2020 թվականի սեպտեմբերի 27-ի օրվա սկիզբն ազդարարվեց նոր պատերազմի մեկնարկով, որի լրջության ու մասշտաբների մասին շատերը թյուր պատկերացումներ ունեին։ «Հաղթելու ենք» արտահայտությունը կարելի էր հանդիպել սոցիալական ցանցերի գրեթե բոլոր օգտատերերի էջերին, տարբեր ապրանքանիշների ու գովազդային վահանակների, մարդկանց հագուստների վրա, շատերի շուրթերին․․․ գրեթե ամենուր։
«Երբ սկիզբը սկսվեց, և հպարտ էր երկինքը․․․» այսպես է սկսվում Նարեկ Վարդանյանի «Սովորական հայրենիք» վավերագրական գիրքը, որը պատմում է քառասունչորս օր տևած պատերազմի մասին սովորական զինվորի աչքերով ու ապրումների միջոցով։ Նարեկը գիքրը սկսել է գրել, երբ դեռ ընթանում էր պատերազմը։ Հետո վիրավորվել է ու միառժամանակ կոմայի մեջ հայտնվել։ Գիտակցության գալուց հետո շարունակել է գրքի շարադրանքը՝ պատմելով իր ու ընկերների՝ հայրենիքը պաշտպանել ցանկացող սովորական մարդկանց գլխով անցածի մասին։ Նարեկը պատերազմ է գնացել՝ ստանձնելով դասակի հրամանատարի պարտականությունները։ Հատկանշական է, որ Նարեկի տեքստն առհասարակ խմբագրված չէ։ Այս փաստը կարևոր է նրանով, որ ոչ միայն Նարեկի պատմությունն է իրենից ուշագրավ վավերագրություն ներկայացնում, այլ նաև տեքստն ինքնին։ Այս առումով ուշարժան է հեղինակի մտքի ու տեքստի կառուցվածքի զուգադիր քննությունը։
Ստեղծագործության արտաքին կեղևը պարզ է. մի կողմից «սովորական» տեքստն է՝ պատերազմի մասնակից ու գրքի հերոս հեղինակի նկարագրություններով, մյուս կողմից՝ հերոսների երկխոսություններն ու մտորումները, որոնք երբեմն ներկայացվում են մենախոսությունների տեսքով: Երբեմն պատում են ներթափանցում անցյալի ընդհատվող պատկերներ, հիշողություններ, տարածաժամանակային հետաքրքիր անցումներ։ Պատմությունները հյուսված են տարածաժամանակային երկու հարթություններում․ պատում մարտի դաշտից՝ պատերազմի ժամանակ և պատում վերականգնողական կենտրոնից՝ պատերազմից հետո․ այստեղ վերականգնողական բուժում ստացող հեղինակ-հերոսը պատմում է իր ու ընկերների հետպատերազմյան կյանքի, մտորումների ու երազանքների մասին։
Հեղինակը ստեղծագործության դիպաշարը կառուցում է ժամանակակից պատերազմի ճակատում հայտնված մարդկային ճակատագրերի, ծայրահեղ իրավիճակում նրանց գործողությունների ու քայլերի, մտորումների ու անհանգստությունների շուրջ: Գիրքը բացվում է «Սկիզբ» վերնագրով կարճ նախաբանով, որը պատմում է հպարտ առավոտի ու մահվան թախիծով, սարսուռով, արյան կծու հոտով պատված «գլխիկոր» մայրամուտի մասին։
Հաջորդում են հայրենիքի սովորական պաշտպանների մասին պատմությունները։ Հեղինակը պատմությունները շարադրում է դիմանկարային ակնարկների միջոցով՝ հերոսներին բնորոշող հատուկ ձևակերպումներ դարձնելով առաջնային ու դրանք ընտրելով որպես վերնագիր։ Այսպես մենք կարդում ենք պատմություններ, որոնց հերոսներն են՝ «Արսեն․ հողագործը», «Մհեր․ հետախույզը», «Արթուր․ ֆերշեր», «Ռոբ․ խելացի զինվորականը», «Սերգեյ․ երաժիշտ», «Կյաժ․ հետախույզը» և այլն։ Պատմությունը կարևոր է ոչ միայն վավերականության, որոշակի գեղարվեստականության և տեղեկատվական նյութի, այլ նաև շարադրանքի անկեղծության, սեփական առավելություններն ու թուլությունները ճիշտ գնահատելու, մեզանում տարածված պաթոսը շրջանցելու սկզբունքայնության տեսանկյունից։ Այդ ամենով հանդերձ՝ երբեմն նկատելի են գաղափարական որոշակի հարցերի շուրջ հեղինակային կունկրետ վերաբերմունքի, սուբյեկտիվ կարծիք արտահայտելու դրսևորումներ։ Հեղինակը հատկապես անկեղծ ու խստապահանջ է սեփական անձի մասին խոսելիս։ Պատմությունը սկսելով պատերազմի թեժ օրերի նկարագրություններից՝ նա երբեմն դիմում է ժամանակային անախրոնիայի. հետընդգրկմամբ (անալեպսիս) ներկայացնում է իրեն, իր ապրումներն ու մտորումները պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ու պատմում այն մասին, թե ինչպես է անցել մարտի դաշտ հասնելու ճանապարհը՝ շուրթերին Հովհաննես Գրիգորյանի «Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես․․․» տողերը։ Որոշ դրվագներ է հիշում իր զինվորական ծառայության տարիներից՝ համեմատելով խաղաղ ու պատերազմական իրավիճակների ծառայությունների ժամանակ ունեցած հույզերն ու զգացողությունները։ Ապա առաջընդգրկման (պրելեպսիս) միջոցով ներկայացնում է ապագայի իր տեսլականը՝ շարադրանքը կառուցելով Րաֆֆու հայտնի վեպի «Խենթի երազը» հատվածի տրամաբանությամբ։
Պատմության հերոսներից յուրաքանչյուրը մինչ պատերազմն ունեցել է իր կյանքն ու ապրելակերպը, սակայն պատերազմը նրանց հավաքել է մի վայրում ու թելադրել ապրելու իր կանոնները, որոնք բոլորն էլ ակամա գլխիկոր պետք է ընդունեին այլընտրանքի բացակայության պատճառով։ Յուրաքանչյուրն այդ իրականության մեջ իր «մասնագիտությունը» պետք է ընտրեր․ այդտեղ չկային կարգադրողներ, «կարդադրիչներն այլ տեղ էին»։
«-Ես չէի ուզում։ Դուք ստիպեցիք։ Ես հողագործ եմ, շինարար եմ։ Ես մարդասպան չեմ,- բարձր խոսում է Արսենը, որպեսզի նաև խլացնի հետզհետե ահագնացող վախը։ Իսկ քիչ հեռվում հակառակորդի զինվորները տապալվում էին, ու Արսենը հիշում էր իրեն՝ գերանդին ձեռքը ամիսներ առաջ, ու թվում էր՝ հակառակորդի ընկնող զինվորները հնձվող խոտ էին»։
Տղաները նույնիսկ մարտի դաշտում մտովի իրենց խաղաղ առօրյայի, կենցաղային հոգսերի հետ էին հաղորդակցվում՝ այդպիսով փորձելով անտեսել, մոռացության գետը նետել այն պարտադրված իրականությունը, որում հայտնվել էին որպես կամավորներ։ Ի՞նչն է այս տղաներին բերել պատերազմի դաշտ։ Յուրաքանչյուրն ունի հայրենիքը պաշտպանելու իր դրդապատճառն ու շարժառիթը։
Բժշկական համալսարանի երբեմնի ուսանող, ֆերշեր Արթուրն ասում է․ «Տղայիս՝ Դավիթիս համար եմ եկել, որ հարցնի՝ բա որ պատերազմ էր, դու ի՞նչ էիր անում, պա՛պ, ի՞նչ եմ պատասխանելու, պատմության գիրք կարդալու ա, չէ՞, զոհվածի տղա ընկեր ունենալու ա, չէ՞»։ Հեղինակին՝ Նարեկին, հայրենիքը պաշտպանելու գաղափարն է բերել մարտի դաշտ․ «Մայրը, տունը, հայրենիքը ոնց որ նույն բաները լինեն՝ տարբեր անվանումներով, առանց դրանցից որևէ մեկի՝ ծնվելն անհնար ա, ապրելը՝ դժվար»։ Իսկ առհասարակ․ «Կռվում էինք․ շատերս՝ հենց ինքնապահպանման բնազդից, շատերս՝ ուղղակի, որովհետև վստահվել է պատերազմել, ոմանք էլ, որովհետև հավատում էին հաղթանակին»։
Ի՞նչ է մտածում հողագործ Արսենը իր դիպուկ կրակոցներով թշնամուն խուճապի մատնելու պահին։ «Արսենը նայում էր այդ պատկերին ու փշաքաղվում ինքն իր արած գործից․ «Մարդու դեմ այսքան մեծ զենքով չեն կռվի, արդար չի»,- մտածում էր Արսենն ու կռվում ինքն իր հետ՝ հիշելով իր ընկերներին՝ զոհվածներին ու վիրավորներին։ «Խոտն անծածկ մնաց»։ «Տուն գնամ, էն գոմի կողքը․․․»,- կտրվեց միտքը։ Տուն էլ երբեք չի գնա․․․»։
Ստեղծագործությունն ամբողջացնող պատմություններում ակնհայտորեն առկա են իրավիճակի անկանոնության, անկազմակերպ, հախուռն ու բարձիթողի վիճակի մասին հավաստող փաստեր։ Տղաներն ինքնուրույն որոշում են իրենց անելիքները, ինքնուրույն պարտականությունների բաշխում են անում, խրամատներ փորում սվին-դանակով, իսկ դրա բացակայության դեպքում՝ մատներով։ «Երբեմն անզորությունից, երբեմն կատաղությունից քրտինքի մեջ կորած՝ փորում էինք, փորում, որովհետև միայն հողն ունեինք, մեկ-երկու զենք ու հողը։ Մենք հողին էինք ապավինել, հողը՝ մեզ»։ Տղաները միմյանց ոգևորում ու պարգևատրում են՝ ստեղծելով իրենց համար «կեղծ», հնարովի իրականություն, որտեղ իրենք են իրավիճակի տերն ու կառավարողը։ Կապի բացակայության պայմաններում նրանք պահածոների տուփերից ու ներքևի գյուղի հարակից տարածքում գտած մետաղալարերից իրենց համար պայմանական կապի միջոց են ստեղծում․ այս տխուր իրականության նկարագրությունները հեղինակն ամփոփել է «Ապրելու հայրենիք» վերնագրի ներքո՝ կարծես հեգնելով, հակադրելով իրականությունն ու երկրի գաղափարը։ Հրետակոծության մղձավանջի մեջ տղաները հասցնում կամ չեն հասցնում փրկել միմյանց, իրար հետ կիսում են իրենց մտքերը, հույզերը, վախերն ու ոգևորությունները, կորստի ցավն ու ափսոսանքը, հանապազօրյա նուռն ու ջուրը։
«Ինչքան բերք կար այստեղ, ինչքան հնարավորություններ կային, ինչքան լավն էր հողը՝ հարուստ, շռայլ, պատրաստ մայրանալու․․․ Բայց նայում էիր՝ շուրջդ կիսագյուղեր էին, կիսակյանքեր էին ապրվել այստեղ։ Ինչո՞ւ էին հողը կիսատեր թողել, ինչո՞ւ էինք երազած հայրենիքը կիսատ-պռատ արել․․․ Ազատագրելո՞վ էր միայն։ Ազատագրել, թողնել գնալո՞վ էր միայն»։
Հայրենիքն անկեղծորեն պաշտպանել փորձող տղաների հուսալքությունն ու իրենց դավաճանված զգալու ցավը փոքր-ինչ մեղմվում է, երբ հայտնվում է գնդապետը՝ մեղրեցի Կամանդիրը։ Նրա զուսպ ու հավասարակշռված խոսքը պատկառանք է ներշնչում․ տղաները շուտով համախմբվում են նրա շուրջ։ Նա տղաներին վստահություն ու հույս է ներշնչում, համախմբում՝ նրանց ընտանեկան ջերմություն ու ամբողջականության զգացողություն տալով նրանց խմբին։ Հետագայում հենց այդ գնդապետի ու սպեցնազի տղաների շնորհիվ է հեղինակն իր կյանքը փրկված համարում։
Տեքստից տեքստ, պատմությունից պատմություն, ճակատագրերից ճակատագիր ձգվող շարադրանքը հարուստ է միջտեքստային շերտերով, որոնք նկատելի են նաև վերնագրերի ընտրության հարցում։ Տղաների զրույցներից ակնառու է դառնում, թե ինչպես են անօգնական ու անելանելի վիճակում հայտնված հայրենիքի սովորական պաշտպաններին ուժ ու համարձակություն, դիմակայելու կամք ու ամրություն տալիս մեր ազգային արժեքները, մշակույթի ու պատմության մեջ ամրացած ու կոդավորման արժեք ստացած իրողությունները։ Հայտնվելով ծայրահեղ իրադրության մեջ՝ նրանք ավելի զգայուն, խստապահանջ ու անհանդուրժող են դարձել ազգային որոշակի թերությունների՝ կարևոր իրողությունների նկատմամբ քայքայիչ անփութության, եսասիրության, չարության, մորթապաշտության և այլ արատավոր իրողությունների նկատմամբ։
Հեղինակը հերոսներին նկարագրելիս հաճախ է հիշում և օգտագործում մեր առասպելների հերոսներին տրված բնորոշումներն ու նկարագրությունները՝ կամուրջ ստեղծելով անցյալի երբեմնի հզոր հսկաների և նրանց ժառանգորդ հայրենիքի սովորական պաշտպանների միջև։ Այսպես՝ «Արսենը գանգուր մազերով, սև աչքերով, հաստ բազուկներով, միջահասակ հոկտեմբերյանցի երիտասարդ է», կամ՝ «Կիսամութի մեջ Սերոբն ավելի հսկա է երևում։ Նրան նայելիս հավատում էիր, որ Հայկական լեռնաշխարհում հսկաների ցեղ է ապրել, ու Սերոբի արյան մեջ, ձայնի մեջ շարունակում են ապրել նրանք։ ․․․ -Սերոբ, դու լավագույն Տորք Անգեղն ես, կարո՞ղ ես, չէ՞, իրար վրա դրած երկու թուրք մեջտեղից պատռել,- կատակում է Աբոն՝ ոգևորելով և ուրախացնելով տղերքին»։
Հաճախադեպ են պատմական անդրադարձները, որոնցում հեղինակը ցանկանում է շեշտել մեր ազգային բնավորության ու դիմագծի հաճախ քննադատվող կողմը։ «Մի քանի հոգի ենք, բայց էլի պառակտվում, մեծամտանում ենք, ամեն մեկս մեզ մի թագավոր երևակայում։ Մեր պատմական անցյալն է այդպիսին։ Արծրունիները Բագրատունիներին չէին ուզում ենթարկվել, առանձին թագավորություն էին ուզում»։ Տղաների միջև անհամաձայնության դրվագներ են առաջանում նաև նահանջելու ու դիրքերում մնալու հարցի շուրջ․ ջոկատի մի մասը նահանջում է՝ քաջ գիտակցելով, որ նահանջն առանց հետագա հարձակման փախուստ է, բայց փրկվելու այլընտրանք չկա, մյուս մասը որոշում է մնալ։ Օգնության են գալիս չարենցյան տողերը․ «ապրելու հսկա տենչը բեռ արած՝ քայլում ենք, ու քայլում համառ»։ «Սաքո․ ամբոխները կիսախելագարված» պատումի հերոս Սաքոյի աչքերը Չարենցի մասին խոսելիս սիրահարվածի նման փայլում էին։ Նրա շուրթերին Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի տողերն էին շարունակ։ Արտասանելիս Սաքոն երբեմն հակադրվում էր Չարենցին։ «Չտանելով հին կյանքը էլ․․․ ուր չտանելով, ինչպես չտանելով։ Երանի հին կյանքը,- մտածում էր Սաքոն։ -Բայց չէ, ի՞նչ երանի, ախր «էշի ականջում քնած էինք, քաշվել էինք մի կողմ, ապրում էինք, կռիվ էչինք տալիս վատի դեմ, մեզ բան չլինի՝ հերիք է, ուրիշի իրավունքի, կյանքի, ազատության, ապրելու ու մեռնելու վրա թքած ունեինք։ Ո՞ւմ էր պետք ախր»։ Զինվորին սպանում էին, մեդալը տալիս էինք, մորն երկու ծաղիկ էինք ուղարկում, ու թվում էր՝ հայրենիքի առաջ բոլոր պարտքերը բարեհաջող փակել ենք։ Այնինչ պիտի հասկանայինք՝ ո՞վ, ինչո՞ւ, ինչպե՞ս սպանեց մեր եղբորը, որդուն, հորը»։ Չարենցի Կարսը համեմատվում է Շուշի քաղաքի հետ՝ ներկայացվելով որպես ուղեղային մորմոք։ «Քայլում է քաղաքում միս ու արյուն ստացած մեկը՝ որպես ուղեղային մորմոք, որ հազարերորդ անգամ մրմնջում է կիսախելագար տողերը Երկիր Նաիրի․ գուցե մշուշ է նա՝ Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն․․․ գուցե մշուշ է սա՝ Շուշին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն․․․»
Հատկանշական է, որ հայրենիքի պաշտպանության համար անհավասար մարտի ելած տղաները սկզբունքային ու հոգատար վերաբերմունք ունեն իրենց շրջակա միջավայրի, իրենց հանդիպող կենդանիների նկատմամբ։ «Ճանապարհին՝ գյուղի մոտակայքում, մի մեծ խոզ ու երկու խոճկոր է արածում։ Անմիջապես մտքովս անցնում է տղերքիս խոզի խորոված հյուրասիրել։ Խոճկորները դեռ փոքր են, սիրտս չի տալիս՝ կրակեմ։ Տղերքն էլ մի կողմից չեն թողնում՝ վնասեմ կենդանիներին։ Խոզերը փրկվում են, իսկ զորքս դեռ սոված է։ Խոզի մսի փոխարեն նուռ ենք տանում վերև։ Խիղճս հանգիստ է․ չվնասեցի կենդանիներին, չնայած մինչև հիմա չեմ կողմնորոշվում՝ ինչը ճիշտ կլիներ՝ կրակելը, թե չկչակելը։ Ես այդ ժամանակ դեռ չգիտեի, որ այդ տարածքը հակառակորդին ենք նվիրելու»։
Հայրենիքի մասին հեղինակի մտորումները խաչվում են տերյանական «Օ՜, հայրենիք, դառն ու անուշ» տողերի հետ, որոնք սերունդները սերտել են դեռ դպրոցից, տողերի արանքում հառնում է «Երկիրը երկիր չէ» և «Երկիրը երկիր է» չարչրկված բանավեճի պատկերը։ Գրքի վերջին հատվածում կարդում ենք «Խենթի երազի» ժամանակակից տարբերակը, որտեղ հեղինակի երազանքներն են հայրենիքի ու հայրենակիցների ապագայի մասին։ Րաֆֆու օրինակով հեղինակը երազում է, որ ապագայում հայրենակիցները իմաստնացած կլինեն ու կհրաժարվեն բազմաթիվ արատավոր սովորույթներից, որոնք վնասակար ու նույնիսկ կործանարար ազդեցություն կարող է ունենալ։ Փոխարենը մարդիկ ավելի գիտակից ու հանդուրժող են դարձել, սերիալ նայելու փոխարեն կրթվում են, բանակում կիսագողական խաղալու փոխարեն մարզվում են, հասկանում են, որ պետության հանդեպ իրավունքներից զատ ունեն նաև պարտականություններ, քաղաքական նկատառումներից ելնելով՝ ինչ-որ ուժեր հայաստանցի-արցածցի չեն խաղացնում, Ազգային ժողովում շշերով իրար չեն խփում, այլ ուսումնասիրում են խնդիրներն ու լուծումներ գտնում։ Բոլոր ժամանակներում էլ մարդն ապահովագրված չէ պատերազմից։ Սակայն «Խենթի երազում» մենք խելքի ենք եկել․ «իշխանություններն այս հարցին ավելի լուրջ են մոտեցել, հասկացել են, որ սա հերթական թրեյնինգի կազմակերպում չէ, սա պատերազմ է։ Զորքին սնունդ է պետք, հրամանատար է պետք, տեխնիկա է պետք, զենք․․․ զենք, այնպիսի զենք, որով կռվում է հակառակորդը, ոչ թե մեր պապերը․․․»։
Պատերազմից հետո վերականգնողական բուժում ստացող հեղինակը հանդիպում է նույն պատերազմի բովով անցած այլ տղաների՝ բախտակից մարտիկների, որոնք մարտնչել ու վիրավորվել են տարբեր ճակատներում։ «Այս պատերազմին ընկերների՝ մարտական ընկերների ու բուժման ընկերների կտրուկ աճ ունեցանք»։ «Զինվորի տանը» հայտնված տղաները շարունակում են իրենց պայքարը՝ դարձյալ օգնելով միմյանց։ Նրանք օգնում են իրար միջանցքներում՝ բախտակիցների մարմնի բացակայող որևէ անդամի տեղը փորձելով լրացնել։ Պայքարը շարունակվում է նաև բուժման ժամանակահատվածում։ Վիրավոր տղաներին բուժվելու ուժ են տալիս իրենց ընտանիքները, զավակները, սիրելի զբաղմունքն ու մասնագիտությունը, առհասարակ ապրելու ու ապագայի հեռանկարը։ «Ամենածանր ու ուժեղ ցավերի ժամանակ ընտանիքիս ու երեխեքիս մասին մտածմունքները լավագույն ցավազրկողներն են»,- ասում է Ջաբրայիլում վիրավորված Էջմիածնի Ապագա գյուղի բնակիչ Կարենը, որն ունի իր հոգու կապույտ անուրջներում փորձում է գտնել ճերմակ անուրջները․ նա երազում է նորից տեսնել իր պահած ճերմակ-ճերմակ աղավնիների անմեղ խաղը։
Վերականգնողական կենտրոնում հեղինակը «Պար հանուն կյանքի» վերնագրի ներքո մտածում է․ «2020 թվականի արցախյան պատերազմը ճամփաբաժան եղավ՝ մեռնելու, վերածնվելու ու սիրելու ճամփաբաժան։ 2020 թ․ վերարժևորելու ու վերագտնելու ճամփաբաժան եղավ, գոյությունդ արժևորելու ու չգոյդ հաստատելու ճամփաբաժան։ Ոմանք վերածնվեցին, ոմանք ավելի խորը մեռան, իսկ ոմանք՝ շատ քչերը, պարեցին։ Պարեցին իրենց կյանքի պարը, իրենց ու մի ամբողջ ազգի գոյության հաստատակամության պարը։ Ոմանք պարեցին իրենց մտքի թևերով ու չունեցած ոտքերով, իսկ նրանք, ովքեր ոտքեր ունեին, չուզեցին պարել։ Պարը, որ սլանում էր սայլակների ու սպիտակ վերնաշապիկների տակ բաբախող սրտերի մեջ, որ դահլիճում հիացմունքի ալիքների պատճառ էր դառնում, պարը կյանքի պարն էր, կյանքի հաղթանակը»։
Պատերազմներ միշտ են եղել։ Պատերազմների շուրջ դատողություններ են արել շատ մտավորականներ նաև գեղարվեստական տիրույթում՝ Րաֆֆին, Մուրացանը, Դ. Դեմիրճյանը, Ստ. Զորյանը, Ե. Չարենցը, Գ. Մահարին, Վ. Խեչումյանը, Պ. Զեյթունցյանը, Մ. Սարգսյանը, Լ. Խեչոյանը, Գ. Խանջյանը և այք, որոնք անդրադարձել են թեմային տարբեր դիտանկյուններից, սակայն ասելիքը միշտ էլ հանգում է պատերազմի ոչնչացնող, կործանիչ, ողբերգական լինելու փաստին: Եթե նախկինում գեղարվեստական գրականության մեջ ընդգծվում էր հայրենիքի շահերով առաջնորդվող հերոսի դասական ընկալումը, ապա ժամանակի ընթացքում ընկալումների փոփոխություն է տեղի ունենում. ավելի առաջնային է դառնում մարդ-անհատի կյանքի ու հոգեբանության խնդիրը: Մարդասիրական դավանանքի հետաքրքիր բանաձևում է տալիս Պ. Զեյթունցյանը «Արշակ Երկրորդ» գոյաբանական պատմավեպում.
«Սուտ է. աշխարհում չկա մի գաղափար, որի անունից կարելի է զոհել մարդու կյանքը: Եվ որքան մեծ են գաղափարն ու նպատակը, այնքան էլ պետք է բացառվի սպանության հնարավորությունը: Իսկ եթե սպանությունն անխուսափելի անհրաժեշտություն է, ուրեմն, գաղափարներն ու նպատակները փտած են ներսից, ուրեմն ինչ-որ բան էն գլխից կարգին չէ…»:
Նարեկն այս հարցն այլ պրիզմայով է դիտարկում։ Կարևորելով մարդկային կյանքը՝ նա այնուամենայնիվ առաջնահերթություն է տալիս հայրենիքին, հայրենիքը բոլոր ժամանակներում և ամեն գնով պաշտպանելու գաղափարին․ «հայրենիքը պաշտպանելու համար պարտադիր չէ հերոս լինել, հերոսները չեն պաշտպանում հայրենիքը, սովորական մարդիկ են պաշտպանում, որովհետև սա սովորական, սովորական հայրենիք է, ամենալավը չէ, ամենավատը չէ, անսովոր չէ, մերն է, ուղղակի մերն է»։
Այսպիսով՝ Նարեկ Վարդանյանի «Սովորական հայրենիք» ստեղծագործությունն անկեղծ ու վավերագրական արժեք ունեցող պատմություն է, որը հավաստի ու մանրամասն տեղեկություններ է պարունակում 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին։ Պատերազմական իրադարձություններն ու մարտիկների ապրումները հեղինակը ներկայացնում է հիմնականում իրական, երբեմն էլ հորինված կերպարների ու անունների միջոցով։ Ստեղծագործությունը անկեղծ ու վավերական պատմություն լինելուց զատ նաև գեղարվեստական արժեք ներկայացնող գործ է, որը հյուսված է միմյանց հետո բովանդակային կապ ունեցող առանձին պատումների միջոցով։