Երկրորդ համաշխարհայինից փառքով դուրս պրծած տաբատի գոտուց զատ՝ Պապս ինձ ու Տիկո ախպորս ժառանգել էր մի հին կարմիր ավտոմեքենա։ Երբ Պապին հարցնում էինք՝ Որտեղի՞ց էդ «ժիգուլին», Պապը սկսում էր ինչ-որ գունեղ բաներ պատմել հեռո՜ւ-հեռուներից, հեքիաթային լեգենդները պատկերավոր նկարագրում էր ու փափուկ գորգի նման փռում դիմացներս։ Ես ու Տիկո ախպերս լսում էինք, որոշ կրկնությունների վրա թաքուն ժպտում ու վերջում անպայման հարցնում էինք Պապին՝ Բա կարմիր մեքենան ի՞նչ կապ ունի էս ամենի հետ։ Պապս ասում էր՝ Էէէ՜, էլի ոչ մի բան չհասկացաք, ու սկսում էր հորինել մի ուրիշ առասպելական պատում։ Անցնում էր դարերի մեջով, ձորեր էր կտրում, ինչ-որ պատերազմներ հաղթում, հերոսներ հորինում, որոնք թուրք ու վիշապ սպանելով՝ որերորդ անգամ փրկում էին արիական ցեղն ու սերունդներին քարքարոտ անկայունություն ժառանգում։ Այդպես էլ ես ու Տիկո ախպերս չիմացանք՝ այդ հին մեքենան Պապը որտեղի՞ց էր պեղել, ումի՞ց էր շահել, դրա սկիզբն ու ծնունդը այդպես էլ գաղտնիք մնաց ապագա սերունդների համար։ Գաղտնիք մնաց, որովհետև ութսունականների վերջում` մի գարնանային օր Պապը միջօրեի իր քնից հետո որոշեց այլևս և վերջնականորեն աչքերը չբացել, խաղաղվեց տիեզերքի լռության մեջ ու լքեց այս մեղավոր մոլորակը։ «Քունը» խաղաղ էր, քանի որ մեռավ իր սիրած ու երբեք չդավաճանած աշխարհի մեջ՝ Սովետում․ ոչ երկրաշարժ տեսավ, ոչ «պուտչի» կրակոցների մասին իմացավ, ոչ էլ Օպերայի բակում շեփորը լսեց։
Ես իսկական լաց չեղա, երբ Վլադ պապան Պապու սենյակից շատ երկար դուրս չեկավ, իսկ հետո երբ դուրս եկավ՝ զանգեց Էդիկ հեբիին ու Վերժին հորքուրին, ասաց՝ Պապան «խոր քուն ա մտել», ես կուչ եկա բազկաթոռի մեջ, աչքերս փակեցի ափերով ու սկսեցի ինձ ստիպել, որ կոպերիցս գոնե մի կաթիլ արցունք հոսի։ Ուղիղ տասնհինգ րոպե «լացում էի» (ամեն րոպեն ձևականության մեջ այնպես երկա՜ր ու ծանր էր անցնում), Վլադ պապան հերթով այստեղ-այնտեղ էր զանգում, գույժը հայտնում հարազատներին, իսկ ես արցունք էի մուրում ինքս ինձանից։ Ցերեկով Պապը ինձ ու Տիկո ախպորս նստեցրել էր կարմիր «ժիգուլին» ու գազանանոց տարել։ Ես նստել էի հետևում, իսկ Տիկո ախպորս Պապը նստեցրել էր դիմացը՝ իր կողքին։ Ճանապարհին Պապն իր չափից ավելի լայն աջ ձեռնափով մի քանի անգամ Տիկո ախպորս ներքև էր կքել, որ ոստիկանները չնկատեն ավտոմեքենայի դիմաց նստած երեխային, իսկ ես էլի թաքուն երազանքերի մեջ էի ինձ գցել, որ շուտ մեծանամ ու ինձ էլ վերջապես կարմիր մեքենայի դիմացը նստելու բախտ վիճակվի։ Գազանանոցում նույն կենդանիներին որերորդ անգամ նայելուց հետո Պապի հետ լավ ման եկանք, բոլոր կարուսելները հերթով նստեցինք ու վերդարձանք տուն։ Եկանք թե չէ, Պապն ասաց՝ Էրեխե՛ք, գնամ քունս առնեմ, դուք ձեր դասերն արեք, մինչև տնեցիք գան։ Գնաց սենյակ ու այդպես էլ երկա՜ր քնած մնաց․․․
Հետո թաղի տղերքի մոտ հպարտորեն գլուխ գովեցի, որ ուղիղ տասնհինգ րոպե լաց եմ եղել։ Տղերքը մի պահ իրար նայեցին, քթների տակ խնդմնդացին ու սկսեցին իրենց սուտ պատմությունները պատմել․ մեկը մի շաբաթ տնից դուրս չէր եկել, մյուսը երկար ժամանակ հաց չէր կերել, իսկ մեկ ուրիշն էլ քառասուն օր մի հատիկ բառ չէր ասել․․․ Մի խոսքով՝ ես ամոթով մնացի ու սսկվեցի տեղումս։ Այդ ժամանակ թացը չորից չէի տարբերում, շատ չէի իմանում անձայն մղկտոցի ու անզորության դողից եղունգ կրծելու մասին, ուրախություն ու վիշտ մեկտեղված աշխարհ դեռ չունեի, ունեցածս փոքրիկ, բայց մի անհաղթ ամրոց էր, որտեղ Վլադ պապա ու Տիկո ախպեր էին ապրում, որտեղ Պապուց ժառանգած մի կարմիր ավտոմեքենա կար։ Իսկ Վլադ պապան մեքենա չէր սիրում, երբեք նրան ղեկին չէինք տեսել, ամբողջ օրն իր գրքերի հետ էր․ մեկ կարդում էր, մեկ էլ գրադարակների գրքերը հերթով հանում ու, դասավորությունները փոխելով, կրկին շարում էր գրադարակներում։
Մութ ու ցուրտ տարիներին կարմիր մեքենան աչք էր ծակում, հարևանները Վլադ պապային անընդհատ փորձում էին համոզել, որ մի 100-150 դոլարով վաճառի այն՝ Ափսոս ա, Վլա՛դ ջան, առանց քշել կփչանա, համ էլ էրեխեքին ուտելու բան կլինի։ Բայց դե դա անհնար բան էր, Պապի ժառանգությունը չէր կարող վաճառվել ու Վլադ պապան ստիպված էր այդ վատ ու կարիքավոր տարիներին վառելիք գտնել, մեքենան մեկումեջ վարել, որ ոչ փչանար, ոչ էլ ինչ-որ մեկի մտքի ծայրով անցներ, որ կարմիր «ժիգուլին» կարող է վաճառվել։ Իսկ երբ արցախյան հաղթանակը վերջ դրեց մութ ու մտահոգ ժամանակներին, Վլադ պապան որոշեց մեքենայի գույնը թարմացնել։ Տղե՛րք, մի արևոտ առավոտ ինձ ու Տիկո ախպորս ասաց, որոշել եմ Պապի «ժիգուլին» ներկել, թարմացնել, բայց ոչ թե կարմիր գույնով (ախր շաաա՜տ զըռ գույն ա, համ էլ էդքան արյուն տեսանք վերջին տարիներին), այլ տանեմ խադավիկ Մռդոյի մոտ, հենց վրից էլ կապույտ ներկել տամ։ Տիկո ախպորս աչքերը պսպղացին, որովհետև այդ տարի Վլադ պապան իրեն խոստացել էր մեքենա վարել սովորեցնել, իսկ ամռան սկիզբ՝ դպրոցի ավարտական քննություններից հետո թողնելու էր, որ Տիկո ախպերս մեքենայով գնա իրենց «վիպուսկնոյի քեֆին»։ Եվ այդ պահին նա արդեն մտովի տեղափոխվել էր մի քանի ամիս առաջ, որտեղ իր լաքապատ սև կոշիկների հետ հագնելու էր Հրազդան տոնավաճառից նոր-նոր գնած «կասծյումը», հետ էր սանրելու ժելեապատ մազերը, իրենց դասարանի Իրինկային նստեցնելու էր կողքին ու կապույտ «ժիգուլիով» սլանալու էր Սևանի մայրուղով դեպի Գուգոյենց ամառանոց, որտեղ պիտի անցկացվեր 10-ի «Բ» դասարանի «վիպուսկնոյի քեֆը»։
Տիկո ախպերս հեշտ լեզու գտավ մեքենայի հետ, ղեկին նստելու հենց առաջին օրից փորձառու ձիավարի պես սանձեց իր կապույտ «նժույգն» ու ամբողջ քաղաքով մեկ պտտեց նրան։ Վլադ պապաս, տեսնելով, որ Պապի ժառանգությունը բարեհաջող փոխանցել է ապագա սերնդին, խոր շունչ քաշեց և իր միջնորդական առաքելությունը հաջողված համարելով՝ ասաց՝ Ձերն ա, տղե՛րք, լավ նայեք ու լավ պահեք, Պապի ժառանգությունն ա, ամոթով չթողնեք։ Ես ու Տիկո ախպերս սկսեցինք թարմացնել, նորացնել մեքենան, անընդհատ մեր ուշադրության կենտրոնում էր, դարձել էր մեր պատնեկության ամենասիրելի «խաղալիքը»։ Ամիսը մեկ մի բան ավելացնում էինք, մի բան փոխում էինք, գեղեցկացնում մեքենան և Պապից ժառանգություն անցած կարմիր «ժիգուլին» իմ ու Տիկո ախպորս ձեռքերում վերածվեց կապույտ «մերսեդեսի» (Մերսեդեսի նշանը կողքի թաղի Ջուլոյի մեքենայից պոկել էինք ու հարմարեցրել մերինին)։ Ճիշտ է՝ ամենակարևոր բաները՝ շարժիչն ու «խադավոն» մնացել էին սովետական, բայց մնացած ամեն ինչը լրիվ «մերսեդես» էր։
Տարիների ընթացքում ես մեքենայի հետևի նստատեղից տեղափոխվեցի առջևի նստատեղ՝ վարորդի կողքը, իսկ հետո, երբ իմ «վիպուսկնոյի քեֆի» ժամանակը եկավ, Տիկո ախպերս արդեն ինձ մեքենա վարել սովորեցրեց։ Այդ էր ու այդ, հենց վարել սովորեցի՝ ես ու Տիկո ախպերս սկսեցինք Պապի ժառանգությունն իրար ձեռքից խլել․ ով շուտ զարթնում էր՝ նա էլ կապույտ «մերսեդեսի» այդ օրվա տերն էր դառնում։ Մենք մեծանում էինք, մեքենան՝ նույնպես․ մեծանալով մենք փոխվում էինք, մեքենան՝ նույնպես, ամեն ինչն էր փոխվում մեր շուրջը, բացի մեր հաստատակամ ըմբոստությունից։ Սկզբի համար մենք չնկատելու էինք տալիս արդեն գլուխ բարձրացնող և հեղափոխություն խոստացող փոփոխությունները․ չէինք ուզում տեսնել կապույտի խամրումը, մետաղի ժանգը, շարժիչի խռպոտ ձայնը, մարդկանց քմծիծաղը, հեգնական արտահայտությունները, մայրաքաղաքում սնկի պես աճող նոր և ավելի ժամանակակից ավտոմեքենաների քանակը։ Բայց հետո հասկանալով, որ մեր ինքնախաբեությունն արդեն վերածվում է զավեշտի՝ ամեն մեկս իր մեջ ընդունեց ժամանակի պարտությունն ու անզոր թախիծն աստիճանաբար դարձավ իմ ու Տիկո ախպորս մտահոգիչ ուղեկիցը։
Մի արևոտ օր, երբ Վլադ պապաս իր ճոճաթոռին նստած «Կարամազովի» երկրորդ հատորն էր կիսաձայն կարդում, իսկ ես նոր գնած բջջայինիս մեջ շուկայում վխտացող արտասահմանյան մեքենաների գներն էի նայում, Տիկո ախպերս խելակորույս տուն մտավ ու ոչ աջ, ոչ ձախ՝ վրդովված ասաց՝ Մեքենան կանգնել ա, առաջ չի գնում․ արդեն մոտենում էի խաչմերուկին՝ շարժիչը փրթփրթաց ու մեքենան անշարժացավ։ Ես բջջայինը մի կողմ դրեցի, արագորեն հագա սպորտային կոշիկներս ու պատրաստվեցի Տիկո ախպորս հետ դուրս գալ։ Ի՞նչ խաչմերուկ ա՝ հարցրեց Վլադ պապան։ Գրողի տարած մի խաչմերուկ, ոչ ցուցանակ կար, ոչ բան, անասունները ինչ-որ մի նոր խաչմերուկ են հորինել՝ պատասխանեց Տիկո ախպերս։ Գա՞մ ՝ գիրքն արդեն մի կողմ էր դրել Վլադ պապաս։ Չէ՝ միաբերան գոռացինք եղբայրներով ու շտապեցինք «գրողի տարած» խաչմերուկ։ Հեռվից տեսա մարդկանց մի խումբ, որը հավաքվել էր կապույտ «մերսեդեսի» շուրջ։ Հետաքրքիր էր ու տարօրինակ, որ ես առաջին անգամ նկատեցի՝ մեքենայի կապույտ գույնն այնքան էր խամրել, որ խառնվելով տակի հնացած կարմիրի հետ՝ կիսադեղին գույն էր ստացել։ Որքան մոտենում էինք մեքենային, այնքան այդ կիսադեղինն ավելի ցայտուն էր դառնում, իսկ վերջում վերածվելով կեղտոտ դեղինի՝ ես ու Տիկո ախպերս մեր դիմաց կապույտ «մերսեդեսի» փոխարեն տեսանք մի ծիրանագույն «զապ»։
Էս ձե՞րն ա՝ բոլոր կողմերից սկսեցին հարցնել մարդիկ։ Տիկո ախպերս սկսեց բոլորին պատմել եղելությունն, ու որտեղից որտեղ հայտնվեցին ինչ-որ արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկները՝ մեկը անգլերենով, մեկը ֆրասերենով, մյուսները պարսկերենով, հնդկերենով, նույնիսկ թուրքերենով սկսեցին ինչ-որ տարօրինակ բաներ խոսել, իսկ հետո բոլորով միասին մոտեցան ծիրանագույն «ժիգուլուն» և փորձեցին այն հրել դեպի խաչմերուկ։ Ես ու Տիկո ախպերս միացանք զբոսաշրջիկներին, որոնք արհեստական ժպիտներով ընդունեցին մեր «խիզախ» նախաձեռնությունը, և էլ ավելի հեշտությամբ մեքենան շարժվեց դեպի նորաստեղծ խաչմերուկ։ Եղբայրներով ջանք չէինք խնայում, կարծես մեր ամեն մի ճիգից կախված էր Պապից ժառանգություն մնացած ավտոմեքենայի հետագա ճակատագիրը։ Մտնելով խաչմերուկ՝ մենք է՛լ ավելի լարեցինք մեր ուժերը, և խաչմերուկում խելակորույս սլացող մյուս՝ ավելի նոր ու ժամանակակից ավտոմեքենաների կատաղած ազդանշանների ներքո ծիրանագույն «զապը» հասցրինք խաչմերուկի հենց կենտրոն։ Մի պահ մեքենան հրելը դժվարացավ, այնուհետև գործընթացը կտրուկ կանգնեց, և Տիկո ախպերս ու ես որքան էլ փորձում էինք հրել մեքենան՝ այն դադարեց շարժվել․ «զապը» կանգնել էր խաչմերուկի հենց կենտրոնում և ծանրացել իր տեղում։ Մենք նայեցինք կողքերս և տեսանք, որ բոլոր օտարազգի զբոսաշրջիկներն անհետացել էին։ Խաչմերուկի մեջտեղում ես ու Տիկո ախպերս կիպ կպել էինք ծիրանագույն «զապին» և շվարած նայում էինք անտարբերորեն սլացող ավտոմեքենաներին, որոնցից ոչ մեկը չէր էլ փորձում ուշադրությունը մեր կողմ ուղղել։
Ամբողջ օրը ես ու Տիկո ախպերս գոռում էինք խաչմերուկի կենտրոնում, ուզում էինք գեթ մեկ մեքենա կանգնի և օգնի մեզ դուրս գալ սարսափելի խաչմերուկից։ Բայց մեր բոլոր ջանքերը զուր անցան և գիշերը, երբ եղանակը բավական ցրտեց, եղբայրներով մտանք Պապից ժառանգություն անցած ավտոմեքենայի մեջ և քնեցինք։ Օրերը փոխարինում էին միմյանց, և մենք է՛լ ավելի անտեսանելի էինք դառնում բոլորի համար։ Եթե առաջին օրերին փորձում էինք գոռգոռալ, ուշադրություն գրավել, ապա մի քանի օր հետո մենք դադարեցինք սիզիփոսյան նկրտումները, ու անելանելի անտարբերությունը դարձավ մեր անգործ գոյության մշտական ուղեկիցը։ Իսկ խաչմերուկում սլացող մեքենաներն արդեն ոչ միայն անտեսում էին խաչմերուկի հենց կենտրոնում ծանրացած ծիրանագույն «զապը», այլ նաև սկսել էին վնասել անսարք մեքենան՝ ամեն անգամ հարվածելով նրան տարբեր կողմերից։ Ես ու Տիկո ախպերս մտնում էինք մեքենայի մեջ ու չէինք էլ պատրաստվում լքել խաչմերուկը։ Գիշերները փողոցային շներն ու կատուները հավաքվում էին մեքենայի շուրջ, և եթե առաջին օրերին իրենց կարիքները հոգում էին ծիրանագույնի կողքերը, վրան, ապա հիմա արդեն սողոսկում էին մեքենայի մեջ։ Ես ու Տիկո ախպերս որքան էլ փորձում էինք փողոցային քոչվորներին թույլ չտալ մտնել մեքենա և ստիպել նրանց՝ իրենց կարիքները հոգալ ավտոմեքենայի սահմաններից դուրս, միևնույն է՝ գտնվում էին ճարպիկները, որոնց անհնար էր ինչ-որ կերպ կասեցնել։ Հուսահատությունն ամբողջությամբ պատել էր մեր հոգիները, որքան էլ ես ու Տիկո ախպերս հավատարմորեն կամ հիմարորեն շարունակում էինք չլքել Պապից ժառանգած ծիրանագույն «զապը», որի վրա գրեթե ոչ մի սարքին մաս չէր մնացել, լքված ու անզոր իրավիճակը մեզ մեկուսացրել էր ամբողջ աշխարհից, և ստիպված էինք ենթարկվել դավադիր խաչմերուկի դաժան կանոններին։
Մենք արդեն մտերմացել ենք փողոցային շների և կատուների հետ, իրենց հետ միասին, համատեղ ապրում ու ազատորեն կեղտոտում ենք «զապի» մեջ և չենք էլ նկատում, որ մեր ժամանակն ուղղակի կանգնել է խելակորույս պտտվող այս մոլորակում։ Բալորն ինչ-որ շարժման մեջ են, որոշներն առաջ են սլանում, որոշները վերադառնում անցյալ՝ ապագան ավելի խոհեմ դարձնելու համար, և միայն մենք ենք, որ Պապից ժառանգած ավտոմեքենան օտար յուրայինների օգնությամբ բերել և տնկել ենք անհասկանալի խաչմերուկի մեջտեղում և օր օրի վերածվելով հլու-հնազանդ խամաճիկների՝ լուռ սպասում ենք ինչ-որ կախարդական քարշակի․․․