Լիլիթ Շահինյան/Մի կում սեւ սուրճ

-Ինձ էլ կոֆե դիր, Սոն։ 
Աչքերս բացեցի ու սենյակի բաց դռնից տեսա, որ Սոնան կանգնած է խոհանոցում՝ ձեռքին սրճեփ։ 

Սոնան երկու սուրճը դրեց փայտե սկուտեղի վրա, բերեց սկուտեղը տեղավորեց իմ կողքի աթոռակին, որ նախապես առաջ էի քաշել։ Սոնան աշխարհում քիչ բան է սիրում ու սիրում էդքան ակնհայտ, ինչքան իրա առավոտյան սուրճի առաջին կումը։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես հենց էդ տեսարանի պատճառով երբեք չեմ էլ մտածել՝ թարգել սուրճ խմելը։ Ու խմելիս Սոնան աչքերը փակում է, ու թվում է, թե բացելիս հավատացած է, որ իր խնդիրները դարձան ավելի լուծելի կամ անհետացան։ 

-Չե՞ս ծխում, – հարցնում է ինձ՝ մեկնելով մի ծխախոտ։ 

Շարժում եմ գլուխս և վառում իր ծխախոտը։ 

-Դեռ վախենում ես ծերանալու՞ց․․․բայց ես քեզ ասել եմ, չէ՞՝ լինելու ես ամենասիրուն քայլող ծերությունը։ 

-Բա դու ի՞նչ ես անելու, եթե ես ամենասիրունը լինեմ,- բարձրանում եմ, հենվում բարձիս ու վերցնում բաժակս։ 

-Ես փողոցից գտնելու եմ քո համարը, զանգեմ, իմանամ քո ծերության կտավում կա՞ մեկ ազատ սենյակ, գամ զբաղեցնեմ։ 

-Ու լինելու է։ 

-Ու լինելու է,- ասում է Սոնան ու իր սուրճի բաժակը բերում, հարվածում իմին։

-Մի տարի առաջ էս օրը արթնացել էի, երազում էի, որ մեկն ինձ սուրճ բերի, Սոն։

-Նոր բաներ երազի։ 

Մեկ տարի առաջ նույն օրն էր Սոնան զանգել փողոցի պատից գտած իմ համարին, որի վերևում տպել էի․ «Փնտրում եմ աղջիկ՝ միասին տուն վարձակալելու համար», ու նույն օրն էր, որ Սոնան դրսում էր հայտնվել։ Ծնողները չէին ասել «դուրս արի»,  բայց Սոնան գիտեր, որ դուրս գա, չեն վազելու ետևից։ 

-Իմ հետ տնից դուրս չէր գալիս ինչ-որ բան, որ իրանք կորցնելու էին։ Երևի հակառակը՝  երբ տանն էի, էդ ժամանակ էին զգում, որ կորցրել են, ու շատ մեծ բան,-պատմում էր Սոնան՝ նայելով իր մատներին։ 

Ետևից վազել էր եղբայրը։ Հայրը փակել էր դուռը՝ եղբորը պահելով ներսում։ 

-Կներես, չգիտեմ՝ ինչ կատարվեց, հո չվախեցա՞ր,- հարցնում էր Սոնան իր տեղափոխվելուց հետո դեռ մի քանի ամիս, երբ գիշերն արթնանում էր երազներից,  որտեղ եղբոր ոտնաձայներն էին, իսկ Սոնան երազում չէր գտնում՝ որտեղից է։ 

Ես սկզբում վախենում էի։ Վախենում էի իմ անզորությունից։ Մինչև դա մտածում էի,  որ տունը փոքր է, ինչ էլ լինի՝ էս չորս պատի մեջ, անվտանգ է։ Սոնան հետը նոր պատեր էր բերել՝ անտեսանելի, անչափելի։ 

Սոնան նստած էր իմ ոտքերի մոտ՝ վերմակին, իսկ ոտքերը տեղավորել էր մահճակալի փայտե եզրին՝ գետնից վերև։ Ձեռքերով գրկել էր ոտքերը, գլուխը դրել ոտքերին․ դարձել էր մի բուռ, կծիկ, ավարտուն։ Սոնան նայում էր ինձ, պատմում, խմում սուրճն ու ծխում։ Բայց ինձ համար չէր պատմում։ Ես պատմությունը լսել էի։ Սոնան էլ գիտեր։ Ու ես էլ գիտեի, որ Սոնան պետք է էլի պատմի էդ պատմությունը ու ես լսեմ։ Մենք չգիտեինք, թե ուրիշ ինչ անենք էդ պատմության հետ, ու քանի դեռ չգիտեինք, դա լավագույն բանն էր։ Բայց էսօր էդ պատկերը՝ Սոնան կուչ եկած, հագին մի հասարակ սպիտակ շապիկ ու ոտքերը՝ անհագուստ, ինձ աններելի թվաց, ու մի տեսակ շոկային հապճեպությամբ մոտեցա, որ գրկեմ։ Ինձ թվում ա՝ ավելի շատ ես չէի դիմանա էդ պատկերի հիշողությանը։ Անտունի պատկեր էր։ Սոնան տուն ուներ։ Սոնան մի օր առանց տուն չէր եղել։ 

-Զգույշ, մեջքիս չկպնես։ 

Սոնայի մեջքին եղբոր դաջվածքն էր։ Վաղուց։ Փոքր դաջվածք էր։ 

-Իր նման, -ասում էր Սոնան։ 

Բայց դաջվածքը մեծացել էր։ 

-Տուն եմ նկարել եղբորս կողքին՝ տանիքով ու տանիքի վրա պատուհանով, որ նստես,  ծխես, ծերանաս։ 

Տան մեջ մի աղջիկ էր ու մի շուն։ Ես էի ու Հոփը՝ շունս։ 

-Արի նայի, դու էլ կաս,-կանչեցի շանս։ 

-Դու էլ ինձ ե՞ս սենյակ գտել, էն էլ ի՜նչ սենյակ, տակից դուրս չեմ գա, Սոն։

Լացեցի, Սոնան էլ լացեց՝ նստած նույն դիրքում։ 

-Մտի վերմակի տակ։ 

Սոնան հետ եկավ, մեջքով դեպի պատը, ոտքերն անցան վերմակի տակ, գլուխը դրեց ուսիս։ 

-Հոգնել ա գլուխս։ 

Մի հատ էլ ծխախոտ վառեցի։ Ձեռքս էլ դրեցի գլխին մյուս կողմից ու էդ պահին ես ոտքից գլուխ էլի անզորություն էի, ոչ մի բանի գիտակցություն չունեի, բացի իմ անզորությունից։ 

Սոնայի եղբոր դաջվածքը նկարի արտապատկերում էր։ Նկարում եղբայրը իր փոքր ձեռքը պարզել էր Սոնային ու լուսանկարը ֆիքսել էր էն վայկյանը, երբ Սոնան դեռ չէր բռնել ձեռքը։Սոնան պառկում էր՝ ձեռքը մեջքին։ 

Մենք Սոնայի հետ գնում էինք եղբորը տեսնելու։ Հինգ տարեկան էր, երբ ես տեսա։ Ինձ մի պահ թվաց՝ էդ փոքր մարմնի ամեն հատվածից հալվում ա կարոտը։ Ես՝ ոչինչ, Սոնայի մայրը մի քանի րոպե քարացել էր լացի էդ ձենից։ 

-Պառկում եմ, ձեռքս՝ մեջքիս, ու ասել եմ, որ ինքն էլ տենց անի։ 

-Հաստատ անում ա։ 

-Նկարողն ասում էր՝ տունը մեծ անենք, էս ձեռքը՝ օդի մեջ, տեղ չի թողնում, որ էդքան պատերի մեջ մյուսները հանգիստ տեղավորվեն։ Բայց իմ տունը տենց ա լինելու,  գիտես, չէ՞, մտնելու ա ինքը, ձեռքերն ուր ուզի պարզի, դուք պիտի գաք տեղավորվեք։

-Ես իմ սենյակն ունեմ տանիքում, Հոփն էլ մի բուռ ա, չէ՞, Հոփ։ 

Հոփը նստել էր Սոնայի ոտքերի տակ՝ մի բուռ դարձած։ 

-Ասում ա՝ հա։ 

-Ասա, որ կիրակի ա։ 

-Կիրակի ա։ 

Երկար առավոտ էր։ Սոնան նորից քնեց։ Փորի վրա։ Ես նայում էի մեկ դատարկ սուրճի բաժակներին, մեկ լուսամուտից դուրս ու ծխախոտի ծխի մեջ ինձ նոր երազանքներ փնտրում։

Please follow and like us: