Գեւորգ Թումանյան/Անքնություն

*

անքնություն

ախր ես միայն
կնոջս գիշերային խռմփոցներին էի
իբր սովոր
/խռովկանիս ցերեկայինները
շատ քիչ եմ լսել /
հիմա էլ
էս անուշ լուսումութին
ներքևի հարկից
ռուս կենվորն է հռնդում

ըշտը
եղբայրասպան պատերազմից չփախչեիք
ձեր անվերադարձորեն ցնդող
անփոխարինելի պապայի հրամանով
էրթայիք ուկրաինական հողը
ավելի արգավանդ դարձնեիք

դե լավ
շուլուխ եմ անում
խոզ չեմ
էկել էկել եք
գլխիս վրա տեղ ունեք
ավելի ճիշտը
մեկ հարկ ներքև
վարձով տանը տեղ ունեք

իսկ
հռնդացող ընկեր ռուս
քո վե՞ջն է
որ կինս
խռովել է ինձնից
ու առավոտյան
գործի եմ գնալու
նորից ճմրթված վերնաշապիկով
կամ ճարս կտրած
սվիտեր եմ հագնելու

անուշ երազներ տեսնող
ընկեր ռուս
իսկ գիտե՞ս
որ կինս
ամեն ամիս է
ինձնից խռովում

անհրապույր
ընկեր ռուս
իսկ գիտե՞ս
որ աշխարհի
ամենավավաշոտ
ամենակնամոլ
ամենահրապուրիչ
աչքի ընկնող տղամարդը ես եմ

ամենագետ
ընկեր ռուս
ազնվորեն կասե՞ս
կամ ավելի ճիշտը կհռնդա՞ս
կինս երբևէ դադարելո՞ւ է
հալևորիս խանդելուց

իհարկե
իհարկե
դու էլ չգիտես
դե հռնդա
շուն-շան որդի

ահա
ձեռքս կնոջս
գոգավորություններն է շոշափում
իբր ջղայնացած
իբր քնել է ուզում
ձեռս մեղմիվ հետ է շպրտում
ախր ես գիտեմ
չի դիմանալու
ընկրկելու է
ախր չէ՞ որ
աշխարհի
ամենավավաշոտ
ամենակնամոլ
ամենահրապուրիչ
աչքի ընկնող տղամարդը ես եմ


մի երկու օրից
վերնաշապիկներս կարդուկվեն

շուն-շան որդի
ընկեր ռուս

*

կայծակնային շախմատ

ինչ ազգություն ասես
հանդիպում է
ռուսներն են
մի տեսակ պակասել
առաջ լիքն էին
վայրագորեն ծփում էին
պարտվելիս
անխղճաբար հայհոյում

ուկրաինացիք
կապտագույն դրոշով են
սգո նշան է երևի
ինչ սրտով են խաղում
չեմ հասկանում

միգուցե փախածներն են

ոխերիմ
կենաց-մահու թշնամիներս
թուրքերն են
ադրբեջանցիները

մի քանի անգամ
դաղել լացացրել եմ
դե իհարկե
նրանք էլ ինձ

մի շեմ կա
չեմ կարող հաղթահարել
հաղթածս դիրքերը
փայլուն չեմ իրագործում
դանդաղում եմ
կամ պարտվում
կամ ոչ ոքի եմ ավարտում

ես ինչ սրտով եմ խաղում
չեմ հասկանում

*
հորս մարմինը
դիահերձարան տանելու համար
մաքուր պիտի լիներ
մեն-մենակ էի
լվանում
սրբում
անտանելի շոգ էր
շտապում էի
դիմակով էի
քրտինքս
ինձ ունենալու քրտինքը
հորս մարմինն էր ոռոգում

*

մերոնք որոշել էին
որ ես ինչ-որ բանից վախեցած եմ
ու մորքուրս ինձ տարավ
իր գործի տեղը
վախս բռնելու

վախ բռնող կինը
ինձ կռնակի վրա պառկեցրեց
ոտքերս ծալել տվեց
ու սկսեց վրես գիրք կարդալ

առաջին անգամ
լսեցի Նարեկի անունը
վրես Նարեկ էր կարդում

կրունկներիցս
մի անսովոր և հաճելի ջերմություն
բարձրացավ մինչև գոտկատեղս

մի քառասուն տարի
էդ աղոթքներն ինձ զորավիգ էղան

հիմա մարմինս
օրվա մեջ մի քանի անգամ
իրենից դուրս ցնցվում է

չեմ հասկանում
կամ վախեցած եմ
կամ ծերությունը
էսպես է սկսվում

*
ըստ մերոնց
քանի որ բախտս
երկար ժամանակ չէր բացվում
վրես չար աչք կար
ու մեր տուն մոմ թափող մի կին էկավ
համատեղության կարգով
էդ կինը մեր փողոցի ավլող-թափողն էր
մոմ թափելը
Նարեկ կարդալ չէր
ու ես ոչ մի
արտասովոր բան չզգացի
հետո
Սուրբ Հովհաննեսի մատուռ բարձրացա
հետո անցա Հացիկ գյուղի
ծակ քարի միջով
ու Գագիկ Սարոյանի փոխ տված թաշկինակը
կապեցի երազանքի
կամ թե ցանկության ծառին
հետո ամուսնացա
ինձ աչքով չտամ
բայց չար աչքերին
ես չեմ հավատում

Please follow and like us: