***
Երբ երեսունն անց կինը մոտենում է պատուհանին,
այն պահին, երբ որդին խաղաղ քնած է,
կնոջ դեմքի ուրվագիծը՝ ապակու վրա,
եւ ստվերը՝ պատին․․․
ու թե ինչպես է նա բացում պատուհանը
ու թե ինչ է դուրս թողնում նա իր կյանքից,
և կամ ինչ է ներս թողնում իր կյանք,
այդ ամբողջը մի պատմություն է,
մի բանի մասին
որը գիտի միայն կինը։
***
Մի օր,
երբ փակես տանդ դուռը,
ու դուրս գաս փնտրելու․․․
կանգնի՛ր աշխարհի ցանկացած
գետի առջև,
երկար կանգնիր
կխաղաղվես։
***
Եկ շշնջամ ականջիդ մի գաղտնիք՝
երկնքում էլ են ամայի վայրեր լինում…
երկնքում էլ են ամայի վայրեր լինում…
երկնքում էլ….
***
Բացիր դուռը.
Մթի մեջ
միայն կարող ես տեսնել
լույսի ծաղիկը։
***
Իրիկնաժամի կապույտը
կաթում է
ծառերի ճյուղերին՝
թաց-թաց,
հետո տերևների
հետ
գետի կապույտի մեջ
հոսում՝
տանելով լռությունը։
***
Երեկոն այս թափանցիկ է
այնպես մեր հին բակում,
որ եթե ձեռքս պարզեմ,
երկար պարզեմ
ծառից ճյուղերից
բուռ-բուռ
մանկությունս կքաղեմ։
***
Հուլիսյան այս կեսօրին
քամին տարուբերում է
վարագույրս։
Ես փակում եմ աչքերս
և հիշում հայացքդ
որ
հալվում է օդում,
հետո մեղրածոր
թափվում
կոպերիս,
աչքերիս,
մազերիս։
***
Հին Միջագետքի
արևը այրում է մարմինս,
ես գալիս եմ քեզ մոտ
մի քանի դար է.
ես գալիս եմ
քեզ մոտ…
երբ սիրո մասին
առաջին շշունջներս
գրեցի կավե սալիկի վրա,
ու ոտնահետքս մնաց
նոր կառուցվող
տաճարի մեջ,
հեթանոսական բագինների
հայացքի ներքո…
ես գալիս եմ քեզ մոտ
մի քանի դար է,
երբ օդը դեռ ավելի սառն էր,
իսկ կանաչը ավելի փափուկ,
երբ արևը դեռ աստված էր,
ու աստղին նայելով էինք գտնում
ճանապարհը
ճանապարհը
դեպի տաճար տանող։
***
Երբ բանաստեղծությունը
շշնջամ ականջիդ,
սկզբում քեզ ծանոթ բառեր
կլսես,
հետո բառերը
կհնանան,
կհնանան։
Աղոթքի կամ մանթրայի պես
ձայնն իմ կլսես,
մնչև ակունքը
բառերի,
մինչև բառերը դառնան
ջրի
քամու,
ամպրոպի,
անձրևի
ձայների
նմանակումներ։