Արմինե Մուրադյան/Սեպագիր ստատուսներ

Բաժակները վե՛ր,
ծաղիկները խոնա՛րհ,
ես այս պարտված ժամանակի
վավերագիրն եմ։

Սա մի երկիր է,
որ դեռ ողբում է ծովից ծովի համար,
բայց հողեր ա, որ հանձնում է…

Սա մի երկիր է,
որտեղ ամեն գերեզման 
ունի իր Եռաբլուրը։

Սա մի երկիր է,
որտեղ կյանքը բինգո է․
մի օրում պիտի հասցնես 
ապրել մի տարվա տեղ
ու վազես սրտիդ հետևից`
պոկվես Սևան,
որ բիբլիական գենդ հագենա,
երբ մատուցողը հպարտ ասի՝
«Ձուկը նոր ենք ծովից բերել»:

Եվ վերջում իբրև 
Հայաստանի «հպարտ» քաղաքացի
իրավունք ստանաս քնել
Սևանի ափին,
իսկ ավելի լավ է Նեմրութի գրկում:

Սա մի երկիր է, որ․․․
բայց մի րոպե
սա մի երկի՞ր է
սա մի՞ երկիր է 
սա՞ երկիր է…

***

Ուշադրությո՜ւն, ուշադրությո՜ւն,
Հայաստանի Հանրապետություն,
մեր օրեր․․․
Առաջին պլանում 
Արագած-Արարատ բաթլն է, 
բայց եկեք չմոռանանք, որ ժամանակին
ոչ միայն մայրն ու հողն էին սուրբ, 
այլ սուրբ էին նաև Մասիսի ձյունն 
ու փեշերը նրա:

Հիմա արդեն ակտուալ չեն
Արարատի նկարները,
էլ լավ չեն ծախվում 
արևմուտք նայող տները,
և, հիրավի, ո՞ւմ է պետք
բիբլիական լեռն ու նախնյաց կանչը,
երբ քթիդ տակ է խաշն Արագածի…

Բա դո՞ւ, 
դո՛ւ ի՞նչ կասես,
Երկիր Նաիրի…
Քեզ էլ կարծես դարձրել են
ֆեյք պրոֆիլ ֆեյսբուքի,
բայց դու լռում ու լռում ես,
իսկ քո ներսում սարեր են կռվացնում,
բանից պարզվում է՝ 
մարմնիդ կեսն էլ քոնը չէ
ու շատ մեղավոր ես, 
որ առյուծ ու արծիվ 
քո անտառում չունես…

Գուցե մի հայհոյախառը ստատուս գրեիր,
Քանի դեռ հերթը չի հասել վաղվա բաթլին,
Ուր կռվացնելու են ձորերդ, լճերդ ու տներդ արդեն․․․

***

ապաՔաղաքական ստատուս,  
ֆեյսբուքի լրահոսից ներշնչված,
թեև լրահոսն արտաշնչում է դեմքիդ
թուքումուրն օրերի 
ու չկա ոչ մի հույս մեռնող աշնան հետ
սիրահարվել գոնե,
իսկ փողոցներում ամեն քայլի հետ 
թափառում են տեղափոխության հին «աստվածները»,
այս նոր տանուլ տվածներն էլ գոռում են, 
«երևի լափերն է պակասել նախկինների», 
ինչպես մի օր սերն է պակասում նախկինի հանդեպ, 
բայց այս հին ու նոր կոշիկ մաշողները 
լափի պակասից 
նախկիններին են ուզում հետ բերել, 
իսկ սիրո պակասից 
սովորաբար, հաջող են անում անցավորաց։

ապաՔաղաքական ստատուս 
հին ու բարի լրահոսը վերհիշելով,
երբ գրում էինք սիրատոչոր տողեր
ու տվայտվում ֆիլմերից լացացնող, 
կամ թողնում անկրկնելի քոմենթներ
հերթական բաղձաշատ ձոնի տակ
ու նեղանում վատ քոմենթ գրողից։

Օրերում այդ հին 
հայրենիքը վեհ էր ու անպարտ,
սերը միակինն էր ու անդավաճան
կյանքը լուսավոր էր, ապագան պայծառ՝
քլաբերում, 
փաբերում, 
Բուրջ Խալիֆայի 126-րդ հարկում, 
Կարմիր ծովի ափին 
ու սահմանի պոստերում 
երևի

ապաՔաղաքական ստատուս 
քաղաքական դարդուցավի մասին
ուր նախկինաներկա ճաշը
ճենճոտ է էնքան, որ մնացել է կոկորդիդ, 
ու ջերմուկը, որ արդեն չես էլ հիշում 
նախկին է, թե ներկա 
էլ չի օգնում, որ մարսես այս ամենը…
մնում է վազել, փախնել դուրս
ու հետ տալ մաղձն ու թույնն այս օրերի։

***

Հիմա, 
երբ բանաստեղծությունն իջել է 
ֆեյսբուքի ստատուսի մակարդակի,  
որոշել եմ ստատուս գրել, որ 
ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԿՈՐՑՆԵԼ ԱՐՑԱԽԸ։
Դա կգրեմ հնարավորինս կարճ, 
որ մեծ տառերով երևա ձեր նյուզֆիդում
որ կարդաք ու լայքեք, 
իսկ ավելի լավ է լացելու սմայլիկ դնեք՝
ցույց տալու համար
ձեր կարեկցանքն ու զորակցությունը։
Հետո սքրոլ անեք ու հերթը գա 
կոչ անող ստատուսների… 
պետք է դուրս գալ,
18-ի պես փակել փողոց
վառել, մորթել, սպանել 
անել մարտի 1,
իսկ ավելի լավ չէ՞ հոկտեմբերի 27։

Ու այս դառը մտքերը
կկտրեն Ջդրդուզի նկարները 
հեշթեգով Իմ_Շուշի, 
հետ ենք գալու,
հետ ենք բերելու,
ու դե ամեն հինգ ստատուսը մեկ 
կհանդիպեք դավաճան բառին։

…ու բոլորս մեկ առ մեկ
կգրենք, որ չենք ուզում կորցնել և ոչ մի թիզ հող 
հետո հանկարծ կհիշենք, 
որ հող հանձնողին հանձնելու էինք հողին, 
ու մեկ էլ,
որ ինչ-որ մեկն ամեն օր գրում էր՝
«Նիկոլն էսօր էլ հողերը չհանձնեց»…

Ու սա կլինի մի կարճ պատմություն
Հայոց երրորդ հանրապետության մասին։ 
Բայց չէ… մի րոպե
ստասուսներ կգրեն նաև անհույս լավատեսները՝
թե բա 10 տարի հետո ես ձեզ հետ կխոսեմ.
հեսա ծաղկելու ենք,
աճելու ենք, 
բարգավաճելու ենք։

Դե ինչ ասեմ՝ դուք ողջ լինեք,
մենք էդքան դժվար ձգենք։

Հիմա հլը որ
աճում է միայն Եռաբլուրը,
կտրվում են ծաղկած կյանքեր
ու բարգավաճում է
«սիրելի» հարևանի հողը։

Հիմա,
երբ երկիր սիրելը դարձել է 
մի կարճ ստատուսի չափ,
հերթը քոնն է
պտտի՛ր ռուսական ռուլետկան,
ես վրիպեցի…

***

Հայրենի՛ք,
բարեկամները քեզ կանչում են՝ Երկիր,
հարազատները՝ Հող,
անձնագրով էլ՝ Պետությունն ես…
իսկ հիշում ես՝ 
ժամանակին, երբ թաղի
լավ տղան էիր,
անգամ մականուն ունեիր՝
Ծովից ծով…

Հիմա ծերացել ես,
կծկվել ու դարձել ես մի բուռ,
թվում է՝
մոռացել են քեզ բոլոր-բոլորը՝
չկա բարեկամ, որ քեզ ասի՝ «երկի՜ր ջան»,
չկա հարազատ, որ պապակ հողդ ջրի
և պարզվում է՝ անգամ կորցրել ես անձնագիրդ…

Հայրենի՛ք, Երկի՛ր, Պետությո՛ւն, Հո՛ղ․
չգիտես ինչու 
ամեն ոք կարծում է,
թե քո ամենագեղեցիկ անունը 
հենց իր ասածն է,
մինչդեռ դու բոլորն ես մեկում,
բայց քեզ այդպիսին ոչ ոք չտեսավ…

Please follow and like us: