Չար են, չէ՞, օրերը, չկա խաղաղություն, ու երկրագունդը կորցրել է կարծես իր անդորրը․․․Երևի արևն է պակաս,սերն է քչանում,խիղճն անհետանում։ Երկրագունդը տնքում է անարդարությունից, բոլորս էլ գիտենք, բայց ոչ մեկը չի ցանկանում չարչարվել հանուն արդարության, ոչ մեկը չի ցանկանում սկսել հենց իրենից։Իսկ գարունը գալիս է օրացույցով, հին ու նոր տոմարով։
Սպասեցինք գարնանը, որ սառենք այնքան, ինչքան չէինք սառել ողջ ձմռանը։ Առավոտյան արթնանում ես ու գույներ ուզում, բայց ցուրտ է, պատերազմ է ողջ աշխարհում, մարդիկ կարծես ցայտնոտի մեջ լինեն։ Ու հենց էս մոլորակի վրա հավանական է դառնում մի նոր պատերազմ, տեղում դոլարի գինը թռնում է, ձեթի, մսի, վաղուց արտադրված հայրենական ապրանքների գները՝ թռիչքային աճում։ Ռուս-ուկրաինական պատերազմով մեր կիսատ-պռատ տնտեսությունն էլ, տնտեսագիտությունն էլ աննախադեպ վայրիվերումների մեջ են։Ու չկա մեկը, որ հասկանա ու ինձ բացատրի՝ հիմա հիփոթեքը դոլարով վճարե՞մ, թե՞ դրամով։ Պարզվում է՝ առևտրականները հիմա տարադրամի հետ ոչ մի կապ չունեն, այ հենց տարադրամը վերելք սկսի, կսկսեն անմիջապես կապ ունենալ։
Իսկ շուտով մարտի տասներեքն է։ Դե, ինչ անենք, այնուհետև տասնչորսը, որին էլ հաստատ կհաջորդի տասնհինգը ու էսպես շարունակ, բայց ուզում եմ ասել, որ տասներեքը հին տոմարով գարնան սկիզբն է։Յուրաքանչյուր բնական երևույթ տեղի է ունենում տարածության ինչ-որ տիրույթում և ժամանակի ինչ-որ հատվածի ընթացքում։Ժամանակի անկրկնելի, անվերադարձ լինելը բնական է ու հասկանալի, և առանց դրա մենք չենք էլ կարող պատկերացնել ժամանակը։
Ու քանի որ մենք ապրում էինք բոլորից տարբեր և ունեինք մեր ընտանեկան ավանդույթները, գարնան գալը հատկապես ավելի շատ էինք սիրում, որովհետև հորս հետ տնից քշում էինք ձմեռը, որը մեր՝ սասունցիների բարբառով շվադ է կոչվում։ Շվադը բարձրահասակ, բայց աներևույթ էակ է, երբեմն ընկալվում է որպես չարք։ Ձմռանը նա ապրում է մարդկանց տներում, իսկ գարնանը գնում է հանդերը, չարաճճի է, բայց սատանայի նման չար չէ, մարդկանց փոքր տհաճություններ է պատճառում։ Շվադն ամեն ձմեռ տեղավորվում էր մեր տանը, իր անկյունն ուներ։
Դե, իսկ մեր կողքի բնակարանում բնակվում էր կյանքումս տեսած թերևս ամենաքաղքենի ընտանիքը, ում կարծիքով ես պիտի ամաչեի իմ շատ սիրած հայկական անունից, ու նրանց թվում էր , թե հայրս էդ անդուր, անքաղաքակիրթ անունը ստիպված էր ինձ տվել , քանի որ իրենց կարծիքով հորականս մոր անունն էր։ Իսկ հայրս չէր սիրում պայմանականություններ, կեղծ բաներ, այսինքն ՝ եթե անունը իրեն դուր չգար, նա երբեք իր դստերը չէր տա իր սիրած մոր չսիրած անունը։ Իրականում իմ անունը կապ չունի հորս կամ մորս հարազատների անունների հետ, այն հորս նախընտրած անունն էր, որ հետո էլ դարձավ իմ սիրած անուններից մեկը։ Բայց մեր քաղքենի հարևանը միշտ խղճում էր ինձ, ու երբ հանդիպեինք, խղճահարությամբ ինձ էր նայում։ Իսկ ես անթաքույց նրան էի խղճում, որովհետև զգում էի, որ սխալ կար նրա և նրա ընտանիքի մեջ․ նրանք չունեին դիմագիծ, երեխաները հպարտությամբ ռուսական դպրոց էին հաճախում, որտեղի՞ց իմանային հայկական էպոսն ու վեհ կանանց։
-Ի՞նչ եփեմ այսօր, մի հատ բրնձով սպագետի չգցե՞մ։
Այնքան քաղքենի, որ ամաչում էր ասել բրնձով փլավ եմ եփում, ասում էր՝ բրնձով սպագետի։ Իր կարծիքով բրնձով փլավն այնքան էլ ազդեցիկ չէր հնչում, ավելի լավ էր հնչում բրնձով սպագետին։ Շատ ծիծաղելի էր։
-Արո՛ւս ծյոծյա,ավելուկ եմ եփում, երեք ժամ չի եփվում,շան հոտն էլ ընկել ա տնով մեկ, մի հատ կգա՞ս նայես՝ էս ավելուկը ինչ անեմ։
-Հա՛, աղջի՛կ ջան, հիմա կգամ,-պատրաստակամություն հայտնեց տատիկս։
-Մեռանք հոտից, ես եմ հավաքել,Արուս ծյոծյա։Մեծ-մեծ տերևներով, փարթամ ավելուկ էր։
-Վա՜յ,հա էլի, շան հոտ է, աղջիկ ջան, հաստատ շնթռվելուկ է, դա ուտելի չէ։
-Բա ի՞նչ է, որ ուտելի չէ։
-Դրան կամ էլ էշի ավելուկ են ասում,աղջի՛կ ջան։
Գրետը որոշել էր մեր սարերի ավելուկը հավաքել, բայց թարսի պես ի՞նչ ավելուկ, շնթռվելուկ էր դուրս եկել՝ էշի ավելուկ։ Ու սոխով-սխտորով, ընկույզով տապակած ավելուկը ավելուկ չէր, պարզապես ինչ-որ դառը մի խոտ,որ երևի էշերն են ուտում։
Ու թե ինչ կերան, չգիտեմ։ էս անգամ էլ երևի՝ գրեչկայով սպագետի։
Գրետի ճնշման թվերը հատկապես վերուվար էին լինում, երբ տանը սասունցի հյուրեր էինք ունենում։ Իսկ դա հաճախ էր լինում։ Ոնց էինք շենքը դղրդացնում երգով, սասնո պարերով, հետո էլ մեր բարբառով, ու հետո երբ տեսնում էր ինձ մեր քաղքենի հարևանը, հավաստիորեն ասում էր․
– Ձերոնք Հունաստանի՞ց են, ինչ լավ էին խոսում։
– Ո՛չ, ի՞նչ Հունաստան, մենք Հայաստանի ժայռերի լեզվով ենք խոսում, ձեր լսածը հայերեն է, իմիջիայլոց, գրաբարին էլ շատ մոտ։Շոյե՞ց ձեր ականջը, լսե՛ք, շա՛տ լսեք, հնարավոր է մի օր չամաչեք հայ լինելուց, հայկական անուններից ու բրնձով փլավից, որը ձեզ համար բրնձով սպագետի է,- նկատեցի ես։
-Փլավը դուք եք ուտում, մերը, հա՛, հենց էլ բրնձով սպագետի ա,- փրփրեց Գրետը։
Շեղվեցի շատ, հա՛։ Ուրեմն սենց՝ հայրս ու մենք ոնց էինք սպասում մարտի 13 ին, որ քշեինք ձմեռը կամ մեր բարբառով՝ շվադին։ Բայց մենք ավելի շատ ուրախանում ու հրճվում էինք Գրետին սարսափեցնելու մտքից։ Նախ՝ պիտի ասեինք հետևյալ նախադասությունը՝ Շվադ, տո՛ւրս, ադա՛ր, ներս, ճանճ ու ջբուռ թափի տուս։Հիմա կթարգմանեմ․ ձմեռ, դուրս, գարուն՝ ներս, ճանճեր , ճպուռներ դուրս թափվեք։ Ու այս ամենն ուղեկցվում էր կաթսաներն ու բերանակալներն իրար հարվածելով, ու ինչքան ուժեղ հարվածեինք, այնքան հեշտ ձմեռը կզիջեր իր տեղը գարնանը։
– էն խաշի մեծ կաթսան իմն է, շուտ եմ ասել,- մեջ էր ընկնում կրտսեր եղբայրս։
Եվ այսպես հայրս, քույրս, ես ու փոքր եղբայրս մեծ խանդավառությամբ անցնում էինք գործի։ Մեծ եղբորս չեմ հիշում շվադին քշելիս, դե նա ուսանող էր, տանը չէր լինում, բայց գալիս էր տուն ու հարցնում՝ շվադին արդեն քշե՞ լ եք։
– Բա ոնց։ Գրետի ճնշումն էլ գիտե՞ս ոնց ա թռել մեր ծնգծնգոցներից,- իրար հերթ չէինք տալիս մեծից փոքր։
Հայրս մտնում էր տան բոլոր անկյուններն ու քշելով գալիս էր, մենք էլ՝ նրա հետևից, ու երբեմն շվադը չէր էլ ուզում դուրս գալ որևէ անկյունից, ու հայրս, ապա՝ մենք, մեծ ջանքեր էինք գործադրում, մինչև մի կերպ քշում- հանում էինք ու էլ ավելի ուժգին հարվածում, ու էս ամբողջ ընթացքում ասում ծիսական տեքստը։ Խեղճ Գրետը դուրս էր գալիս ճակատը կապած ու սկսում․
-Բոժե մոյ, ատկուդա անի վզյալիս, ա՛յ գժեր, էլի շվա՞դ եք քշում։ Խվածիտ ուժե, նադայելի վի մնե։
Մենք՝ ծռերով, շվադն էինք քշում մինչև առաջին հարկ՝ հինգերորդ հարկից։ Իսկ Գրետը բռնեց պանդուխտի ճանապարհը, ու ոչ թե որպես Գրետ, այլ ոնց որ՝ իբրև ադրբեջանցի փախստական։ Մասիսի գյուղերից մեկից էր հաջողացրել գնել փախստականի ծննդականը, ու մինչ օրս էլ Լեյլի է մնացել։
Վաղը շվադը քշելու օրն է՝ հին տոմարով՝ գարուն։ Պա՜պ, ես ցավոք արդեն վաղուց առանց քեզ եմ քշում շվադներին ու վաղն այդ աներևույթին քշելու եմ մեր հարկից։ Քշենք շվադներին, կանչենք գարուններին, ապրենք Հայաստանում ու չամաչենք մեր հայկական սիրուն անուններից ու ինքնությունից։
Իսկ գարունը միշտ սեր է բերում ու սիրով գալիս․․․