբ՝ մեր կարճ, բովանդակալից, տեղ-տեղ անփառունակ պետականության տարիներին, Վահրամ Մարտիրոսյանը իր գրքում ցանկացել է «մեջբերել» բուն պատմությունը։
Այս գիրքը ամփոփումն է հայոց պատմության մասին հեղինակային հայեցակարգի, որ նա մշակել է տասնամյակներ շարունակ։ Իր վաղ շրջանի (1986) «Պատմություն» բանաստեղծության մեջ նա գրում է․
Հին դարերի գեղեցկացրած միջանցքներով
Թափառում է մեր միտքն հագած հողաթափեր,
Ի՜նչ սրահներ ամեն կողմից, ջահե՜ր, և ո՞վ
Չի ցանկանա կոկ հատակին արցունք թափել.
Աթենք, Հռոմ ու Վենետի՜կ, դե, մինչև իսկ
Ինկվիզիցիան ունի հմայք զարմանալի։
(Եվ… առաջին խարույկ մարդու իր հանգչելիս
Մեկ միլիոն ու չորս հարյուր հազար տարի,-
Իհարկե, «հողաթափեր հագած միտքը» այն միտքն է, որը թանգարանի այցելուի հպանցիկությամբ է ընկալում պատմությունը, մինչդեռ հեղինակը ցանկանում է հանել հողաթափերը ու ապրել պատմական աշխարհներում ոչ թե որպես հյուր, այլ դարձնելով այն մտքի բնակարան։ Եթե սա ծրագիր է, ապա հեղինակը այն կարողացել է իրագործել։
Արդեն 2002 թ․ հրատարակված «Հանուն խաչի ծպտվածները» վեպում հեղինակը ցուցադրում է իր նորարարական, ինքնատիպ մոտեցումները պատմավեպի և հայոց պատմության մասին։ Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գիրքը հրատարակվելուց հետո գրեց․ «Դա [պատմավեպի միջավայրը] ինքը Վահրամ Մարտիրոսյանն է՝ գիտելիքների գրեթե անսպառ իմացությամբ, պատմության ոգու, բարքերի, պատկերացումների, ծիսական արարողությունների, կենցաղի ու աշխարհայեցողության հաճախ զարմանք հարուցող մանրամասների նկարագրությամբ: ․․․ Եվ այստեղ Մարտիրոսյանը անկաշկանդ ազատությամբ է գունավորում միջնադարի աշխարհը, զգում ժամանակի ոգին, եւ այնքան մտերիմ համազգացությամբ, որ կարծես ընթանում է մեր կողքին եւ մեզ զուգահեռ»: (Սերգեյ Սարինյան «Պատմավեպի սահմանը» «Գրական թերթ», 2002 ․թ, 31 դեկտեմբեր)
Այս բնութագրումները կիրառելի են նաև «Պեղումների» համար։ Գիրքը ոչ միայն ոճականորեն կատարյալ է՝ ընթերցվում է թեթև ու հետաքրքրությամբ,– հեղինակը իմերսիայի վարպետ է, որը արդյունք է «զարմանք հարուցող մանրամասների նկարագրության», շնորհիվ հետազոտական մեծ և տքնաջան աշխատանքի։ Գրականության և հետազոտության այս համադրումը ստեղծել է զարմանք և հիացմունք հարուցող այս գիրքը։
Ո՞րն է Վահրամ Մարտիրոսյանի պատմական հայեցակարգը։ Իր տված հարցազրույցում նա ասում է․ «Պատմությունը մի ուրիշ իրականություն է։ Ոչ թե այս որոշակիությունից ես փախել եմ անորոշություն (ինչպես սովորաբար արվել է պատմավեպի ժանրում), որպեսզի ինչ-որ գաղափարներ հաստատեմ, այլ՝ մեկ այլ իրականություն, որոշակիություն եմ փնտրել, որը հիմա մատուցում եմ ձեզ»։ Ֆբ գրառման մեջ նա պարզաբանում է․ «Ամիսներ շարունակ շաբաթ օրերը ֆբ-ում ներկայացրել եմ իմ «Պեղումները»։ Հայոց պատմության բոլոր շրջանների վերականգնումներ, սկսած մ.թ.ա. VI դարից, որոնք «աշխարհներ» են, որտեղ ընթերցողը, համակարգչային խաղի նման, հաղթահարում է արգելքներն ու դժվարությունները գլխավոր հերոսների հետ, որպեսզի անցնի հաջորդ «աշխարհ»։ Սխալի գինը «կյանքն» է, եթե ճիշտ լուծումներ չես գտնում, բայց… երկրորդ ու երրորդ փորձերի հնարավորությամբ, ի տարբերություն անփոփոխելի անցյալի»։
Ո՞րն է հեղինակային հիմնական մոտեցումը։ Այն գաղափարախոսական չէ, ոչ էլ պոզիտիվիստական՝ այն, ինչ բնութագրական էր պատմության մոդեռնիստական մոտեցմանը, այլ պոստմոդեռնիստական է, խաղ է պատմության վիրտուալ իրականությունում։ Պատմությունը մեկ չէ, մեծ նարատիվ չէ, այլ ֆրագմենտար է, հավաքվող բազմազան «աշխարհներից»։
Պատմության մոդեռնիստական մոտեցումը կամ պրագմատիկ է, կամ բարոյական։ Վահրամ Մարտիրոսյանը իր հերոսների մեջ ընդգծում է առաքինությունը, ինչպես Պլուտարքոսը իր «Զուգակշիռներում»։ Կարծում եմ կարիք չկա բացատրելու առաքինության և բուրժուական դարաշրջանի բարոյականության տարբերությունը։ Օրինակ, Վահրամ Մարտիրոյանը վրդովմունքով քննադատում է այն պատմաբաններին, որոնք համարում են Մովսես Խորենացուն «ստախոս և խաբեբա»։ Պատմահոր տեքստերի վերլուծության վրա նա վեր է հանում հոգեբանական դիմանկար, առաքինի մարդու կերպար, որը չի կարող խաբեբա լինել։ Ապացույց չէ, բայց հրաշալի փաստարկ է։
«Պեղումները» ընդգրկում են մ.թ.ա. VI դարից մինչև XVIII դար ներառյալ, և հեղինակը խոստացել է գրել շարունակությունը։ Անհամբեր սպասում ենք ․․․