Արփինե Վարդանյան/  Մենք Ձեզ կզանգահարենք

                                

-Մենք Ձեզ կզանգահարենք,- հերթական անգամ եմ լսում։

«Հա ո՞ր»,- մտքումս արձագանքում եմ ու բարձրաձայն հազիվ «շնորհակալություն»  փնթնփթում ու դուրս գալիս։

Ծանր քայլերով մոտենում եմ ինչ-որ նստարանի։ «Շունչ քաշեմ»,- մտածում եմ ու նստում։ «Հերթական անգամ»,- ծանր պահ էր, թեև պետք է, որ արդեն սովորած լինեի։ Բայց չէի սովորում․ երևի ճիշտ են , էլի, ասում, որ հույսը երբեք չի մեռնում։ Բայց հեռախոսիս ձայնը սթափեցնում է։ Նայում եմ՝ բաց թողնված զանգերի շարք ու էլի ․․․ «Վա՜յ, մա՛մ»,- նեղվում եմ, բայց այնուամենայնիվ, որոշում եմ պատասխանել․

-Հա՛, մա՛մ․․․ դե հարցազրույց էր, էլի, սովորականի պես․․․ հա՛, վատ չանցավ․․․ չգիտեմ, մա՛մ, հստակ չեմ կարող ասել՝ կվերցնե՞ն, թե՞ չէ․․․ ի՞նչ։ Դե եսիմ, երևի հավանեցին․․․ լա՛վ, գամ տուն, կխոսենք․․․ հիմա չէ, էլի․․․ չգիտեմ․․․ – ու շտապում եմ անջատել։ Ավելի թևաթափվեցի։ «Ամեն ինչ լավ կլինի․․․»,- ասում էր Մանեն։ «Էրեխա է, բան չի հասկանում»,- մտածում եմ։ Լացս գալիս էր։

«Պետք է գնալ»,- փորձեցի ինձ հավաքել, երբ մեկը մոտ եկավ․

-Ձեզ էլ են կանչե՞լ փորձաշրջանի,- հարցազրույցի աղջիկներից էր։

Մի պահ ասածը չընկալեցի։ Հետո՝ կմկմացի․

-Ասեցին, որ կզանգահարեն։

Զրուցակցիս դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց։ Երևի ինձ մոտենալուց փոշմանեց․

 -Հա՜,- հազիվ ծոր տվեց․ ինքն էլ հասկացավ, որ ինձ չեն վերցրել։

    -Բարև Ձեզ․․․ այո՛, այո՛, Անին է․․․ հա՛, ինքնակենսագրական էի ուղարկել․․․ դե նշել եմ արդեն ինքնակենսագրականումս․․․․ Չէ՛, խնդիր չկա, կպատասխանեմ․․․- ձայնս դողում էր երևի, բայց ոչ թե հուզմունքից, այլ նյարդերիցս,- փո՞րձ․․․ չե՞ք կարծում, որ պետք է աշխատեմ, որ փորձ ունենամ։ Դե հա, պահանջում եք մինչև 20 տարեկան աղջիկ, 35 տարվա աշխատանքային փորձով,- ի վերջո, չդիմացա։ Անջատեցի։

   Հերթական չստացված․․․ կոկորդս քերվեց։ Ջուր ուզեցի։ Բայց էլի չէր օգնելու․ «Ամեն ինչ թարս է»։ Դեռ պետք էր տուն գնալ ու պատասխանել մորս հարցերին։ Հաղորդագրություն էլ էր ուղարկել․ «Եթե Մառուսին հանդիպես շենքի մուտքի մոտ, կասես, որ գործի ես անցել։ Այսօր պարտքն էր ուզում, ասեցի, որ Անին արդեն գործի է անցել ու մի ամսից աշխատավարձ կստանա»։ 

Մեկ-մեկ կորկորդումդ թուքդ կանգ է առնում։ Տհաճ զգացողություն է։ Քերում է ու խանգարում է, որ օդը շնչես ու արտաշնչես։ Երևի այդ պահերից էր։ Աչքս ընկնում է ինչ-որ խանութի ցուցափեղկի հայտարարությանը․ «Պահանջվում է վաճառողուհի»։ «Մտնեմ»,- մտածեցի։ Բայց դա ընդամենը մի պահ տևեց․ «Բա ու՞ր մնաց բարձրագույն կրթությունս»։ 

Չմտա։ Քայլերս ուղղեցի կանգառ։ Պետք էր տուն գնալ։

Մանեն սիրում էր տիկնիկների հետ խաղալ։ Նման պահերի սիրում էի շոյել գանգուր մազերը․ «Արև՜ս»,- շշնջում էի ես։ Մերս նման պահերի կողքից  լուռ նայում էր ու երևի մտքում ասում․ «Դու էլ իմ էրեխեն ես, դու էլ իմ բալեն ես»։ Երբ Մանեին գրկիս եկա, չէր ընդունում․ «Գնա՛ մարդուդ տուն, Մանեին ստեղից չես տարել»։ Հիմա ընդունու՞մ է։ Չէ՛։ Ոչ էլ հաշտվել է, ուղղակի ի՞նչ անի։ Հո դուրս չի անի։ Բայց ամենավատը երևի ծանր էր տանում այն հանգամանքը, որ բոլորը գիտեին, որ «հետ եմ եկել», բաժանվել եմ։ 

Սուրճը բերանում դառնահամ է առաջացնում։ Բայց տհաճ չի։ Մի տեսակ հաճելի է, ձգող, սթափեցնող։ Եվ մորս հետ սուրճ խմելիս միշտ մտածում եմ, որ սեղան ենք նստում երեքով՝ ես, մերս ու սուրճը։ «Առանց սուրճ չի լինում»,- ասում էր հերս ու մեր զրույցներին սուրճը ընկեր դարձնում։ 

-Պապայի գերեզմանին գնա՞նք,- հանկարծ ասում եմ։

-Հըլը դու գործ գտիր,- կտրուկ ընդհատում է մերս։

«Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի»,- ուզում եմ ասել, բայց ինձ զսպում եմ։ Հիմա կոնֆլիկտի ժամանակը չի, հատկապես չեմ ուզի, որ Մանեն ականատես լինի։

Լուռ շարունակում ենք խմել սուրճը։

– Ներքևի խանութում գործ կա,- մերս։

– Մթերայի՞ն,- հարցնում եմ։

– Հա՛։

Բառեր չեմ գտնում ու զարմացած նայում եմ մորս։ Մոռացե՞լ է կրթությունս։

– Հիմա ո՞վ է իր մասնագիտությամբ կամ, առհասարակ, դիպլոմով աշխատում,- կարծես կարդում է մտքերս։

 -Մա՛մ,- չեմ դիմանում ու վեր եմ կենում սեղանից։

Լռում է։ Բայց, ըստ էության, ամեն ինչ արդեն ասել էր։ 

                                                       ***

  Գնում էի հերթական հարցազրույցին։ Երթուղայինն էլ ուշանում էր։ 

 -Անի՞,- լսում եմ անունս։ Շուռ եմ գալիս։

 -Վա՜յ, Մանո՛ւկ,- ուրախանում եմ։ Դասարանցիս էր։

 -Արի՛, նստի՛ր, ես կտանեմ։

  Ուշանում էի։ Նստեցի։

                                                        ***

Մանեն արդեն քնած էր, երբ տուն եկա։ Մերս նայեց ու բան չասեց։ Հասկացավ, որ ոչ մի գործ էլ չէի գտել։ Կամաց գնացի խոհանոց ու ձեռքերս դողում էին, երբ փորձեցի  գազօջախը վառել։ Երբ դասարանցիներով մի տեղ էինք գնում ու ուշ էի գալիս, մերս միշտ ասում էր՝ «Հարևանները, որ տեսնեն, ի՞նչ կասեն»։ Ես էլ անպատասխան չէի թողնում․ «Ես ուրախ եմ տուն եկել, չէ՞։ Հիմա քեզ համար կարևորը իմ ուրախ տուն գալն է՞, թե՞ հարևանների խոսքերը»։ Նման պահերին մերս լռում էր ու էլ պատասխան չուներ։

Լացս գալիս էր։ Ուզում էի ձենով լաց լինել։ Մեքենայի դուռը լավ շրխկացրի, երբ Մանուկը ձեռքը դրեց ոտքիս․ «Դու բաժանված․․․ օգնության կարիք կունենաս․․․»։  Փողոցի մեջտեղում էր մեքենան, երբ իջա։ Հարցազրույցի էլ չգնացի։ Ամբողջ օրը ուղղակի թափառել էի։ «Գնամ մարդուս տուն, հա՞»,- բայց այս միտքը միանգամից վանեցի։ Դա բացառված էր։

 -Մա՛մ, մոմ եմ վառել, որ Աստված պապիկը քեզ օգնի,- Մանեն էր։ Արթնացել էր։

 -Ինչի՞ քնած չես,- սթափվում եմ ու մոտենում եմ, որ գրկեմ։ 

«Մոմ եմ վառել, որ Աստված պապիկը քեզ օգնի․․․»,- ինքս ինձ կրկնեցի ու  պարզ էր՝ մորիցս էր լսել։ Բայց տրամադրություն չունեի դրա վրա կենտրոնանալու։ Գրկեցի բալիս ու գնացինք սենյակ։ Աչքս միանգամից վառված մոմին ընկավ։  Ժպտում եմ։

Մոմը իմ նկարի առաջ էր վառել։

Please follow and like us: