․․․Պատմության անիվն արդեն պտտվել է վերջնականորեն, վերադարձ հնին չի՛ լինելու: Կքած դիրքից մենք ոտքի ենք կանգնել․․․ ամուր ենք կանգնել․․․ պի՛նդ ու անկոտրո՛ւմ․․․ և թերթելով նվաստության ու ամոթի էջերը՝ կարող ենք համարձակորեն արձանագրել՝ մենք անշրջելիորեն անշրջելի ենք դարձրել այս գործընթացը։ Այո՛, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը անշրջելիորեն անշրջելի է․․․
Պողոսը ոգևորված քայլում էր դեպի տուն, նրա խանդավառությունը սահման չուներ։ Նա հստակորեն հասկանում էր, թե որտեղ, որ կետից է սկսվել այդ էյֆորիան, պարզորեն տարանջատում էր սկզբի և շարունակության սահմանը, բայց թե որտեղ է ավարտվում, որ կետում է այն իր վախճանը կնքում՝ Պողոսը չէր տեսնում, նա նույնսիկ չէր էլ փորձում գծել այդ տիրույթը։ Պողոսն ուղղակի ոգևորված էր, և դա նրան դուր էր գալիս։
— Կի՛ն, — տղամարդու զրնգուն ձայնը արձագանքում էր տան մեջ, — մենք արեցի՛նք դա, ե՛ս արեցի դա։ Մի հատ սև սուրճ դիր։
— Ի՞նչ ես արել, Պողո՛ս ջան, — կնոջ ձայնը նույնն էր, զրնգուն չէր։
— Ամեն բան արդեն անշրջելի է, վե՛րջ, մենք գնում ենք դեպի առաջընթաց։ Սուրճ բե՛ր։
— Ինչելի՞ է։ Հեսա կբերեմ, համբերի մի քիչ։
— Համբերել չկա՛, կի՛ն արմատ, պիտի՛ շտապենք։ Պատկերացնո՞ւմ ես, — Պողոսը ոտքի կանգնեց և ընդառաջ գնաց կնոջը, — հպա՜րտ, վե՜հ կեցվածքով կանգնեց ժողովրդի դիմաց ու իր պարզ, զուլալ աչքերով նայելով մեզ՝ ասաց՝ Արդեն ամեն բան անշրջելիորեն անշրջելի է․․․ Պահանջո՛ւմ եմ՝ սուրճս հիմա բերես։
— Բերում եմ, բերում եմ, թագավո՛րն ապրած կենա, — կինը վերջապես Պողոսի առաջ դրեց ջարդված պոչով սուրճի բաժակը։ — Բայց լավ ա ասել անտերը։
— Անտեր չի՛, Սուսի՛կ, ժողովուրդն ա իր տերը․ ասաց՝ Հենց սխալվեմ՝ ինձ հրապարակի մեջտեղում բզկտեք, ձե՛րն եմ, դուք՝ ինձ տեր, ես՝ ձեր ծառա։ Հետո էլ բա՝ Իմացած էղեք, դուք եք տերը էս երկրի․․․ Բաաա՜։
— Ա՛յ մարդ, ես իմ ընտանիքի տերն եմ, իմ էրեխեքի, գործերի ու պարտքերի տերն եմ․․․ Վա՜յ, Պողո՛ս ջան, հիշեցի, էլի բանկից էին զանգել։ Ասում էին՝ էն վարկի մասով գործը համարյա դատարան ա հասել։ Վաղը մի հատ գնա, լսել եմ՝ բոլոր վարկերը «ջրում են»․ գնա ու ասա, որ դու փողոց ես փակել, նույնիսկ՝ կամուրջ։ Մի բան արա, Պողո՛ս ջան, գոնե մի խեր ըլնի էս միտինգներից։
— Կգնա՛մ, — իրենից գոհ հաստատեց Պողոսը՝ «ֆրթացնելով» տաք սուրճը, — կգնամ ու շան լափը կթափեմ դրանց գլխին․ էդ էր մնացել պակաս, որ էսքանից հետո բանկի փող վճարեմ։ Բայց մինչև բանկ գնալս՝ անպայման անձնագրային բաժին կմտնեմ, «հպարտ քաղաքացու» իմ բարձր կոչումը պիտի պաշտոնապես վավերացնեմ։
Հաջորդ առավոտ Պողոսը մտավ անձնագրային բաժին և արդեն պատրաստվում էր իր «հպարտ քաղաքացու» անձնագիրը պահանջել, երբ անձնագրային բաժնի տարեց աշխատակցուհին նրան պարզեց «պլպլան» անձնագիրը։ Պողոսն անմիջապես վերցրեց անձնագիրն ու անձնագրի առաջին էջում «Պողոս Պողոսյան» անուն-ազգանունի փոխարեն տեսավ «շարքային Պողոս» կոչումը։ Պողոսի ապշահար հայացքին ի պատասխան անձնագրային բաժնի բազմափորձ աշխատակցուհին արհամարհական տոնով պատասխանեց․ «Ո՛չ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը, շնորհավորում եմ»։
․․․Ա՛յլևս էլ ոչինչ առաջվանը չի լինելու, մենք ասել ենք՝ վե՛րջ կաշառակերությանը, վե՛րջ կոռուպցիային, վե՛րջ վախի մթնոլորտին․․․ ա՛յլևս ոչ մեկը չի կարող մյուսի փոխարեն որոշումներ կայացնել, ա՛յլևս յուրաքանչյուր քաղաքացի առանց վախենալու, առանց տագնապելու կարող է երազել և իր երազանքը կյանքի կոչել։ Մեր հասարակությունն արդեն կարող է ազատորեն շունչ քաշել, նրանք՝ նախկինները, պետք է ընտրեն՝ մեզ հե՞տ են, ժողովրդի հե՞տ են, թե՞ ոչ․․․ սպիտա՞կ են, թե՞ սև։ Այդ ընտրությունը շատ կարևոր է, քանի որ մենք շատ ամուր փակել ենք ավտորիտար համակարգի ժանգոտած դուռը, կողպել ենք այն շատ ամուր կողպեքով և ոչ մեկը չի կարող նույնիսկ փորձել այդ դուռը կրկին բացել։ Որովհետև դուք՝ ամեն մեկդ առանձին-առանձին վերցրած և բոլորդ միասնական, ա՛յլևս թույլ չեք տալու անարդարություն․․․ դուք ձեր անքակտ որոշումը կայացրել եք և մե՛նք, որպես ձեր հլու ծառա, գլուխներս կախ պիտի աշխատենք, ձեր բոլոր երազանքներն իրականություն դարձնենք․․․
Պողոսի ոգևորությունը չէր պակասել, ուղղակի սովորական էր դարձել, և խճճվելով անպտուղ խանդավառության ցանցի մեջ՝ չէր հասկանում ինչ անել անընդհատ կրկնվող այդ հույզերի հետ։
— Կի՛ն, — Պողոսի ձայնն առանձնապես չէր զրնգում, — պիտի՛ երազենք, հասկանո՞ւմ ես, շա՜տ պիտի երազենք։ Մի հատ սև սուրճ բեր․․․ — սև բառը փոքր-ինչ մտահոգիչ թվաց Պողոսին։ — Մեկ էլ սպիտակ պաղպաղակ։
— Ինչի՞ մասին երազենք, ա՛յ մարդ։
— Կարևոր չէ, առաջ չէիր երազում, հիմա պիտի՛ երազես։ Սպիտակ պաղպաղակը սկզբից կբերես, սև սուրճը՝ հետո։
— Ես մենակ մի բան եմ երազում, Պողո՛ս ջան, էս խնդիրներից պրծնենք։ Էն քամբախ բանկի հարցը տենց էլ մնաց, էսօր էլ քաղաքապետարանից էին զանգել, ասում էին՝ էդ դրսի միրգ-բանջարեղենի առևտուրը արգելվում ա, չի՛ կարելի․․․ Բա մենք ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք հացի փող աշխատելու, Պողո՛ս ջան․․․ Վաղը գնա քաղաքապետարան, ասա՝ ձեր մեյմունին եմ ընտրել (ա՛յ տղա, հենց տենց չասես), թողեք՝ էրեխեքիս համար հացի փող աշխատեմ։ Ախր, մենք առևտուրից բացի ուրիշ բան չգիտենք անել․․․
— Կգնա՛մ, անպայմա՛ն, կմտնեմ ու ինչ-որ պետք ա կասեմ․․․ Կասեմ՝ ուզում եմ, չէ՛, երազո՛ւմ եմ միրգ-բանջարեղենի խանութ ունենալ։ Չեն կարող երազանքս անտեսել, մեր երկրում, ա՛յլևս, ամեն մեկն ազատ երազելու իրավունք ունի։
․․․Այժմ, քան երբևէ մենք պե՛տք է միասնական ու համախմբված լինենք։ Դժվարին ժամանակներ ենք ապրում, գուցե ամենաճակատագրական հատվածը մեր հազարամյա պատմության մեջ․․․ ահասարսուռ մարտահրավերները հաջորդում են միմյանց և մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած բացասական շրջադարձի․․․ սպառնալիքներն ու աղետալի արհավիրքները կարող են ամեն վայրկյան իրականություն դառնալ, և մենք մեր հին ու կարծրացած ավանդապաշտությամբ միայն ավելի ենք շիկացնում առանց այդ էլ բոցավառվող հրաբուխը։ Մե՛նք, ներքուստ թե՛ արտաքուստ, պետք է պատրաստ լինենք ընդունել, առերեսվել իրականության հետ, որքան էլ այն տհաճ ու նվաստացուցիչ լինի մեզ համար․․․
Պողոսի մեջքը կորացել էր, գլուխը ծանրացել էր ջղաձգված պարանոցին, իսկ քայլերը դնելիս ծնկներն ամբողջությամբ չէին բացվում։ Կիսատության զգացողությունը ուղղեկցում էր Պողոսին, և նրա քայլվածքում կարելի էր նկատել ինչ-որ անորոշ խառնաշփոթ․ նա ինքն իրեն համոզում էր, որ ամեն բան լավ կլինի, սակայն տագնապի որդը շրջում էր նրա մարմնի տարբեր հատվածներով։
— Կի՛ն, — Պողոսի ձայնում նկատելի էին մտահոգության թրթիռներ, — ո՞նց ես։
Կինը շտապեց դեպի ամուսինը։
— Պողո՛ս ջան, քեզ լավ չե՞ս զգում։ Սև սուրճ բերե՞մ։
— Հա՛, բե՛ր, — կարճ կապեց Պողոսը։
— Դեղ էլ բերե՞մ։
— Չէ՛, մի շիկացրու իրավիճակը, կի՛ն արմատ, ավելի լավ ա՝ արաղ բեր․․․ Դժվար ժամանակներ են, պիտի՛ համախմբված լինենք, աջակցենք միմյանց, միասնականություն ցուցաբերենք․․․
— Ցուցաբերենք, բա ոնց․․․ Պողո՛ս ջան, մենակ թե էն բանկի հարցն արդեն դատարան ա մտել, մեր էղած-չէղածը հեսա ձեռներիցս առնելու են․․․ Իսկ առավոտ շուտ թաղապետարանից էին զանգել, ասում էին՝ արդեն գույքահարկ պիտի մուծենք․․․ Եսիմ ինչ մեծ թվեր ասեցին, Պողո՛ս ջան․․․ Մենք հիմա ո՞նց ենք էդքան փող մուծելու, ա՛յ մարդ, էս ինչ զուլում էր՝ գլխներիս ընկավ․․․ Վաղը մի հատ թաղապետարան գնա, տես՝ ի՞նչ են ասում, մի բան արա՛, Պողո՛ս ջան․․․
— Կգնամ, Սուսի՛կ ջան, ճիշտ ա՝ մեջը բան չկա, բայց անպայման կգնամ․․․
․․․Մենք չենք կարող կարմիր հագուստով հանգիստ քայլել, երբ շուրջ բոլորը կատաղած ցլեր են։ Եթե ուզում եք փրկվենք, խաղաղութան մեջ ապրել՝ պիտի փոխվենք, ամբողջովին փոխվենք․․․ պիտի՛ մեր «հագուստները» փոխենք, պիտի՛ մեր մտքերը փոխենք, պետք լինի՝ գլուխներս էլ պիտի՛ փոխենք․․․Այս անգամ Պողոսը տուն չգնաց։ Ոտքերը նրան ուրիշ ուղղությամբ էին տանում, իսկ նա չէր էլ փորձում հակառակվել, տրվել էր ենթագիտակից հոսքին և հանգիստ ճոճվում էր փողոցի ալիքներում՝ ինչպես կիսախարխուլ նավակը բաց ծովում։ Երբ ճոճքը մի պահ դադարեց, և ոտքերը հրաժարվեցին առաջ շարժվել՝ Պողոսն իր առջև տեսավ անձնագրային բաժնի ծանոթ շենքը։ Պողոսը զարթնեց խոր թմբիրից, իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցրեց և անմիջապես քայլեց դեպի անձնագրային բաժին, որպեսզի պահանջի հին՝ «Պողոս Պողոսյանի» անձնագիրը։ Բայց հասնելով անձնագրային բաժնին՝ տեսավ, որ դուռն ամուր փակ է, իսկ դռան վրա մի փոքրիկ ցուցանակ է փակցված։ Ցուցանակին հաստ տառերով գրված էր՝ Փակ է անորոշ ժամանակով։