Անքուն գիշերից
Խաբված հույսերով, ընկճված հոգով,
Վիշտն ու հոգսը սիրտս կաշկանդած,
Ապրում են անշահ, ես միշտ տանջվելով,
Տխուր օրերս սահում են կամաց։
Եվ ահա անպետք մի դիակ դարձած,
Հանգչում եմ հավերժ իմ նեղ շիրիմում․
Ծաղիկ հասակս մոխիր է հանգած՝
Իմ բաց աչքերից արցունք չի կաթում։
Անցնում են օրեր, տարիք են անցնում՝
Չկա՜ այցելող․․․ մի կաթիլ արցունք․․․
Երկրից անունս իսպառ մոռացվում,
Գետնին է կպչում շիրիմս անշուք․․․
Կրում է շղթան գերին հուսալով․
Դեռ վերջ չէ տրվել թշվառի լացին,
Կորչում եմ անհետ իմ վեհ իղձերով․
Միայն մի բուռ հող տալով մայր երկրին․․․
1896
Գեթ մի վայրկյան մրրիկ լինել․․․
Գեթ մի վայրկյան մրրիկ լինել
Կուզեի՝
Կյանքի հովտում ըմբոստ թափով
Շրջելու։
Սլանայի՝ կայծակ որոտ
Տեղայի՝
Սրտիս թույնը ամենուրեք
Թափելու։
Գեթ մի վայրկյան դժոխք լինել
Կուզեի՝
Խռովելու անդորրությունը
Երկնի։
Վշտի շնչով այնտեղ անհաս
Իշխեի՝
Ոգիներին տեղի տայի
Չարքերի։
Գեթ մի վայրկյան աստված լինել
Կուզեի՝
Շուրջս ամպեր երկրի արյունով
Ներկրված,
Որ տանջանքի հեծկլտանքը
Լսեի՝
Գիշեր ցերեկ իմ դեմ դիակ
Հոշոտված։
1906 թ․
Դև կամ հրեշտակ
Մրրիկ լինեի, որոտ կամ կայծակ․․․
Անհուն ոչնչի ազատ բացերով,
Կախված ամպերի բլուրների տակ
Վազեի շանթող, հրե բոցերով՝
Խառնեի իրար ողջը՝ օդային․
Որ նա սասաներ միահեծ գահից,
Լուսին և աստղեր վար թոթափեին․
Տարերքը ցասման մոլեգին ահից։
Եվ լա՜ր երկինքը․ լային այն անբան
Ոգիներն ամեն․ թույնը՝ տանջանքի
Դառնար կերակուր․ և անմահության
Երազը փոխվեր ցավոտ երկունքի։
Եվ ողջը՝ քաոս, և ողջը՝ ժխոր․
Մնար անթափանց․․․ մռայլ ու խավար․
Որպես մի գեհեն, դժոխք լուռ ու խոր՝
Առաջվա նման աննյութ, անկատար․․․
Երկնքի բոլոր հյութերը ծծած՝
Իջնեի երկիր, այդ տիտան գերուն
Աննվաճ ուժով ոտքիս տակ ձգած՝
Խառնեի իրար― ձմեռ ու գարուն,
Թռչուն, անասուն, ջուր, հուր, լեռ ու քար,
Ճիճու, որդ միջատ, մարդ, իժ գալարուն,
Ծառ, ծաղիկ ու տունկ, բույս և ծիլ դալար՝
Ծեծկեի անխափ․ աղջում դարևոր
Շրջեի մահով՝ մեռներ ամեն ինչ․
Կործանվեր նրա ջանքերը բոլոր,
Վերը և վարը՝ չմնար ոչինչ․․․
Եվ ես ինքնիշխան, անկախ և անոք
Շրջեի ազատ՝ անհայտության մեջ․
Որ չզգար մեկը, չտեսներ ոչ ոք՝
Իմ կյանքը, դեմքը, կրծքի ելևէջ․․․
Ազատ և մենակ― Դև կամ հրեշտակ․․․
1907 թ. 20 մայիսի