Արևածագին հանդիպեցի աստծուն․ միջին տարիքի մի հմայիչ կին էր՝ գույնզգույն զգեստով, երկարաճիտ կոշիկներով, «փոմփոլիկներով» պայուսակն էլ մերկ ուսին գցած։ Երկուսով կանգնած էինք փողոցում և սպասում էինք լուսացույցի «կանաչին»։ Ես անթաքույց հիացմունքով հետևում էի տիկնոջ ամեն մի շարժմանը և արդեն նրա հետ զրուցելու անհեթեթ առիթ էի փնտրում, երբ գեղեցիկ կնոջ կերպարանք ստացած աստվածը, առանց սպասելու լուսացույցի «կանաչին», «կարմիրի» տակով սկսեց կտրել դատարկ փողոցը։ Ես անհասկանալի հայացքով մեկ նայում էի լուսացույցի «կարմիրին», մեկ՝ սեթևեթ քայլվածքով տիկնոջն ու չէի կարողանում ինքս իմ մեջ խեղդել հիասթափության ծիլերը, որոնք անպայմանորեն ինձանից ինչ-որ գործողություն էին պահանջում։ Եվ այն պահին, երբ արդեն պատրաստվում էի գոռալ տիկնոջ հետևից «Դեռ կարմիր է, լավ չի՞ երևում․․․» ինձ բնորոշ դաստիարակչա-հեգնական նախադասությունը, տիկինը փողոցի մեջտեղից պտտվեց իմ կողմ, խիստ հայացքով ոտքից գլուխ չափեց ինձ և «Դեռ կարմիր է, լավ չի՞ երևում․․․» չասված նախադասությանս ի պատասխան՝ «Լա՛վ եմ անում, արա՛, դու քո խեղճության մասին հոգա․․․» զզվանք արտահայտող դեմքի արտահայտությամբ պատասխանեց ինձ և անշտապ կտրեց փողոցի մյուսի կեսը։
Մինչ կեսօր ապրեցի առավոտվա տհաճ հանդիպման զգացողություններով և հանկարծ կեսօրին կրկին հանդիպեցի աստծուն․ կոկիկ հագնված երիտասարդը, որի ամեն մի գործողության մեջ ճիշտ դաստիարակության և լավ կրթության համասեռ միասնությունն էր աչք զառնում, հեռվից մոտեցավ մետրոյում ժետոնի հերթ կանգնած բազմությանը։ Ես անմիջապես ժպտացի նրան, նույնիսկ ցանկություն ունեցա ձեռքսեղմումով ողջունել նրա գալուստը, որպեսզի մեղավորներիս բազմության մեջ նա ինքն իրեն ոչ մի վայրկյան մեկուսացված չզգա։ Մոտենալով հերթին, որը բավականին երկար մի նեղ գիծ էր, նա մի պահ կանգնեց, մտորեց, քորեց կարճլիկ պարանոցն ու զգուշորեն կողքերը նայելով՝ գաղտագողի սկսեց անցնել հերթի կողքով․․․ Եվ, ի վերջո, հայտնվեց վաճառողուհու դեմ դիմաց՝ հերթի ամենասկզբում։
— Բայց ախր հերթի վերջը մյուս կողմում է, — չկարողացա ինձ զսպել։
Նա թեքվեց ինձ մեջքով, բայց հերթի հակառակ ծայր գնալու փոխարեն ձեռքի մետաղադրամը կողքից ուղղեց վաճառողուհուն։ Ես մի քանի քայլ առաջ գնացի, ցուցադրաբար թփթփացրի նրա ուսին։
— Երիտասա՛րդ, բոլորս էլ ժետոնի համար ենք այստեղ սպասում, ինչո՞ւ ես առանց հերթ կանգնելու թաքուն-թաքուն ժետոն գնում։
— Դեեե՜․․․
Երիտասարդը չհասցրեց պատասխանել, երբ հերթում կանգնածները կտրեցին դիմացս ու սկսեցին ամեն գնով պաշտպանել աստծու դեմքով երիտասարդին, որն անմիջապես վերցրեց գնած ժետոնն ու արագորեն կորավ տեսադաշտից։ Մարդկանց բազմության մեջ ինձ ավելորդ զգալով՝ ես արագորեն դուրս պրծա հերթից ու սկսեցի փնտրել գետնանցումից լույս աշխարհ տանող փրկիչ ճանապարհը։
Արտասովոր օրն ավելի տհաճ դարձավ, երբ միջօրեին ևս մեկ անգամ հանդիպեցի աստծուն։ Մետրոյի միջադեպից հետո աչքս վախեցած որոշել էի տաքսիով տուն գնալ։ Վարորդը, ինչպես հաճախ է պատահում երևանյան տաքսիներում, անխռով ծխում էր և եռահարկ հայհոյանքներով պատմում իր կյանքի անցյալի ու ներկայի անհետաքրքիր դիպվածները։ Այդ նույն պահին կողքի սև ավտոմեքենայի պատուհանը փոքր-ինչ բացվեց ու աստվածային մի ձեռք պատուհանից ինչ-որ թղթի կտոր դուրս շպրտեց։ «Ինչո՞ւ եք դուրս շպրտում․․․» խոսքիս վրա տաքսու վարորդն առաջ անցավ կողքի մեքենայից, բայց լուսացույցի կարմիր լույսը ստիպեց նրան արգելակել մեքենան։ Սև ավտոմեքենան կրկին հայտնվեց իմ կողքին և այս անգամ մուգ պատուհանն ամբողջությամբ իջավ ներքև։ Ղեկին աղջիկ էր՝ ճչացող կարմիր շրթներկով և շատ երկար արհեստական թարթիչներով, իսկ կողքին նստած էր մի երիտասարդ՝ սպիտակ շապիկով։
— Ի՞նչ էիր ասում, արա՛, — աղջկա հայացքի մեջ անվախ զզվանք էր նկատվում։
— Ասում էի՝ ինչո՞ւ եք թուղթը դուրս գցում, աղբաման չունե՞ք, — մտածեցի՝ «դուք»-ով խոսելը կստիպի նրան մի քիչ զսպել իր գերմարդկային հարձակողական տրամադրությունը։
— Ճի՛շտ ես ասում, — մաստակը լողում էր նրա մսոտ շրթների վրայով, — զիբիլը պիտի վրեդ գցեի։
Ես մի պահ «մարսեցի» աղջկա պատասխանը և նրա գռեհիկ ժպիտն անտեսելով՝ դիմեցի կողքի սպիտակ շապիկով երիտասարդին․
— Եղբա՛յր, սանձի՛ր «աստվածուհուդ»։
«Եղբայրը» նայեց ինձ, մի պահ հայացք գցեց «աստվածուհուն» ու բերանը փոքր-ինչ վեր ծռելով՝ պատասխանեց․
— Ապե՛ր, առավոտ շուտ արդեն երկու անգամ «սանձել եմ»։
Աղջիկն ու տղան միմյանց նայելով սկսեցին բարձրաձայն քրքջալ։ Չնայած լուսացույցի կանաչ լույսի հետ սև ավտոմեքենան սլացավ առաջ՝ երիտասարդների քրքջոցը դեռ երկար զրնգում էր իմ ականջներում։ Տաքսու վարորդը, չիմանալով ինչպես մխիթարել ինձ, մեղմ ձայնով ասաց․
— Ախպե՛րս, կարաս ռեմենը չգցես։
Դուրս եկա տաքսուց ու ոտքով տուն գնացի․ թեկուզ դեռ երեկոն չէր իջել քաղաքի վրա՝ ուզում էի շուտ քնել, շատ շուտ ավարտեի անիծված այս օրը։
Մասամբ իրագործելով քնելուս մտադրությունը՝ ուշ երեկոյան աչքերս բացվեցին․ օրը չէր ուզում ավարտվել, օրը դեռ ասելիք ուներ։ Մի քանի ժամվա քունը էժանագին ցավազրկողի դեր էր խաղացել, և քնից հետո օրվա տպավորություններս աստիճանաբար թարմանում էին իմ մեջ՝ սրելով սուր ցավի անտանելի զգացողությունը։ Որոշեցի փախչել մտքերիցս ու մի քիչ զբոսնել շենքի դիմացի կիսամութ այգում։ Երբ ուզում էի սեղմել վերելակի կոճակը՝ մութ աստիճանավանդակի մոտ ինչ-որ ձայներ լսվեցին։ Մոռանալով ամեն ինչ ու ամեն բան՝ շտապեցի դեպի մթություն՝ այն հույսով, որ ինչ-որ լույս կտեսնեմ։ Մոտենալով մութ աստիճանավանդակին՝ միացրի բջջային հեռախոսիս լապտերը և․․․ Եվ կրկին տեսա աստծուն, այն էլ զինվորական հագուստով։
— Բարև, Պավլի՛կ ձյա, — մթության մեջից դիմացս պրծավ կիսակոճկած զինվորական վերնաշապիկով մի լուսավոր երիտասարդ։
— Աբե՛լ ջան, դո՞ւ ես։ Էս ծառայությունից եկե՞լ ես արդեն։
— Չէ՛, Պավլի՛կ ձյա, — երիտասարդն արդեն կոճկել էր վերնաշապիկը, ուղղել ճմրթված տաբատը, — «սամավոլկա» էի էկել՝ քուրիկին, մերոնց տեսնելու համար։ Հիմա վռազ եմ, կներես, պիտի արագ գնամ, — ասեց ու վազեց դեպի վերելակի կողմ։
Աբելի հետևից նայելով մի պահ կանգնած մնացի, հետո բջջայինի լապտերը դիմացս պահած իջա աստիճաններով։ Մի քանի աստիճան էլ չէի իջել, երբ լապտերս լուսավորեց դիմացս կանգնած կիսամերկ մի աղջնակի, որը շտապ ու հախուռն շարժումներով փորձում էր արագորեն ուղղել հագուստները։
— Մարիամի՞կ ջան, ի՞նչ ես անում էս մթին, հո բան չի՞ եղել․․․
— Չէ՛, չէ՛, Պավլի՛կ ձյա, — պարմանուհին հագուստները գրեթե ամբողջությամբ ուղղել էր՝ բացառությամբ կուսական կրծքերը փակող կրծքալի, որն ուրացող առաքյալի պես մատնում էր նրա բոլոր մեղքերը։
— Հենց նոր եղբորդ՝ Աբելին տեսա․․․ — ասացի ու կծեցի լեզուս՝ միայն բառերն արտաբերելուց հետո հասկանալով ամեն ինչ։
— Հա՞․․․ ասում են՝ էկե՞լ ա․․․ գնամ՝ տեսնեմ, — կմկմաց աղջնակն ու արագորեն իջավ աստիճաններով։
Անջատեցի բջջայինի լապտերն ու մի քանի վայրկյան քարացած մնացի տեղումս գամված։ Մտքերիս ավերիչ պտտահողմից սարսափելով՝ շտապ ուշքի եկա, ինքս ինձ երկու ապտակ հասցրի ու հետ բարձրացա աստիճանավանդակով․ զբոսանքի փոխարեն վերադարձա բնակարանս։ Չմիացնելով բնակարանի լույսերը՝ ծանր քայլերով անցա ննջարան, նստեցի մահճակալին և հոգեվիճակս թեթևացնելու ու նոր աստվածների հետ հանդիպումն այլևս բացառելու մտադրությամբ՝ ակտիվացրի բջջային հեռախոսս և սեղմեցի «ֆեյսբուքի» գայթակղիչ պատկերակը։ Իհարկե ավելի վատ բան, քան «ֆեյսբուք» մտնելն էր, չէր կարող լինել, այն էլ ուշ երեկոյան, երբ բոլոր աստվածները ձանձրույթը փարատելու և մյուսների նկատմամբ իրենց գերակայությունն ապացուցելու համար հենց այս սոցիալական հարթակն են նախընտրում։ Միանգամից հայտնվեցի Օլիմպոսում, որի գագաթում մի անկաշկանդ խնջույք էր։ Որքան էլ փորձում էի անտեսել ու շրջանցել աստվածների խնջույքը, ֆեյսբուքյան բոլոր ճանապարհներն անցնում էին Օլիմպոսով։ Ամենուր փնտրում էի Պրոմեթևսին, դեպի տաքություն ու կրակ էի ձգտում, բայց միևնույն է՝ հայտնվում էի խնջույքում՝ այս կամ այն աստծու կողքին։ Ի վերջո, ինչպես գրեթե միշտ է պատահում ինձ հետ, համակերպվեցի իրավիճակին, Պրոմեթևսի որոնումներս դադարեցրի և փորձեցի հարմարվել Օլիմպոսում՝ ինձ համար հատուկ պահված մի հարմարավետ տեղում։ Ու երբ արդեն հանդարտվել էի և ուզում էի փոքր-ինչ հանգստանալ՝ տեսա Պրոմեթևսին։ Նա աչքերը փակ պառկած էր խնջույքի սեղանին, իսկ աստվածները դանակ-պատառաքաղով կտրտում էին նրա մարմինը և փոքրիկ կտորներով մաս-մաս ուտում սմքած մսերը։ Արյունը ծորում էր Պրոմեթևսի բզկտված մարմնից, խնջույքի ճերմակ սավանը բոսորագույն էր դարձել, բայց այդ սահմռկեցուցիչ տեսարանը ոչ մեկին չէր խանգարում, և աստվածները վսեմաշուք կենացներ ասելով՝ ոսկեզօծ բաժակներով խմում էին Պրոմեթևսի թարմ արյունն ու շարունակում ուտել նրա տաք մարմինը։ Կողքիս հայտնված գույնզգույն շորերով ու երկարաճիտ կոշիկներով հմայիչ կինն իր ոսկեզօծ բաժակը լցրեց Պրոմեթևսի արյունով, հեգնորեն ժպտաց և բաժակը դեպի ինձ ուղղելով՝ ասաց․ «Փորձի՛ր, խղճո՛ւկս, շա՜տ համեղ է․․․»։
Ես անմիջապես ապակտիվացրի հեռախոսս ու շպրտեցի ննջասենյակից դուրս։ Արագորեն ծնկի իջա ու սկսեցի բարձրաձայն աղոթել․
— Հա՛յր մեր, որ երկնքում ես․․․
Գլխավերևումս հայտնվեց մի շլացնող լույս և ամբողջ բնակարանս լուսավորվեց տաք ճառագայթներով․ Աստված էր։ Ես հայացքս ուղղեցի դեպի կուրացնող լույսն ու կրկնեցի․
— Հա՛յր մեր, որ երկնքում ես, ների՛ր բոլոր մեղքերը մեր․․․
— Ո՛չ, որդի՛, ձեր մեղքերը ներելի չեն, — աներկրային ձայնն արձագանքում էր ողջ բնակարանով մեկ։
— Հա՛յր մեր, որ երկնքում ես, ների՛ր մեր մեղքերը․․․ — կրկնեցի ես ավելի ցածր ձայնով։
— Մեղքերի համար պե՛տք է վճարեք, շա՜տ թանկ վճարեք։
— Հա՛յր իմ, որ երկնքում ես, խնդրում եմ՝ ների՛ր ինձ․․․
— Դեռ հատուցելո՛ւ եք։
— Հա՛յր իմ, ես մեղավոր չե՛մ․․․
— Հատուցելո՛ւ եք, — բնակարանի լույսն աստիճանաբար խամրում էր, իսկ Աստծու ձայնն ավելի հեռվից էր հնչում։
— Ես մեղավոր չեմ, Հա՛յր, ների՛ր ինձ, խնդրում եմ․․․ — ձեռքերս ավելի վեր պարզած գոռում էի ես։
— Հատուցելու եեե՜ք․․․
Աստծու ձայնը կորավ սարերի հետևում մեռնող մայրամուտի բոսորագույն ալիքներում, իսկ իմ բնակարանին ամբողջությամբ տիրեց անգութ մթությունը՝ թողնելով ինձ գլխիկոր ծնկած անդուլ խավարի մեջ։