Լեզվաբանական մի համակարգից եմ ուզում սկսել՝ Պրահայի դպրոցի զարգացրած հնչույթաբանությունից, որ կառուցվածքային լեզվաբանության ուղղություններից է: Ինչպես հումանիտար գիտությունների պատմությունը շարադրող իր գրքում վերլուծում է հոլանդացի հետազոտող Ռենս Բոդը, ուղղակի լեզվի հնչյունների ցանկ ստեղծելու փոխարեն, ի տարբերություն լեզվաբանական այլ ուղղությունների, այս դպրոցը գնաց սոսյուրյան ճանապարհով՝ ուսումնասիրելով, թե այդ հնչյուններն ինչպես են հարաբերվում միմյանց հետ: Այս ուղղության ներկայացուցիչները հաստատեցին, որ լեզվի մեջ հնչյունների խումբը կարող է վերլուծվել հակադրությունների կամ «տարբերակիչ հատկանիշների» տեսակետից: Այսպես՝ անգլերենում p և b հնչյունները տարբեր հնչույթներ են, քանի որ կան դեպքեր (նվազագույն զույգեր), երբ այդ երկու հնչյունների տարբերությունն արտահայտում է առանձին բառերի, օրինակ՝ pat և bat, տարբեր նշանակությունը:
Հակադրական զույգերի միջոցով լեզվական իմաստների (բառային կամ քերականական) տարբերակման այս եղանակը կիրառելու եմ մեկ այլ բնագավառում. կարծում եմ՝ այն կարող է կարևոր իմաստների աղբյուր լինել նաև պոեզիայի լեզուն և մասնավորապես բանաստեղծության կետադրության դերը հետազոտելիս:
Ամենևին նպատակ չունեմ դիտարկելու կետադրության դերն առհասարակ լեզվում, թեև ինքս ինձ առարկում եմ Ռ. Բարտի այն պնդմամբ, որ եթե վերլուծության որևէ համակարգ հավաստի է, ապա այն պետք է տեղադրելի լինի մեկ այլ՝ ավելի մեծ համակարգի մեջ, և ուրեմն՝ պոեզիայից սկսվող իմ մտահոգությունը հարկ է արդարացնել նաև առհասարակ լեզվաբանական դիտակետերից: Այդուամենայնիվ, իմ հավակնությունը լեզվաբանական – մասնագիտական չէ: Ավելի շուտ սա լեզվի հետ սերտորեն շփվող մարդու բերած օրինակ է, որ կարելի է ուսումնասիրել ավելի մեծ մասշտաբներից, մասնավոր դեպք, որ կարող է մղել (կամ գուցե արդեն մղե՞լ է…) օրինաչափությունների որոնման:
Կետադրությունը ոչ վերբալ խոսքի արտահայտած իմաստներն է բերում գրավոր խոսք և բանավորի ելևէջները: Բայց գրավոր խոսքի զարգացումը կետադրական նշաններին նաև անկախություն է տվել բանավոր խոսքից: Կետադրության պատմությունն ու տեսական բնութագրությունը կարող են առնվազն պակասեցնել կանոնների դեմ խոսողների քամահրանքը: «Առանց տեսական իմաստավորման չի կարող ստեղծվել կետադրության քիչ թե շատ անհակասական համակարգ, չեն կարող ամուր միասնական հիմքերի վրա դրվել կետադրական նշանների կիրառության կանոնները»,- գրում էր Ջահուկյանը։
Թերևս հայերենի կետադրական նշանները դադարել են որևէ բան նշանակել, նաև որովհետև պակասել են նուրբ և ճշգրիտ ձևակերպումներ պահանջող իմաստները: Ասում եմ՝ երկյուղելով ինչ-որ բան շփոթել կամ չափազանցել կետադրության տրամաբանական հիմքի հարցում, որի մասին այնքան մանրակրկիտ է խոսում նույն Ջահուկյանը:
Եվ այսպես, կետադրական նշանների՝ բութի ու ստորակետի նվազագույն զույգեր. այստեղ այս նշանների անհրաժեշտությունն ինչպե՞ս է երևում: Կետադրական այս նշաններն իսկապես անհրաժե՞շտ են, այն է՝ իսկապես տարբե՞ր են: Դիտարկենք: Նախ մի պարզ, ոչ բանաստեղծական օրինակ բերեմ: «Պողոսը, Պետրոսի տղան, սիրում էր հոր արհեստը» և «Պողոսը՝ Պետրոսի տղան, սիրում էր հոր արհեստը»: Առաջինում ստորակետները «Պետրոսի տղան»-ը վերածում են միջադաս դերբայական դարձվածի (գուցե լեզվաբաններն առարկեն այս կետադրությանը), որը, համաձայն կետադրական կանոնի, երկու կողմից տրոհվում է ստորակետներով. ստորակետները հուշում են, որ այստեղ բացակայում է «լինելով» դերբայը: Եվ այս վերածումը դերբայական դարձվածի ներմուծում է պատճառի հարաբերություն առանց երկար դատողության, այնինչ երկրորդ՝ բացահայտիչի դեպքը, միայն ժառանգական հարաբերություն:
Կետադրական այս նշանները հարաբերությունների տիպեր մատնանշեցին: Իսկ սա փոքր տարբերություն չէ: Կետադրության այսպիսի իմաստաստեղծ կիրառությունը բնորոշ կարող էր լինել որևէ գրողի խնայող լեզվի:
Եթե հայերենից հանձնած քննական թեսթում առաջին կետադրությունն ամենայն հավանականությամբ սխալ կհամարվի, ապա պոեզիայում հեղինակն ինքն է բարոմետրը: Ինչ իմաստների առջև և ինչպես կբացվես՝ քո որոշելիքն է: Զգայուն կլինի՞ մեր պոեզիան նման տարբերության նկատմամբ կամ նման տարբերություն դրսևորելու աստիճանի: Այս խնայումը հռետորական դարձույթի է վերածվում:
Մի դեպք էլ Պ. Ցելանից, որովհետև տպավորություններս թարմ են. վերջերս էինք թարգմանում: «Ո՛չ իմ շրթունքներին փնտրիր քո բերանը,/ Ո՛չ դարպասի առաջ օտարականին, Ո՛չ աչքում արցունքները»: Եթե Ցելանի պատկերներն ամբողջովին ենթարկենք հայերենի կետադրությանը, այն է՝ բութ դնենք բացակայող ստորոգյալի՝ «փնտրի՛ր»-ի փոխարեն (այսպես` «Ո՛չ իմ շրթունքներին փնտրիր քո բերանը,/ Ո՛չ դարպասի առաջ՝ օտարականին, Ո՛չ աչքում՝ արցունքները»), այս երեք պատկերներն արդյոք ավելորդ միասնականություն չե՞ն ստանա… Առնվազն մտածելու բան է:
Կետադրական նշանների իմաստազրկումը դրանց արտահայտած իմաստների իմաստազրկումն է և դրա հետևանքը: Կետադրել-չկետադրելու հարցն էլ, ուրեմն, իմաստ ունի միայն այն դեպքում, երբ կետադրությունը գոյություն ունի: Կետադրության զեղչման միջոցով իմաստներ զեղչելն էլ միայն դրանց գոյության դեպքում է հնարավոր:
Եվ ի՞նչ անել, եթե ուզում ես միտումնավոր սխալ բան գրել կամ թարգմանել։ Բարդությունն այն է, որ եթե կանոնները մշտապես ու զանգվածային կերպով խախտվում են, միտումնավոր կատարված սխալը կա՛մ կարող է ուղղակի չնկատվել, կա՛մ որպես թարգմանչի կամ գրողի անգրագիտություն ընկալվել։ Զանգվածային անհոգության պայմաններում միտումնավոր անհոգ լինելու հնարավորությունը ոչնչանում է… Սա էլ կետադրության ազատության և ամեն բան «ազատությանը» հանգեցնելու դիկտատուրան:
Եվ այսպես, կետադրությունն ու դրա միտումնավոր զեղչումը ինձ ներկայանում են տեղեր նուրբ իմաստների համար: Մի օրինակ էլ ինձնից, որպեսզի ցույց տամ, թե ինչ հարցեր կարող են լինել մտքում, երբ բանաստեղծություն ես կետադրում:
Իմ «Ճամփորդները» բանաստեղծության երկրորդ տունը՝ «Մայրերը՝/ օրորոցի ճամփորդներ, / արթնացան», քերականական բացահայտիչով մայրերին բացահայտում է իբրև օրորոցի ճամփորդներ: Եթե «օրորոցի ճամփորդները» ստորակետներով տրոհեի, կկռահվեր «լինելով»-ը, ուրեմն հիմունքի, պատճառի հարաբերություն կներմուծեի նախադասություն: Ճամփորդներ լինելու հանգամանքը գործողության հանգամանքի կվերածվեր, այնինչ բացահայտիչի դեպքում այն մայրերին է անուն տալիս: Իսկ եթե չկետադրեի, կուզենայի, որ դա անեի՝ ջնջելու համար այս վերագրությունները, ավելի բազմիմաստ դարձնելու կառույցը և ոչ պարզապես պատահաբար: (Թեև…)
Նշածս երեք իմաստները հնարավոր է արտահայտել նույն տեղում տարբեր կետադրական նշաններ դնելով, ուրեմն այդ նշաններն իմաստ ունեն: Բայց դրանք իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ գիտակցվում են: Անշուշտ, հեռապատկերում այս իմաստները կարող են և խաչվել, բայց կետադրելիս նախ մոտակա իմաստների հետ ես գործ ունենում, «օպերացիոն համակարգդ» նախ դրանք է բաշխում: Բարդացնո՞ւմ եմ, տարբերություն չկա՞: Բայց ինձ սրտամոտ է գրականության մարդկանց Խ. Օ. ի Գասեթի տված անունը՝ «տարբերությունների վիրտուոզները»: