Աիդան գյուղից էր: Նա տարբերվող գեղեցկություն ուներ՝ բարձրահասակ, ոսկրոտ, կարմրաթուխ, մազերը երկար ու արևոտ, շողում էին, աչքերը՝ մեծ ու կանաչ։ Բարձրակրունկով կամ առանց բարձրակրունկի՝ բոլորը նրանից կարճ էին: Գուցե նա իր մորական պապին էր քաշել այդպես բարձրահասակ: Մայրն ասում էր․ «Րախեքս Կրպետանց են քաշել, լավ ա սրյանց չքաշեցին՝ տիպզիկ»:
Նա փոքր էր Արմիկից, մեծ՝ Արկադիկից: Աշխարհի երեսին էլ ճոխություն չէր մնացել այն թվերին, որ հայրը չապահովեր, որ իր երկու տղաներն ու Աիդան մի բանից հետ չմնան: Էլ շոր ու կոշիկ, էլ ֆրանսիական օծանելիք՝ ամեն ինչ բերում էր իր միակ դստեր համար: Մի անգամ հայրը մի ժամվա ճանապարհ էր կտրել, հասել Թբիլիսի, որ Աիդայի սիրած շոկոլադը բերի: Կինն էլ թե՝ «Այ մարդ, կասիր հետդ կյայի, մազերս կներկեի»:
Հայրը խստապահանջ, սակայն իր երեխաների պահանջով գնացող էր: «Տակից» ապրանքը գնում էր կամ բերել էր տալիս արտերկրից: Նկուղ մտներիր, առաստաղից կախված էր երշիկների լայն տեսականի՝ թե ապխտած, թե բժշկական: Աիդան այդքանից նախընտրում էր կեռ երշիկը: Երբ սկսում էր պարապել համալսարանի համար, ոչ ոք իրավունք չուներ ծպտուն հանել։ Մի կողմից երշիկն էր կծում, մյուս կողմից կարդում, կարդում․․․
Նա, Արմիկն ու Օսիկոն՝ հորաքրոջ աղջիկը, մի պետություն էին, երեքն էլ մի բառով սար կփլեին, նրանց խոսքը սուր էր կտրում, կարդացած ու խելացի էին: Մի անգամ հորաքրոջ պահածոյացված կոնֆետների շոկոլադը կերել էին, նույն կոնֆետների թղթերի մեջ քարեր էին դրել, փաթաթել կոնֆետների նման ու նորից պահածոյացրել: Հորաքույրը բացել, տեսել էր, ջղայնացել երեքի վրա՝ թե չէ էն ո՞ր մի յոթ տարեկանը կհամարձակվեր էդպիսի բան աներ: Բակի ընկուզենին ավտոտնակից բարձր էր, նրա ճյուղերը խոնարհված էին կտուրին: Բաբոն շիջողները չգիտես ինչու տոպրակով կախում էր ընկուզենու հաստ ճյուղից, իր ասելով՝ ըտեղ շվաք ա, ու հաշվում էր զույգ առ զույգ: Եռյակին խաբար էին տվել, ասել էին՝ եթե շիջող եք ուզում, զույգ առ զույգ վերցրեք, տատը միամիտ ա: Նույն վայրում Արմիկը ծխում էր հորից թաքուն, իսկ Աիդան ու Օսիկոն հերթապահում էին, որ եղբայրը չբռնվի:
Գարնանահոտ աղջկան մատով էին ցույց տալիս, բոլորը երազում էին նմանվել արտաքինով, բայց չգիտեին նրա ներսի հողի փխրունությունն ու չորությունը, նա ջրում էր հողը՝ ժպտում էր բոլորին, չորանում էր, երբ կարոտում էր մեկին: Կարմրում էր։ Ո՜վ կասեր , որ այդ հետագայում բարձրահասակ տիկնոջ մարմնում ոսկորները հատիկ առ հատիկ ջարդվում էին, կարկատվում: Ջարդվում էին, կարկատվում… Նրա լռությունը պատեր էր ջարդում, փշրում հողմահատակ:
Գերեզմանատան ճանապարհը հարթ էր ու երկար: Յուրաքանչյուր քայլ ծակում էր հողը, ցավեցնում ներսից: Կարմիր քար էր: Մուգ կարմիր վարդեր։ Նկար չկար բոլորի նման: Դրսից կարմիր էր, ներսից ո՞ւմ էիր կարոտել, Աիդա: