Ես ուզում եմ պատմել նկարիչ Ավետիք Ալավերդյանի մասին՝ իմ ընկերոջ։ Կարելի էր, իհարկե, դա անել՝ առանց նշելու ընկերության հանգամանքը, բայց չեմ ուզում խաբած լինել ընթերցողին. հնարավոր չէ ընկերոջ մասին գրել՝ ինչպես շարքային ծանոթի մասին։ Առհասարակ, շատ դժվար է ընկերոջ մասին գրելը։
Վաղուց եմ ուզում գրել Ավոյի մասին։ Քանի դեռ միայն գրող էի, ուզում էի պատմվածք գրել, ու ոչ մի կերպ չէր ստացվում։ Հիմա, երբ փորձում եմ նաեւ լրագրող դառնալ, որոշեցի, որ կարող եմ ակնարկ գրել։ Ճիշտ է, ակնարկը չի հավակնում անմահության եւ չի կարող իմ ընկերոջ պատկերը հասցնել ապագայի մարդկանց, որովհետեւ թերթում տպագրվածը թիթեռի պես մեկ օր է ապրում, բայց այդ մեկ օրը՝ այս օրը, ամենակարեւորն է՝ եւ ոչ միայն այն պատճառով, որ այսօր գրող մարդը պիտի գրի այսօր ապրող մարդկանց մասին ու համար, այլ նաեւ այն պատճաով, որ այսօր իմ ընկերոջ ծննդյան օրն է։
Ինքնադիմանկար, 2005
ՊԻՈՆԵՐԻ ՄԱՐՄՆՈՎ ԵՎ ԾԵՐՈՒՆՈՒ ԳԼԽՈՎ
Ավոն հիսունն անց է, բայց թե կոնկրետ քանի տարեկան է դառնում այսօր՝ չգիտեմ։ Չգիտեմ նաեւ՝ երբեւէ ինձ ասել է իր տարիքը, ու մոռացե՞լ եմ, թե՞ միշտ խճճել է այդ թեմայով խոսակցությունները։ Սխալ կլինի ասել, թե Ավոն ձգտում է իր տարիքից երիտասարդ երեւալ, չնայած կարող է եւ նման տպավորություն թողնել։ Ամեն առավոտ, անկախ նրանից՝ հիվանդ կլինի, թե առողջ, Ավոն մարմնամարզություն է անում ու սառը ջրով ցայվում, բայց եթե իր նպատակը առողջությունն ու առույգությունը պահպանելը չլիներ, այլ երիտասարդացումը, երիտասարդացնող միջոցառումներ կկազմակերպեր նաեւ դեմքի ու գլխի նկատմամբ։ Ավոյի մարմինն իր պաշտոնական (թեպետեւ մոտավոր) տարիքից ավելի երիտասարդ է թվում, իսկ գլխի մասը՝ ավելի տարեց։ Մեր ընկերներից մեկը նրա մասին խոսելիս ասում է՝ պիոների մարմնով ու ծերունու գլխով այդ մարդը, ու թեպետ մեր այդ ընկերը տուրք է տալիս չափազանցությանը, բայց ակնհայտ է, որ զուրկ չէ դիտողականությունից։
Կոնդ, 2008
ՇՈՒԿԱՅԻՑ ՀԵՌՈՒ, ԱՆԳԻՆ
Քանի տարեկան էլ որ լինի Ավոն, իր այդ տարիների ընթացքում ոչ մի անհատական ցուցահանդես չի ունեցել։ «Ի՞նչ ցուցահանդես,- վրդովվում է,- ես անդերգրաունդ եմ»։ Ավոն այնքան սկզբունքային է եւ հետեւողական, որ հրաժարվել է մասնակցելուց նաեւ խմբակային ցուցահանդեսների։ Մի դեպքում կազմակերպիչն է կասկածելի թվում, մի դեպքում մասնակիցներն են թվում անարժան, մեկ այլ դեպքում՝ ցուցահանդեսի համար ընտրված տեղանքը կամ սրահը։ Ավոն հա նկարում է իր ծնողներին եւ այնքան շատ է նկարել եւ այնպես է մոտեցել այդ թեմային, որ թեման հասցրել է ժանրի մակարդակի։ Կարող ենք ասել, որ Ավոն ծնողանկարչության հիմնադիրն է։
Ծնողներս, 2005
Բնականաբար այս «ժանրի» նկարները չեն կարող շուկայական լայն պահանջարկ ունենալ, եւ դրանց հիմնական սպառողը կարող են լինել ընտանիքի անդամները, բայց նրանց էլ հո նկար չես վաճառի։ Այնպես որ, Ավոյին հաջողվել է իր աշխատանքը զերծ պահել որևէ շուկայական հարաբերությունից։ Նրա ստեղծագործունեությունն ավելի շատ նման է հավատացյալի ճգնակեցության. պարտադիր մարմնամարզությունից հետո Ավոն իսկույն անցնում է նկարելուն եւ նկարում է մինչեւ արեւը թեքվում է, ու գույնի ընկալումը սկսում է փոխվել։
Այդ ընթացքում նրան ոչ ոք ոչ մի պատրվակով չի կարող կտրել իր գործից։ Իսկ հետո պատրաստ է հյուրընկալել եւ հյուրընկալվել։ Ավոն մարդակարոտ է։ Դրա համար նրա մոտ միշտ մարդաշատ է։ Ավոյի մոտ միշտ մարդաշատ է, դրա համար նա պետք է, որ այդքան մարդակարոտ չլիներ, բայց ի՞նչ ասես՝ Ավոն սիրում ու կարոտում է մարդուն։ Սակայն ամեն ինչից առավել Ավոն սիրում է գեղանկարչությունը։ Դե իսկ սերը հազվադեպ է զերծ լինում մրցակցությունից, եւ այստեղ էլ հայտնվեց մրցակից՝ հեղափոխությունը։
Իմ արվեստանոցում, 2006
ԱՎՈՆ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Այնպես պատահեց, որ հեղափոխությունն ինձ մի քիչ ավելի շուտ տարավ, քան Ավոյին, եւ վերջինս Ազատության հրապարակ եկավ իմ հրավերով։ Բայց ինչպես լինում է, երբ մենակությանն ու առանձնացմանը սովորած մարդը հայտնվում է մարդաշատ վայրում, Ավոն իրեն լավ չզգաց ու մեջքով կանգնեց դեպի ամբիոնը, իսկ մի քանի րոպե անց, ներողություն խնդրելով, հեռացավ։ Այնպես չէ, թե Ավոյին խորթ էր հեղափոխականությունը. նա 88-ին էլ է եղել առաջին շարքերում, 96-ին էլ, եւ թափ հավաքող շարժումը չէր կարող անհաղորդ թողնել նրան։ Պարզապես կամ հետ էր վարժվել շարքերում լինելուց, կամ էլ իմ խանդավառությունն էր չափազանց, իսկ խանդավառվածներն ավելի շատ վնաս են բերում հեղափոխությանը, քան օգուտ, որովհետեւ իրենց այդ խանդավառությամբ կողքինների մեջ սպանում են խանդավառվելու ցանկությունը։
Մեկ-երկու ամիս անց Ավոն էլ հայտնվեց Ազատության հրապարակում եւ արդեն ինձնից էլ ավելի խանդավառված էր, ու նրա շնորհիվ ես հասկացա, որ ինչպես բառն է իր մեջ պարունակում «խանդ» արմատը, այդպես էլ երեւույթն իր մեջ պարունակում է խանդի տարր, եւ որ խանդավառված՝ նշանակում է ոչ միայն ոգեւորված, այլեւ խանդով լցված սիրո առարկայի նկատմամբ, տվյալ դեպքում՝ հեղափոխության։
Ընդդիմադիր մարդու համար միտինգի օրը տոն է։ Ավոն երկու տարի շարունակ փչացրեց իմ տոնը՝ միտինգի օրվա առավոտյան զանգելով ու հետաքրքրվելով՝ գնալո՞ւ եմ արդյոք միտինգի։ Ես, իհարկե, կարող էի բազմաթիվ հարգելի պատճառներ ունենալ չգնալու համար, բայց Ավոյի հարցը ստուգողական չէր, դա խանդի ցուցադրություն էր, որով նա սեփականատիրական իրավունք էր ամրագրում հեղափոխության նկատմամբ եւ անմիջապես, պատասխանիս չսպասելով, ավելացնում էր. «Բարեւ չեմ տա, եթե չգաս…»։ Ավոյի խանդավառությունից ջղայնացած՝ ես սովորաբար ասում էի, որ չեմ գնալու, եւ պատահում էր, որ իսկապես չէի էլ գնում, բայց եթե գնում էի, Ավոն այնպես էր հրճվում, ինչպես ճշմարիտ քրիստոնյան, ում հաջողվել է դարձի բերել մի հեթանոսի։
Եթե Ավոն իմ ընկերը չլիներ, ես հաստատ ավելի հեղափոխական կլինեի, բայց Ավոն իմ տեղն էլ է հեղափոխական, ու կարծում եմ՝ ավելի լավ է Ավոյի պես ընկեր ունենալ, քան հեղափոխականության ավելցուկ։
ՊԼԱԿԱՏ ԴԱՌԱԾ
Հեղափոխական տրամադրությունների թեժացման շրջանում Ավոն շատ էր նեղսրտում գրողների պասիվությունից։ Ինչպես հայ ժողովուրդն ընդհանրապես, այդպես էլ Ավոն մասնավորապես համարում էր, որ օրհասական պահերին գրողը պարտավոր է խոսք ասել ու հոդված գրել։ Ինքն առաջվա պես իր սրտի ուզածն ու իրեն հուզածն էր նկարում եւ ոչ մի հողակտոր չէր զիջում իր նվաճած բարձունքներից, բայց կարծում էր, որ գրողները պիտի կամավոր կերպով իջնեն Պառնասից, իրենց ոսկե փետուրը ծառայեցնեն ինչ-որ բանի եւ լծվեն քաղաքացիական հասարակության շինարարությանը։
– Բա դու ինչի՞ չես պլակատ նկարում,- մի օր հարցրի։
– Ես պլակատ չեմ նկարում,- վրդովվեց,- բայց կանգնում եմ դատարանների դեմը՝ պլակատ դառած։
Կարմիր ձի, 2007
ԱՎՈՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Չնայած Ավոն ամեն կերպ խուսափում է շուկայական հարաբերությունների մեջ ներքաշվելուց, շուկան պարբերաբար փորձում է նրան ներքաշել։ Այդպես, Հյուսիսային պողոտայում «զբոսնող» ընդդիմադիրներից մեկն առաջարկեց նրան լավ աշխատանք՝ կայուն աշխատավարձով։ Ավոյի համար սա անակնկալ էր, որին ինքը պատրաստ չէր։ Ավոն պայման դրեց, որ կարող է աշխատել միայն չորսից-հինգից հետո, երբ արեւը թեքվում է, եւ այլեւս չի կարող նկարել։ Պոտենցիալ գործատուն չհամաձայնեց պայմանին, քանի որ իր հիմնարկում աշխատանքն այդ ժամին ավարտվում էր։
Բայց երեւի շատ էր մեծ մի ընդդիմադիրի չքավորությունից փրկելու ցանկությունը, որ «գործատուն» մի քանի օր մտածելուց հետո զանգեց ու հայտնեց, որ համաձայն է պայմանին։ Ավոյի համար սա երկրորդ ծանր անակնկալն էր, եւ այդ ծանրությանը չդիմանալով, Ավոն աշխատանքի նախօրեին հարբեց ու չներկայացավ աշխատանքի, իսկ «գործատուին», որ անհանգստացած զանգահարել էր, պատասխանեց ոչ այնքան ջերմ, որքան մինչ աշխատանքային հարաբերությունների մեկնարկը։ Հեռախոսը ցած դնելուց հետո ասաց. «Դե թող գնա, մտածի»։
Ամիսներ անց մի միտինգի ժամանակ տեսա Ավոյի «գործատուին»՝ մեկուսի կանգնած ու մտախոհ։ Երեւում էր, որ դեռ մտածում է ու երկար է մտածելու…
Ես չգիտեմ ինչ ու ոնց մտածեց գործատուն, բայց նրան ի վերջո հաջողվեց համոզել Ավոյին, և Ավոն հիմա ունի աշխատանք, որն առանձնապես չի խանգարում իր նկարչությանը եւ առանձնապես չի օգնում ապրելուն։ Ավոն այգու դիզայներ է դպրոցում։
Մաշա, 2006
ՆՅՈՒ
Ինչ ճանաչում եմ Ավոյին, նա երազում է կանացի մերկ մարմին նկարել եւ միշտ բնորդուհի է փնտրում։ Բայց Ավոյին հետաքրքիր չէ այն մարմինը, որի մեջ միտք, հոգի, սիրտ չկա։ Ու քանի որ Աստված մեկին մարմին է տվել, մյուսին միտք, երրորդին հոգի, Ավոն իր ուզած բնորդուհուն չի գտնում, նկարիչների համար ամենամատչելի ժանրը մնում է նրա համար երազանք։ Փոխարենը նկարվում են դիմանկարներ՝ ընկերների ու ծանոթների, որոնց Ավոն խորաթափանց տեսողությամբ է պատկերում ու ամենակարեւորը՝ սիրով։ Ավոն իմ դիմանկարն էլ էր ուզում նկարել, մի քանի ճեպանկար արեց, բայց գործը գլուխ չեկավ։ Նրան էլ է հավանաբար դժվար ինձ նկարելը, ինչպես ինձ է դժվար գրել իր մասին։ Եվ դրանից ես կարող եմ ենթադրություն անել, որ ընկերությունն այս միակողմանի չէ։
Ի՞ՆՉ ԱՍԵԼ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Այս ակնարկն այդքան Ավոյի մասին չստացվեց, որքան իմ ու Ավոյի, ասել է թե` ընկերության։ Դրա համար էլ վերջում ուզում եմ պարզել, թե ինչ ասել է ընկերություն։ Հայերենում «ընկերը» ստուգաբանվում է որպես միասին կերած-խմած։ Սլավոնական լեզուներում այն բխում է «զորագունդ» բառից եւ կապվում է միասին կռված լինելու հետ, հետեւաբար ավելի ռոմանտիկ է։ Հին Հունաստանում ընկերության երեւույթը կապված է իմաստասիրության հետ։ Ընկերը, Դելյոզի բառերով, կոնցեպտուալ պերսոնաժ է, որ ունի դերակատարում կոնցեպտների ստեղծման գործում։ Ես Ավոյի հետ կերել-խմել եմ, ու կարելի է ասել, որ մի ճակատում կռիվ էլ ենք տվել, բայց ինձ ամենից հարազատն այն մոտեցումն է, որն ընկերությունը համարում է ոչ թե երկկողմ, այլ եռակողմ հարաբերություն։ Քանզի ընկերները իրար հետ ընկերներ լինելուց առաջ նախ ընկերն են այն բանի, որ միավորում է իրենց։
Հետաքրքիրն այն է, որ ես ու Ավոն իրար բարեւելիս չենք ասում՝ բարեւ, ընկեր, այլ ասում ենք՝ բարեւ, ընկերություն։
2010 թ․