Նոր գիրք․ «Բնակություն»

Լույս է տեսել Մարիամ Կարապետյանի «Բնակություն» գիրքը, որը հեղինակի բանաստեղծությունների երրորդ ժողովածուն է։ Շապիկի ձեւավորումը՝ Մկրտիչ Մաթեւոսյանի։ Ձևավորման համար հիմք է հանդիսացել Ալեքսիս Փոլի ՛՛Ծակոտաժապավեններ՛՛ աշխատանքը՛՛։ Ժողովածուի շապիկին զետեղված գրությունը մեջբերում է Մ․ Կարապետյանի՝ «Գրողուցավում» հրապարակված էսսեից։

Ներկայանում ենք բանաստեղծություններ ժողովածուից, որոնք հեղինակը առավել հարմար է գտել «Գրողուցավի» համար։

Սահման

Ցերեկային նախշեր և ծանոթներս՝
հատվածներով և ամբողջ տեսարաններով,
ում ներկայության համար էլ որ այստեղ եմ։
Վերջին շենքի երիզները հեռու մարդկանց մասին։
Տեղադրությունները՝ հականե-հանվանե։
Ինչքան որ մարդ կա, և ում որ նրանք հավանում են․․․
Ունեցողի պես եմ խոսում, և սա իմ սահմանն է․․․
Դե այո, չափազանց է, ինչ որ առավոտից
այս լեռն է ավելացնում, և երբ փառաբանում եմ,
առաջվանը չէ․․․

Տեղափոխված որմնանկար

Դսեղի փողոցը։ 
Պուլպուլակ շատ կար, բայց մեջը ջուր չկար,
մեկի մեջ էլ ըսկի շունչ չկար։ 
Գերեզմանոցը։ Լոռվա հին մեռելները, 
որ ոտքի քայլի չեն տրվում, ոչ էլ գրքի․․․  
Թումանյանի պատշաճությունը․․․   
Սովետից մնացած 
ավերակ գործարաններն ենք նկարում։ 
Կղմինդրե տանիքները զարմացնում են։ 
Պատմությունները դեմքիս հասնելիս կրկնվում են․․․
Ինչ-որ բան դեմքով ասելու համար է, 
ավելի շատ նկարները, ուր որ երեսներս 
հասնեն․․․ 
Մեր հյուրատունը։ 
Պատուհանի մոտ պատկերների եմ սպասում,
հուսախաբ չեմ լինում… 
Թափանցիկ, ինչպես մանուկների համար նկարներ,  
չեն փակվում․․․  

Թիթեռ

Նվիրելու ինչ-որ նշան՝ թեկուզ ամբոխին պարզված, 
թեև Քրիստոսի արձան։ Խոսելու ողջ արագությամբ 
տատանվում ենք։ 
Ինչպե՜ս էինք պատերազմից առաջ ընկել․․․ 
Ով էլ  որ վերադարձել է, չի գնում ավելի առաջ․․․
Երկար-բարակ մասնակցում ենք։
Շատերը հիմար են (չեմ ուզում, որ սա լավ հնչի) 
և այնքան վստահ հեռու չեն մնում․․․Փոխնիփոխ 
նրանց իրարից պաշտպանում եմ․․․    
Ուրախանա՞լ Աստծո բարկության համար,
որ ուշանում է։ Համարյա կատարյալ էր վերջին պահին․․․
Ամեն մի բլուր մի քանի անգամ ժխտվում է․․․ 
Կողքից նայել եմ պատերազմին։
Բաց թողնել պատերազմը, բաց չթողնել պատերազմը․․․
Ապա ինչ-որ խոսք ամրությունների մասին․․․ 

***

Երանի՜ սեպտեմբերին՝ մինչև
պատերազմին նախորդած վայրկյանը․
մինչև պատերազմն էին պարետի հին որոշումները․․․
Առաջին գումարման երկիրը, 
Երկրորդ գումարման երկիրը,
Երրորդ գումարման երկիրը․․․ 
Տեղից տեղ ավելի երկար եմ գնում․
թափոր դեպի ետ՝ ուր ասես․․․
Երկու շերտ ժողով, երեք շերտ ժողով, 
երեք շերտ դուռ։
Հի՜ն մանրահատակ ժողովում։
Երկար բառեր նրանց երկար զրույցների մասին՝ 
հատուկ, ինչպես որևէ պապ ցեղում․․․
Շուշիի մասին հեշտ բան ասել չեմ կարող․․․

Աղոթք

Երբ միայն ես եմ բնակեցնում։ 
Երբ ես անհրաժեշտ եմ որպես կապ։
Չափազանցություն մյուս բոլոր օրերին․․․
Կնոջ հոգնածություն թե տղամարդու հոգնածություն․․․
Բնակությանս սեռերը։ Անսեռ բնակությունս։
Հարցուպատասխան կանանց, տղամարդկանց մասին․․․
«Հին բնակությունների սահմանների ծայրերը»․․․
Որտեղից որ խոսեմ կանանց, տղամարդկանց մասին․․․
Ինչպե՜ս են պատմությունները հայտնվում քրոջս և ինձ․․․
Օգնիր՝ ցանկանամ աղոթել երկրի մասին․․․  

Կոնտինուում

Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, մենք տարբեր թիմերում ենք 
հայտնվել, չնայած ես թիմ էլ 
չունեմ․․․ Բայց քո մետաֆորներն անճաշակ են ու տափակ․․․
Ինչ էլ որ ակնարկում ենք, ավելի ծանր չէ․․․
Ես, ահա, երազում եմ, որ մոտավոր մի բան ճիշտ լինի,
և երբ արդարանում եմ, պահը բաց եմ թողնում․․․ Ինչպե՞ս 
հեռավորության հարցը հանեմ․․․

«Վալս»

Հովհարներից տատանվող լույսն ավտոբուսում․․․
Անհարմար քամին շոգին․․․ 
Բարձս է խոնավանում, տեսած-լսածը․․․
Ոմանց քնելը կրկնվող պահերին․․․
Մի ոչ հիմար մարդ բան չի ասում․․․ Խոսում են՝ 
լեզուն եմ լսում․․․
Ամռան պատշաճությունն «այլախոհների» համար․․․
Ո՞ւմ ես աջակցում դո՛ւ, և ի՞նչ տարբերություն․․․
Համաձայն լինել որևէ արշավականի հետ,
մանավանդ երբ կարող ես նրան գոռալով հասնել․․․
Նույն միտքը տարբեր մարդկանց է այցելում․․․  
Ո՛չ ասածս, ո՛չ լսածս ինձ  դուրս չեն բերում․․․ 
Էկրան ենք անցնում․․․ 
Նույն միտքը տարբեր մարդկանց է այցելում․․․

Փոքր Մհեր

Թևերս՝ միջնորմ իմ ու ժայռի միջև, որ չսառչեմ։
Ինչ որ երբեք չի երևա՝ ժայռի մեջ։
Ինչ որ պահվում է մինչև գանձ դառնալը։
Ու թեև ճշմարտություն է, որ այդտեղ իրականում 
ոչինչ չկա,
ով որ շատ հարցեր է տալիս, նրա հետ են կապվում․․․
Այսօր և վաղը 
ոչինչ չեմ ունենա ասելու։ Գուցե միայն մյուս օրը․․․

Please follow and like us: