ՀԱՅԱՍՏԱՆ
Գիտես ինչ, Հայաստան,
քեզ հետ մենք այնքան
երկար ենք ապրել,
որ մեր ծիծաղն ու լացը
դարձել է մոր-մանկան փոխհարաբերություն,
դարձել է զրույց մի ավանդական,
ավելին.
մտերիմ մի խոսակցություն:
Գիտես ինչ, Հայաստան,
էլ ախ ու վախ չանենք,
մենք քո մեջ,
դու մեր մեջ
այնքան ենք փորփրել,
և մենք քո,
դու մեր
եղածն այնքան ենք
լույս աշխարհ հանել,
որ արդեն գիտենք,
թե որքան արժենք
և միմյանց գովելու
կամ հաճոյախոսության բնավ հարկ չունենք:
Հետո, գիտես ինչ, Հայաստան,
դու մեր,
մենք քո համար
այնքան ենք տառապել,
որ հիվանդացել ենք միմյանց սիրուց
ու վաղուց, դեռ մանկուց
դարձել ենք հանրահայտ
ողջ աշխարհի մեջ:
Ի վերջո, գիտես ինչ, Հայաստան,
քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով
ու քո խորությամբ
մեր աչքերի մեջ
այնպես ես նկարվել,
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ
մեր ով լինելը
թե ուզենանք էլ՝
չենք կարող ծրարել:
***
Զուգարանները կլինեն ոսկուց:
Թոմաս Մոր
N զորամասում
երբ նոր զուգարան շինեցին
Թոմաս Մորը չկար,
այլ կար նրա «Ուտոպիան»,
որի թղթերը
զինվորները մեկ-մեկ
բաժանեցին իրար մեջ
նոր զուգարանի բացման
արարողության առթիվ
և հատկապես որ
բնական պահանջն էր
ստիպում նրանց
ԾՈՎԸ ՄԵԾ Է, ԶԱՐՄԱՑԱՎ ՉԵԽՈՎԸ
Ես շատ չարչարվեցի
բայց միայն մարդ
թվացիք դուք ինձ
ՄԵԶ ՔԻՉ ՄՆԱՑ ՄՏԱԾԵԼՈՒ
Երաժշտության ոսկե գանձերից
հաղորդումն ավարտվեց
կտրվեց լարը ջութակի
կամաց
կծկվիր
չես տեսնում պատերազմ մեկնող
մարդկանց
իսկ ջութակը
մնաց առանց լար
հիմա նվագում են
նրա
փայտի վրա
ու գիտե՞ս ինչպես
դարձրել
ու հետևին դմբդմբացնում են
դրմբ
***
Դարն ուրիշ է, հավքերն ուրիշ,
Հավքերն ուրիշ, երգերն ուրիշ
Հայնրիխ Հայնե
Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ,
էլ մենք արցունք չունենք հիմա,
էլ չենք դողում ծաղկի վրա,
չենք հասցնում էլ լաց լինել:
Հավատա ինձ,
տխուր էին երգերը ձեր.
երբ մենք, հոգնած առօրյայից,
ձեզնից փափուկ բարձ էինք ուզում,
նորից ձեր հին երգն էիք երգում,
նորից արցունք
քամում մեզնից:
Այո, Հայնրիխ, շատ ենք փոխվել.
թե չտեսնենք՝ չենք հավատա,
էլ մենք արցունք չունենք հիմա,
չենք հասցնում էլ լաց լինել։
***
Կարմիր սվիտրի
կարմրությունը խունացել է
և իմ պիջակի գույնը նույնպես
ներկելու տրամադրություն էլ չկա,
երբ ոչ ոք չի ուզում
որ մի քիչ
մոռացված պիջակս
կամ այն սվիտրը
որը հիշեցնում է
արդեն հատակի գորգը,
փռեմ ձեր առաջ,
ու քայլեք նրա վրայով,
իսկ թե երբևէ կարողանամ
ներկել իմ սվիտրը,
ուրեմն բարեհաճեցեք
զգույշ քայլել նրա վրայով,
որովհետև
այս սվիտրի վրա
ես դրեցի
ձեր բոլոր տանջանքները,
որ մենք միասին հագանք։
***
Վերջին րոպեին
հանգիստ կորոճանք մեր ցանկացած
ցանկացածը
և սիրուն կավարտենք
մի երգ,
որ պատերազմ է դարձել,
սառել է օդը
մեր շնչափողում,
դրա համար եք թույլ տալիս,
որ գան
նախագահները
ու մեզ մի լավ դաս տան,
իսկ դրանից ոչինչ չի փոխվում
բացի նախագահներից: