Հովիկ Մխիթարյան/Ոտքի թաթը

Նոյեմբերյան մի օր զինվորն իջնում էր լեռից: 44-օրյա պատերազմն ավարտվել էր, կրակոցներ ու պայթյուններ չկային։ Իջնում էր զինվոր ընկերների հետ, որ նստեն զինվորական մեքենան ու շարժվեն դեպի տուն։ Իջնում էին դանդաղ, մի քիչ ուրախ, մի քիչ մռայլ, հանգստանալով, վայելելով անշարժությունն ու լռությունը, աշնանային ժլատ արևը, երբ մի փոքր առջևում ոտքի կտրված թաթ տեսավ, ու երգը սառավ շուրթերին։ 

Չէր սպասում տեսնել անտեր թաթը՝ կտրված կոճից մի քիչ վերև, առանց տիրոջ։ Երբ հավասարվեց, կողքով անցնելիս, ավելի դանդաղեցրեց քայլերը։ Աչքի պոչով նայեց, չհասկացավ՝ իրենցի՞ց էր եղել տերը, թե՞ թշնամու զինվոր։ Պատերազմի ժամանակ խառն օրեր էին, հաճախ ով ինչ հասցնում էր, հագնում էր։ Թաթի վրա կիսամաշված, այրված մարզական կոշիկ էր՝ բոթաս։ Բայց այս դեպքում դա նշանակություն չուներ։ Նշանակություն ուներ ավելի կարևոր մի բան՝ տեսնես ի՞նչ էր զգացել թփուտների մոտ միայնակ ընկած թաթի տերը, որ երբեք չէր ցանկանում ու չէր պատկերացնում այս տեսարանը։ Նա հավանաբար սուր ճչացել է՝ «մա՜մ», կամ անհույս անհեթեթ մի ուրիշ բան գոռացել, իսկ միգուցե ցավից ուշաթափվել է ու կորցրել գիտակցությունը, որ ավելի լավ կլիներ իր համար։ Միգուցե մահացել է այլ վերքերից, որովհետև այսպիսի սարսափելի հարվածը մարմնի ուրիշ մասեր էլ է վնասում։  

«Միայն թե տանջված չլինի», – առաջին պահին անցավ մտքով։ Հարվածը ահավոր է եղել, պատկերացնելն իսկ սարսափելի է՝ մարմնամասը օդ է թռել ու երկրաչափական, ձգողականության օրենքների համաձայն աղեղ գծելով՝ ընկել գետին։ Զինվորը կանգնեց ու սկսեց ուշադիր զննել այդ տեղամասը, փորձելով հասկանալ, թե որտեղ ու ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ այդ բոլորը։ Հնարավոր է այստեղ մարտ է ընթացել, հնարավոր է նահանջելիս են եղել և չի հասցրել հեռանալ, բոլոր դեպքերում զինվորի բախտը չի բերել։ 

Հետո անհույս ու անմիտ գործ համարելով, այլևս չմտածեց այդ մասին։ Ինչ եղել է՝ արդեն եղել է։ 

Կյանքում նա սովորել էր, որ առանց մարմին թաթ չի լինում, սակայն այդ օրը տեսավ։ Առանց թաթ մարմին շատ էր տեսել։ Մարտերից հետո ավելի դժնի պատկերներ էր տեսել, սակայն այդ մեկն անսովոր էր ամեն ինչով։ Նախ որովհետև պատերազմն ավարտվել էր, թեպետ ընդամենը ժամեր առաջ։ Հետո զինվորական կոշիկով չէր, այլ սովորական, քաղաքացիական մարզակոշիկով։ Ե՞րբ էր հասցրել փոխել կոշիկները, կամ՝ ինչո՞ւ, դժվար է ասել։ Այդ մարզակոշիկներով հավանաբար վազել էր, ֆուտբոլ խաղացել, քաղաքում պտտվել, երբ դեռ թարմ էր եղել՝ հանդիպել աղջիկների հետ։ Իսկ հիմա ընկած էր զառիվեր ճանապարհին, թփուտների մոտ։ 

Հնարավոր է անգամ տերը կենդանի լինի, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեն վերցրել թաթն ու հասցրել բժիշկներին, դրել իր տեղը։ Հավանաբար այսպես է եղել․ առաջին պահին, երբ արկի բեկորը հարվածել է և թրի նման կտրել, շպրտել մի կողմ, տերը սարսափահար է եղել ու կողքինները, եթե հասցրել են կամ կարողացել, շտապ արյունահոսությունն են կանգնեցրել, կյանքն են փրկել, եթե դա միակ վնասվածքն է եղել։ Իսկ ինչո՞ւ չի խնդրել ետ բերել իր մարմնամասը, ինչո՞ւ է արագ համակերպվել  մարմնամասի կորուստի հետ, շատ տարօրինակ է։ Ուրեմն նա խոր ուշաթափվել է՝ լավագույն դեպքում, իսկ վատագույն  դեպքում նա մահացել է։

Մարտերի մասնակցած զինվորը գիտեր, որ նման հարվածներից առաջին պահին հնարավոր է ոչինչ չզգան, ապա վրա է հասնում ցավային շոկը։ Եթե ամուր նյարդեր ունես՝ դա էլ ես հաղթահարում։ Եվ հետո արդեն՝ ցավը, եթե չես ուշաթափվում։ Ուրեմն մահացած կլինի, թե չէ կողքինները կվերցնեին ու կբերեին տիրոջ մոտ։ Բայց դա էլ կասկածելի է, ով այնքան համարձակություն ու ամուր նյարդեր կունենար վերցնել գետնից կտրված, արյունաշաղախ մարմնամասը և բերեր։ Ուրեմն հնարավորություն կա, որ տերը կենդանի՜ է։ Ճիշտ է, շատ քչերը այդպես կանեին․․․ ամեն ինչ պակաս զարհուրելի կլիներ, եթե տերը կենդանի լիներ․․․շատ կուզեր, որ տերը կենդանի լինե՜ր։ Թեկուզ հաշմանդամ, բայց կենդանի։ 

Նա նայեց շուրբոլորը․ մենակ չէր, խմբով, տղերքով էին իջնում։ Մռայլ, հոգնած թե ուրախ՝ նրանք շաղակրատելով առաջ էին անցել։ Փրկվածի ուրախությունը տարբեր ձևով է լինում։ Ոմանք բարձրաձայն խոսում են ու ծիծաղում, ոմանք՝ լացում, տեսել է ինչպես են լացում տղամարդիկ։ Հաճախ չեն բարձրաձայն լացում, բայց փղկձում են, ցնցվում են մարմնով կամ ծխախոտ ծխում։ Ոմանք էլ մռայլ ու լուռ նայում են գետնին։ Հիմա, երբ իջնում են, ոմանք երևի չնկատեցին էլ թաթն առանց տիրոջ։ Կամ նկատեցին ու բանի տեղ չդրեցին, դա ի՜նչ է, մարտերի էին մասնակցել, ավելի զարհուրելի տեսարանների  ականատես եղել։ Ու ի վերջո ի՞նչ պետք է անեին թաթի հետ։ 

Իսկ միգուցե ճանաչե՞ն տիրոջը՝ ո՞վ էր պատերազմի ժամանակ բոթասով կռվում, երևի մեկը, որ մսի մեջ աճած եղունգ ուներ ու չէր կարող կոշտ կամ նեղ զինվորական կոշիկ հագնել։ Բայց դա սխալ է, չէ որ զինվորական կոշիկն ամուր է, միգուցե մի ջիլ, մի մկան փրկեր, թաթը պահեր տեղում, մի բանով կպած մնար ոտքին, վերականգնեին։ Բայց դե տերն ի՞նչ իմանար, որ հարվածն այդքան անհաջող է լինելու։ 

Թաթի՜ տերը, – այս հարցն էր նրան անհանգստացնում ամենից առավել՝ տեսնես կենդանի՞ է տղան։ Նա նույնիսկ կանգնեց՝ նայեց շուրջբոլորը, մանկամտաբար, հիմարի նման ուզեց գոռալ․

-Տղե՜րք, ձեզնից ո՞վ է ոտքի թաթ կորցրել։ 

Հետո հանկարծ հասկացավ, որ դա ծիծաղաշարժ է ու անիմաստ։ Իսկ ընդհանրապես՝ ինչի՞ համար են ոտքի թաթերը, եթե կարող են այդպես թեթևորեն պոկվել, օդ թռչել, իսկ չի՞ նեղանա այդ ամենի Ստեղծողը։ Աստծուն պետք չէ նեղացնել, – անցավ մտքով։ 

Հնարավոր է, որ թաթի տերը կենդանի լինի, ման գա էս կողմերում, հարցնի՝ չե՞ն տեսել իր ոտքի թաթը։ Բայց մտածեց, որ դա էլ հիմարություն կլիներ, արդեն ով գիտի ինչքան ժամանակ է անցել կտրվելուց ի վեր, և թաթն էլ մահացած կլինի։ Հնարավոր է՝ ոտքի թաթն էլ վիրավորված լինի տիրոջից՝ չկարողացա՞ր պահել ինձ։ 

Մի խոսքով՝ եղածը եղած է։ 

Հրադադարից երջանիկ՝ ոտքի թաթից տագնապած ու հուզված զինվորն իջնում էր ու մտածում։ 

Պատերազմ է։ Ասել են՝ կրակիր, խփիր, որտեղ հասցնես, ինչքան մոտ կենսական օրգաններին, այնքան սքանչելի՝մեդալներ կստանաս ու ցմահ թոշակ։ Ինչքան շատ ոտքի կտրված թաթեր, այնքան բարձր կլինի ցմահ թոշակը։ Այդպես է որոշված ու բոլորն էլ համաձայնվել են, որ մարդկանց ոտքի թաթերն առանձնապես կարևոր չեն, խփեք, կտրեք, պոկեք։ Դա ճիշտ է, մեղադրող չկա։ Բայց ասել, թե միշտ և հատուկ ոտքերի թաթերին են նշան բռնել, սխալ կլինի։ Դու խփում ես մարդու երկրաչափությանը և մի տեղ դիպչում է կամ չի դիպչում, նայած մարդը որտեղ է կանգնած։ 

Ե՞րբ կարելի է խփել, կտրել, մի՞շտ, թե՞ երբեմն։ Ո՞ւմ հարցնենք։ Հա, կարելի է մի որոշակի ժամանակահատվածում, որոշակի տարածքում, որոշակի պայմաններում։ Մարդը պետք է այնպես անի-թեպետ դա ինքը չի որոշում,-որ չհայտնվի այդտեղ։ Ուղղակի որոշ մարդկանց բախտը չի բերում և անպատեհություն են ունենում մի որոշակի ժամանակահատվածում, որոշակի տարածքում, որոշակի պայմաններում հայտնվել հենց այդտեղ ու հենց այդ ժամանակ։ Հետո թռչում է իրենց թաթը, ոտքը կամ ձեռքը, նայած բարեբախտությանը։ 

«Ինչի՞ համար է ոտքի թաթը», – մտածեց նա։ Հա՜, հասկացավ, քայլելու, տեղից տեղ շարժվելու համար։ Սկսեց ավելի զգույշ քայլել, ապա նայեց իր կենդանի ոտքի թաթին, զինվորական կոշիկի մեջ ոտքը ճկուն շարժեց այս ու այն կողմ՝ տեղո՜ւմ է, առողջ է։ «Լավ,- մտածեց, – ո՞րն է հիմա իր ու այն մեկ տղայի տարբերությունը, որ այլևս չունի ոտքի մի մասը»։

Ընկերները չէին նկատում, թե ինչքան մտահոգ է ինքը, ինչ է մտմտում։ Անընդհատ մտածում է առանց ոտքի թաթի մնացած տղայի մասին։ «Լա՜վ, չէ՞ր կարող չգալ, մնար այնտեղ, որտեղից եկել էր։ Տեսնես ջահե՞լ է, թե տարիքով տղամարդ»։ 

Հիմա, մտածելով ոտքի մասին, զգաց, որ անմիտ պատմության մեջ է ընկել։ Պետք է ինչ-որ բան անել, հենց այնպես չի լինի՝ թողնի ու գնա․ մարդկային ո՜տք է, երբ ծնվել է, մայրը սիրել է, գուրգուրել, տոտիկ-տոտիկ է արել այդ ոտքով ու հիմա ապուշի մեկը խփել-թռցրել է։ Այդ ոտքը քայլել է ու հոգնել, լվացել են, հոգացել ու խնամել, եթե ցավել է՝ օգնել է, որ չցավի։ Ու մի, հենց մի՛ ակնթարթում կար՝ ու չկա՛։ Տեսնո՞ւմ ես՝ ոնց է լինում։ 

Ինքը մարտերի ժամանակ ավելի ծանր տեսարանների ականատեսն էր եղել, բայց դա մարտի ժամանակ էր, «թույլ էին տվել», իսկ հիմա էլ մարտեր չկան ու մի տեսակ անսովոր է, թեպետ դեպքը ավելի շուտ է տեղի ունեցել։ Հետո մարտերի ժամանակ բժիշկները կտրտված, պոկված, բայց քիչ թե շատ պահպանված մասերը դնում էին մարմնի վրա, եթե հնար էր լինում՝ կպցնում էին։ Հիմա խաղաղ է, ամպ էլ չկա, հրանոթի ձայն՝ համարյա չկա, այնպես՝ ձևի համար, մեկ-մեկ տեսնում է թշնամու տղերքին, իրենք էլ ինչ-որ տեղից ինչ-որ մի այլ տեղ են գնում ոտքի չկտրված թաթերը սահուն (չգիտակցված ուրախությամբ, բնազդային, կենդանի մնալու ենթագիտակցական վայելքով) դնելով գետնին։ Երբ ունես այդ թաթը, չես էլ մտածում, չես զգում նրա գոյությունը, իսկ երբ չունես, շա՜տ անհարմար է, թեպետ մի պահի նրան փոխարինող ու անկենդան մի սարք ես կպցնում կորստի հատվածում։ 

Իջնում է զինվորն ու մտածում՝ գուցե պետք է ինչ-որ բան անել։ Շատ անհարմար իրավիճակ է, այսպես թողնել չի կարելի։ Հետո՞ ինչ, որ պատերազմ է եղել։ 

Նա հանկարծ, ներքին մղումով շրջվեց և ետ գնաց, հասավ այնտեղ, որտեղ միայնակ ընկած էր կտրված ոտքի թաթը։ Նայեց շուրջբոլորը։ Միայնակ էր։ Առջևում լեռն էր, որի հետ մի 20 օր ընկերություն էր արել․ այ նա տեսած կլինի՝ ոնց է մի կողմ թռչում ոտքի թաթը կենդանի տիրոջից, նա ավելի շատ բան էր տեսել, միգուցե լացել էր, թուխպ հավաքել ու ոչ մեկը չէր հասկացել, թե ինչո՜ւ է տխուր լեռը։

Զինվորը ձեռքի դաշույնով արագ ու խոր մի փոս փորեց մոտակա թփի տակ, կենդանի, զգացող ու ապրող իր ոտքի թաթով զգուշորեն փոսի մեջ հրեց-գցեց կտրված թաթը, «Բոթաս»ի մեջ։ Ապա հողը լցրեց, լավ ծածկեց փոսը։ Ոտքով տփտփացրեց ամրացրեց հողը, շրջակայքում գել ու գազան կլինի, կվնասեն․․․ ոտք է։ 

Նա զգաց, որ թեթևություն իջավ իր վրա, ավելի հանգիստ, բայց արագ սկսեց իջնել, որպեսզի հասնի ընկերներին։ Կարծես խիղճն էլ հանգստացավ։ Շնորհակալություն չէր սպասում ոչ մեկից, ինքն էր ու ինքը։ Ավելի հանգիստ էր, բայց մի ցանկություն համառորեն չէր հեռանում ուղեղից՝ որ կենդանի լիներ թաթի տերը, որ մահացած չլիներ, մի հնարով օգնեին ժամանակին, միայն թե ապրեր, թեկուզ՝ առանց մեկ ոտքի մեկ թաթի։

Զինվորն ուսից իջեցրեց զենքը, արագացնելով քայլերը, ավելի ու ավելի հեռանալով այդ վայրից։ Ուսից իջեցրած զենքը սկսեց քարշ գալ գետնի վրա։ Նա գնում էր մի երգ սվսվացնելով, ուրախ, որ ավարտվել է պատերազմ կոչվածը, ու տխուր, որովհետև գիտեր՝ երբեք չի ավարտվում պատերազմը։

Please follow and like us: