1.
Սա ես եմ։
2.
Սա էլ եմ ես։
3.
Եվ սա եմ ես։
4.
Սա ծնողներս են։ Կարծես՝ Կիսլովոդսկում։ Մակագրություն՝ «1952»։
5.
Միշան՝ վոլեյբոլի գնդակով։
6.
Ես՝ սահնակով։
7.
Գալյան՝ երկու փիսիկի հետ։ Մակագրություն՝ «Մեր կենդանի անկյունը»։
8.
Ես՝ ձախից երրորդը։
9.
Ուֆայի շուկան։ Մակագրություն՝ «Ուֆայի շուկան, 1940թ.»։
10.
Անհայտ է՝ ով։ Մակագրություն՝ «Սիրելի Յոլոչկային՝ հիշատակ Մ.Վ.-ից»։
11.
Իսկ սա հայրս է՝ պիժամոյով ու ուրագը ձեռքին։ Մակագրություն՝ «Գործը եռում է»։ Ձեռագիրն իմն է։
12.
Մայրիկը՝ խուլ դերձակուհի Տատյանայի հետ։ Երկուսն էլ՝ լողազգեստով։ Մակագրություն. «Շոգ։ Ամառ 54»։
13.
Իսկ սա ես եմ վարտիքով ու շապիկով։
14.
Նստած են․
15.
Լազուտին Ֆելիքսը
16.
(Եվ ինչ-որ մեկի ձեռքը, որ ինչ-որ բան է գրում թղթիկի վրա),
17.
Գոլուբովսկի Արկադի Լվովիչը։
18.
(Եվ անձրեւի կաթիլը՝ ցած հոսող վագոնի ապակով)
19.
Ռոզալիա Լեոնիդովնան։
20.
(Եվ փոքրիկ վարդագույն ծրար՝ կանացի պայուսակից ընկած)
21.
Կոշելեւա Ալեւտինա Նիկիտիչնան, հավաքարար։
22.
(Եվ հեռուստահաղորդավարի անձայն շարժվող շուրթերը)
23.
Ողորմածիկ Ա.Վ. Սուտյագինը։
24.
(Եվ լուսանկարի պատառիկ, որ լողում է գարնանային առվակով)
25.
Գավրիլին Ա.Պ., դպրոցում ավել անունը՝ Տախսիդերմիստ։
26.
(Եվ փքված երակներ՝ տարեց բանվորի ձեռքերին)
27.
Պրոֆ. Վիտտե։
28.
(Եվ բացված անձրեւանոց՝ դանդաղ դուրս լողացող կամրջի տակից)
29.
Կանգնած են
30.
Մարտեմյանով Ի.Ս.։
31.
Եվ մենք տեսնում ենք մի միայնակ տերեւ, որ հուսահատ դիմադրություն է ցույց տալիս աշնանային ցրտաշունչ քամուն։
32.
Եվ մակագրություն՝ «Ես սրա հետ ի՞նչ կապ ունեմ»։
33.
Մոգիլյովսկայա Ս.Յա. եւ Պիլիպենկո Վ.Ն.։
34.
Եվ մենք տեսնում ենք մազերի ոսկեգույն օղակներ՝ գետնին թափվող։
35.
Եվ մակագրություն. «Մեղավոր են բոլորը, իսկ պատասխան ես տալու դու»։
36.
Տոլպիգին Գ.Յա.։
37.
Եվ մենք տեսնում ենք իտալացի հեռուստալրագրողուհու արտասվաթաց դեմքը։
38.
Եվ մակագրություն. «Այս օրերից անցել են տարիներ, բայց դու կարծես թե նույնն ես մնացել, ինչպես ասաց պոետ մի անվեհեր, որի անունն եմ ես նույնիսկ մոռացել»։
39.
Իոահիմ Սարտորիուսը։
40.
Եվ մենք տեսնում ենք ճղած ղառի վալետ՝ կաշվե բազկաթոռի նստատեղին։
41.
Եվ գրություն. «Եվ կլինի այստեղ ամեն ինչ վառ ու զեռ՝ եւ թիակի ճողփյուն ընդդեմ ալյաց թափի, եւ մեղմ-քնքուշ «սիրում եմ»-ը նրա, ով դեռ չի մեծացել այնքան, որ արքային կապի»։
42.
Գովենդո Տ.Խ.
43.
Եվ մենք տեսնում ենք վեց կամ նույնիսկ յոթ վառ նարնջագույն հաբ մանկական դողդողացող ափի մեջ։
44.
Եվ գրություն. «Ես այսպիսին կլինեմ, երբ մեռնեմ հանկարծ։ Ուրիշ տեսակ՝ երբ մի բանի բախվեմ, ընկնեմ։ Զուր չէր մայրս մտահոգվում, որ անկասկած ուրիշների ազդեցության տակ ես կընկնեմ»։ .
45.
Մակեեւա Օ.Ա.
46.
Եվ մենք տեսնում ենք աշխարհագրական քարտեզի վրա նշված Բոխում քաղաքը
47.
Եվ գրություն. «Այսպես լինել ու գոյություն ունենալու սովորությունն այս գալիս է օրերից հին, երբ մեծերին հարցախեղդով զզվացնելն ու աղմկելը արգելվում էր մանուկներին»։.
48.
Կոնոտոպով Վ.Ն.
49.
Եվ մենք տեսնում ենք շան քաքի մի մեծ կլոնձ հեծանվի ակի թարմ հետքով։
50.
Եվ գրություն. «Երբ հարազատ քո անկյունում տխուր նստած՝ հոգնես անդուլ ըսպասելուց արհավիրքին, հիշիր փայլուն ու մնայուն հետքերը թաց՝ նոր լվացած ու մաս-մաքուր, հարթ հատակին։
51.
Զամեսով Վ.Ն..
52.
Եվ մենք տեսնում ենք մանկական մատը՝ ստեղների վրա վախվորած հավաքող շուբերտյան «Կամրախայտի» մեղեդին։
53.
Եվ գրություն․ «Համբերություն ու փառք՝ իրար անհայտ քույրեր, որ երբ իրար տեսնեն, հազիվ թե ճանաչեն։ Լռիր ու պախկվիրր, իջիր ջրի հատակ, մինչեւ քեզ էլ վերջիվերջո կռիվ կանչեն»։
54.
Եվ մենք նկատում ենք կիսախավարում հսկայական առնետի ուրվագիծը՝ հոտոտող քնած երեխայի դեմքը։
55.
Սա ես եմ։.
56.
Եվ այստեղ վերջապես հայտնվում է մեծ արծաթագույն կոճակը երիտասարդի անձրեւանոցի վրա, որը գնում է այցի իր մեռնող ազգականին։
57.
Եվ դողում է մենամարտի ատրճանակը կաղ սպայի ձեռքում։
58.
Եվ դողում է կիսով չափ բացված ֆրանսիական վեպը երիտասարդ տիկնոջ ձեռքում։
59.
Եվ դողում է արծաթյա ծխախոտատուփը գունատ երիտասարդի ձեռքին։
60.
Եվ դողում է անագե խաչը հարբած զինվորի ձեռին։
61.
Եվ դողում է մեծ, արծաթյա ինքնաեռը հարբած զինվորական բժշկի ձեռքերում։
62.
Եվ թեթեւակի ցնցվում է փայլուն կտուցը մեծ, սեւ թռչնի՝ անշարժ նստած անտիկ աստվածուհու գիպսե կիսանդրու գլխին։
63.
Այս բոլորը ես եմ։
64.
Լազուտին Ֆելիքս․ «Շնորհակալություն, ես պիտի գնամ»։
65.
(Գնում է)
66.
Մարտեմյանով Իգոր Ստանիսլավովիչ։ Հայտնությունների շրջան։ Գրաքննադ․ հոդվածների ժող․- Մ․, Սովրեմեննիկ, 1987։
67.
Գոլուբովսկի Արկադի Լվովիչ․ «Դե ինչ, ես երեւի թե գնամ»։
68.
(Գնում է)
69.
Տոլպիգին Գենադի Յակովլեվիչ։ Ջրօրհնեքի շոգը։ Բանաստեղծություններ եւ պոեմներ։- Տուլա, Պրիոկսյան գրահրատ․, 1986.
70.
Ռոզալիա Լեոնիդովնա․ «Արդեն ուշ է, ես պիտի գնամ»։
71.
(Գնում է)
72.
Մոգիլյովսկայա Սուսաննա Յակովլեւնա, Պիլիպենկո Վլադիմիր Նիկոլայեւիչ։ Մենք ուրախանում ենք։ Իսկ դո՞ւք․ ռեպերտուարային ժողովածու թույլ լսողությամբ երեխաների դպրոցների 4-6 դասարանների համար։
73.
Կոշելյով Ալեվտինա Նիկիտիչնա, հավաարար․ «Աման, էս ի՞նչ եմ նստել-մնացել, գնալ ա պետք»։
74.
(Գնում է)
75.
Սարտորիուս Յոահիմ։ Անվի բանաձեւ։ Վեպ։/Թարգմ․ գերմ․ եւ վերջաբ․ Վ․Ա․ Ռիվկինա։- Մ․, Նաուկա, 1984։
76.
Հանգուցյալ Ա․Վ․ Սուտյագին․ «Դուք ունենո՞ւմ եք այդպիսի վիճակներ, Լյուբոչկա, երբ բառացիորեն ամեն ինչ, ինչ կատարվում է ձեզ հետ եւ ձեր շուրջը՝ օրինակ, այ էն պառավը, տեսնո՞ւմ եք, ինչ-որ բան՝ պայուսակում, էն էլ կատուն՝ վազեց, անկյուն մտավ, զգացողություն, որ այդ ամենը ողողված է ինչ-որ մեծ ու թաքուն իմաստով, որը, թվում է, մի փոքր ջանք գործադրես ու կհասկանաս մեկընդմիշտ։ Կներեք, ի՞նչ»։
77.
«Ոչինչ, ես լսում եմ»։
78.
«Այդպես լինո՞ւմ է, թե՞ ոչ»
79.
«Ի՞նչ է լինում»։
80.
(Գնում է)
81.
Գովենդո Տամարա Խարիտոնովնա։ Ոչ կոնվենցիոնալ պոետիկայի որոշ հարցեր Ջեյմս Դոուսսոնի ուշ աշխատանքներում //Ակտուալ լաբիրինթոս. Թողարկ․ 3. – Մ․, 1992. – Էջ 12-21։
82.
Մակեեւա Օլգա Ալեքսանդրովնա, միջին Լեւոբերեժյեի ցեղերի օրացուցային ծեսերը// Նույնը, էջ 12-21։
83.
Կոնոտոպով Վալերի Նիկոլայեւիչ։ Թոմաս Բաուերի «Տավարած կինն ու կուրֆյուրստը» դրաման։ Հիմնական մոտիվների վերլուծություն// Նույն տեղը, էջ 12-21։
84.
Զամեսով Վիկտոր Նիկոլայեւիչ։ Մակաբուծային գիտակցության ճգնաժամը։ Ի՞նչ կլինի հետո// Նույն տեղում, էջ 12-21։
85.
Գավրիլին Ա․Պ․։ «Մենք, օրինակ, ասում ենք՝ ահա, քամին աղմուկում է։ Չէ՞»։
86.
«Դե հա․․․»
87.
«Իսկ աղմկում է ամենեւին ոչ քամին, այլ այն, ինչ հանդիպում է նրա ճանապարհին՝ ծառերի ճյուղերը, տանիքի թիթեղնեը, վառարանի ծխատար խողովակները։ Իսկ քամին, Լյուբչկա, չի աղմկում։ Ի՞նչ ունի աղմկելու»։
88.
«Իսկապես»։
89.
(Գնում է)
90.
Պրոֆեսոր Վիտտե (մենակ)․ «Աստված իմ, որքա՞ն կարելի է։ Սա վերապրելու ոչ մի ուժ չկա։ Ախր ես ազնվոեն փորձում եմ։ Աստված վկա, ես ազնվորեն ջանում եմ»։
91.
(Սկսում է գոռգոռալ)
92.
«Նա է։ Նա։ Ինքը։ Էդ հիմար, քաղքենի Անտոնինան։ Բա ինչքան զզվացրեց ինձ նրա հիասքանչ զարմիկը՝ էդ տավարի ցավը, զարդարված համալսարանական դիպլոմով, միայն Աստված գիտի։ Համ էլ ես գիտեմ ինչ է պետք անել»։
93.
(Գնում է)։
94.
«Ահա տես։ Սկզբում պետք է էս սպունգով սրբել։ Նայիր, ես քեզ ցույց եմ տալիս։ Հետո այս չոր կտորով։ Որպեսզի չժանգոտի։ Հասկացա՞ր»։
95.
(Գնում է)
96.
«Նրանք ինձ ասացին, որ տոնի երեկոյան կանցնեն։ Դե, ես էլ խնձորով պիրոգ թխեցի։ նրանք սիրում են խնձորով։ Զուգվել-զարդարվել, նստել, սպասում եմ։ Իսկ նրանք ինձ զանգում են Շուստերների մոտից։ Ասում են, որ Շուստերներն իրենց հրավիրել են, եւ այնտեղ գնացին։ Ո՞նց կլինի այդպես։ Ես շատ տխրեցի։ Հիմարի պես նստած եմ իմ պիրոգի կողքին։ Զանգել եմ քեզ, մտածում եմ՝ միգուցե դու անցնես, ուտես։ Դու էլ ես, չէ՞, սիրում։ Դու էլ տանը չես։ Նույնիսկ լացեցի մի քիչ։ Շատ տխուր էր։ Դե լավ, բանի տեղ մի դիր․․․»
97.
(Գնում է)
98.
«Գիտես, ես երեի գնամ»։
99.
«Որ ի՞նչ գնաս, խենթ հարազատ։ Երբ ձեղնահարկն է մեր ազատ։ Ամեն ինչ կա՝ վերմակ ու բարձ․․․»։
100.
“Ոչ-ոչ, պիտի գնամ։ (Նայում է ժամացույցին)։ Տասներկուսն անց տասը։ Հասցնում եմ»։
101.
«Դե ինչ, անփորձանք»։
102.
(Գնում է։.
103.
Իսկ սա ես եմ։
104.
Սա առավոտն է ոսկեգույն, երբ որ փախավ անագորույն ու կատաղած տոտ Զոյայից հարեւանի տղան դրկից։
105.
Իսկ սա ես եմ։
106.
Իսկ սա Լարիչեւա Ռայայի կիսամոռացված ստվերն է։ Իմ ակնոցը՝ հասարակ երիզով։ Ես տասը տարեկան եմ, նա տասներկու։
107.
Իսկ սա ես եմ։
108.
Իսկ սա բառերն են չորս հատ, որ Սանյոկը խրոխտ ասեց, երբ Կոլյանը ծռում էր պայտ, որն ուղղել արդեն չզորեց։
109.
Իսկ սա ես եմ։
110.
Իսկ սա՝ տոնական մայրաքաղաքի կարմրադրոշ «ուռա»-ն եւ աղջիկների՝ մեր բակի, դեմքերը նորալվա։
111.
Իսկ սա ես եմ։
112.
Իսկ սա օրհներգի ձայնն է հիասքանչ ճիշտ ժամը վեցին, ասես չեմ էլ քնել։ Երեւի, ինչ-որ մեկը ռադիոկետը մոռացել է անջատել։
113.
Իսկ սա ես եմ։
114.
Իսկ սա ես եմ վարտիք-շապիկով։
115.
Իսկ սա ես եմ վարտիք-շապիկով՝ վերմակի տակ մտած ոտով-գլխով։
116.
Իսկ սա ես եմ վարտիք շապիկով, վերմակի տակ մտած ոտով-գլխով, գլխապատառ վազում եմ արեւոտ բացատով։
117.
Իսկ սա ես եմ վարտիք շապիկով, վերմակի տակ մտած ոտով-գլխով, գլխապատառ վազում եմ արեւոտ բացատով, եւ իմ արջամուկն ինձ հետ է։
118.
Եվ իմ արջամուկն ինձ հետ է։
119.
(Գնում է)։
Թարգմանեց Արփի Ոսկանյանը