Օֆելի Դալաքյան/Անոն

Շենքում բոլորը խոսում էին Անոյի լվացքից։ Նրա նման ոչ մեկը լվացք չէր փռում․քանոնով գծած էր։ Բոլոր նորեկ հարսներին օրինակ էին բերում Անոյին։Նա տնարար, խելոք հարս էր։ Շատ երիտասարդ էր, որ այդ շենք հարս եկավ։ Զուռնա դհոլով հարսանիք արեցին, տրաքտրաքոցով քեֆ արեցին։

Անոյի կարմիր այտերն իր հետ ծնվել էին․շողշողում էին։ Տեսնողն անտարբեր չէր անցնում, մի բան անպայման պիտի ասեր։

-Կերած-խմած թշեր ունի հարսդ, Շողիկ,-ասում էին հարևանները։

-Հա՜, գյուղի արևն ուժեղ ա,-քմծիծաղ էր տալիս Շողիկը։

-Էդ քանի՞ արև կա, որ գյուղինն էլ ուրիշ ա, այ Շողիկ։

Հարևանները լավ գիտեին Շողիկի բնավորությունը, բայց երբեմն չէին դիմանում նրա սուր լեզվին։

Մեկ տարի անց Անոն երեխայի շորեր էր փռում պարանին։ Սովորական, սուսուփուս ընտանիք էր։ Դժվար էր ասել, որ սիրում են իրար Անոն ու ամուսինը, բայց ապրում էին մի հարկի տակ՝ ինչպես շատ սովորական ընտանիքներում։ Բայց մի հերթական ծռմռված օր ամուսինը, ինչպես սուսուփուս ապրում էր, այդպես էլ սուսուփուս հեռացավ տնից։ Մի նամակի եղածն ինչ էր՝ չկամեցավ Անոյին։ Ոչ զանգ կար օրերի, ամիսների արանքում, ոչ՝ լուր։ Տարին լրացել էր, որ նա հեռացել էր տնից՝ առանց խղճի խայթ զգալու փոքրիկ տղայի հանդեպ․ հայրական բնազդն իրենից շուտ էր մեռել։ Սկզբում Շողիկը հավատացնում էր, որ ինքն էլ չգիտի՝ ուր կլինի տղան, ինքն էլ լուր չունի։ Սակայն ժամանակի հետ Անոյի ականջին լուրեր էին հասնում, որ ամուսինը սիրելիի մոտ է վերադարձել, որ Անոյի հետ ամուսնությունը պետք է լիներ այդ կապի բաժանողը, բայց արդյունքում Անոն բաժանվեց իր ու որդու միջև։ Այդ օրվանից ապրում էր որդու համար միայն։ 

Անոն ու որդին սկեսուրի հույսին մնացին։ Գյուղ վերադառնալ չէր կարող, ծնողներն էլ էին հազիվ ապրում, հիմա էլ ինքն ու երեխան ծանրանային նրանց ուսերին։ Ախր, ինքն էլ ուսում չուներ, հիմա ի՞նչ է անելու, ի՞նչ պիտի աշխատի։ Անոն ու որդին դարձան այս պատմության քավության նոխազը, խաղացին Անոյի՝ նոր ծիլ տված զգացմունքների հետ ու դեն նետեցին մի անկամ տիկնիկի պես։

-Դե, փաստորեն սիրում էր էդ աղջկան, ես ի՞նչ անեմ, մտածեցի կամուսնանա, կմոռանա, բայց չեղավ,-շատ անմեղ արդարացել էր Շողիկը։

Դե, չստացվեց․․․ դե, Անոյի կյանքն էլ չստացվեց․․․

Անոն սկսեց սրա-նրա ոտքի տակը մաքրել։ Էս լենուբոլ աշխարհում մի բոբիկ Անո․ի՞նչ կարող էր անել։ Բայց դիմացավ, տուն էր մաքրում, գիշերները՝ խմորեղեն թխում ։ Սա է կյանքը՝ ապտակում է, բայց մյուս այտդ չպիտի առաջ պարզես, որ հետո հում-հում չուտի քեզ։ Լավ է, Անոն կուլ չգնաց կյանքին։

Մի քանի տարի անց Շողիկը մահացավ։ Անոն մնաց լրիվ մենակ։ Ճիշտ է, շատ էին վիճում, բայց էլի տանը մարդ կար, խոսում էին, ներսի զայրույթը դուրս էին թափում․ երկուսն էլ ասելիք ունեին՝ մեկը կարոտում էր, մյուսը՝ ատում։ Անոն գումար չուներ նույնիսկ հուղարկավորության համար, հարևաններն օգնեցին։ Անոյի ամուսինը ոտով-գլխով կորել էր երջանկության մեջ, երևի  չիմացավ էլ, որ պորտալարը կտրվեց։

Երեխայի մեծանալուն զուգընթաց մեծանում էին Անոյի հոգսերը․ ո՞ր մեկը նա հասցներ։ Ամեն անգամ որդուն տեսնելիս իրեն հույս էր տալիս, որ դժվարությունները շուտով կանցնեն, որ տղան կմեծանա, իրեն կօգնի։ Անոն վերջին տարիներն ատում էր Ամանորը, որ էլի պիտի խեղճանա որդու առաջ, որ ստիպված գնում էր ծնողների տուն՝ միասին նշելու։ Նա միայն մի փոքրիկ նվեր էր կարողանում պատրաստել երեխայի համար, բայց էլ ոսկի չմնաց, որ վաճառի։

-Մա՛մ, ինչի՞ ենք մենք միշտ պապիկենց տանը նշում Նոր տարին, մենք փող չունե՞նք,- մի անգամ հարցրեց տղան։

-Նոր տարին մեծ խմբով են նշում, գնում ենք գյուղ, որ ավելի ուրախ անցնի։

-Դե, թող պապան գա, որ մենք էլ մեծ նշենք։

-Պապադ․․․,- ուզում էր մի երկու քաղցր բառ ասել ամուսնու հասցեին, բայց այս տարի էլ իրեն զսպեց,- կգա։

Չգիտես իրե՞ն, թե՞ որդուն խաբեց Անոն, բայց մի պահ ինքն էլ հավատաց իր ասածին։ Ամուսինը երևի մոռացել էր նույնիսկ որդու մաշկի գույնը։

Արդեն քանի տարի է՝ Անոյի լվացքի պարանն Ամանորին դատարկ է լինում։

Please follow and like us: