ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ/ՈՒԹԵՐՈՐԴՑԻՆԵՐԸ

Դպրոցի առջևի հրապարակում շարք կազմած, դասարանների բաժանված՝ կանգնել էինք և սպասում էինք, թե երբ պիտի դպրոցի տնօրենը իր ամենամյա ողջույնի խոսքն ավարտի, որ ներս մտնենք։ Շենքի պատին, մուտքի դռնից քիչ վերև, տնօրենի ճառի պես անփոփոխ, անցյալ տարիների նույն խունացած պաս- տառն էր փակցված, որի վրա կիսով չափ ջնջված, դժվար ընթեռնելի տառերով գրված էր. «Սիրելի աշակերտներ, բարի գալուստ նոր ուսումնական տարի»։ Սկզբում, երբ իրար խառնված կանգնել էինք հրապարակում ու զրուցում էինք, և տնօրենը բարձրախոսով հրահանգեց դասարանների բաժանված շարք կանգնել, մեր դասարանի տղաներից մի քանիսը յոթերորդցիների համար նախատեսված մեր անցյալ տարվա տեղում կանգնեցին։ Անսովոր էր, որ էլ  յոթերորդցի չենք, բայց ոչ մեր աղջիկների  համար. նրանցից ոչ մեկը չսխալվեց։ Նրանք իրենց մեծ էին զգում ու արտաքինից էլ մեծացել, հասունացել էին։ Երեք ամսվա ընթացքում բոյովացել էին, կրծքերը աճել ու կոնքերը ընդգծվել էին։ Իսկ Մարիան, որ դասարանի ամենագեր աղջիկն էր, ակնառու մեծ փոր ուներ։ Կարճ յուբկաներ հագած,  աչքերն ու  շուրթերը ներկած  մեր  աղջիկների շրջապատում կանգնել, ճմրթված թաշկինակով երեսիս քրտինքն էի սրբում ու մորս վրա ջղայնանում  էի, որ թաշկինակը չի արդուկել։ Անցյալ տարվա շալվարով ու վերնաշապիկով էի։ Կոշիկիս կաշին տակացուի մոտ պատռված էր, ու թեև գիտեի, որ ծակը վերևից նայելիս չի երևում, անընդհատ թվում էր, որ կողքիս աղջիկները կոշիկիս են նայում։

Տնօրենն իր  երկարաշունչ  ճառն  ավարտեց,  և մենք դռան մոտ, աթոռի վրա դրված մագնիտոֆոնից սփռվող պետական օրհներգի հնչյունների տակ դպրոց մտանք։

Առաջին օրվա վերջին դասն էր։ Յոթանասունամյա ընկեր Գյոզալյանը՝ մեր գրականության ուսուցչուհին, ամառվա շոգերին չէր դիմացել՝ մահացել էր, և նրա տեղը երիտասարդ, ինստիտուտը նոր ավարտած ընկեր Առուստամյանին էին աշխատանքի ընդունել։ Դասի ավարտին քիչ ժամանակ էր մնացել, երբ ներս մտան ուսմասվարը՝ ընկեր Եսայանը և Ռուբենը։ Մենք ոտքի ելանք։ Քարացած արձանի պես անշարժ սպասում էինք, որ ուսմասվարն իր թավ, տղամարդկային ձայնով ասի՝ «նստեք»։ Եթե ուրիշ մեկը լիներ, կանգնած ժա- մանակ իրար հետ կզրուցեինք, բայց ընկեր Եսայանի ապտակների ցավը մեր մաշկի վրա բոլորս էինք զգացել ու չէինք համարձակվում։ Նրա մասին լսել էինք, որ մեր դպրոց տեղափոխվելուց առաջ մանկական գաղութում է աշխատել, և մեզ ոստիկանության ձեռքը հանձ- նելու նրա մշտական սպառնալիքները հաստատում էին այդ  տեղեկությունները։

– Նստեք,– մեր վրա խիստ հայացք գցելով՝ վեր-ջապես ասաց նա, և  մենք  նստեցինք։–  Աղջիկ  ջան, դու աշակերտ ե՞ս, թե՞ ոնց,– հաստ ապակիներով ակնոցը սրբելուց հետո աչքերին դնելով, ժպտալով ընկեր Առուստամյանին էր զննում ընկեր Եսայանը։

– Գրականության նոր ուսուցչուհին եմ,– վախվորած ու խեղճացած ասաց ընկեր Առուստամյանը։

– Դե որ ուսուցչուհին ես, ընդունի՛ր, նոր հանցագործ եմ դասարան բերել,– ասաց ուսմասվարն ու արագ զինվորական քայլքով դուրս եկավ դասարանից։

Ռուբենը, որ մինչ այդ Եսայանի  ետևում թաքնված էր, նրա գնալուց հետո անպաշտպան կանգնել էր և գլուխը կախ հատակին ու իր կոշիկներին էր նայում։

– Գնա, նստիր,– ասաց ուսուցչուհին։

Բացի Աննայից՝ մեր դասարանի գեղեցկուհուց, բոլորը զույգերով էին նստած։  Դասարանի  տղաների մեծ մասը Աննային էին սիրահարված, բայց Արմենի պատճառով չէին համարձակվում նրա կողքին նստել։ Բարձրահասակ, ջլապինդ Արմենը ինքը չէր համարձակվում մոտենալ Աննային ու մյուսներին էլ չէր  թողնում։  Մի  քանի  անգամ  տղաներով  որո- շել էինք Արմենին ծեծել, բայց միշտ կռիվը սկսողին մենակ էինք թողել, ծլկել էինք։ Ռուբենը մոտեցավ Աննայի նստարանին։ Աննան, որ երկու տարի էր, ինչ մենակ էր նստում և արդեն հույս չուներ, թե իր կող- քին նստող կլինի, գեղեցիկ ատամնաշարը մերկացնելով, ժպտաց Ռուբենին և, նստարանին դրված պայուսակը վերցնելով, նստելու տեղ տվեց։ Երբ դպրոցից դուրս եկա, դասարանի տղաները Արմենի առաջնորդությամբ դպրոցի ետնաբակ էին գնում։ Ռուբենին այնտեղ ժամադրել էին։ Անշտապ քայլերով գնացի նրանց ետևից։ Երբ տեղ հասա, Ռուբենն արդեն գետնին ընկած էր։ Արմենն ու նրան միացած՝ Աննային սիրող մյուս տղաները ոտքերով հարվածում էին մեջքին, փորին, գլխին։ Ռուբենը գլուխը ձեռքերով փակել, նույնիսկ չէր էլ փորձում պաշտպանվել։ Հետո մյուսները կանգնել էին, իսկ Արմենը չէր հանգստանում։ Ռուբենը միալար, համաչափ տնքում էր։ Արմենի նոր հարվածներին նա չէր արձագանքում, կարծես արդեն չէր զգում դրանք։ Ռուբենի գլխին մի վերջին հարված էլ իջեցնելով, Արմենը քայլեց դեպի դպրոցի ճաղապատ դարպասը։ Խումբը հետևեց նրան։ Ես մնացի Ռուբենի մոտ։ Հույս ունեի, որ Արմենը չի նկատի  դա ու տղաներն էլ չեն ասի։ Ռուբենի քթից ու պատռված շրթունքից արյուն էր հոսում։ Սպիտակ վերնաշապիկը փոշոտվել ու արյունոտվել էր։ Մոտեցա նրան, ձեռքը բռնեցի ու վերև քաշելով փորձեցի օգնել, որ բարձրանա, բայց նա չփորձեց էլ   կանգնել։

– Դե, վեր կաց,– ասացի,– վեր կաց, գնանք՝ պուլպուլակի մոտ լվացվի։

Շարունակ տնքում էր ու իմ ասածներին չէր արձագանքում։ Փակ աչքերից կոպերի արանքով արցունքնե- րը գլորվում ու քթից, շրթունքից հոսող արյան հետ էին խառնվում։ Զգում էի, որ եթե ուզենա, կարող է կանգ- նել։ Մտածում էի. «Որ ինքը իրա  մասին  չի  մտածում, ե՞ս  խի  պիտի մտածեմ»։  Երբ  Արմենը ծեծում էր,   ոչինչ չէի արել նրան օգնելու համար և հիմա ինձ ավելորդ ու մեղավոր էի զգում։

– Ես գնացի, դե ստեղ վեր ընգած մնա,– նրա ոտքերին հարվածելով՝ ասացի ես։

Չնայած շոգ էր, ընկեր Եսայանը տղամարդու կոստ- յումով և կոշիկներով էր։ Դարչնագույն, արդեն խոնավ թաշկինակով մեկ երեսը, մեկ էլ ակնոցի ապակիներն էր սրբում։ Կարմրած, նյարդայնացած պատուհանա- գոգին դրված սիգարետի տուփին էր նայում, բայց մեզ մոտ չէր ուզում ծխել։ Մեզ պատի մոտ ըստ հասակի շարել էր, իսկ Ռուբենին մեր դիմաց էր  կանգնեցրել։ Երբ Ռուբենին այտուցված դեմքով ու պատռված շրթունքով տեսել էր, ամեն ինչ հասկացել էր, նրա հետ առանձնազրույց էր ունեցել, բայց ցուցմունք չէր կարո- ղացել կորզել ու հիմա էլ առերեսում էր անում։

– Չես ուզում անունն ասել, մատով ցույց տուր, ես կհասկանամ,– ասաց ընկեր Եսայանը, բայց Ռուբենը լուռ էր։– Այ տղա, հո մունջ չես, խոսա։– Ռուբենը շարունակում էր լռել։

Ընկեր Եսայանը կանգնեց դռան մոտ, դուռը բացեց ու ասաց, որ դասի գնանք։ Մենք արդեն ծանոթ էինք արարողակարգին. գալիս կանգնում էինք դռան մոտ, նա ապտակում էր մեզ, մենք անցնում էինք դռան շեմքը։ Վերջում Ռուբենն էր անցնում և ամենաուժեղ ապտակը նա ստացավ։ Այդ օրվանից հետո նրա մա- կանունը Մունջ էր։

Յոթանասունն   անց,   պառաված    օրիորդ    ընկեր    Գրիգորյանը՝    կենսաբանության    ուսուցչուհին, ներկաբացակա էր անում։ Մատյանի մեջ գրված մեր անունները կարդում էր, և մենք ոտքի էինք կանգնում։ Մարիայի անունը ցուցակի սկզբում էր, բայց Գրիգորյանը այն չկարդաց։ Մարինայի օրեցօր մեծացող փորը չէր վրիպել նրա սուր  աչքից։

– Ազատյան Մարիա, ոտքի կանգնիր,– սեղանի վրա կռթնեց ու դատապարտող հայացք ընդունեց ուսուց- չուհին։– Դա ի՞նչ է,– ասաց նա՝ ցուցամատը Մարիայի փորի ուղղությամբ տնկելով։– Ամոթ է, ոնց չես ամաչում, դեռ այդ տեսքով էլ դպրոց ես գալիս։ Երեխա ունենալը որ այդքան հեշտ լիներ, ես էլ կունենայի։

Մեր դասարանցիները ծիծաղեցին։ Աղջիկները ինչ- որ բան էին իրար ականջի քչփչում։ Տղերքից մեկը՝ դասարանի միմոսը, արագ ինչ-որ բան խցկեց  շորի տակ ու «հղիացավ»։ Մարիան ուշակորույս գետնին ընկավ։

– Տնօրենին ասեք՝ շտապ օգնություն զանգի,– ասաց ընկեր Գրիգորյանը ու Մարիային մոտ չեկավ։

Արմենը վազեց շտապ օգնություն կանչելու, Մունջը գնաց՝ ջուր բերի, իսկ ես մյուս երեխաների հետ նրա գլխավերևում կանգնել էի և չգիտեի՝ ինչ անել։ Աղջիկներից մեկը ապտակում էր Մարիային, բայց նա ուշքի չէր գալիս։ Րոպեներ անց շտապ օգնության անձնակազմը Մարիային դասասենյակից դուրս տարավ և, ընկեր Գրիգորյանը շարունակեց դասը։ Դասարանի պատուհանից տեսնում էինք, թե ոնց են պատգարակի վրա պառկած Մարիային մեքենայի մեջ դնում։ Մեքենան շարժվեց,  և  Մարիան  էլ դպրոց չեկավ։

Վառարանի մոտ հավաքված զրուցում էինք։ Ցուրտը պատուհաններին քաշած ցելոֆանի միջով էլ էր ներս թափանցում, և վառարանը չէր հասցնում սենյակը տաքացնել։ Մեր ձեռքերը վառարանին պարզած տա- քանում էինք և ընկեր Առուստամյանին ասում, թե ով ինչ մասնագիտություն է ընտրելու, ինչ է աշխատելու, երբ դպրոցը ավարտի։ Միայն Մունջը չէր մասնակցում խոսակցությանը։ Դրսում ձյուն էր գալիս, և ուժեղ քամուց պատուհանի ապակիները ցնցվում էին։ Ապակիների ցնցվելու հետ Մունջը անհանգիստ շարժվում  էր։

– Ռուբեն, դու ի՞նչ մասնագիտություն ես ընտրել,– հարցրեց ընկեր Առուստամյանը։

– Փրկարար եմ լինելու,– անմիջապես պատասխա- նեց Մունջը։

– Քո գործը ո՞րն ա լինելու,– հետաքրքրվեց Աննան։

– Մարդկանց փրկելը։

– Մարդը չի կարող փրկել։ Աստված է փրկում, մար- դը միայն գործիք է,– ասաց Գայանեն, որի ծնողները «աղանդավորներ» էին։

Դասի ավարտն ազդարարող զանգը հնչեց։ Արագ հագանք  մեր  վերարկուները և  բակ իջանք։  Ահագին ժամանակ բակում կանգնած զրուցում էինք, երբ բակ դուրս եկան ձեռք ձեռքի տված Մունջն ու Աննան։ Արմենը ձեռքով իր մոտ կանչեց։ Մունջը ձեռքով ետնաբակը ցույց տվեց, այսինքն՝ թե կռվելու ենք, այնտեղ կռվենք։ Գնացինք ետնաբակ։ Արմենը առանց բառ ասելու փորձեց հարվածել, բայց Մունջը սպասում էր դրան։ Նա Արմենի ոտքը բռնեց ու գետնին գցեց   նրան։

Իրար գրկած գլորվում էին, բռունցքներով միմյանց դեմքին էին հարվածում։ Երկուսն էլ վերարկուները հանել էին, որ ավելորդ ծանրությունը կռվելուն չխանգարի։ Ձյունը նրանց քթերից հոսող արյունից տեղ-տեղ կարմրել էր։ Երկար ժամանակ հաղթողը չէր որոշվում, և մենք բաժանեցինք նրանց։ Արմենը  կռվի ժամանակ չէր նկատել, որ հագի վերնազգեստը պատռվել է։ Տեսավ,  ասաց.

– Խի՞ պատռեցիր,– հետո արդեն աչքերը թաց կրկնեց,– խի՞ պատռեցիր, հորս նվիրած  սվիտրն  էր, խի՞ պատռեցիր։

Մթնում էր։ Ձյան վրա նստած՝ ծխում էինք ու մեր հայրերից էինք պատմում։ Արմենի հայրը տասը տարի էր, ինչ արտագնա աշխատանքի էր։ Մունջի հայրը երկրաշարժի ժամանակ փլատակների տակ էր մնացել։ Իմ հայրն էլ ուղղիչ-աշխատանքային գաղութում էր։ Երեքս էլ մեր հայրերի մասին համարյա ոչինչ չգիտեինք, բայց մի գլուխ պատմում էինք ու պատմում։ Դպրոցի շենքը մշուշով էր ծածկվում։ Իր կաբինետի պատուհանից ընկերաբար ձեռքն էր թափահարում ընկեր Եսայանը։

Please follow and like us: