Պոլ Վեռլեն/Փարիզյան ուրվանկար

Փարիզյան ուրվանկար

Լոսինը դրեց երանգն իր ցինկե
Բութ անկյուններով։
Ծուխը հնգաձեւ պոչերն իր տնկեց՝
Բարձր ու սրածայր ծնելույզներից երկինք հասնելով։

Գորշ էր երկինքը։ Քամին էր կոծում
Ֆագոտի նման։
Մի մրսկան կատու հեռու փողոցում
Մլավում էր խեղճ, ձայնով իր բարակ ու տարօրինակ։

Քայլում էի ես՝ մտքիս մեջ Պլատոն,
Մեծն Ֆիդիաս,
Նաեւ՝ Սալամին, նաեւ՝ Մարաթոն։
Եվ գազի լույսն էր իր կապույտ ցոլքը տարածում վրաս։

Մղձավանջ

Երազիս մեջ սուրաց ուժգին,
Ինչպես մրրիկ ծովեզերքին,
Մի ժամացույց բռնած ձեռքին,
Մյուս ձեռքին՝ սուրը երկայն,
Ասպետը այն

Գերմանական բալլադների։
Քաղաքների ու հանդերի,
Անտառների, խոլ գետերի
Եվ ձորերի միջով անանց
Ձին իր անսանձ,

Որ բոսոր էր ու սեւորակ
Եվ չուներ թամբ ու ասպանդակ,
Չուներ խթան, ոչ էլ մտրակ,
Վարգում էր տաք քրտինքի մեջ
Անվե՜րջ, անվե՜րջ։

Սաղավարտի տակ փետրավոր
Փայլում-հանգում էին խոշոր
Աչքեը իր․ վառոդն է չոր
Այդես հանկարծ վառվում, մարում
Խոր խավարում։

Երկար թեւի պես ճուռակի,
Քշված հողմից հանկարծակի,
Փողփողում էր նրա հագի
Թիկնոցը սեւ՝ ձյունաշաղախ
Օդի մեջ պաղ։

Ցուցադրում էր սառը քամին
Մի փղոսկրե, դատարկ մարմին․
Եվ ճչալիս շողում էին
Ատամները նրա բոլոր
Մթի մեջ խոր։

Պարոն Պրյուդոմը

Ծանրակշիռ մադ է, լավ ընտանիքի հա՜յր։
Սեղմ օձիքը նրա ականջն է կլանում,
Անվերջ երազանքի գիրկն է սլանում,
Եվ գարունն է ցոլում չստերին ծաղկավառ։

Ինչի՞ն են պետք աստղերը կամ պուրակները չքնաղ,
Ուր սոխակն է երգում, ինչի՞ն են պետք անդորր
Հովիտները կանաչ, երկինքը լուսավոր․
Պարոն Պրյուդոմը լոկ տենչում է աղջկան

Ամուսնացնել պարոն Մաշեի հետ հարուստ,
Որ ճիշտ իր ուզածն է․ բուսաբա՜ն է տռուզ․
Իսկ այն անբանները՝ ոտանավոր թխող,

Մրուքավոր, աղքատ, նրա համար այնքան
Սոսկալի են, որքան հարբուխն իր մշտական․
Եվ գարունն է ցոլում չստերին լուսաշող։

***

Ի՞նչ կասես դու, օ՜, ճամփորդ, ի՞նչ երկրներ դու տեսար,
Ասա՛, գոնե հաջողվե՞ց քեզ ձանձրույթից ազատվել,
Դու, որ ծքում ես, ահա, քո սիգարը անդադար՝
Պատի վրա նետելով սեւ, անհեթեթ մի ստվեր։

Աչքերը քո տրտմաշուք նույնքան խամրած են էլի,
Եվ դեմքո քո սեւասուգ նույն տխրությունն է պահել․
Աչդպիսին է լուսինը՝ խոր թավուտից նայելիս,
Եվ մշտածուփ ծովը ծեր՝ արեգակի տակ ջահել,

Եվ շիրմատունը այն հին, ուր նոր փոսեր են բացում։
Սակայն, լսում ենք, ասա՛, պատմի՛ր, պատմի՛ր, թե ինչպես
Հւոսահատված սրտերն են գետերն ի վեր հեծեծում,
Ստորության ու նորօրյա կեղտի՚ մասին պատմիր մեզ,

Կանանց մասին եւ գազի, վախի մասին նողկալի,
Չարի մասին այլանդակ, ամենագո, ահարկու,
Սիրո մասին պատմի՛ր եւ Քաղաքական պայքարի,
Երբ սեւ թանաքն է հեղվող մեր արյունը անարգում։

***

Ձեռքերն այս անգին, չքնաղ, հոգեթով,
Որոնք իմն էին, ձեռքերն այս անբիծ․
Բոլոր մահացու վիպումներից,
Բոլոր անաստված քայլերից հետո,

Դեգերումներից հետո տրտմագին
Հեռու եւ մոտիկ ափերում օտար,
Ձեռքերն արքենի, նուրբ ու դալկահար,
Բացում են իմ դեմ դուռը տենչանքի։

Երազող ձեռքե՜ր իմ հոգու վրա,
Ի՞նչ գիտեմ, ի՞նչ եք դուք բարեհաճում
Այս չար հույզերի գրկում հարաճուն
Ասել իմ հոգուն թալուկ ու մռայլ։

Խաբո՞ւմ ես արդյոք, տեսիլք իմ մաքուր՝
Հոգեւոր ու ջերմ մերձավորության,
Տեսի՜լք՝ մայրական մեղմ հոգեկցության
Եվ կապվածության՝ սերտ ու ամրակուռ։

Քաղցր տառապա՜նք, թանկագին կսկի՜ծ,
Օրհնյալ երազա՜նք, ձեռքե՜ր սրբասուրբ,
Ձեռքե՜ր մեծարգո, ձեռքե՜ր քնքշանուրբ,
Խնդրում եմ ներման նշան արեք ինձ։

Թարգմանությունը՝ Հենրիկ Բախչինյանի
Արտատպված է «Վեռլեն։ Ռեմբո։ Ընտրանի» գրքից

Please follow and like us: