Հասմիկ Հակոբյան
Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան) 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության պատմության նշանավոր դեմքերից է։ Ապրելով ու ստեղծագործելով թուրքական ղեկավարության մշտական հսկողության և ճնշումների ներքո՝ նա իր ստեղծագործության համար հիմնական թեմա է ընտրել պատմական նյութը, որը տաղանդավոր գրողի ձեռքով վերածվել է նաև արժեքավոր գեղարվեստական նյութի։ Ծերենցի հետաքրքրության ծիրում մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններն են, որոնց նա մոտեցել է որպես հմուտ հետազոտող և պատմաբան։ Հեղինակն ընտրել է պատմական հատկապես այն ժամանակաշրջանը, երբ ժողովուրդը պայքարի ոգի ու կամք է ցուցաբերել։ Ծերենցի արժեքավոր գործերն են «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպերը, որոնցում նկարագրվում են 7-12-րդ դարերի պատմական իրադարձությունները։ Սույն հոդվածով կանդրադառնանք «Երկունք Թ դարու» վեպի պատմագեղարվեստական արժեքին։
Վեպը լույս է տեսել 1879 թվականին։ Գաղտնիք չէ, որ ժամանակի արձակագիրներից շատերը, այդ թվում նաև Ծերենցը, տուրք է տվել ռոմանտիզմի գաղափարախոսությանը՝ պայմանավորված ժամանակի հրամայականով։ Վեպի նյութը 9-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող պատմական իրադարձություններն են։ Վեպի գլխավոր հերոսը Հովնանն է, որը գաղափարական կերպար է։ Իրադարձությունների հիմնական կենտրոնը Մուշ քաղաքն է ու նրան հարակից վայրերը։ Վեպը բաժանված է վերնագրերի, սակայն այն ունի դասական վեպին բնորոշ սյուժետային կառուցվածք և բովանդակային ամբողջականություն։
Նախադրություն: Վեպն սկսվում է ձմեռային անբարենպաստ պայմանների նկարագրությամբ, որոնք հայրենասեր հայ մարտիկների համար դառնում են օժանդակող հանգամանք հաջողության հասնելու համար։ Ձմռան ցրտին Խութի ս. Կարապետ վանքի մոտ հավաքված հայ կտրիճները իրենց բնակավայրերը գրաված թշնամուն հաղթելու ծրագրեր են մտմտում: Նրանց է ներկայանում եկեղեցու քահանան և ցույց տալիս մի կոնդակ, որի բովանդակությունը գուշակում էին բոլորը: Ներկայացնելով ստեղծված ծանր իրավիճակը, Բագրատ իշխանի և նրա ընտանիքի անդամների ձերբակալությունը արաբ ամիրայի կողմից, նրանց Արաբստան ուղարկվելը՝ քահանան խոսքը եզրափակում է հետևյալ կերպ․ «Բուն մեր տունն հիմա բաց երկնքին տակն է, իսկ մեր ընտանիքն, ո՜վ գիտե, Արաբիո որ կողմն կգտնվին, եթե ողջ են»: Հավաքվածների համար հեղինակություն է Հովնանը՝ կլոր գլխով, քառակուսի դեմքով, ջղային, մկանուտ կազմվածքով, քառասունի չափ տարիքով մի մարդ: Նա ներկայացնում է հակառակորդին հանկարծակիի բերելու իր հարձակման պլանը, որով նախատեսվում էր գրավել Մուշը։ Նրանց է միանում նաև Գուրգեն իշխանն իր խմբով։
Մուշում՝ Բագրատի պալատում, տիրոջ իրավունքով բազմած Ապուսեթի որդի Յուսուֆը, տեղեկանալով հանկարծակի հարձակման մասին, խուճապահար փորձում է պատսպարվել Փրկչի եկեղեցում, սակայն խիզախ սասունցի մարտիկներից մեկը գտնում է նրան և խոցում։ Շուտով հայ մարտիկները գրավում են Մուշը։
Հանգույց: Հաղթողի իրավունքով հայ մարտիկները սկսում են մաքրել տարածքը թշնամու հետքերից, վերականգնել հայկականը։ Օգտվելով առիթից՝ Գուրգեն իշխանն ազատում է պատանդի կարգավիճակում հայտնված իր ազգականներին՝ Արծրունիներին։ Հովնանի բերանով հեղինակը հայտնում է ազգի ապագայի իր տեսլականը․
-Ուր որ հայ կա` պետք է միաբանին և առանց նախարարաց իրենց գլխուն ճարը տեսնեն, ան ատեն թերևս հայ ազգը իր փրկությունն գտնե։
Պատմական անցյալի ու ներկայի քննությունը Հովնանին և Գուրգենին իրարամերժ տեսակետներ արտահայտելու առիթ է տալիս․ նրանք մե՛կ քննադատում են հայոց նախարարների և իշխանների վնասակար ազդեցությունը պատմական իրադարձությունների վրա՝ հիշատակելով մերուժաններին ու վասակներին, մե՛կ գնահատում նրանց դերը՝ հիշատակելով Մամիկոնյաններին։ Օտարի վրա հուսալու արատավոր սովորությունը, որ գալիս է դարերի խորքից, իր կործանարար հետևանքով սպասեցնել չի տալիս։ Վառ ապացույցներից է Բագրատ իշխանի վարքը, որն ապավինել է արաբ ամիրային ու ընտանյոք հանդերձ գերեվարվել, մինչդեռ կարելի էր ապավինել ժողովրդի ուժին։ Հովնանի խորին համոզմամբ հայ ժողովրդի թշվառության հիմնական պատճառն ազնվական դասն է:
Ժողովրդի ուժին անվերապահ հավատացող ու վստահող Հովնանի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը փոխադարձ էր․ Հովնանին սասունցիները սիրում էին մի տեսակ սրբի պես, և երբ հեռանում էր մի որոշ ժամանակով ինչ-որ տեղ, նրան այնպես էին կարոտում և սպասում, ինչպես իսրայելցիները Մովսեսին Սինա լեռից իջնելուց առաջ:
Գործողության զարգացումն ընթանում է անախորնիաներով՝ ժամանակային անցումներով, որոնք դրսևորվում են հերոսների պատմությունների, հիշողությունների տեսքով: Հեղինակը Արծրունյաց իշխանական տան մասին երկխոսությունների միջոցով պատմելով՝ բացում է հայ ազդեցիկ իշխանների երկպառակության վարագույրը։ Գուրգենը հոր դավադիր մահվանից հետո գերադասում է ծառայել հունական բանակում՝ մերժելով Աշոտ Արծրունու համագործակցության առաջարկը։ Հունաց Թեոփիլոս կայսեր կյանքը փրկելուց և վարձատրվելուց հետո նա վերադառնում է հայրենիք, իսկ հայրենիքում ընդամենը երկու հավատարիմ ընկեր ունի․ ձին՝ Ցոլակը, և օգնականը՝ Վահրիճը, ինչպես նաև սիրելին՝ Ռշտունյաց Հեղինե օրիորդը: Իշխանական խարդավանքների զոհ է դարձել նաև Հեղինեն, որը Ռշտունյաց Մեծ տիկնոջ մահվանից հետո ստիպված ամուսնացել է Արձևյաց Մովսես իշխանի հետ։ Հեղինեն նամակագրական կապ է ունեցել Գուրգենի հետ, սակայն չսիրած մարդու հետ ամուսնացել է Աշոտ Արծրունու պահանջով, որի մասին կարելի է կարծիք կազմել Վահրիճի և գյուղացի Կարապետի զրույցից:
«Աշոտ Արծրունին վատ մարդ չէ,- ասում է Կարապետը,- բայց ինչ կարող է անել. երկիրը չի կրնար պաշտպանել, երբ թշնամին քիչ է, սակավաթիվ է, այդ իշխանները կվազին վրան, կցրվին, իսկ երբ շատ է, կքաշվին իրենց բերդերն, իրենց ամրոցներն, վերեն կնայեն, թե անօրենը ինչ կենե, ինչ կսպանե, ինչ գերի կտանի, ինչպես կայրե, ինչպես կհափշտակե: Եվ երբ նա կերթա, կիջնեն իրենց ծակերեն, ժողովուրդը կկծկծան և կհորդորեն, որ նորեն ցանեն, նորեն հնձեն, նորեն շինեն: Ահա մեր վիճակը: Այդ անիծած արարը դեռ երեկ էր, որ եկավ քանդեց, ապականեց երկիրը. ի՜նչ ըրավ Աշոտ մեծ իշխանը, գնաց ամրացավ բերդերը, ընծաներ, պատանդներ ղրկեց արաբին, ինքզինքը ազատեց, ճշմարիտ է, մեզ ալ ազատեց, բայց բանը բանեն անցնելեն վերջը»:
Վեպի շարադրանքից կարելի է հասկանալ, որ այդ շրջանում երկիրը բաժանված էր երեք խոշոր նախարարական՝ Արծրունյաց, Մամիկոնյանց և Սյունյաց տների միջև: Մամիկոնյաններն անունով էին միայն մնացել, իսկ Ամատունիները, Ընտրունիները, Գնունիները, Քաջբերունիները, Հավնունիները, Վահևունիները, Անձևացիները դարձել էին Աշոտ Արծրունու հարկատու ճորտերը:
Վեպում ուշագրավ կերպար է տիկին Հռիփսիմեն՝ Բագրատունի իշխանների՝ Սմբատի ու Բագարատի քույրը և Աշոտի մայրը: Նա աչքի էր ընկնում սրամտությամբ, բարեպաշտությամբ, խոհեմությամբ և ճարտարությամբ: Եղբայրների գերությունից հետո նա շատ անհանգիստ էր. վախենում էր դավաճանությունից և ուրացությունից: Նույնիսկ ամենավտանգավոր և ճակատագրական պահերին նա ողջախոհ լուծումներ էր առաջարկում։ Նման մի օրինակ էր արաբական հերթական արշավանքը, երբ բոլորն անճարությունից փակվել էին իրենց ապարանքներում, Հռիփսիմե տիկինն ընծաներով գնում է Յուսուֆի մոտ և խաղաղություն ստանում որդու՝ Աշոտի համար:
Խոսրով Անկեացին և Հռիփսիմե տիկնոջ խոսակցությունը ևս տիկնոջ խելամիտ վարքը բացահայտելու օրինակ է։ Հռիփսիմե տիկնոջ համար ցավալի էր փաստը, որ հայ իշխանները, այդ թվում նաև իր հարազատները, օրինակ չեն վերցնում հույներից ու արաբներից, որոնք չեն արհամարհում նույնիսկ հասարակ գյուղացիներին, եթե նրանք աչքի էին ընկնում հեռանկարային խորհուրդներով։ Մինչդեռ Հովնանն անտեսվում էր իշխանների կողմից սոսկ իշխանական ծագում չունենալու պատճառով։ Հովնանի անցյալի և ընտանեկան արմատների մասին ընթերցողը տեղեկություն է ստանում Հռիփսիմե տիկնոջ հիշողությունների և պատմությունների միջոցով: Հովնանն ապրելիս է եղել Հռիփսիմեի հորեղբոր՝ Բագրատունյաց պալատում՝ Տարոնում, խաղացել իշխանազունների հետ, մարմնավոր և մտավոր կրթություն ստացել նրանց հետ, փայլել իր ունակություններով: Շուտով Հռիփսիմեի հորեղբոր աղջիկներից ամենասրամիտն ու ծնողների սիրելին՝ Վասկանուշը, ուղարկվում է կուսանոց, իսկ Հովնանը բանտարկվում Շիրակի գավառի մի խուլ վայրում՝ գետնափոր բանտում, քանի որ հայտնի է դառնում նրանց սիրային կապի մասին:
Հերոսների անցյալի մասին որոշակի տեղեկություններ հաղորդելուց հետո հեղինակը տեղափոխվում է ներկա ժամանակաշրջան՝ խոսելով այն մասին, որ ընթացիկ պայքարի մեջ յուրքանչյուրն իր մտահոգությունն ուներ, որոնք հիմնականում կապված էին անձնական հանգամանքների հետ։ Ազգային շահով առաջնորդվողները հազվագյուտ մարդիկ էին։ Նրանցից մեկը Հովնանն էր, որը որոշել էր ամեն գնով համախմբել ժողովրդական ուժը։ Հովնանը գնում է Դվինի կաթողիկոսարան և հայտնում իր ցանկության մասին՝ խնդրելով կաթողիկոսի և մեծամեծ իշխանների աջակցությունը: Կաթողիկոսարանում ժողով էր, որին մասնակցում էին բոլոր մեծամեծ իշխանները: Հովհաննես կաթողիկոսը, սակայն, հանդիմանում է Հովնանին և բոլոր սասունցիներին՝ նրանց մեղադրելով արկածախնդրության մեջ: Հովնանը փորձում է հակադարձել՝ հիշեցնելով պայքարի արդյունքում ունեցած ձեռքբերումները, սակայն կաթողիկոսի կարծիքին են միանում նաև իշխանները՝ համարելով, որ ժողովրդին զինելը կարող է կործանարար լինել իրենց համար, քանզի ունեին մտավախություն, թե ռամիկն այդ զենքն ի վերջո իրենց դեմ է ուղղելու։ Արդյունքում Հովնանին ձերբակալում են կաթողիկոսարանի բանտում։ Նա ազատվում է Աշոտ իշխանի հովանավորությամբ՝ խոստանալով թաքուն գործել։ Հովնանի գլխավորությամբ սասունցիները շուտով հաջողություններ են ունենում արաբների նկատմամբ, իսկ արաբների առաջնորդ Բուղան ստիպված պատգամախոս է ուղարկում նրանց մոտ՝ համաձայնության գալու։ Սասունցիների պատասխանը հստակ էր․
«Մենք այն ատեն միայն զենքերը կը թողունք, երբ տեսնենք մեր երկիրն ազատ ձեր սիրելի ներկայությունեն, իսկ ձեր խոստումները Կաշմերու, Աբդլաներու խոստմուն են, որոնց չենք կրնար հավատ ընծայել»։
Չի ուշանում նաև Բուղայի արձագանքը․ նա հրամայում է կոտորել իր իշխանության տակ եղած խեղճ ու անզեն բնակչությանը: Դա մեծ ցավ է պատճառում Հովնանին: Հովնանը սպասում էր Սմբատ ստարապետի օգնությանը, որի ուղղությունը, սակայն, այլ էր։
«Սմբատ սպարապետ Հայոց, ո՞ւր այսպես կերթաս, սխալ է այդ քու ճամփան, թշնամյաց գիրկը զքեզ կը տանի, ինչպես տարավ Բագարատ քու եղբայրդ: Ո՜վ նախարարք, ո՜վ ազատագունդք հայոց, մինչև ե՞րբ այսպես միամտության և վատության ձեր անձը, ձեր ազգը, ձեր երկիրը, ձեր հավատը պիտի զոհեք, մինչև ե՞րբ այդ իմաստություն կարծված հիմարության պիտի հետևիք: Ափսո՜ս, հազար ափսոս, դուք անձամբ կերթաք զձեզ մատնելու անօրինաց ձեռքը. եթե միայն զձեզ մատնեի՜ք, գիտե՞ք ուր կը տանի զձեզ ձեր անձանց մատնությունը՝ կը տանի մինչև դավաճանության ձեր ազգին, կընե զձեզ անարգ ստրուկ և գործակից Բուղայի, և ձեզի վարք փոխարեն վաստակոց շղթաներ կսպասեն և բանտ»,- այսպես է կանչում Հովնանը մթության մեջ:
Առավոտյան երկու խմբերը երկու ուղղության են բաժանվում. Սմբատ սպարարապետը գնում է Խլաթ՝ Բուղային երկրպագելու, Հովնանը՝ Ռշտունյաց Ոստան՝ թշնամի փնտրելու:
Ռշտունյաց Ոստանում սասունցիներն ամեն ինչ կործանված են տեսնում: Մի խումբ հայեր հուսահատ պայքարում են արաբների դեմ, սակայն էական արդյունք չեն ունենում: Շուտով Հովնանը լուր է ստանում, որ Աշոտի եղբայր Գուրգեն Արծրունին Որսերանք գավառում հաղթել է Բուղային՝ ջարդելով հազար ու հարյուր հոգու, բայց խաբվելով թշնամուց և հավատալով նրա երդմանը՝ հիմարաբար անձնատուր է եղել՝ հուսալով, որ եղբոր փոխարեն ինքը կլինի Վասպուրականի տերը:
Գագաթնակետ: Երբ Հովնանն իմանում է, որ Բուղան իր բանակով Խլաթից գնացել է Դվին՝ ձմեռելու, ինքն էլ է գնում Խլաթ։ Հեղինակը ցավով նշում է, որ տեղի ժողովուրդը Բուղայի հեռանալուց այնքան էլ չեն ուրախացել. նախ նրանցից այլևս առևտուր անող չէր լինի, հետո էլ՝ Բուղայից հետո պետք է հանդես գային մանր բռնավորներ, որոնց ճնշումը նրանց համար ավելի ծանր էր: Բուղայի մեկնելուց հետո նրան էր պատրաստվում հետևել նաև նրա դիվանապետը՝ Միզա Հասանը, որը ճանապարհային նախապատրաստությունների մեջ էր, երբ Հովնանը նրա մոտից գողանում է դավաճան հայ իշխանների նամակը, որ գրել էին Բուղային, երբ Աշոտ Արծրունին Նկանի բերդում պաշարված էր։ Նամակն անառարկելի ապացուց էր դավաճանների հետ հաշվեհարդար տեսնելու համար, որը չի ուշանում։
Հուզիչ է Վասկանուշի և Հովնանի հանդիպումը քսանյոթ տարի անց: Այդ ժայռի պես մարդը անճանաչելիորեն փոխվում է Վասկանուշի ներկայությունից. պատերազմ, արյուն ու մահ տեսած մարդը ծնկի է գալիս սիրելի կնոջ առաջ, դառնում է հնազանդ և հեգ: Վասկանուշը ևս չի կարողանում տիրապետել իրեն. նա ուշաթափ է լինում:
Անցյալ-ներկա-ապագա ժամանակային հաջորդականությունները վեպում կայուն տեղ ունեն։ Ներկայում պայքարող հերոսների համար անցյալի դասերն առաջնորդող են և ուղենշային, իսկ ապագան, որի համար մղվում է պայքարը, առանձնապես խոստումնալից չէ։ «Մոգական հայելի» հատվածում Հովնանը եկեղեցական պատարագի ժամանակ տեսիլքներ է ունենում. նրան մի ալեհեր ծերունի առաջնորդում է ապագա: Հետևելով ծերունուն՝ հայտնվում է հեթանոսական տաճարում, որտեղ առկա էին նախնիների հետքերը: Նա չէր կողմնորոշվում, թե որտեղ է գտնվում՝ Կոստանդնապոլսում, թե՝ Բաղդադում: Վահագնի, Աստղիկի, Անահիտի պատվանդաններից դուրս էին գալիս քրմեր ու քրմուհիներ, որոնցից մեկը հայ ժողովրդին շատ ծանր ապագա է գուշակում. «Երբ արևելք երեսդ դարձնես, թշնամի պիտի գտնես, երբ արևմուտք դառնաս, թշնամի պիտի տեսնես. օգնություն պիտի խնդրես, նախատինք, արհամարհանք պիտի գտնես, երկինք աչքերդ պիտի դարձնես, նա կայծակ և կարկուտ քեզի պիտի տեղա, քու զավկներդ, նաև շատ անգամ եղբայրասպան, իրենց մոր սիրտը պիտի վիրավորեն»:
Տպավորիչ է Սմբատ սպարապետի և Հովնանի հանդիպումն այն բանից հետո, երբ Սմբատը ներկայանում է Բեշիրին և հայտնում իր հնազանդությունը: Հովնանը վստահությամբ է վերաբերվում Սմբատին, մինչդեռ վերջինիս տանջում էր խղճի խայթը: Հովնանը նրանից զորք է խնդրում, խոստանում, որ ամեն ինչ կանի ժողովրդին համախմբելու համար, մանավանդ, որ մեռած կաթողիկոսին փոխարինած նոր կաթողիկոսը՝ Զաքարիան ևս անձնուրաց մարդ էր: Հովնանը վճռական էր. նա խնդրում էր Սմբատին ազգի համար երկրորդ Վարդան լինել: Բայց պատասխանը հստակ էր. «Անցյալ տարի պետք է քու խորհրդոցդ հետևիլ, այս տարի շատ ուշ է»: Երբ Հովնանը պատրաստվում էր հեռանալ, լսեց ձիու ոտքերի դոփյուն. հասկանում է, որ մատնված է. արաբներն էին եկել իր հետևից: Նա տանիքով փախչում է՝ Սմբատ սպարապետին թողնելով ծանր հիասթափության մեջ։ Սմբատը հասկանում է, որ խաղալիք էր դարձել արյունարբու թշնամու ձեռքին, երբ տեսնում է, որ մի խումբ արաբներ զինաթափ տանում են Հովնանին:
Ազդեցիկ է Հովնանի բարձր ու վեհ կեցվածքը թշնամու առաջնորդի առաջ, որը թշնամու մոտ հարգանք է առաջ բերում։ Երկու օր շարունակ Հովնանին համոզում են ուրանալ քրիստոնեությունը և ընդունել մահմեդականություն, երրորդ օրը մահապատժի են ենթարկում (գլխատում են): Մարմինը հանձնում են Սմբատ սպարապետին: Հաջորդ օրը սպարապետի երկրորդ որդու՝ Մուշեղի գլխավորությամբ մահվան թափորը Դվինից շարժվում է Արտանուշի գավառ: Հովնանին ամփոփում են Արտանուշի վանքում, մի քանի տարի անց նրա կողքին ամփոփում են նաև Վասկանուշին:
Լուծում: Հովնանի գործը շարունակում է Գուրգեն Արծրունին։ Նա քառասուն քաջերով կռվում է հույների հազարանոց զինյալների հետ և հաղթում նրանց: Հեղինակն ասելիքը կառուցում է նաև հակադրությունների միջոցով, որոնցից մեկն էլ հայ և արաբ կանանց հակադրության ներկայացումն է։ Արաբ կինը կոպիտ է, դաժան, անխիղճ, սիրում է իշխել նույնիսկ իր սիրելի տղամարդու վրա, անվերապահ ենթարկվում է իր կրոնի օրենքներին. չի իջեցնում դեմքի քողը Գուրգեն իշխանի մոտ: Նրա պահվածքը իշխանի մոտ միայն նողկանք է առաջ բերում: Նա ծիծաղում է նրա հիվանդագին վարքի և կրոնական մոլեռանդության վրա:
Երկարատև ու համառ պայքարի արդյունքում ի վերջո Գուրգենն ու Հեղինեն ամուսնանում են։ Սև օրերին հաջորդում են պայծառ, արևոտ օրերը, դարձյալ փառավորվում է Քրիստոսի անունը, վերականգնվում են եկեղեցիների լքված և կործանված գմբեթները, շենանում են գյուղերը:
Վեպում առանձնահատուկ դեր է հատկացված հայ կնոջ կերպարին՝ ի դեմս Վասկանուշի և Հեղինեի: Երկուսն էլ վեհ ու մեծ են յուրովի, հավատարիմ են և՛ հայրենիքին, և՛ սիրելիներին: Երբ Հեղինեն դեռ ամուսին ուներ, նա Գուրգենին հորդորում է նվիրվել ազգին, իսկ երբ ամուսինը մահանում է, նա չի վարանում և Գուրգենին իր մոտ է կանչում: Վասկանուշը գերադասում է ապրել կուսանոցում և բարեգործություն անել, քան ամուսնանալ չսիրած մարդու հետ:
Վեպի «Գյուղացին» հատվածում ներկայացված է հայ շինականի կերպարը՝ ի դեմս Կարապետի, որն ատում է հույն, պարսիկ և արաբ բռնակալներին, սակայն դժգոհ է նաև իշխող վերնախավից:
Պատմավեպն ավարտվում է ազգային երկունքով: Հայրենասեր և ազգանվեր հերոսների օրինակով Ծերենցը, տուրք տալով իր որդեգրած ռոմանտիզմի գաղափարախոսությանը, ներկայացնում է պայքարով գոյատևելու ազգային ճանապարհը՝ պայմանավորված ժամանակի թելադրանքով։