Խորեն Աճեմյանը՝ ստալինիզմի գիսաստղ/Մաս երրորդ․ Խորեն Աճեմյան՝ պարտված հաղթողը

Վարդան Ջալոյան

1944 թվականի հունիսին մեկին Կենտրոնական կոմիտեի կազմակերպած  պատմաբանների խորհրդակցությունում Խորեն Աճեմյանի զեկուցումը խորապես մտահոգեց խորհրդային պատմաբաններին։ Մասնավորապես ազդեցիկ պատմաբան Աննա Պանկրատովան իր հետմահու տպագրված «Գրառումներում» գրում է․ «Ընթերցանությունը տևեց մեկ ժամից ավելի։ Տպավորությունն անդիմադրելի էր, հանդիսատեսն իր ականջներին ու աչքերին չէր հավատում։ Նախագահությունը լուռ էր և ուշադրությամբ լսում էր»։

Այստեղ և հետագայում հղումները ըստ Անդրեյ Յուրգանովի գրքի, որտեղ հավաքված են բազմաթիվ փաստաթղթեր։

Հասկանալի էր, որ Խորեն Աճեմյանը իր ժամանակի համար աղանդավորական/ հերետիկոսական մտքեր էր արտահայտում։ 

Հերետիկոսական գաղափարներ էր արտահայտում, բայց «Նախագահությունը լուռ էր և ուշադրությամբ լսում էր»։ Ինկվիզիտորների խումբը՝ նախագահությունը, չէր պատրաստվում «այրել» Խորեն Աճեմյանին, նա հավանաբար պետք էր նրանց։  Նախագահությունը՝ Ստալինի կամքի արտահայտողը, երկիմաստ դիրք էր ընդունել․ այն, անշուշտ, չէր պատրաստվում աջակցել Խորեն Աճեմյանի գաղափարներին, բայց դրանք հուժկու ազդանշան էին ակադեմիական պատմագիտությանը։ Ըստ էության այս խորհրդակցությամբ սկսվում է նոր գաղափարախոսական դարաշրջան, բայց նրա ուրվագիծը դեռ անորոշ էր։ 

Ստալինյան դարաշրջանի պատմաբանը, ընդհանրապես խորհրդային շրջանի պատմաբանը/ գրողը/ մտավորականը տարբեր են բուրժուական մտավորականից։ Վերջինը քննադատական է, առաջինը ջատագովական։ Վերջինը իրեն տեսնում է իբրև «ազատ մասնագիտության» տեր, երկրորդը հաճախորդ է կուսակցական առաջնորդ֊տիրոջ մոտ։ Լավ հայտնի էր, որ ակադեմիկոս Եվգենի Տառլեի (1875–1955) հովանավորը անձամբ Իոսիֆ Ստալինն էր, որը նրան տալիս էր առանձնակի կշիռ պատմաբանների և հասարակության շրջանում։ Արդեն հիշատակել ենք, որ նա եղել է «Ակադեմիական գործի» հիմնական մեղադրվողներից, համարվել բուրժուական պատմագրության տիպիկ   ներկայացուցիչ։ Իր հովանավորի շնորհիվ ազատվելով այդ բոլոր մեղադրանքներից, փոխարենը գրում էր պատմական աշխատություններ, որոնք մեծապես նպաստում էին ստալինիզմի գաղափարախոսության հաստատմանը։ Նրան չար լեզուները վերագրում են  «միայն թող ասեն ինչ պարել» արտահայտությունը։ Այս ֆոնի վրա Խորեն Աճեմյանը թվում է ստալինիզմի «վոլոնտյոր»։

Խորհրդակցության մասնակիցների մեծամասնությունը անհրաժեշտ համարեց անդրադառնալ Խորեն Աճեմյանի հայտնած մտքերին, բայց  բացառապես քննադատելով դրանք։

Խորեն Աճեմյանից հետո հաջորդ ելույթը Աննա Պանկրատովայինն էր, որը Խ․ Աճեմյանի հայացքները բնութգրեց իբրև «հեգելականություն»․ « ․․․Այս «դպրոցը» [Բ․ Չիչերինի] և նրա իրավահաջորդները Հեգելից սովորեցին պետության՝ որպես պատմության արարողի իրենց տեսակետները, և պետության ու ժողովրդի կապի մասին նրանց ըմբռնումը որոշ չափով կրկին արտացոլվեց ընկեր Աճեմյանի ելույթում, թեև նա փորձեց մտցնել այս հասկացողության մեջ որոշ «ուղղումներ» և վերապահումներ: ․․․

Նրանք ռուսական պետությունը ներկայացնում էին որպես մի տեսակ անկախ, ինքնաբավ, վերդասակարգային ուժ՝ ռուսական պատմության կազմակերպիչ։ ․․․

Աճեմյանի այն պատճառաբանությունը, որ այստեղ լսեցինք, թե պետությունն ու ժողովուրդը նույնն են, հարակից չէ՞ թղ․ անդամ Յակովլևի հայտնի կոնցեպցիային, որ  «ռուսական կայսերական ուժը» ներկայացնում և պաշտպանում է ռուս ժողովրդի շահերը։ 

«․․․ Նախահոկտեմբերյան շրջանի ռուսական պետության և նրա դասակարգային ու քաղաքական առաջադրանքների ու նպատակների և մեր խորհրդային պետության միջև այս մերձեցումը գալիս է մի շարք պատմաբաններից, ակնհայտորեն լավագույն սուբյեկտիվ հայացքներից և ամենագովելի հայրենասիրական բնույթի տրամադրություններից։ ․․․ Բայց ինձ թվում է, ընկերներ, որ վերակենդանացնելով պետական տեսության որոշ վերապրուկներ, պատմության մեջ պետության դերի և ժողովրդի ու պետության հարաբերությունների վերաբերյալ հեգելյան որոշ դրույթներ, որոշ պատմաբաններ կանգնում են հակապատմական, հակամարքսիստական պատմական գործընթացի մոտեցման ուղու վրա»։ 

Ա․ Պանկրատովան, քննադատելով Խորեն Աճեմյանին, իհարկե, քննադատում էր նաև իր «հայրենասեր» կոլեգաներին՝ Ե․ Տառլեին․ Ա․ Յակովլևին, Պ․ Սմիռնովին, որոնց հանդիպման մասնակիցներից մեկը բնութագրեց իբրև «աճեմյանականներ»։

Մի քանի օր հետո՝ հունիսի 5-ին կայացավ հաջորդ նիստը։ Բոլոր մասնակիցներն էլ հասկանում էին, որ Խ․ Աճեմյանի ելույթը պատահական չէր, այլ արտահայտում էր նոր գաղափարախոսական հովերը։ Խնդիրը միայն նրա հայացքները հերքելը չէր, այլ նրա գաղափարների հասցրած վնասը նվազագույնի հասցնելը։

Մասնակիցներից մասնավորապես Ն.Լ. Ռուբինշտեյնը կրկին շեշտեց Խ․ Աճեմյանի հեգելականությունը և դասակարգային պայքարի դերը նսեմացնելը․ «Այստեղ ընկեր Աճեմյանի մի շատ վառ ելույթ ունեցավ, որտեղ իդեալականացնում է պետությունը։ Ըստ նրա՝ պետությունն ու ժողովուրդը նույնն են, դասակարգային պայքարից պետք է հրաժարվել, բայց կա պրոլետարիատի դիկտատուրա առանց դասակարգային պայքարի։

Պետականության, պետության իդեալականացման ոգին շատ լայնորեն կիրառվեց ընկեր Աճեմյանի ելույթում, ով, իմ կարծիքով, իր հեգելականությամբ գերազանցեց նույնիսկ Սոլովյովին, որը երբեք այդքան պարզունակ չի եղել։ Այստեղ ամեն ինչ այնքան պարզ է, որ թերևս չարժե նույնիս վիճել։ Բայց խնդիրը միայն ընկեր Աճեմյանի այս ելույթը չէ։

Այս երևույթն, անկասկած, այսօր ավելի տարածված է՝ իդեալիստական պետական տեսությունների վերածննդի ֆենոմենը, որոնք անտեսում են դասակարգային պայքարը, և այն ունի լայն իմաստ, քանի որ վերջերս այն ներկայացվել է մի շարք պատմական աշխատանքներում»։

«Դասակարգային պայքարի» հղացքը իր մեջ ներառում էր ոչ միայն ճորտատիրական կեղեքումը կամ կապիտալիստական շահագործումը, այլ նաև՝ ցարիզմի գաղութային ճնշումը։ Վ․ Լենինը անվանել է ցարական Ռուսաստանը «ժողովուրդների բանտ», Խորեն Աճեմյանը և նրա համախոհները շեշտը դնում էին ծայրամասերի միացման «առաջադիմական» բնույթի վրա։

Այս նիստում ամենակարևոր ելույթը Ի․ Ի․ Մինցինն էր, որը շատերը ընկալեցին իբրև կիսապաշտոնական։ Նա ասաց, որ Ղազախստանի միացումը պետք է գնհատել իբրև «չարյաց փոքրագույն», իսկ Աճեմյանի ելույթը քննադատեց «դասակարգային պայքարը» անտեսելու համար․ «Այս միտումի հրեշավոր օրինակ է ընկեր Աճեմյանը։ Մերժելով պատմության բոլոր երևույթների դասակարգային գնահատականը, նա դատապարտեց պուգաչևշչինան այն բանի համար, որ նա, իբր թե, ցնցեց պետությունը։ Եթե դուք այս տեսակետն եք ընդունում, ապա պետք է դատապարտեք Հոկտեմբերյան հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Ռուսաստանի և Գերմանիայի միջև պատերազմի ժամանակ։ Ահա թե ինչ եզրակացություն կարելի է անել ընկեր Աճեմյանի սխալ դիրքորոշումից (Աճեմյան. Լա՜վ համեմատեցիք պուգաչևշչինան ու Հոկտեմբերյան հեղափոխությունը)։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կհամաձայնի Աջեմյանի հետ, բայց նրա ելույթը ցույց է տալիս, թե մինչև ուր կարելի է հասնել դասակարգային դիրքորոշումից շեղվելուց»։

Ի․ Մինցի ելույթը, կարծում եմ, ազդանշան էր Խ․ Աճեմյանին տարաբնույթ պիտակներ տալու համար։ Չէ՞ որ հոշոտել աղանդավորին առաջարկում էր հենց Կենտկոմը։ Հաջորդ՝ հունիսի 10-ի նիստում ելույթ ունեցողները պակաս կոռեկտ էին։ 

Օրինակ․ Ա․ Եֆիմովը հայտարարեց․ «Ստիպված եմ խոսել ընկեր Աճեմյանի ելույթի մասին։ Փաստորեն, չարժե խոսել այդ մասին, այն շատ ցածր է այս հանդիպման մակարդակից։ Այստեղ տեղի է ունենում պատմաբանների խորհրդակցություն, մինչդեռ ընկեր Աճեմյանի ելույթը վկայում է, որ նա անշուշտ պատմաբան չէ, թեև ըստ իս նրա փիլիսոփա լինելու փաստն էլ չկա։

Նա «հայտնագործեց», որ սովետական պատմաբանները զբաղվել են ժողովրդով, բայց անտեսել են ցարերին, մինչդեռ այդ ցարերը ներկայացնում են ժողովրդական պատմության առաջադեմ միտումները։ Այս գաղափարը, իհարկե, նոր չէ, այն մշակվել է տարբեր երանգների միապետկանների կողմից, ինչպիսիք են Կարամզինը, Չիչերինը, Սոլովյովը, Կովալևսկին»։

Ա․ Եֆիմովը, որը «մեծապետական» ճամբարում էր, հասկացավ, որ ամենահեշտ ճանապարհը իր համար Խ․ Աճեմյանին հարվածելն է։ Աճեմյանը «անմակարդակ» մեծապետական է, իսկ, օրինակ, Ե․ Տառլեն՝ մակարդակով։ Խ․ Աճեմյանը նրա համար ընդհամենը սադրիչ կերպար է, որին օգտագործելուց հետո կարելի է դեն նետել։ Եթե մասնակիցներին բաժանենք «աջերի» և «ձախերի», ապա Աճեմյանը «աջ» է, որը բաց ասում է, թե իրապես ինչ է մեծապետականների մտքին։ Նա Սլավոյ Ժիժեկի տերմինաբանությամբ «աջերի» անպատշաճ՝ ցինիկ կողմն է։ Ու ոչ պակաս կարևոր է՝ հայ է։ Դա էլ ավելի անպատշաճ է։

«Ձախ» Ե․ Գորոդեցկին, ով ագիտպրոպի պատասխանատու աշխատողներից էր, իր ելույթի սկզբում նշեց շատ կարևոր միտք, որ Աճեմյանի դիրքորոշումն ամբողջովին անձնական չէ. այն արտահայտում է «մեր մի շարք պատմաբանների» տրամադրությունը. «..այսպիսի կամ նման պատկերացումներ ունեն մեր մի շարք պատմաբաններ։ Աճեմյանն ուղղակի ընդհանրացրել է այս մտքերը և արտահայտել ամենատգեղ ձևով։

… Երկրորդ՝ այս հայտարարությունը [պրոֆ․ Ա․ Յակովլևի] վկայում է մեր երկրի ոչ ռուս ժողովուրդների նկատմամբ արհամարհանքի մասին, որն այնքան բնորոշ է մեծապետական շովինիզմին։ Այս տեսանկյունից Աճեմյանի ասածն այստեղ օրիգինալ չէ. Նրա հայտարարությունները, անկասկած, կրկնում են այն, ինչ քարոզում էր պրոֆեսոր Յակովլևը»։

 «…պետության և ժողովրդի անբաժանելիության «տեսությունը», որը այդքան մանրամասն ներկայացրեց Աճեմյանն այս ժողովում, պետության դասակարգային գնահատականի մերժումն է։ Միևնույն ժամանակ, այս «տեսությունը» հանգեցնում է խորհրդային պետության և դրան նախորդած պետական ձևերի հիմնարար տարբերությունը լղոզելուն։ Միայն խորհրդային պետությունն է ազգի միասնության կազմակերպություն։  … չի կարելի խորհրդային ժողովրդի ու պետության միասնությունը փոխանցել պատմական անցյալին։ Ոչ մի դեպքում չեմ ուզում հարաբերել ակադ. Գրեկովին Աճեմյանի հետ: Բայց որ Աճեմյանի խոսքում մշակված գաղափարները շատ են հիշեցնում «Վեխի» ժողովածուի Ստրուվեի և այլ կադետների հայտնի հոդվածները, սա միանգամայն պարզ է և կասկածից վեր։ Արդյո՞ք դա որևէ նշանակություն ունի մեր խորհրդային պատմության համար։ Անկասկած ունի։ Կարծում եմ, որ մենք այստեղ՝ այս հանդիպմանը, պետք է հստակ և ուղղակիորեն ասենք դա։ Մենք որոշակի անպատասխանություն ենք ցուցաբերում»։

Մի շտրիխով կուզենայի տալ նաև հաճախակի հանդիպող Ա․ Յակովլևի դիմանկարը, ով մեղադրվում է «մեր երկրի ոչ ռուս ժողովուրդների նկատմամբ արհամարհանքի համար»։ 

Ալեքսեյ Իվանովիչ Յակովլևը (1878–1951), Վ.Օ. Կլյուչևսկու աշակերտն էր, 16-17-րդ դարերի ռուսական պատմության ականավոր մասնագետ, սերում էր հայտնի չուվաշ մտավորականի ընտանիքից: Յակովլևը, լավ ծանոթ էր Վ.Ի. Լենինի և նրա եղբայր Դ.Ի. Ուլյանովի հետ դեռ Սիմբիրսկի գիմնազիայի տարիներից։ Բոլշևիկների՝ իշխանության գալուց հետո նրան անձամբ հովանավորում էր Լենինը, և նա անձեռամխելի էր համարվում։

Օրինակ, Ռումյանցևյան թանգարանի որոշ աշխատակիցների ձերբակալությունից հետո, որտեղ աշխատում էր Ա.Ի. Յակովլևը, միայն  նրա անձնական միջնորդությունն է օգնել նրանց ազատ արձակել։ Պատմաբան Յ․ Գոտիեն պատմում է, որ նրանց միջև տեղի է ունեցել այսպիսի խոսակցություն․ Լենին. «Մենք ձերբակալել ենք մարդկանց, որոնք ուզում են կախել մեզ». Յակովլև. «Ոչ թե սրանք, այլ ուրիշները ձեզ կկախեն»: Լենին. «Ո՞վ»: Յակովլև. «Ես ձեզ կասեմ, երբ կախաղանի վրա կլինեմ»: Ստալինիզմի ժամանակ նրա հովանավորը Վ․ Մոլոտովն էր։

Իր երկրորդ ելույթում, պատասխանելով «Ագիտպրոպ»-ի աշխատակից Է. Ն. Գորոդեցկու քննադատությանը, Խորեն Աճեմյանը հայտարարեց. «Ընկեր Գորոդեցկու առատաձեռն ձեռքով ինձ տրված մյուս պիտակը մեծապետական շովինիզմի մասին արժանի չէ լուրջ պատասխանի, քանի որ այս մեղադրանքը ամենից հաճախ թզենու տերևի դեր է խաղում՝ իզուր թաքցնելով մեկ այլ արատ, որի անունը կոսմոպոլիտ ինտերնացիոնալիզմն է։ <…> Ընկեր Գորոդեցկու այդ անլուրջ մեղադրանքին, որ ես պաշտպանում եմ մեծապետական շովինիզմը, ես կարող էի պատասխանել ճիշտ այնպես, ինչպես նա՝ անհիմն, բայց գոնե ավելի շատ պատճառաբանությամբ, որ նա կոսմոպոլիտիզմի արտահայտիչ է, ում մոտ հայրենասիրության, ազգային հպարտության զգացումը բթացած են»։

Նկատեմ, որ «Կոսմոպոլիտիզմ» տերմինը այստեղ Աճեմյանն օգտագործում է նույն իմաստով, որով սկսել է գործածվել 1940-ականների վերջում՝ «կոսմոպոլիտության դեմ պայքարի» ժամանակ։

Խորհրդակցության վերջին օրը կրկին Խ․ Աճեմյանը ենթարկվեց սուր քննադատության։

«Պատմական հանդեսի» պատասխանատու քարտուղար Բ.Մ. Վոլինը պատմեց Խ․ Աճեմյանի հետ ունեցած հեռախոսազրույցը․ «Ես առաջինն էի որպես «Պատմական հանդեսի» խմբագիր, որ «երջանկացա» Աճեմյանի աշխատանքի ընթերցմամբ։ (Աճեմյան. Առաջինը չէ (ծիծաղ)): Առաջինը չէ՞: Այսպիսով, ինչ-որ մեկը ինձնից ավելի երջանիկ է եղել: Հավանաբար այն ուրիշ տեղ էլ եք խցկել։

Ինչ վերաբերում է «Պատմական հանդեսին», դուք իսկապես բացառիկ հաստատակամություն եք ցուցաբերել: Երբ վերջապես ես ձեզ հեռախոսով մեջբերեցի ձեր հոդվածից որոշ հատվածներ, որոնցում ասվում էր հեգելյան թեզերի մասին, որտեղ դուք բոլորովին ապարդյուն, զրպարտաբար հղվում եք Էնգելսի կողմից այդ դրույթների պաշտպանությանը, երբ ձեզ մատնանշեցի ձեր՝ սովետական մարդու համար անհավանական հայտարարությունները Պուգաչովի շարժման և այն «բարիքի» մասին, որ արել է Եկատերինան, երբ նա դաժանորեն ճնշել է Պուգաչովյան շարժումը, դուք ասացիք հետևյալը. «Պատերազմը քեզ ոչինչ չսովորեցրեց, ընկեր Վոլին»։ (Աճեմյան. Այո, այո: Պատերազմը քեզ ոչինչ չի սովորեցրել):

Հենց այդ մասին եմ ուզում ասել՝ ում ինչ է սովորեցրել պատերազմը։ Ակնհայտորեն, ըստ Աճեմյանի, պարզվում է, որ պատերազմն իրեն և հնարավոր է նրանց, ում արձագանքն ու ենթաձայնն է ինքը, «սովորեցրել» է ինչ-որ հատուկ մտքեր։ Հնարավոր է, որ նա չէ իր այս հայեցակարգի միակ հեղինակը։ Նա հավանաբար ինչ-որ այլ կարծիքների արդյունք է, որոնք ինչ-որ տեղ պտտվում են նրա շուրջը։

Ակնհայտ է, որ աճեմյանները որոշել են, որ առաջին շրջանի պատերազմի դժվարությունները պետք է սովորեցնեին մեզ՝ բոլշևիկներիս, վերանայել այն հիմնարար սկզբունքային դիրքորոշումները, որոնք մեզ տվել են Լենինը և Ստալինը, մեր կուսակցության Կենտկոմը, մեր ողջ խորհրդային էությունը, բոլշևիկյան կեցությունը։ Ակնհայտ է, որ աճեմյանները հասկացել են՝ դժվարությունները, որ մեր երկիրը ապրեց մեր Հայրենական մեծ պատերազմի սկզբնական շրջանում, կարելի է օգտագործել վրեժ լուծելու համար, այո, քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար»։

Խորհրդային պատմաբանների համար Պուգաչյովի ապստամբությունը փորձաքար էր։ Հին ու նոր պատմաբանները քննադատել են ռուսական ինքնակալությանը ազատությունը խեղդելու համար, իսկ ռուսներին՝ ստրկամտորեն ենթարկվելու։ Այսպիսով Պուգաչյովը այն խորհրդանիշն է, որ պետք է ապացուցի, որ այդպես չէ, ռուսներին օտար չէ ազատասիրությունը։

Կարծում եմ Բ․Մ․ Վոլինի քննադատությունը այդ խորհրդակցությունում ամենակոշտն է։ Շարունակության մեջ Բ․ Վոլինը մեղադրում է դեկադենտության մեջ, որ արհամարում է հասարակ ժողովրդին՝ համարելով նրան արդի տերմինաբանությամբ «ժեխ»․ «Նման հոդվածները, չնայած ձեր բոլոր համառ պահանջներին ու սպառնալիքներին, ձեր և ձեր նմաններին, չեն անցնի (Աճեմյան. Ես մեկ անգամ չէ, որ տպագրվել եմ ձեզ մոտ)։ Հեռախոսով ասացի, գիտե՞ք ինչ տեսակի մարդկանց հետ եք։ Ահա «Կլիմա Սամգին»-ում՝ կապված անկումային դեկադենտ Նեխաևայի այն դիտողության հետ, թե  ժողովուրդը մարդու թշնամի է։ Այս մասին մեզ պատմում են գրեթե բոլոր մեծ մարդկանց կենսագրությունները:

Գորկին Սամգինի մասին նշում է հետևյալը. «Կլիմը պարզեց, որ ինչ-որ հրեշավոր բերան մեկ առ մեկ կուլ է տալիս երկրագնդի լավագույն մարդկանց՝ դուրս ցայտելով իր ստամոքսից մշակույթի թշնամիների, ինչպիսիք են Բոլոտնիկովը, Ռազինը, Պուգաչովը»: …

Կրկնում ես, Աճեմյան, Կլիմ Սամգինին։ Դու ձեռք ձեռքի տված գնում ես սամգինականության։ Իսկ ինչ է սամգինիզմը, գիտեք։ Դուք այն մարդկանց շրջապատում եք, ովքեր ժամանակին գրել են Պուգաչովյան շարժման մասին։

Այստեղ Ռամբոյի «Հին Ռուսաստանի գեղատեսիլ պատմություն» գրքում ասվում է. «Պուգաչովի ապստամբությունը ցույց տվեց, թե ինչ անկարգության տարրեր դեռ շրջում էին կայսրության հեռավոր գավառներում… Որքան քիչ էին այս անսանձ տարրերը համապատասխանում նորագույն պետությանը»: Այո, Աճեմյանն [իր մտքերը] այնտեղից է վերցրել։ (Աճեմյան․ (գոռում է) Տգետ) Դու քեզ մի քիչ հերոսի պես ես պահում, բայց դու ոչ այլ ինչ ես, քան այն Չեխովի հերոսը, ով անպարկեշտություն գործելով, որի համար հայտնվել էր տեղական գավառական թերթի էջերում, իրեն պատկերացնում էր հերոս, ով դարձել էր հայտնի բոլորին»։

Հետո խոսեց Աճեմյանը։ Նա կտրուկ առարկեց Վոլինին՝ հիմնվելով Պլեխանովից արված մոջբերումների վրա և հայտարարելով, որ Պլեխանովի գնահատականը «պուգաչովշչինային» լիովին մարքսիստական է։ Տեղերից բղավում են, որ հենց Պուգաչովի առնչությամբ է Պլեխանովը անցել մենշևիկյան պատկերացմանը պատմության ասպարեզում։ Աճեմյանն առարկում է. տեղի է ունենում սուր վիճաբանություն։

Ստիպված միջամտում է Կենտկոմի քարտուղար Շչերբակովը և, դիմելով  Աճեմյանին, ակնհայտորեն չդիմանալով, զայրացած ասում է նրան.

«Ինչպե՞ս եք գալիս կուսակցության կենտրոնական կոմիտե և ինքնակալության համար ձոներ երգում»:

Աճեմյան. «Ես համաձայն չեմ ձեզ հետ, դուք չեք կարող պատմության բոլոր փուլերում բացասական վերաբերմունք ունենալ ինքնակալության նկատմամբ»։

Շչերբակով. «Դե, սա արդեն քաղաքական կարծիքների հարց է»։

Դրանից հետո վեճն ավարտվում է։ Աճեմյանը՝ անվրդով դեմքով վերադառնում է իր տեղը։ Պարզորոշ զգացվում է Շչերբակովի քննադատական ​​վերաբերմունքը Աճեմյանի և, հետևաբար, նրա համախոհների նկատմամբ։

Դատելով արձանագրությունից՝ Ա.Մ. Պանկրատովան անվերապահ հաղթանակ տարավ գաղափարական մրցակիցների նկատմամբ։ Նրանք ընդունեցին իրենց սխալները և հրապարակայնորեն զղջացին դրանց համար։ Ավելին՝ Տարլեն, Յակովլևը, Եֆիմովը խոնարհաբար մոտեցան նրան և փորձեցին արդարանալ։ Բայց ոչ Խ․ Աճեմյանը։ Ավելի մեծ հաջողության մասին նույնիսկ դժվար է երազել։

Ինձ ցնցեց այս խորհրդակցության դրամատուրգիան։ Նրա սցենարը, ընթացքը, մանրամասն մտածված միզանսցենաները, դրամատիկ լարվածությունը։ Ձեզ կարող է թվալ, որ քննարկումը պտտվում է Խ․ Աճեմյանի ֆիգուրի շուրջը, նույնիսկ օգտագործվում է «աճեմյանականներ» եզրը, թվում է՝ կրքերը բորբոքված են հենց նրա գաղափարների շուրջը։ Բայց իրականում պայքար է գնում Կենտկոմի և նրա գաղափարախոսական ապարատի, պատմաբանների երկու «կլանների» միջև։ Եվ, իհարկե, կարող է թվալ Աճեմյանը գաղափարախոսական քիմերա է, քարոզչական ապարատի կեղծարք։ 

Խորեն Աճեմյանը՝ ստալինիզմի գիսաստղերից մեկը, մնում է գաղտնիք, փաթաթված գաղափարախոսական կեղծիքով։

Please follow and like us:

1 thought on “Խորեն Աճեմյանը՝ ստալինիզմի գիսաստղ/Մաս երրորդ․ Խորեն Աճեմյան՝ պարտված հաղթողը

Comments are closed.