Ձեռնափայտս եմ կորցրել։ Ավելի ճիշտ՝ չեմ հիշում, թե ուր եմ այն դրել։ Կորցնելն ավելի անկանխատեսելի երեւույթ է․ ես դա լավ գիտեմ։ Անկարելի է, որ մի ամբողջ կյանք կորցնելուց հետո կորցնելը շփոթես մոռացկոտության հետ։ Մի անգամ խանութում կորցրել էի ակնոցս ու այն փնտրում էի պայուսակիս մեջ, երբ մի մարդ հեգնական ծիծաղով ակնոցս հանեց աչքերիցս ու դրեց ձեռքիս մեջ։ Նա զարմացավ, երբ իր հեգնական ծիծաղի դիմաց ես նրան նվիրեցի պայուսակիս մեջ պահած քաղցրավենիքը։ Զարմացավ, բայց ուրախացավ, վերցրեց ու դուրս եկավ։ Նրա ուրախանալուց ես էլ ուրախացա ու ամբողջ օրը բոլորին պատմում էի, թե ինչպես էր այդ մարդը ժպտում, երբ քաղցրավենիքն իր ձեռքում էր։
Ես միշտ սիրել եմ մարդկանց, իսկ մարդիկ ինձնից վախեցել են։ Այն մարդիկ, որոնց համար պատրաստ էի խաբել ծնողներիս, ովքեր իմ մասին մտածմունքներից վաղաժամ հեռացան կյանքից ու ինձ թողեցին մեն-մենակ այս աշխարհի պայքարների մեջ, այն մարդիկ, որոնց մի ավել ժպիտի համար պատրաստ էի անել ուրիշների համար անհնարին թվացող հնարավորը, ինձնից վախենում էին մի քանի օր հետս շփվելուց հետո։ Իսկ ես շարունակում էի սիրել նրանց։ Ու ամեն անգամ մարդկանց թիվը, ում ես սիրում էի, ավելի քիչ էր լինում այն մարդկանց թվից, ովքեր ինձնից վախենում էին, որովհետեւ նրանք իմ մասին պատմում էին մարդկանց, ովքեր առանց ինձ ճանաչելու սկսում էին վախենալ ինձնից։
Հիշում եմ՝ երիտասարդ ժամանակ մի անգամ համարձակվեցի երթուղային նստել։ Այնքան սիրով էի նայում կողք-կողքի խցկված մարդկանց, որ չէի նկատել, թե ինչպես է մեկն իր ամբողջ ծանրությամբ հենվել ուսիս, որի արդյունքում մարմինս չդիմացավ ու էլի ցնցվեց։ Երբ ավարտվեց այդ՝ ամեն անգամ հավերժություն թվացող մի քանի վայրկյանը, ու ես, երթուղայինի հատակին պառկած, ցավացող մարմինս առանց տեղաշարժել կարողանալու, հաջողեցի թարթել աչքերս, բացվող-փակվող իրականության մեջ տեսա դատարկ երթուղայինը, իր կյանքն անիծող վարորդին ու խուճապահար փախչող վերջին ուղեւորին։
Առհասարակ, ես փորձում եմ ոչինչ չհիշել՝ ո՛չ լավը, ո՛չ վատը։ Հաճախ ինձ բռնացնում եմ այն համոզման դեմ կռիվ տալիս, թե առանց հիշողության մենք ոչինչ ենք ու չենք տարբերվի անգամ խոտերից, քանի որ հիշողությունը երբեմն խանգարում է ապրել, դիմավորել վաղվա օրը։ Ես ինձ կարողացել եմ համոզել, որ կյանքը միայն ներկան է՝ այս պահը, որովհետեւ չգիտեմ, թե հաջորդ ցնցման ժամանակ որտեղ կգտնվեմ, ու դեռ որքան ժամանակ կյանքը կժպտա ինձ այնպես, ինչպես ես՝ նրան։
Երբ ես իմացա, որ ուրիշներն ինձ պես չեն ընկնում, ու իմ ընկնելը հիվանդություն է, արդեն մեծ աղջիկ էի։ Ես սիրահարվել էի, ու իմ սերն ինձ տանջում էր, որովհետեւ նա, ում սիրում էի, չգիտեր իմ սիրո մասին։ Այդ ժամանակ ես ավելի հաճախ էի ընկնում, ու մայրս, արցունքները խեղդելով, ինձ պատմեց, որ ես սովորական մարդկանց պես չեմ ընկնում։ Հենց այդ պահին ես ուղեղով ու սրտով զգացի իմ առաջին կորուստը՝ կորցրի սերս ու հասկացա, որ կորցրել եմ նաեւ ապագա սերերս, որովհետեւ մարդիկ սովոր են հարմարության։ Երբ ինչ-որ բան խանգարում է նրանց հարմարավետությանը, առանց երկար-բարակ մտածելու՝ դեն են նետում։ Այս վերջինը ես հասկացա այն ժամանակ, երբ ինձ դեն նետեցին օլիմպիադայից, չնայած վստահ էին, որ ինձնից լավ այդ դպրոցում ոչ ոք չէր տիրապետում աշխարհագրությանը։ Ախր, ես այնքան նման էի այն աղջկան, ում ուղարկեցին, եւ ով ձախողեց։ Ես էլ նրա նման երկու ձեռք ու ոտքով էի, սեւ ու սպիտակ հագնված, վարսերս հյուսած, դեռ ավելի բարձրահասակ էի ու, հորս ասելով, ավելի գեղեցիկ, քան աշխարհի բոլոր գեղեցկուհիները։ Բայց ինձ դեն նետեցին, ու ես ոչինչ չասացի, որովհետեւ նա այնքան էր ուրախացել ընտրվելու կապակցությամբ, որ չցանկացա տեսնել նրա տխուր աչքերը։
Ես սովորել եմ հասկանալ աչքերի լեզուն։ Աչքերենը աշխարհի միակ հաղորդակցման միջոցն է, որը ոչ մի դպրոցում չեն սովորեցնում, բայց որին տիրապետում են աչքեր ունեցող բոլոր էակները։ Ես հաճախ նայում էի մեր բակում ապրող շան աչքերի մեջ ու տեսնում, թե որքան կարոտ կա նրա աչքերում այն օրվանից հետո, երբ նրանից խլեցին երկու ձագուկներին։ Հաճախ տեսնում էի մեր հարբեցող հարեւանին, ումից վախենում էին շատերը, եւ ում տեսնելիս շատ ծնողներ արգելում էին իրենց երեխաներին բարեւել, բայց ում աչքերի մեջ այնքան ափսոսանք, դառնություն ու թախիծ կար։ Որոշել էի մի օր նրա հետ մարդերեն խոսել, բայց չհասցրի։ Առավոտներից մեկում պարզվեց, որ նախորդ գիշեր ավտովթարի զոհ էր դարձել մեր հարեւանը։ Եթե ժամանակին խոսեի, գուցե կարողանայի օգնել իմ մի հայացքով, ինչպես ինձ ժամանակին օգնել էր ընկերս դարձած մի տղա, երբ ընկնելուց հետո չէի կարողացել վեր կենալ, նա հայացքով, առանց ձեռքս բռնելու, որովհետեւ մայրն արգելել էր ինձ մոտենալ, այնպիսի ուժ տվեց, որ ցավերս մոռացած՝ կանգնեցի ու շարունակեցի քայլել՝ նրա աչքերի մեջ նայելով։
Միայն վախենում եմ հայելու մեջ երկար նայել ու ինձ հետ խոսել աչքերենով, որովհետեւ ես ինձ սովորեցրել եմ ընդունել ցանկացած պահի մարտահրավերը՝ ուղիղ նայելով այդ մարտահրավերի աչքերի մեջ։
Ես նաեւ սովորել եմ հաշվել իմ ընկնելու միջեւ եղած ժամանակահատվածը, ու իմ ուրախության առիթներին ավելացել է եւս մեկը՝ ուշացող ցնցումը։ Ինչո՞ւ է ստացվել այնպես, որ մարդիկ հարմարվում են մեծ ականջներին, ճաղատանալուն, անգամ՝ կաղալուն, բայց իմպեսներին չեն հարմարվում։ Ես ոչ մեկին չեմ վնասում, ոչ մեկին չեմ խանգարում։ Ես հիմա էլ եմ սիրում այն արեւածաղիկ վաճառողին, ով մինչեւ վերջին դրամս վերցրեց, որովհետեւ ընկնելուս պահին կպել էի նրա արեւածաղկի ամանին, որը շուռ էր եկել ու նրան թողել առանց օրվա եկամտի։ Ես հիմա էլ եմ սիրում այն շշեր հավաքողին, ում շշերը կոտրել էի նույն իրավիճակում, եւ ով հորս հետ վեճի էր բռնվել այդ առիթով։
Մի անգամ կամրջի մոտ էի, խելքիս փչել էր՝ այլեւս չսիրել մարդկանց ու չսիրել ինձ, որովհետեւ տարբեր էի ուրիշներից, որովհետեւ մի քիչ հիվանդ էի։ Կամրջի մոտ մի տղամարդ կար, ով ինձ պես որոշել էր չսիրել իրեն։ Երբ տեսա, որ նա էլ է ինձ նման նեղացել բոլորից, հարցրի պատճառը։ Նա այնքան բան պատմեց, որ իր պատմածների կողքին իմ՝ ինձ չսիրելը թվաց հիմարություն, ու ես հասկացա, որ ես լավն եմ, ու ինձ պետք չէ նրանց սերը, ովքեր չգիտեն այդ բառի իմաստը։ Հետո այդ տղամարդու հետ մենք երկար քայլեցինք։ Նա ինձ շնորհակալություն հայտնեց, որ օգնեցի նրան, իսկ ես նրան օգնելու համար ոչ մի հատուկ գործողություն չէի ձեռնարկել։ Նա ասաց, թե ինչ կցանկանամ, որ անի ինձ համար՝ որպես շնորհակալություն։ Ես խնդրեցի, որ համբուրի ինձ ու հեռանա։ Մենք համբուրվեցինք, ու նա հեռացավ՝ ինչպես խոստացել էր։ Ես այդ պահին սիրում էի նրան, ու այդ համբույրն ինձ համար իմ առաջին սիրո համբույրն էր։ Նա ինձ շնորհակալություն էր հայտնում, մինչդեռ չգիտեր, որ ես եմ նրան շնորհակալ ինքս ինձ նորից սիրելու, նրան սիրելու ու այդ փափուկ համբույրի համար։ Սիրո մասին շատ խոսողները չգիտեն իրական սիրո մասին։ Իրական սերը լուռ է, համր է, հարկ եղած դեպքում՝ նաեւ խուլ է։
Մարդկանցից բացի ես սիրում եմ նաեւ օդը։ Մի քանի անգամ օդանավակայան եմ գնացել։ Այն ժամանակ, երբ աշխարհագրությունը սովորում էի բոլորից լավ, որոշել էի բոլոր երկրներում լինել, բոլոր լեռներն ինքս բարձրանալ ու բոլոր ծովերում լողալ։ Ես այնքան եմ ուզում տեսնել մարդկանց աչքերը, ովքեր օդ են բարձրանում, բայց որքան նայում եմ այդ նեղ պատուհանիկներից ներս, ոչ մի հեռադիտակով աչքեր չեն երեւում։ Ինձ ինքնաթիռ նստել չի կարելի, բայց ես այնքան եմ երազում օդում հայտնվելու մասին, որ պատրաստ եմ կյանքիս վերջին պահն այնտեղ անցկացնել։ Պարզապես ինձնից էլի կվախենան, իսկ ես չեմ ուզում այս աշխարհից գնալուց վախեցած դեմքեր տեսնել։ Բոլորս էլ գնալու ենք այստեղից` վախեցած, չարացած, գինովցած, թե սիրահարված՝ մեր ընտրությունը չէ։ Գնացել են արդեն արեւածաղիկ վաճառող տատիկն էլ, ինձ օլիմպիադայից դեն նետած ուսուցիչն էլ, երթուղայինի վարորդն էլ, ու ես էլ եմ գնալու։ Բայց ես որոշել եմ գնալուց հետո այնտեղից սեր ուղարկել բոլորի սրտերին, որ նվիրեն ինձպեսներին, քաջություն ուղարկել, որ չվախենան ինձպեսներից։ Ձեռնափայտս գտա դռան մոտ, ուր սովորաբար դնում եմ։ Դրա հետ վերցրի նաեւ կորցրած տարիներիս կապոցն ու դուրս եկա։ Վերջին անգամ ընկել եմ մի ժամ առաջ։ Հաստատ կհասցնեմ գնալ արդեն տասնյակ տարիներ չփոփոխվող թոշակս ստանալու, հաց ու պանիր գնել եւ վերադառնալ։