Խաչիկ Դաշտենց/Ֆայտոն Ալեքը

1
Գյումրի քաղաքում շատ կառապան կար.
Այնտեղ էր ապրում Բաբիենց Հայկը,
Այդ տղամարդն էր Ալեքպոլ բերել
Առաջին փոքրիկ երկանիվ կառքը:

Այնտեղ էր ծնվել Ծուռվզենց Արշոն,
Աչքերով խաժակ, ձիերով նախշուն,
Ո՞վ տեսած չկա Կնութ Վարդանին,
Որ կանգնած էր միշտ իր կառքը քշում:

Հապա Կռո՞ւնկը։ Մի՞թե չի անցել
Այդ ժիր գյումրեցին մի օր ձեր թաղով.
Այնտեղ էր ապրում հայտնի կառապան,
Հեքիաթի փոխված Ալեքն իր կառքով։

Ֆայտոն Ալե՜քը…Նա Շիրակի մեջ
Այդ անունով էր ծանոթ ամենքին։
Տունը կանգնած էր Սև ժամից վերև,
Ձորի-բողազի կանաչ բարձունքին:

Քարե տնակ էր փոքրիկ բոստանով,
Կատուն նստում էր հաճախ տանիքին,
Պատին թախծում էր «Մայր Հայաստանը»
Հայացքը հառած քաջ Անդրանիկին:

Ամեն առավոտ հերոսի պատվին
Նա կուլ էր տալիս մի գավաթ օղի.
— Կենացդ, ազի՛զ… Եվ մտրակն առած,
Շապխան ծածկելով գնում էր գործի:

Հին կառապան էր Ֆայտոն Ալեքը,
Նախշ-գոտին կապած, հագած ձեռնոցը,
Ոտքին փայլում էր ֆանար-սապոգը,
Կրծքին՝ «Սարգիսով» մեծ ժամացույցը:

Երկու ձի ուներ զանգուլակներով,
Անիվներ կարմիր-կապույտ ճաղերով.
Որ չէ՜ր սլանում Ալեքի կառքը`
Կարծես տեսիլք էր անցնում թաղերով:

Ի՞նչ եք զարմացած նայում երեսիս,
Ուզո՞ւմ եք ասեմ վերջին նշանը.
Ձիերից մեկի ճակատին խալ կար,
Որ հիշեցնում էր սարի շուշանը:

Իսկապես շիկ էր Ալեքի կառքը,
Այդ պատճառով էլ շախով գյումրեցիք
Սիրում էին նրա ֆայտոնով գնալ
Ժամ, նշանդրեք, կնունք, հարսանիք:

Արևածագից ոտքի վրա էր,
Վերջ չկար նրա ուղևորներին,
Մեկ-մեկ քշում էր աչքերը փակած,
Այնքան հմուտ էր ճանապարհներին: —

Գյումրի՜ն, հին Գյումրին, ծանո՜թ, հարազատ,
Փողոցները լուռ, դաշտերը դուրան,
Ալեքը թեթև քաշում է սանձը
Եվ սլանում է դեպի Ախուրյան:

Շարված են հերթով դարբին Մեխակը,
Քարտաշ Հարութը, որմնադիր Լիպոն,
Ընկեր տղերք են, Ալեքի կառքով
Քեֆի են գնում Արփաչայ խմբով:

Երկու կողմերից կառքը փակել են
Բաղնոց Երեմն ու սալդաթ Աղասին,
Հեռվում ցոլում է Ալաջա սարը՝
Թիկունքը պարզած հայրենի Ղարսին:

Ձիերը կայտառ թռչում են առաջ,
— Ծո, Ալե՜ք, կեցի՛ր, ընձի քովըդ առ: —
Բոստան Օնեսն է բարձրաձայն կանչում,
Կառքի հետևից վազում հևասպառ:

— Տե՛ղ չկա, Օնես, ռեսորը կկոտրի,
Դու ոտքով արի, ախպորը ղուրբան.
— Չէ՜, ոտքով որ գամ, ուշ կեղնի, Ալե՛ք,
Տղեքը ճամփես աշելով մեռան:

Եվ թավագլոր տալով Օնեսը
Մի կերպ կպչում է երկաթե ճաղին,
Ձեռքում նոր քաղած կոտեմն ու բողկը,
Գրպանում՝ կանաչ վարունգն ու օղին:

Դեռ Արփաչայից քաղաք չհասած`
Շրջապատում են Ալեքին խմբով.
— Ալեք ջան, գործ կա, ջահել տղեք ենք,
Էս գարնան գլխին նշանվեց Համբոն:

Էսօր գնում ենք մեր հարսին բերենք,
Մեզ էս սհաթին թռցրու Հոռոմ,
Թեզ էրա, Ալե՛ք, ճամփեն երկար չէ.
Հոռոմ ենք գնում և ոչ թե Հռոմ:

— Տղե՜ք, բեզրած եմ, ռեյսեն նոր եկա,
Ձիանքը մեղք են, դիմեք ուրիշին:
Չէ՜, Ալեք ախպեր, պատվի խնդիր է,
Ասոբի ֆայտոն կուզենք մեր հարսին:

— Ասոբի ֆայտո՞ն: Դե լավ, ներս մտեք,
Թող փեսի սիրտը չմնա խռով: —
Ջիլ զրնգում է Ալեքի կառքը,
Զուռնան է փչում աստղոտ գիշերով:

Նստած են մեջը Սելավի Սեթը,
Դուդուկչի Շավոն, Մկոն աժդահա,
Վառված երգում է գուսան Շերամը՝
«Սիրուննե՛ր, միք նեղենա. . .»:

Ահա երևաց Կռունկի կառքը,
Փոշին է ֆռռում ակների շուրջը,
Մեջը նստած են Աշուղ Ջիվանին,
Պադվալի Վաղոն, Պոլոզ Մուկուչը:

Նրանց դիմացը ջահել բանաստեղծ
Ավոն է թախծում, հենված ձախ թևին,
Աչքերը հառած մթնում առկայծող
Մայր Հայաստանի արևածագին:

Ալեքը հեռվից բարևեց նրանց:
— Անիեն կուգամ, — ասաց Կռուկը,
Եվ նա սլացավ Գյումրի տանելով
Քանդված քաղաքի քարերի խունկը:

Հետևյալ օրը հարսին թափորով
Ալեքը մինչև Բոշի թաղ տարավ,
Ու չեղավ երբեք, որ գեթ մի շաբաթ
Այդ կառքը մնար աշխարհում պարապ:

Իսկ տարեմուտին, օ՜, ի՜նչ եռանդ էր,
Երբ բուքն էր ոռնում Ջաջուռի սարով,
Ալեքի կառքը մի սահնակ դարձած
Թռչում էր Գյումրու ձյունոտ դաշտերով:

Բաբիենց Հայկը, Արշոն, Կռունկը
Ընդդեմ բնության տարերքին ըմբոստ,
Ռուս սպաներին թռցնում էին արագ
Բերդ, Սեվերըսկի կամ Կազաչի պոստ:

Մրրիկի նման արշավում էին
Դեպի Քարախաչ սարերի ձյունը,
Գետնի տակ թողած գյումրեցի հայդուկ
Պադվալ Վաղոյի տաք գինետունը:

Կնութ Վարդանի սահնակից մի օր
Բեռնակիր Մկոն վայր ընկավ հարբած
Եվ բացականչեց ձյուների տակից.
«Ծո, կայնի՜, օղո՛ւլ, պասաժիրդ մնաց»:

Բայց ամենից շատ Ալեքն էր հոգնում,
Օ՜, նրա նման կառապան չկար,
Մտրակը բարձըր՝ ձեռքի մեջ պահած՝
Նա մինչև Բաղդադ քշելով կերթար:

2
Հազար ինը հարյուր տասներեք թիվն էր,
Երկինքը կապույտ, օրը կիրակի,
Ալեքը վաղուց Մեղրագետն անցած
Բասենի դաշտով գալիս էր Գյումրի:

Մի մեծահարուստ վաճառականի
Ուխտի էր տարել Առաքելոց վանք,
Գիշերը քնել էր Խնուսա բերդում,
Ձիերը կապած Խամուր լեռան տակ: —

Նա անցավ Կարսը: Գյումրուն չհասած`
Մի սև բան հանկարծ սուրաց իր մոտով,
Ձիերը խրտնած ծառս եղան օդում
Ու կառքը փախցրին զիլ խրխնջալով:

Առաջին անգամ իր ամբողջ կյանքում
Ալեքի կառքը շեղվեց իր ճամփից,
«էս ի՛նչըղ չարխ է ֆայտոնի նման,
Ոչ ձի կա լծած, ոչ մարդ կա կուզին»:

Նրա աչքի դեմ ասես շուռ եկավ
Հսկա Յոթ-վերքը՝ ամենազորը,
Գմբեթը կարծես Բոշի թաղն ընկավ,
Զանգակը թռավ Չերքեզի ձորը:

Հին շուկայի մոտ մի միկիտան կար,
Ուր մինչև գիշեր դափ էին զարկում:
Վրան գրած էր՝ «Ճաշարան Սամսոն»
Եվ հռչակված էր ամբողջ Շիրակում:

Այդտեղ էին երգում մեծ գուսանները՝
Ջիվանի, Ֆարհատ, Շերամ, Ջամալու,
Ով որ հաղթվում էր, հանձնում էր սազը
Եվ դուրս էր գալիս ֆայտոն կանչելու:

Կողքին՝ Բիրժան էր։ Շատ կառապաններ
Քնում էին այնտեղ մինչև առավոտ:
Մյուս օրը մութին, իր մտրակն առած,
Ալեքը մտավ ընկերների մոտ:

Կառապանները Բիրժայում տաք-տաք
Վիճում էին ձիերի հաշվառման մասին,
Բարևեց նրանց, մտավ միկիտան՝
Խալաթը անփույթ նետած ձախ ուսին:

Բաբիենց Հայկը մի բարձի թիկնած,
Դանդաղ ծխում էր բեղը խանձելով,
Երկու կառապան անկյունը քաշված
Սուրճ էին խմում ֆռֆռացնելով:

Մեկը նրանցից Կնութ Վարդանն էր,
Մտրակը կախած կիսամութ պատից,
Նա ծեգին պետք է Արմավիր գնար,
Ձմերուկ բերեր Սարդարաբադից:

Մյուսը Արշոն էր, խաժակ աչքերով,
Անկարգ մազերը ճակատին թափած,
Գավաթն հազիվ էր ձեռքի մեջ պահում,
Մի քիչ քնատ էր ու մի քիչ հարբած:

Կռունկը նոր էր ձիերն արձակել,
Հասել էր այդ օր մինչև Վրաստան,
Ճերմակ Համոյին տարել էր Բորժոմ,
Եվ վերադարձել նորից Հայաստան:

Ճամփին կռվել էր նա Ծիտրոյի հետ.
Օ՜, այդ հին լոթին։ Սա կամեցել էր
Մի խոճկոր դնել գյումրեցու կառքը,
Վերջինս թքել ու հեռացել էր:

— Տեսե՞լ եք, տղեք, ֆայտոն առանց ձի, —
Ասաց Ալեքը նստելով հազիվ:
— Խե՞լռել ես, օղուլ, — ամենքն ասացին,
— Ֆայտոնեն չափուկ ի՞նչը կվազե:

Քեզի գոմեշ է ռաստ եկել ճամփին
Կամ գեշ երազ ես տեսել էս գիշեր: —
Ու հռհռացին կառապանները,
Իրար պատմելով զանազան հուշեր:

— Երազ չէ, տղե՛ք, թե սուտ կխոսիմ,
Թող սուրբ Յոթ-վերքը իմ լուսը բռնի,
Ֆայտոնի մահը էսօր-էգվան է,
Ֆայտոնը մեռավ՝ Գյումրին կմեռնի:

— Ֆայտոնը, օղուլ, պապից պապ կերթա,
—Շտկվեց Հայկը, խնդրելով գինի: —
Ֆայտոնի մահը էն վախտը կուգա,
Երբ աշխըրքի մեջ գետինը պրծնի:

Երբ որ կործանվի Փրկչի գմբեթը,
Ուստա Անտիկի շինած տաճարը,
Օղորմի՜ իրան, միշտ Անի կերթար,
Կաշեր, ետ կուգար՝ կշարեր քարը:

Գյումրու կենացը։ Ես Գյումրի բերի
Առաջին կառքը շալակիս դրած,
Չտեսնեմ մեկիդ ֆայտոնը դատարկ,
Մեռնելիս՝ մեռեք ձեր թառքի վրա: —

Ասաց Բաբիենց Հայկը և ըմպեց,
Ընկերները լուռ նրան նայեցին,
Խմեց, դուրս եկավ և կառքին հենված
Ծխեց ու նայեց սառն Արագածին:

Այդ գիշեր բոլոր կառապանները
Ցրվեցին տներ խռոված հոգով,
Մտրակն ու կապեն գլխի տակ դրած
Ալեքը ծածկեց իրեն վերմակով:

Քնեց Ալեքը և տեսավ ամբողջ
Շիրակը լցված բյուր ավտոներով,
Վազում են, սուլում հևասպառ, արագ,
Գյումրին ծածկելով ծխով ու նավթով:

Ահա բակ մտան տասնհինգ ավտո
— Ո՞ւր է գյումրեցի վերջին ֆայտոնչին,
Ո՞ւր է Ալեքը, — գոոում են նրանք, —
Թէ՛զ Էրեք, բռնե՛ք, չթողնե՛ք փախչի:

Ալեքը կառքով թռչում է բակից,
Ձիերը խրտնած ճախրում են եթեր,
Զանգուլակներր թափվում են ներքև
Ինչպես արցունքի փշրված շիթեր:

Իր կառքը դիպավ Փրկչի գմբեթին
Ու թռավ ընկավ Գեղացոց թաղը,
Այնտեղ նա տեսավ Համբալ Մկոյին,
Ալեքը կանչեց. «Օղուլ, դու սա՞ղ ես»:

Հինգ հարյուր ավտո, ետևից րնկած,
Քշեցին նրան մինչև Արագած,
— Ո՞ւր երթամ հիմի, — ասաց Ալեքը:
Բուքը ոռնում էր՝ սարերը գրկած:

Մտրակեց ուժգին ձիերի մեջքին
Եվ զառիթափով լեռը բարձրացավ,
Մի վերջին անգամ նայեց քաղաքին
Ու իր կառքի հետ անդունդ սլացավ:

— Ա՜խ, մեռա՜, մեռա՜, — գոչեց Ալեքը,
Եվ սարսափահար վեր թռավ քնից,
Օ՜, ինչ երազ էր: Մտրակը առած՝
Գժվածի նման դուրս եկավ տնից:

Բիրժա չհասած՝ լսեց նա մի կանչ.
— Ալե՜ք, Բաբիենց Հայկը մահացավ:
Ալեքը վշտից այնպես կարկամեց,
Ասես աչքի դեմ Գյումրին քարացավ:

3
Մի ամիս հետո պատահեց մի դեպք,
Որ սաստիկ ցնցեց Ֆայտոն Ալեքին:
Քաղաքի ծայրում ապրում էր մի մարդ,
Անունը Չփլաղ, ծանոթ ամենքին:

Այդ մարդը ուներ երկանիվ մի կառք,
Որին լծած էր հասարակ մի ձի,
Եվ այդ ծուռումուռ սայլակին նստած
Նա ամեն ծեգին գնում էր գործի:

Մի անիվը՝ փոքր, մյուսը՝ ահագին,
Ինքը՝ ծերացած, երիվարը՝ կաղ,
Սայլը քշում էր ամեն ուղղությամբ,
Հասնում էր մինչև Վարդապետի բաղ:

Բանակից անպետք ձիեր էր գնում
Եվ գիրացնելով հանում էր շուկա,
Կամ «լվի ծաղկից» դեղեր էր շինում
Եվ ուղարկում էր մինչև Օդեսա:

Մի օր գիշերով, գետափ գնալիս,
Ճամփին գտել էր մի մաշված անիվ,
Տարել էր Բիրժա, որ ցույց տա մարդկանց,
Ու հավաքվել էր ժողովուրդ անթիվ:

Իսկ մեյդանի մեջ բեռնակիր Մկոն
Գոտին թույլ կապած, ձեռքը ականջին,
Զիլ բղավում էր. «Չփլաղ Փիլոսը
Հրաշք անիվ է գտել գետափին»:

Սելավի Սեթը այդ օր մի փոքրիկ
Նախիր էր քշել շուկայի կենտրոն,
Երկու գեր հորթի մեջտեղում կանգնած
Թունդ սակարկում էր գյումրեցի Ծիտրոն:

Լսեցին թե չէ՝ Բիրժա գնացին,
Ողջ առևտուրը թողնելով կիսատ,
Թողած նախիրը, թուխ երինջները
Եվ դախլի վրա փողերը դիզած:

Ալեքն էլ եկավ: Հենց տեսավ թե չէ՝
Գլուխը բռնած շուռ եկավ մեջքով.
— Խնդացիք վրաս, խելռի տեղ դրիք,
Դե, հիմի աշեք սեփական աչքով:

Ասաց, ու արագ մի կողմ քաշվելով,
Թիկունքը հենեց սուրբ Փրկչի պատին.
Հայտնվեց նաև Պոլոզ Մուկուչը,
Հետը բերելով դարբին Մեխակին:

Վազեվազ եկան Նալըն Կարոն, Նապոն,
Ուռումի Կոլան, Կալոսնիկ Ակոն,
Ճերմակ Համոյի որսորդը եկավ`
Քսան-երեսուն որսի շներով:

Տեղ հասան նաև ուրիշ գյումրեցիք՝
Չանախ Վարոսը և Ֆռիկ Տիկոն,
Եվ Յաղլի-Բուղլի Նազարը եկավ,
Գըմփըռ Ցոլակը, Լիմոնադ Կարոն:

Ու շոշափեցին աջից ու ձախից,
Զննեցին անգամ մանրադիտակով,
Սեղմեցին ոտքով, ձեռքով, գործիքով
Ու գլորեցին հրապարակով:

Եվ համոզվեցին, որ իրենց դաշտով
Իրոք անցել է հրաշք մեքենա,
Ու խմբով տարան գետը գցեցին,
Որ այդ չարիքը Գյումրուց վերանա: —

Տասնութ թվին, երբ երկիրն էր խառն
Եվ նախարար էր փոխվում ամեն օր,
Չփլաղ Փիլոսը Բոստան Օնեսին
Գյումրում հռչակեց հայոց թագավոր:

Ֆայտոն Ալեքը հազիվ իր կառքով
Օնեսին փրկեց դաշնակի ձեռքից,
Մինչև այդ հողմոտ օրերի միջից
Ծնվեց մի կարմիր բոլշևիկ երկիր:

4
Քսանհինգ թիվն էր: Քաղաքում արդեն
Մուտք էին գործել մի քանի ավտո:
— Աշե՜ք, գավկոմի մեքենան անցավ, —
Ցույց էին տալիս գյումրեցիք մատով:

Հունիսյան խաղաղ մի առավոտ էր,
Այդ օր բացումն էր Կապսի ջրանցքի,
Ու այդ մեծ տոնին Ալեքը վճռեց
Մի ուրույն փայլ տալ պատմական անցքին:

Մի օղի գցեց, պատին նայելով.
— Կենա՜ցդ, ազի՛զ: — Եվ շտապեց դուրս:
Սև ժամի մոտով նա քաղաք իջավ՝
Ծանոթ գյումրեցոց տալով բարի լույս:

Մի մարդ կանչում էր տաք լոշը ձեռքին.
— Տայոնց մենձ ֆուռը, ամենքդ իմացե՜ք,
Ձվածեղի պես կարմրած հացը,
Գրվանքեն աժե էսօր հինգ կոպեկ:

— Էս ի՜նչըղ տաքցավ մեր առուտուրը,
Բացվեց ամենքի դուքանի դուռը, —
Ասաց Ալեքը, մի պահ լուռ նայեց
Ու մտավ հացթուխ Սիմոնի փուռը:

Սա հացը տվեց ու պատմեց վռազ
Նոր անեկդոտը իրենց քաղաքի,
Թե ինչպես Պոլոզ Մուկուչի կինը
Տաք ջուր էր լցրել մի կնոջ մեջքին:

Այդ պատահել էր Վեքի բաղնիքում,
Երբ այդ տիկինը պատմել էր փքված,
Որ Պոլոզի հետ ավտո է նստել,
Հանեսօղլյանի աջ կողքին բազմած:

Խնդաց Ալեքը, գլուխն օրորեց,
Հրա՜շք է Գյումրին, լեցուն երազով,
Կողի լավաշր ծալեց թևի տակ
Եվ դիմեց դեպի ճաշարան «Սամսոն»:

Այդտեղ էր ճաշում ամեն կիրակի,
Իջնելով քարե սանդուղներով ցած,
Փողը տալիս էր միշտ ամսավերջին,
Հինավուրց կարգ էր, սովորույթ դարձած:

Մտավ, լվացվեց: Մի «չանախ» կերավ,
Մոտեցավ պատին, բացեց վանդակը,
Կավիճով մի գիծ քաշեց անվան դեմ
Եվ Բիրժա գալով՝ հեծավ իր կառքը:

Ճիճվի բլրակով բարձրացավ վերև,
«Կարմիր աղբյուրից» ջուր խմեց հևքով,
Ապա շուռ տալով ձիու գլուխը՝
Սրընթաց անցավ Յոթ-վերքի կողքով:

Ճերմակ Համոյի խանութի առաջ
Մի պահ կանգ առավ, ծալեց մտրակը,
Ցած իջավ արագ, ինչ-որ բան գնեց,
Կայծքարով վառեց հաստ գլանակը:

Անկյունում կոշիկ սրբողն էր նստած,
Ամենքին ծանոթ Չիստիջի Գևոն,
Ալեքը մաքրեց ոտնամանները,
Բեղը ոլորեց գյումրեցու ձևով:

Հազիվ էր սանձը իր ձեռքը առել,
Նորից մոտ եկան քարտաշ ու դարբին.
— Տղեք, հերիք է, կեսդ վար իար իջեք,
Կապսը հեռու է, կմնամ ճանփին:

— Բան չկա, Ալեք, թեթև տղեք ենք,
Փարեն գլխեն առ՝ ֆայտոնը քշե: —
Ալեքը թափով մտրակը շարժեց,
Ձիանքը մտան Ալեքսանդրովսկի:

Երանոսենց տան դռնով անցնելիս
Տեսավ յոթը կառք շարված են մոտիկ,
Մեկում դրված էր մի նախշուն փափախ,
Մյուսում՝ չուխա, երրորդում՝ գոտի:

Իսկ չորրորդի մեջ զուռնա էին փչում,
Հինգում մի սպիտակ մաքի էր կապած,
Վեցերորդի մեջ թիկնել էր Ծիտրոն,
Գլխին մի կարմիր դրոշակ տնկած:

Յոթերորդի մեջ գարեջրով լի
Մի մեծ տակառ կար Զիթոխցոնց խանից,
Տակառի կողին ծուռումուռ գրված՝
«Յոթ ֆայտոն`զանի՛տ»:

Եկան Մուկուչը և Նալըն Կարոն՝
Մի տկճոր գինի ու շամփուր գրկած,
Ելան նստեցին Ծիտրոյի կողքին,
Եվ ֆայտոնները շարժվեցին առաջ:

Ետևում մնաց Կամերսկու տունը,
Թատրոնի շենքը, քաղաքի այգին:
Եվ հին աֆիշներ պատերի վրա,
«Հույսի կործանում», «Պեպո», «Չար ոգի»:

Բազում գյումրեցիք Կապս էին գնում,
Ճամփա էին ընկել ոմանք գիշերով,
Հանկարծ գավկոմի մեքենան անցավ,
Ժպտաց Ալեքը մի բան հիշելով:

Այդ դաշտի մեջ էր, որ ռանչպար Սեթին
Հեղեղը քշել էր մինչև ձորատակ,
Ու այդ օրվանից գյումրեցիք նրան
Անվանել էին «Սելավի Սեդրակ»:

Կնութ Վարդանը այդտեղ էր, կարծեմ,
Մտրակը դիտմամբ շպրտել ճամփին,
Որ մինչև գալը ծանոթ պարոնը
Համբուրեր կառքում նստած օրիորդին:

Ալեքը արագ թեքվեց դեպի ձախ,
Հետապնդելով ավտոյի երթը.
«Հիմի կհասնեմ» , — ասաց ինքն իրեն
Ու կառքը քշեց դեպի Սև բերդը:

Բերդի ետևով դեպի Կապսաձոր
Հոծ ժողովուրդն էր շարժվում Շիրակի,
Այդտեղ էր նաև Չփլաղ Փիլոսը՝
Նստած երկանիվ իր ծուռ սայլակին:

Օրը շաբաթ էր, և ամբողջ Գյումրին
Զվարճանում էր երգով ու պարով,
Ալեքը հասավ ուղևորներին
Եվ կառքը ուղղեց լայն ճանապարհով:

Նրա ետևից Կռունկն էր Ճեպում,
Սա էլ էր ճգնում ավտոյին հասնել:
— Ո՞վքեր կան մեջը, — հարցրեց Ալեքը,
«Արսեն Եսայան և դոկտոր Նանսեն»:

Օ՜, մեծագործ այր Ֆրիդյոֆ Նանսեն,
Արդյոք իմացա՞ր, որ քո ետևից,
Ալեքն է վազել Շիրակի դաշտով,
Կռունկն է կառքով մաքառել հեռվից:

Ու ես առիթից օգտվելով հիմա,
Թողած Ալեքին ու իր ոսկե ձին,
Քեզ եմ վերհիշում կարոտով մի պահ
Հոյակա՜պ, շքեղ մեծ նորվեգիացի:

Ինձ էլ վիճակվեց քեզ տեսնել մի օր
Որբական կյանքիս դառնահուշ շեմքին,
Դու վերջին անգամ եկար մեզ այցի,
Ու մեռար՝ երկրիս արևը դեմքիդ:

— Վա՜յ, լուսըս քոռնա, տես, գյոզալական
Ֆայտոնը թողած` ավտո են նստել, —
Գոչեց Ալեքը, սաստիկ զարմացած,
Եվ իր խալաթի թևքերը քշտեց:

— Ալեք ջան, քշե՛, խայտառակ էղանք,
Գավկոմի ավտոն ֆայտոնեն անցավ;
— Եղնելիք բան չէ,— խնդաց գյումրեցին,—
Թող նա պարծենա, ով շուտ տեղ հասավ:

Մարմաշենի մոտ, բազմության առաջ,
Ալեքը հպարտ կանգնեց իր թառքին,
Ձեռնոցներն հանեց խրեց գոտու տակ,
Սանձերը հավաք`բաց թողեց վազքի:

Եվ մտրակն ուժգին շրխկացնելով
Բարձրաձայն գոչեց` ամենքին ի տես.
— Ո՜ւխ, Կայծա՛կ, ես քու ջիգյարդ ուտեմ,
Էսօրվա օրը ամոթով չենես:

Ու սմբակները գետնին զարկելով
Ձիերը թռան կրակ-թափ առած,
Կառքը սուրալով ավտոյից անցավ
Եվ դեպի ջրանցք հաղթական գնաց:

Ծափահարեցին: Քարտաշ Հարութը
Գլխարկն հուզմունքից օդն ի վեր նետեց,
Բարձրացավ փարվեց Ալեքի վզով,
Իջավ և կառքի ակը համբուրեց:

«Կալոսիդ մատաղ, ինչը՜ղ կը ֆըռռա,
Վո՞վ կըրնա, ղուրբան, կոտրել քու մեջքը»:
— Շատ ներող կեղնիս, րնկեր Եսայան,
Պատվի խնդիր էր, — ասաց Ալեքը:

Մեքենան փորձեց առաջ ընթանալ,
Բայց իսկույն կանգնեց ծուխ արձակելով:
— Ավտոն խարաբ է, — խնդաց Մեխակը, —
Եկեք Կապս ղրկենք Չփլաղի սելով:

— Ինչը՞ղ, խարա՞բ է: Հը՜ռ, կեցի՛ր, Կայծակ,
Համեցեք ֆայտոն, ընկեր Եսայան,
Տե՜ղ տվեք, տղե՛ք, — ասաց Ալեքը,
Ու կառք նստելով նրանք Կապս հասան:

— Ծխով ժաժ եկող կալոսն էդպես է, —
Ժպտաց Ալեքը, իջնելով թառքից,
Եվ նա ձիանքը տարավ ջրելու,
Ու ձորը թնդաց բազմության ծափից:

Կապսի խոր ձորում, թունելի դիմաց,
Սեղան պարզեցին մի քարաժայռի:
Պարկապզուկով ծաղկեցրին կենաց
Եվ ամբողջ խմբով բարձրացան պարի:

Ապա լվացին Ալեքի կառքը
Ու մի դրոշակ վրան տնկելով,
Ճանապարհ ընկան դեպի Պոլիգոն
Հաղթական ջրի գովքը երգելով։

Արևածագին Ալեքը մենակ
Յոթ-վերք շտապեց, և իմ լսելով,
Նա մատաղ արավ երկու աղավնի,
Արյունը վանքի պատին քսելով:

Այդ դեպքի մասին քաղաքն իմացավ,
Ծիծաղեց անգամ Կարախանյանը, —
Հրաշք-հեքիաթ է Շիրակի դաշտը,
Չկա աշխարհում երբեք նմանը:

Մի տարի հետո երկրաշարժ եղավ,
Ո՞վ կմոռանա այդ ահեղ ժաժքը,
Ես տեսա՝ ինչպես Գյումրին ավերվեց,
Ու ցավից տնքաց նորից մեր ազգը:

Ալեքն իր կառքով անդուլ գործում էր,
Քանիսի՜ն տարավ նա Բոշի թաղը,
Քաղաքի այգին հյուրանոց դարձավ,
Ծառից կախվեցին շերեփն ու մաղը:

Քանի՜ հարս ու կին տաք բաղնիքներից
Կիսամերկ փախան Ալեքի կառքով,
Քանի՜ վիրավոր Բայանդուր գյուղից
Նա քաղաք բերեց վշտացած հոգով:

Ինքը՝ Ալեքը, ապրում էր կառքում,
Քանդվել էր պատը քարե տնակի,
Այգի էր տարել կողինքը, կատուն,
«Մայր Հայաստանը», «Քաջ Անդրանիկին»:

Տխուր ծորում էր ժաժքի նոր երգը,
Շուրջը սուլում էր Ջաջուռի քամին,
Ձախ աչքով Փրկչի ժամին էր նայում,
Աջով նայում էր Պլպլան ժամին:

Բայց ոչինչ չօգնեց: Ավտոներն եկան
Ու գրավեցին ամբողջ քաղաքը,
Եվ կամաց-կամաց փոխվեց հին Գյումրին,
Ու դանդաղ թվաց ֆայտոնի վազքը:

5
Հինգ-վեց տարի անց Ֆայտոն Ալեքը
Իրենց մեծ կատվին դնում էր կառքը,
Վերնոցն էլ կամաց ներքև էր քաշում,
Որ մարդիկ չասեն՝ կառքը դատարկ է:

Երբ ուղևոր էր պատահում, իսկույն
Կատվին վերմակով իր գիրկն էր առնում,
Եվ կայարանից զրնգուն զանգով
Ալեքը նորից քաղաք էր դառնում:

Մի օր, երեկո, գնաց կայարան,
Հանգիստ նստել էր իր թառքի վրա:
Գնացքը եկավ: Իջան ամենքը,
Ուր որ է՝ ծանոթ ուղևոր կգա:

Բայց ոչ ոք չեկավ: Ուղիղ իր մոտով
Ավտոյով արագ սլացավ Ծիտրոն:
Երկրորդով սուրաց Սնդո Արամը,
Մեկը տուն գնաց, մյուսը՝ թատրոն:

Զուր էին զընգում բոժոժներն արծաթ,
Եվ սմբակները կայծքարին տալիս,
Ոչ ոք չէր նայում ֆայտոնի կողմը,
Ոչ մի ուղևոր մոտիկ չէր գալիս:

Երկար սպասեց: Ահա մի կուզ մարդ
Մանրիկ քայլերով շրջում է կամաց,
Ալեքը հեռվից մոտեցավ նրան
Եվ ուղիղ կանգնեց Օնեսի դիմաց:

— Օղո՜ւլ, Կայծակիս նալը ժանգոտավ,
Բեզրած կերևաս, քելե իմ ֆայտոն:
— Կառքով ուշ կեղնի, — ասաց Օնեսը,
Արագ նետվելով Հայկոոպի ավտոն:

— «Կառքով ուշ կեղնի», վա՜յ իմ գեշ օրվան, —
Ալեքը տխուր շշնջաց անբառ,
Հիշեց այն օրը, երբ իր ետևից
Բոստան Օնեսն էր վազում հևասպառ:

Որքա՜ն էր փոխվել աշխարհն այն օրից,
Բոստան Օնեսն էր այս անգամ թռչում,
— Ծո, Օնե՜ս, կեցի՛ր, ընձի հետըդ տար, —
Ալեքն էր ասես ետևից կանչում:

Դրեց նա կատուն իր ֆայտոնի մեջ
Ու քաղաք դարձավ մռայլ բեղերով,
Էլ չէր սլանում Ալեքի կառքը,
Կարծես դագաղ էր անցնում թաղերով:

Դիմացի մայթով մի մարդ էր քայլում,
Արկղը թևի տակ, պատին քսվելով,
Կոշիկ սրբողն էր. գնում էր դանդաղ,
Օրվա վաստակը ճամփին հաշվելով:

Նայեց ետևից: Կամեցավ կանչել:
Բայց ինչո՞ւ խառնել խեղճի հաշիվը.
Ամեն ոք կյանքում մի բան հաշվում է,
Անվերջ փնտրելով ցանկացած թիվը:

Ալեքի թիվը սխալ դուրս եկավ,
Խառն էր իր կյանքի պետական բանկը:
Նա կառքը քշեց դեպի հին շուկան,
Մեղմ ղողանջում էր Յոթ-վերքի զանգը:

Անցավ մի քանի հին ճաշարաններ,
«Ծիտրո», «Շիլաջոց» և «Ծիկ- ծիկ Կարո»,
Ավելի վերը Սիմոնի փուռն էր,
Ահա և «Յառի» ճամփան քարքարոտ:

Մի քիչ ներքևում դարբին Մեխակը
Դեռ աշխատում էր իր քուրան վառած.
Լուսինը կարծես մի մաշված պայտ էր,
Ալեքի ձիու սմբակից թռած:

«Սամսոնը» բաց էր: Մեծ ցուցանակին
Առյուծ էր ձևում Գողիաթը ահեղ,
Գազանի լեզուն մուտքի ճակատին
Վառվում էր ինչպես կարմրած կանթեղ:

Ուղիղ այդ քարե սանդուղի առաջ
Ֆայտոն Ալեքի կառքը կանգ առավ:
— է՜յ, ուստա Թաթոս, զարկե քո դափը,
Հին Գյումրին չկա, հին Գյումրին մեռավ:

Ու կատվին գրկած, շեմքից մտնելով,
Խելագարի պես սկսեց պարել:
Կռունկը հարբած քնել էր թախտին,
Պոլոզ Մուկուչին Շամխոր էր տարել:

Այդ օր կերել էր երկու աման խաշ
Եվ զբաղվել էր ձիերի գործով.
Պայտել էր նրանց: Այժմ քնած էր,
Սխտորահոտը փչում էր բարձով:

Կնութ Վարդանը անհետացել էր՝
Բիրժայում թողած իր կառքը ավեր.
Գարին շուկայում խիստ թանկացել էր,
Որդին փախել էր դեպի Շուլավեր:

Նայեց Ալեքը հսկա Կռունկին
Ու լուռ դատարկեց գավաթը օղու.
— է՜յ, բոշի տղա, շուտ «Ճամփու ղայդեն»
Ուսուլով չալե, ղայդով չալե, օղուլ:

Ասաց և արագ դուրս գալով շեմքից
Նա կառքը քշեց գերեզմանատուն.
Եվ մտրակն առած, ահեղ կսկիծով
Հարվածեց ծանոթ քարերը մթնում:

— Բաբիենց Հայկակ, Զուլո, Ծուռվզենք,
Ինչ որ ասացի՝ բիթուն կատարվեց,
Բոստան Օնեսը թարս նայեց ձիուս,
Ծո, էլեք աշեք, հին Գյումրին փոխվեց:

Փրկչի գմբեթը դինամիտ դրին,
Գեղացիք եկել լցվել են քաղաք,
Ֆայտոն չտեսած՝ ավտո նստեցին,
Ինչքան չլուտ կար՝ դարձել է աղա:

Կատու եմ հիմի առել իմ թառքին,
Որ մեր ֆայտոնի պատիվը փրկեմ,
Մենակ մնացինք ես ու Կռունկը,
Բաց արեք հողը, ձեր կողքին պառկեմ:

Ուրիշ մարդ չկա էլ մեր քաղքի մեջ,
Եթե չհաշվենք դուդուկչի Շավոն,
Եկավ ու նորեն Վենետիկ գնաց
Ղազարապատցի մեր ախպեր Ավոն:

Նալըն Կարոյին էս գիշեր տարան,
Խեղճ Ծիտրոն նստած կզարկե գլխուն,
Ինչըղ թա՜րս դիպավ կալոսը քարին,
Օրըս ի՜նչըղ թեզ դառավ իրիկուն:

Բիրժեն դատարկ է, Ղարսի ճամփեն՝ փակ,
Հիվանդ պառկած է աշուղ Շերամը,
Քանդվեց հին Գյումրին, հին կռունկների,
Հին ղաշանգ մարդոց շախով երամը:

Մեկ-մեկ խնդալով երեսիս կաշե
Խելառ Սարգիսը: Ես էլ կխնդամ,
«Աբասին» կուտամ ու ղամչին բռնած
Խելառի նման քշելով կերթամ:

Վա՜յ մեզնեն ետև գալող սերնդին,
Որ էլ չի նստի գյումրեցու ֆայտոն,
Աշխարհքը տկեն փոխվավ ընդհանուր,
Ֆայտոնը հիմի ցույց կուտան մատով: —

Ետ դարձավ տրտում: Մի նորեկ խնդրեց,
Որ իրեն ցույց տա «Գյուղացու տունը»:
— Գնա՛, ախպերս, ո՛ր դուռը զարկես,
Գեղացու տուն է, — ասաց Ալեքը:

6
Իսկապես փոխվեց առաջվա Գյումրին,
Շատ մարդիկ մեռան, Բիրժան դատարկվեց,
Փրկչի տաճարը դարձավ թանգարան,
Հացթուխ Սիմոնի տաք փուռը փակվեց:

Վախճանվեց նաև Պոլոզ Մուկուչը,
Եվ Բոշի թաղը սգաց մեծ ցավով,
Այդ հին գյումրեցու շիրիմի վրա
Եկավ քար քաշեց բանաստեղծ Ավոն:

Մեռավ լուսաձայն գուսան Շերամը,
Չվեց աշխարհից բեռնակիր Մկոն,
Նոր քաղաքն աճեց, շինվեց, զարգացավ,
Բարձրացավ հասավ մինչև Պոլիգոն:

Վերին Ժամի մոտ այլևս չերևաց
Ֆռիկ Տիգրանը՝ իր բախտախաղով,
Անդարձ չքացան Յաղլի Նազարը,
Չանախ Վարոսը, Լիմոնադ Կարոն:

Էլ չկան Ճերմակ Համո ու Ծիտրո,
Ձիթոխցոնց խանի մառանները հին,
Լոկ համառում են նախշերը խանդոտ՝
Երանոսենց տան քարե հատակին:

Այն էլ, երևի, կըքանդեն շուտով,
Որպես անցյալի երազ հնաբույր,
Որ նրա հանգած խորանի վրա
Շինեն մշտահոս մի ուրիշ աղբյուր:

Փռված է հպարտ նոր Հայաստանի
Չքնաղ քաղաքը Լենինի անվան,
Դեռ Շիրակն այսքան շքեղ չի եղել,
Այն օրից, երբ որ մեղանչեց Եվան:

Լայն ու լուսավոր պողոտաներով
Թռչում է անթիվ ավտոմեքենա,
Եվ մի առավոտ, Կռունկը հուզված,
Դատարկ ֆայտոնով քաղսովետ գնաց:

— էսքան ղառղառ կա, էդքան հավքի մեջ
Ինչը՞ղ չեք կրնա մե Կռունկ պահել, —
Ասաց ու ելավ գործկոմի շենքից,
Մի տարի հետո վախճանվեց նա էլ:

Մնաց Ալեքը մենակ, անընկեր,
Ձորի բարձունքին կուչ եկած տնով,
Կյանքը փոխվել էր, բայց ծեր գյումրեցիք
Դեռ շրջում էին նրա ֆայտոնով:

Հարս էին բերում, գնում էին կնունք,
Մինչև ճեղքվում էր ադամամութը,
Նրանց մեջ էին դարբին Մեխակը,
Որմնադիր Լիպոն, քարտաշ Հարութը:

Հետևյալ տարի տուրքը շատացրին,
Տխրեց Ալեքը, չէր կարող քնել,
Շվարած նայեց ֆինբաժնի թղթին,
Որոշեց կառքր վաճառքի հանել:

Սակայն ո՞ւմ էր պետք հնոտիքն այդ խեղճ,
Ո՞վ ֆայտոն կառներ ավտոյի դարում,
Մեռել էր նույնպես Չփլաղ Փիլոսը,
Սայլակն ընկած էր Չերքեզի ձորում:

Մի օր մի ավտո Ալեքի կառքը
Ճամփին շուռ տալով թափով սլացավ,
Եվ այն օրվանից նրա ձիերը
Փողոցի միջից եզրերը անցան:

Լապտերը ծռվեց, ձիու պայտն ընկավ,
Էլ չէր բարձրանում մտրակը թափով,
Զգույշ էր քշում, ուշքը միշտ վրան,
Ու շուրջն էր նայում անվերջ սարսափով:

Բյուր ավտոների կանչերի միջև
Նրա զանգերի ձայնը խլացավ,
Ւր սահմանները սաստիկ նեղացան
Ու նա մի գիշեր Գյումրուց հեռացավ:

Գնաց դեպի գյուղ, դեպի սարերը,
Արթիկի բանկում կառապան դարձավ,
Բայց ավտոները դեպի Արագած
Եվ դեպի Արթիկ խումբ-խումբ բարձրացան:

Ալեքն Արթիկից չվեց Սառնաղբյուր,
Ծածկվեց բարձրանիստ լեռների ետև,
Որ ոչ մի ավտո իրեն չգտներ,
Որ իրեն զգար գեթ մի քիչ թեթև:

Գտավ մի խաղաղ կանաչ սայլուղի,
Երթևեկում էր այդ լռիկ ճամփով.
Սի օր գյուղ գալիս, տեսավ մի ավտո
Կառքի ետևից վազում է թափով:

Էլ չհամբերեց: Կառքը աջ քաշեց,
Թառքից վայր իջավ, աչքերը մթնած,
Ու մտրակն առած, ահեղ զայրույթով
Գնաց ու կանգնեց ավտոյի առաջ:

— Լազիրակ, ի՞նչ ես հետևես ընկել, —
Մեր գյոզալ քաղաքն ու դաշտերն առաք,—
Գոռաց Ալեքը, — էդքանը քի՞չ էր,
Հիմա էլ սարերո՞ւ վրա կֆռռաք:

Հաղթեցիր, օղուլ, արևուդ ղուրբան,
Աշխըրհքի չարխը իմ ձեոքեն փստաց: —
Ալեքը նայեց: Ուղիղ ղեկի մոտ
Կնութ Վարդանի որդին էր նստած:

Ժպտաց Ալեքը, և նրա համար
Կարծես բովանդակ գետինը պրծավ,
Չքացավ սև ձին ճերմակ շուշանով,
Իր ապրած կյանքը հիշատակ դարձավ:

Նա հագած էր իր ճերմակ ձեռնոցը,
Լանջին կախված էր ժամացույցը հին,
Դեմքը գունատ էր: Խալաթի վրա
Փայլում էր մաշված մետաքսե գոտին:

Մի շաբաթ հետո Ալեքը մեռավ,
Նրա ձիերը շրջկենտրոն տարան,
Իսկ նրա կառքը ավտոյին դրած
Տեղափոխեցին Գյումրի՝ թանգարան:

***
Այս տարի ամռան ես իմ դստեր հետ
Այցի գնացի այդ թանգարանին,
Այնտեղ ես տեսա Ալեքի կառքը,
Նրա մտրակը և շորերը հին:

Երկա՜ր նայեցի: Հին Շիրակն այնտեղ
Պահվում է ինչպես սրբազան նշխար,
Երազ է դարձել, չքացել, անցել
Դեռ երեկ շնչող մի ամբողջ աշխարհ:

Գյումրի՜, իմ հոգին կապված է քեզ հետ,
Դու վաղուց դարձար ինձ հարազատ մայր,
Չկա մի քաղաք ամբողջ աշխարհում՝
Քեզ չափ բաղձալի իմ հոգու համար:

Եվ քո բարբառը ախորժ է սրտիս,
Քո փողոցները՝ նախշըված կտավ,
Եվ պատերը սև քարաշեն այն տան,
Որ ես հարցուփորձ անելով գտա:

Էնգելսի փողոց, տուն վաթսունևյոթ,
Անահի՛տ, դստրիկ, հիշիր այս բակը,
Այս բակից այն կողմ չենք կարող գնալ,
Սև սարն հեռու է, և ճամփան փակ է:

Տասնվեց թվին Բասենի դաշտից
Ինձ այստեղ բերին՝ մի ելակ հագիս,
Որքա՜ն եմ նայել ես դեպի Սև սար՝
Կանգնած այդ շենքի կանաչ տանիքին։

Այդ է պատճառը, իմ անգին դստրիկ,
Որ սրտիս մոտ է այս քարե տունը։
Գիշեր է արդեն. Գյումրին քնած է,
Եկ մենք էլ փակենք այս պատմությունը:

Ալեքի կառքով չենք կարող գնալ,
Եկ ավտո նստած սուրանք Երևան,
Ամեն մի սերունդ իր թռիչքն ունի,
Մեր դարն էլ կանցնի երազի նման:

1958

Please follow and like us: