Աննա Մեկունց/Բլոկադնիկ

Դատարկ է քաղաքը։ Օդը ծանր է շնչվում։ Քայլում ես ազատ, բայց անազատութան մեջ։ Երկնքից շնչահեղձությունն է իջնում սրտիդ վրա, որովհետև գիտես, որ շրջափակված ես, ու ազատությունդ խլել են քեզնից։ Երբ քայլում ես ամայի փողոցներով, զգում ես, որ օդ չկա։ Թեպետ գլխիդ վերևում բաց կապույտ երկինք կա ու կիզիչ, վառող արև։

Նայում ես՝ աղբը թափող չկա։ Մինչդեռ քաղաքս այնքան մաքուր էր ժամանակին, որ տուրիստները «փոքրիկ Փարիզ» էին կոչում։ Հիմա…ծանր է շնչվում… նրա համար չէ, որ կեղտի մեջ է կորել քաղաքը կամ մեքենաների հոսքն է շատ… Չկա մեքենա… Որովհետև չկա վառելիք։ Հոգեպես ստրուկ ես զգում քեզ, ու անորոշությունը, դանակի պես մխրճված կոկորդդ, սպանում է քեզ։
Դու լուռ հետևում ես քո իսկ «ինքնասպանության» պրոցեսին։

Երբ երեխադ ինչ-որ բան է հարցնում քեզ կամ մնում է սոված, դու անճարությունից խելագարվում ես ու մեղադրում քեզ, որ հայրենիքդ վեր ես դասել երեխայիդ՝ անհոգ ապագա ունենալու հնարավորությունից, ու  «արդյո՞ք ես լավ ծնող եմ» ինքդ քեզ տված հարցին պատասխան չես գտնում։ Որովհետև Հայրնեիքն է մարդու Ես-ը։ Եվ անհայրենիք մնալով Տուն չես ունենում։

Քայլում եմ ու մտածում․

-Տեսնես որտե՞ղ սխալվեցինք։ Տեսնես որտե՞ղ սայթաքեցինք։ Էս ո՞նց կարողացանք… Ո՞նց ենք դիմանում… Ինչու՞ են մեր սխալների փոխարեն հիմա էլ էս փոքրիկները տուժում։ Անմանուկ մանկությունից մեծերից ավելի հասուն են սկսում դատել։ Պատերազմում կորցրին իրենց եղբայրներին, հայրերին, հարազատ մարդկանց… լքեցին իրենց հարազատ տները, գյուղերից ու քաղաքներից հասան Ստեփանակերտ՝ հավատալով, որ սա իրենց Հայրենիքն է, եւ իրենց Տունն է այստեղ։ Գալուց հետո էլ շրջափակումից սովամահ են լինում, բայց երբ խոսում ես հետները, ինքդ ես կյանքալցվում։

– Մամ, օզում քինամ Շուշի։

– Բալաս, Շուշի էլ կարել չընք քինանք։ Թորքը եկալ ա…

– Մամա, էսա ես մծանամ, քինանում թորքին բացատրիմ, վեր տա իմ տոնսա։ Ես ում տեղ ծնվալ։

 -Բալաս, թորքը մարդկային լեզուն գիդում չի հինչ ա։

– Մամա, յիս ել թըկլանում։ Վախում չում։ Դեղ իմ պապաս ա մնացալ…

Մնացել, այսինքն՝ մահացել…

Ցավ ես ապրում, որ խլեցիր իր հայրիկին, թեկուզև չուզենալով։ Իր հայրիկը այսօր չկա, որ ես ու դու լինենք։ Բայց լինենք եւ ոչ թե գոյատևենք, ինչպես որ հիմա ենք փորձում փրկել մեր լինելիությունը։ Ու հիմա ո՞նց ենք մենք դիմանում, ես ինքս չգիտեմ։ 200-ից ավել օր է… 8 ամիս է… Շրջափակված, աշխարհից կտրված, անսնունդ, առանց վառելիքի, առանց գազի ու լույսի, ջրի երկարատև անատումներով, կապի բացակայությամբ, դեղերի պակասությամբ բլոկադան շարունակվում է…

Բլոկադան իրականում նպաստեց կենդանի շփմանը, ու երևի միակ դրական բանը հենց դա է։ Մարդիկ սկսեցին քայլել ոտքով, ընկերների հետ մրցել հեծանիվով, սքեյթով կամ սամակատով։ Քաղաքում մեքենաների փոխարեն ձիեր են ու իշուկներ, ժպտում ես, երբ տեսնում ես այդ ամենը։

Նայում ես՝ բակում երեխաները համերգ են կազմակերպել, երգում են․

-Սուլթան կուզե
Ջնջիլ մզի,
Զարթնիր լաո,
Մռնիմ քզի…

Պարում են հայկական քոչարի, արտասանում՝ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն ու մթնեցնում օրն այն հույսով, որ նոր օրը մի լավ լուր է բերելու իր հետ։ Եվ ճանապարհները կբացվեն, եւ լույսերը այլևս չեն տանի… Իսկ այժմ ապրում ենք եռացող կյանքով բանտարկյալների քաղաքում՝ երազելով ազատության մասին։

… քանի որ տրանսպորտ չկա վառելիքի պատճառով, մարդիկ ոտքով են տեղաշարժվում քաղաքի մի ծայրից մյուս ծայրը։
Հղի կանայք երբեմն կորցնում են իրենց երեխաներին…
Ծանր հիվանդները ընկնում են կոմայի մեջ։
Ու նույնիսկ մահանում են մարդիկ՝ սովից։
Իսկ հացի հերթերում (եթե իհարկե այդ օրը հաց լինում է) ուշագնաց են լինում ծերերը, որովհետև դրսում 42 աստիճան է, իսկ որոշ տեղերում նույնիսկ խմելու ջուր չկա։
Ոտքով քայլելուց էլ երբեմն ինքս եմ ուշաթափվում, ու եթե չլինեին բարի, անծանոթ մարդիկ, ո՞վ գիտե՝ ինչ կլիներ ինձ հետ… Ես 23 տարեկան աղջիկ եմ… Եթե ես չեմ դիմանում, ո՞նց դիմանան մեր ծնողներն ու առավել ևս ծերերը։ 

Սակայն պատահում է, որ ես էլ եմ բախվում անծանոթ մարդկանց, որ ուշագնաց են եղել. մի տատի էր, ձեռքի տոպրակներն էլ՝ կողքին թափված։ Դե՜, ճարս ինչ, սիրտս ցավաց, արագ պուլպուլակից ջուր բերեցի, երեսով ջուրը շփեցի, հետ բերեցի ու նստացրի ծառի տակ.

– Մատաղ ինիմ, տաք ա է իլալ։ Կարեցի վեչ տիմանամ։

– Հա՜… հասկանում եմ։ Լյավ ը՞ք մհենգ։

– Աստված պահե։ Հենում լյավ։ Բայց ծիլիֆոնիս զարյադկան նստալ ա։ Կարի՞ս զանգ տաս տղիս, կյա, օգնե։

– Պա տա հարց ա՞… Էսա զանգիմ։

Սկսեցի զանգել անընդհատ։ Բաժանորդն անհասանելի է։ Մտածում եմ՝ ի՞նչ անել։

Բաբոն ասաց.

-Մատաղ, տանը յիրա զանգ տո լի։

– Փորձինք։ Ասում ըն՝ փորձը փորձանք պերում չի։

Ասեցի ու փորձեցի. զանգ չի գնում.

– ժամը քանիսն ա՞,- ասաց նա։

– 11 անց 15։

– Պահո՜… տանը լյուս չի կա։ Լյավ, մատաղ։ Դե վեչ կապ կա։ Վեչ լյուս կա։ Տու քինա, գործա կուշանաս։ Ես յետ կյամ, քինամ։

– Կներեք, վեր օգնեցի վեչ։

– Հունց չը՞ս օգնալ։ Յետ ըս պերալ։ Ճյուր ըս տվալ։ Զանգալ ըս կյան։ Բոլա լի։ Վեչինչ, վեր ստացվալ չի։ Զատո լյավ ում։

– Գոնե, էս բոթուլը ծեզ տամ։ Կխմիք ճանապարհին։

***
Ու էսպես ամեն օր, մտքերի մեջ մոլորված, աշխատանքից տուն և տնից աշխատանքի ճանապարհին ամեն օր նայում էի շուրջս՝ հիանալով, որ կյանքը եռում է քաղաքիս մեջ, բայց ափսոսալով, որ սկսեցինք Ապրել, երբ վանդակեցին մեզ, ու որպես գերի սկսեցին պահել սեփական հայրենիքում։ Անընդհատ մտածում էի, որ այս մղձքվանջի վերջը մոտ է, բայց այդ մոտը հեռանում էր էլի ու էլի.

Մի օր թատրոն հասնելու ճանապարհին հեծանիվով  մի տղա երեխա մեր լեզվով ասած՝ գազ-գազ էր անում։ Աչքս թարթեցի մի պահ, ու նա ընկավ հեծանիվից։ Վազեցի իր մոտ.

-Բալա՞ս, ցավ տվա՞վ։

– Չէ՜, քուրիկ։ Տղայում լի։ Թող վեր ընգնիմ։ Պապան ասում ա տղին յիրա պիտի շռամ ինի։

– Գոնե ճյուր տիր, պապան դուզ պեն ա ասալ։

(Երևի…
 Եսիմ…
 Բայց զատո տղան չէր լացում )

-Ա չէ՛, քուրի՛կ։ Նորմալ ա։ Չնայած, տանը ճյուրը կտրալ ըն։ Հինգիդամ։ Կարող ա՞ տան։

– Վեր քիզ նման ուժեղ տղան ճյուր օզէ, հաստատ Աստված տլանա։

Շարունակեցի ճանապարհս, մտքումս էլի հպարտանալով, որ էս ամենից հետո մեծանում են իմ հողում նման երեխաներ։

Երկար ճանապարհով գնալուց հետո հասա կամրջին, որի տակ գետ էր հոսում։ Անցումից հետո իմ սիրելի ճանապարհն էր՝ Իտալականը, այդպես եմ կոչում, որովհետև, երբ քայլում եմ՝ կտրվում եմ ինձ սպանող մտքերից ու շրջափակման խեղդող օդից, ու ինձ զգում եմ իտալական փողոցներից մեկում։ Այս հասցեում ապրում են երկու եղբայրներ, որոնք ամեն առավոտ չոր փայտ են միասին հավաքում, կրում ու հասցնում տուն։ Մեծի անունը Մոնթե է։ Մի անգամ հիացմունքս հաղթեց, ասի․

-Բարև, մի պեն հրցնիմ։ էտ ամեն օր փայտ ըք հվաքու՞մ։

– Մեր տոնը փիչ ա։ Առանց փայտ ամալ չի կյամ։ Մաման կարել չի կյա անէ։ Ես նա իմ ախպեր ընք ամեն օր հվաքում, տանում։

– Հա՜… Մոլոդցը, վեր հտէ տի տղերք ըք մծանում։ Ես սիրում ծեր տան ճանապարհը։ Հենցում լհա Իտալիա ինիմ։ Ամեն օր ծեզ յեշում, հիանում։

– Հա՜… ղաշյանգ ա։ Ապրիք շատ։ 

– Տեռնում ա՝ վեչ լյուս կա, վեչ գազ կա, վեչ կապ կա, վեչ էլ նորմալ ճյուր կա՞… Լյավ ա էտ փայտն էլ կա։

Միասին ծիծաղեցինք։ Ու ես շարունակեցի իմ ճանապարհը՝ հետ վերադառնալով իրականություն, ու հիշելով՝ բլոկադա է։ Օր …. եսիմորերրորդ․․․

Ու կրկին ծանր լռություն էր։

***
Տուն վերադառնալիս ճանապարհս հոգնածությունից ելնելով կրճատեցի։ Բոստաններ կային։ Որոշեցի էնտեղով գալ, որ կիզիչ արևից գոնե ծառերի ստվերները պաշտպանեն ինձ։ Հանկարծ նկատեցի՝ ձեռնափայտով ձեդոյին, որ կանգնած դեպի հեռուներն էր նայում։ Ուսին ուսապարկ կար, երկար կալոշներով և հին ու մաշված զինվորական համազգեստով։ Հետաքրքրեց ինձ իր հայացքը։ Սկզբից մտածեցի, որ վատ է զգում իրեն, մոտեցա.

-Ձեդո՞։

-Հա ջան, մատաղ։

-Հունց ը՞ս. էտ կարող ա՞ փիս ըս զգում քեզ։

-Հենում լյափ լյավ։ Պրոստը մտքերվում լի։ Եկալ ում բոստանս մշակիմ։

– Բոստա՞ն ըս անում։ Թույլ ա՞ տամ առողջականդ յանի։

-Մատաղ, պա հի՜նչ։ Հնէէէէ… տե՛ս, ի՜մն ա։ Իմ քրտինքս ա։ Ապրիս, վեր անտարբեր չըս։ Վեր կյամ ըս, յեշում ըս (նայում ես) ու մտածում մեծերի մասին։

Պա խե՞ փայտավ ըս…

– Չէ, սա պրոստը դիքյը փիցրնալի (բարձրանալու) հետի յա։

– Հա՜… դե լյավ յեշի քեզ։ Ես էլ տոն քինամ։

– Քինա, քինա, ղաշյանգ բալա։

Ճանապարհին զանգեցի մորս.

– Մա՞մ, հաց կա՞։

– Չէ՛, սօր իննան չի։ Եկ տոն։ Հերթ չի քինաս։

Մի կերպ հիասթափությունս զսպելով, ուժասպառ վիճակս թաքցնելով՝ ժպտացի, ու ինքս ինձ ասացի․ «Սա էլ անց կկենա»։ Հենց այսպես էլ ապրում ենք… Մեր սիրած քաղաքում։

Շրջափակված բլոկադնիկները ապրել են ուզում։

Ուզում են ազատ լինել։

Ուզում են հեռու լինել մի իրականությունից, որտեղ չկան դատարկ ու փակ խանութներ, անբուժելի հիվանդներ, խլած մանկություն, չծնված երեխաների դիակներ, զոհեր, անլույս ցերեկներ ու գիշերներ, ուշաթափվող ու անջուր մարդիկ, անվերջանալի հերթեր, «պատերազմներ» ՝ մի հատիկ սիգարետի համար եւ այսպես շարունակ…

Իսկական դժոխք երկրի վրա։ Իսկ մենք հիմա պայքարում,  ինքներս մեզ միայն մխիթարում ու հարցնում ենք՝ լինե՞լ, թե՞ չլինել…

Բայց ես գիտեմ՝ Աստված վեհ է։ Եւ մենք ՊԻՏԻ լինենք։  Եւ ինչպես ղարաբաղցիներն են ասում՝ լյոխ լյավ ա իննան․․․

Please follow and like us: