Մարինա Գևորգյան«Քո լինելու մասին»

***

Իմ որդին առաջին դասարանցի է,
ամեն առավոտ նրան ուղեկցում եմ դպրոց՝
ուսման, հեքիաթի, հույսերի ճանապարհով․․․
Այդպես ինձ հետ քայլել է հայրս,
այդպես ինձ քայլել է սովորեցրել մայրս՝
հավատի, սիրո, նոր օրվա ճանապարհով․․․
Օրը չլուսացած՝ էլի պատերազմ է,
առավոտյան որդուս ուղեկցում էի դպրոց,
նա ինչ-որ բաներ էր պատմում 
արդար բժշկի, խեղճ կենդանիների ու 
բարության մասին,
այդպես ինձ էր տանում մայրս՝ 1993-ին,
այդպես լսում էր ինձ հայրս՝ լուռ, միշտ լուռ, միշտ․․․
Ամեն օր ապրում եմ բոլոր չասվածները,
բոլոր լռությունները նրանց հայացքի․․․
Երանի, իմ տղա, դու չհիշես լռության այս առավոտը,
երբ որդուդ ուղեկցելու լինես առաջին դասարան․․․

***

Ձյունեց, եւ
առավոտը զգաց հրճվանքը մանուկների,
գետերը  երազներ տեսան 
վարարելու մասին։
Ձյունեց դանդաղ, գիշերն ի լույս,
շերտ- շերտ դարսվեց հին ու նոր 
ցավերի վրա,
հողը մխիթարվեց.
ձնծաղիկները չեն ուշանա։
Երկինքը թեթեւացրեց սիրտը,
եւ ակամա, 
անշտապ ու պարտադիր
մի հույսի ամպ կախվեց մեր
գոյության վրա՝
որպես միակ սփոփանք.
այն, որ արեւ ունի, կանա՜չ-կանա՜չ, 
ծաղկա՜ծ,
երանի
Ապրելու սիրտ տա…
Ձյունեց…

***

փնտրում եմ , 
փնտրում եմ
անցած օրերի մեջ ,
եղել է, չի եղել ,
էլ չգիտեմ…
բայց երբ աչքերս փակ 
քայլում եմ
հայրենի ձմռան
թանձր մշուշի միջով,
տաք հացի գոլորշին 
ճեղքում է ցուրտը, 
ինչ- որ տեղ՝ օրերի մեջ
գտնում եմ 
ուսերս ծածկող
իմ սիրուն գլխաշորը…
մետաքսե մոխրագույն
կտորը՝ ձմռան ամպերի պես 
թեթեւ ու ձյունոտ,
տեղ-տեղ դեղձան զոլեր՝
արեւի ու մութի
կռիվներում 
շողերի հաղթանակի պես
վառ ու տաք,
տաք ու սպասված,
մեջտեղում ՝ 
հեքիաթի
սիրամարգ թռչունը…
եւ հատվող ու զուգահեռ ճամփաներ
դեպի …
թե գտնեք 
ինչ- որ օր
իմ սիրուն գլխաշորը, 
չփնտրեք թռչունին.
նա դեռ թեւում է վեր,
յոթ երկինք վեր՝
էս երկրի վրա
խաղաղության փետուրներ շաղ տալու,
որ հավատանք էլի
պոչը բացելու հետ երազանք պահելու 
առասպելին…

***

Առավոտ է, ու 
բանաստեղծորեն
պիտի գրվի սիրուն,
աշխարհն ինչպես միշտ չի հասկանա,
որ այս գարնան բացվող օրերը
զարթոնքի սիրտ չունեն․
վկա են անձրեւներն ու ցուրտը,
վկա են կարկտի թուխպերը,
կոտրված ցանքսերը Արցախում,
վերքերը՝ ծառերին…
համոզեք, թե կյանքը…
ի՞նչ է՝ այսպե՞ս է շարունակվում…
լուսացավ մի օր էլ՝
ականջը Մհերի դռան աղմուկին,
փակ ճամփի ու գերված կամրջի երկնքով
կանցնեն միայն կռունկները…
իսկ մեր աչքերին, մեր լցված բաժակին 
մի խիտ մառախուղ կփչեն,
որ չտեսնենք օձեր ու կարիճ,
ու սեղմված օղակը սահմանին։
Կյանքն ամաչում է շարունակվելուց…
Վեհամոր ավետարանն առել,
խարխափելով ելնում եմ Սարը,
Երկնքին մոտենամ՝ ինձ լսի,
թեկուզ թող նախատի ու գոռա.
-էլի ի՞նչ ես ուզում ինձանից, հայ աղջիկ…
Ես ուրիշ ասելիք չունեմ էլ,
Թե կա, թող խոստանա մի հստակ պատասխան,
որ կանցնի այս ցավը, Հայրենիք․․․

***
Քեզ մի հեքիաթ ասե՞մ՝  քնես,
զորավորս,
քնես ելնես՝ ցավը անցնի, ինչպես մայրս կասեր,
երբ ծունկս քերծում  էր հող ու քարդ,
կար, եղել է, լինում է , կա երկիր,
ասին՝ ով է բռնել, գնա ճամփադ,
գնաց- գնաց- գնաց փշերի կարմիր գորգն ի վեր․․․
անցավ յոթ սար, ծովից ծովեր,
քառսուն գազ խոր հորում չկարողացան փակ դնել
նրա արդար կամքին,
նրա բազկի խաչին կապանք դնել չեղավ․․․
հիմա էլ չի լինի, ոչ էլ հետո․․․
աչքդ փակիր,  քեզ օրորեմ՝  քնես,
իմ հոգնաբեկ ճամփորդ , ազնիվ պայքարողս,
նոր օր բացվի,
քեզ կանաչ- կարմիր նարոտով ճամփա դնենք,
էլի գնաս դարերն ի վեր բարով․․․
ինչպես մայրս կասեր՝ այս գիշերն էլ կանցնի,  քնիր,
զորավորս,
քեզ քո մասին հեքիաթ ասեմ՝  ուրի՜շ –ուրի՜շ,
էլի բարին դու ես,
ու երեք խնձորը երկնքից չէ՝
հողիդ  ծառերից է․
որդիներս կծեն-  ապրեն
այսօր, վաղը և միշտ
Քո լինելու մասին․․․

Please follow and like us: