Ամառվա շոգ կեսօր է: Հրե՜ն մեր գյուղը: Իր բաժին երկնքի տակ ծույլ փռված` հորանջում է` լեզուն ատամների տակ մի կերպ ծամծմելով:
Արևը կծում է: Անխնա խայթում ծոցում տաքացրած, անաղուհաց օձի նման. մեծ ու փոքր, մեր ու մանուկ չի հարցնում անաստվածը:
Թռչունները ցածր են թռչում, շեշտակի վերուվար անում խոնավ օդում, խուճապահար եղած` ցիրուցան լինում ու բարձր կանաչների մեջ կորչում իզուր ու անտեղի արտասանված բառերի նման: էլի անձրև է գալու…
Կապույտ ու անամպ երկնքից հանկարծ անսպասելի, անզուսպ հեղեղ է թափվում` փայլուն, թափանցիկ ճիպոտների նման, բայց չի դաղում, խնդմնդում, չարախնդում է անատամ ու ծեր գյուղի վրա: Երբ արևոտ երկնքից հանկարծակի հեղեղ է թափվում, մեր գյուղում բոլորը միաբերան նույն բանն են ասում.
— Գելը ծնեց…
Արևոտ երկնքից շողարձակող անձրևը երջանկության արցունքների նման է թափվում: Երբ նորածին երեխային դնում են երջանիկ մոր կրծքին, մայրը` մի արևոտ ու ծիծաղկոտ երկինք, ուրախության արցունքի հեղեղ է թափում իր թանկ ու նորածին աշխարհի վրա:
Անձրևից հետո օդում թարմ ու ապրեցնող հոտ է տարածվում: Բարուրում նոր ծնված, ժպտացող աշխարհին:
Իմ մայրը չի զգում թարմ անձրևահոտը: Ինքը սովոր է անձրևահամ գյուղահոտին: Բերանը չի բացել անհագ անկուշտի նման, քթանցքները չի լայնացրել ինձ պես, որ մաքուր անձրևահոտ լցնի թոքերի մեջ: Լցնի էնքան, որ հերիքի մինչև մյուս անգամ գյուղ գալն ու մյուս անձրևահոտը:
Մեծ քաղաքների ասֆալտահոտն իրեն երբեք չի նեղացրել: Թարմ կանաչի անձրևահոտ է եկել միշտ իր կյանքից: Հողի ազնվության հոտ է եկել: Մեծ քաղաքի տոթն ու տապն իրեն երբեք չեն հարկադրել, որ ասի.
-Չեմ հագենում, էս անտեր ջուրն ընդամենը ծարավս կոտրեց, չհագեցրեց ինձ, ես մեր զուլալ ջուրն եմ ուզում:
Իմ մայրը երբեք ծարավը չի կոտրել մեծ քաղաքի ջրերով: Հիմա էլ ձեռքերը խաչել է կրծքին, կանգնել ճանապարհի կողքին: Չի զգում, չի տեսնում կոկորդիս մեջ վերվարող բառակույտը, չի լսում, թե ոնց են դրանք աղմկում, անկարգ հրմշտում իրար: Որ միտք դառնան, ասելիք դառնան: Նա սպասում է թուրք առևտրականին, որ հեռվից մեքենայի ազդանշանի ձայնն այնպես է զլել ու տարածել գյուղով մեկ, կարծես ոչ թե վարունգ ու լոլիկ է բերել վաճառելու, այլ թարմ անձրևահոտ, որի գրկում մի ծերացող ու նորացող գյուղաշխարհ է կարկաչում` կանաչ ու կապույտ ժպիտներով:
-Սայի՛դ, տղադ ընդունվե՞ց բարձրագույն համալսարան,-մայրս է, թուրք առևտրականի հետ խաղաղ զրույց է անում: Թուրքը մաքուր հայերենով պատասխանում է մորս հարցերին. Վրաստանի թուրքերը հայերի հետ շատ են շփվել, մեծ մասամբ լավ գիտեն հայերեն: Խոսում է ու աչքի պոչով տնտղում նորեկիս: Ես հայացքս թեքում եմ անմիջապես, որ նա հանկարծ հայացքումս չբռնի այսքան տարիների ողջ զգացածս:
Թռչունները ցածր են թռչում: Անձրևահոտը ներծծվում է ու մաքրագործում ներսս: Քաղաքային մրահոտից կծկված թոքերս գունագեղ հովհարի պես բացվում են կրկին:
-Ջա՜ ն…
Անձրևահոտն ու վայելքն իմ ներսում երկար չեն տևում: Ոնց որ մի ճերմակ սավան ինքնիրեն հանկարծ սևանա, այդպես պղտորվում է սիրտս, արյունս: Այնպիսի տպավորություն է, որ սուր դանակով բազմաթիվ կարևոր արմատներ են կտրվել ու դուրս են թափվում ներսիցս:
Ազդանշաններով ու աղմուկ-աղաղակով հեռացող թուրքի շեշտակի հայացքն ինձ ամբողջովին կտրում է անձրևահոտի վայելքից: Նույնիսկ նրանց խաղաղ հայացքի մեջ անպատմելի մի բան կա, որ դժվար է բացատրել: Պատմությունը երբեք չի լռում, անզուսպ երեխայի պես աղմկում է անընդհատ մեր երակներում, ու նույնիսկ նրանց անչար հայացքն է մատնում մի պարզ ճշմարտություն.
-Թուրքը ամեն դեպքում թուրք է մնում…
Հանկարծ որտեղից որտեղ մի իրական պատմություն եմ հիշում, որը ֆիլմի երկար ժապավենի պես սկսում է պտտվել աչքիս առաջ ու սև շղթայի պես փակում է աչքերս: Դա շատ պատահական են պատմել ինձ տարիներ առաջ, ու ամեն անգամ` այդ պատմությունը հիշելիս, ես նորից ու կրկին եմ վերապրում մի անծանոթ հայուհու հետ կատարվածը:
Օտար ափերի հայաշատ մի շենում հայ փոքրիկը տենդի մեջ այրվելիս է եղել: Կեսգիշերի մութը ճեղքելով` Հայկուհի անունով մայրը, փոքրիկին գրկած, ոտաբոբիկ ու հերարձակ մոտակա հիվանդանոց է վազել: Բարետես, մուգ կանաչ աչքերով ջահելատես բժիշկը, հմուտ բուժօգնություն ցույց տալուց բացի, նաև ահագին հույս է ներշնչել հայուհուն, որ փոքրիկը շուտով կապաքինվի: Որ անհանգստանալու կարիք չկա, սովորական վիրուսային հիվանդություն է, բարձր ջերմություն` առանց վտանգավոր բորբոքումների ու հետևանքների:
Իսկապես մի քանի ժամից գրեթե անկենդան դարձած, հազիվ շնչող փոքրիկը սկսել է թրթռացնել աչքերը: Հետզհետե պակասել է հևոցը, գույնը բացվել է նոր բացվող օրվա ջինջ երկնքի պես:
-Փոքրիկին այլևս վտանգ չի սպառնում, բուժումները կշարունակեք տանը,- շողացող ու ժպտացող աչքերով հայտնել է բժիշկը` հասկանալով, որ վախից ու ծանր ապրումներից գունատված ու լարվածությունից թուլացած մորն է հիմա էլ բուժօգնություն պետք: Մոտեցել է, նստել կողքին, հանդարտ բռնել ձեռքը: Այդ պահին նոր-նոր իրականությունը գիտակցող կնոջ աչքն ընկել է բժշկի կրծքի վրա գրված անուն-ազգանունին:
-Թու՞րք է,- կարդացածն անմիջապես շանթի պես որոտացել է Հայկուհու ուղեղում:
-Թուրք եմ,- հաստատել է բժիշկը:-Բայց դա ի՞նչ կապ ունի, բժիշկը բժիշկ է, հիվանդն էլ` հիվանդ, ու նրանց ազգային պատկանելությունն այստեղ երկրորդական է:
Հետո զրուցել են, ու բժիշկը կնոջն առաջարկել է նրան ու երեխային ավտոմեքենայով տուն ուղեկցել: Բացատրել է, որ իր տունը մոտակայքում է, և տան բակում դեղատուն ունի, ավելի լավ կլինի, որ ինքն իր ձեռքով դեղերը տա ու ակնարկել, որ լավություն է անում կնոջը. այդ ժամին բաց դեղատուն հիվանդ փոքրիկի հետ կինը դժվար կգտնի, իսկ վիրուսով ախտահարված փոքրիկին խիստ անհրաժեշտ են այդ դեղերը: Կինը երկմտել է, հետո համաձայնվել է, քանի որ այլընտրանք այդ պահին չի ունեցել, ու առաջարկը երեխայի առողջության համար է եղել:
Հետո բժշկի մեքենան կանգ է առնում հիվանդանոցի մոտակայքում գտնվող երկհարկանի տան առաջ: Նեղ արահետ հիշեցնող ծառուղին տանում էր դեպի շքեղ առանձնատունը, որի առաջին հարկում բժշկի դեղատունն է լինում: Կինը հանկարծ կանգ է առնում ու սկսում պատկերացնել իրականությունը` ինքը, երեխային գրկած, պիտի քայլի կիսամութ ծառուղով, իսկ իր հետևից պիտի բժիշկը գա, որը թուրք է: Թուրքը` բժիշկը: Բժիշկը` թուրքը: Կանգնում է, մեխվում տեղում, ուղիղ նայում թուրքի աչքերի մեջ:
Մի քանի ակնթարթ և իր ազգի ամբողջ պատմությունն ու ապրածն է գալիս աչքի առաջ` մորթվող հայ մայրերը, խոշտանգված միլիոնավոր հայերը, արյուն, կոտորած, կոտորած, կոտորած…
Թուրքի աչքերը հարցական սպասումով հանդարտ նայում են կնոջը, իսկ կինը չի համարձակվում առաջ շարժվել երեխայի հետ, քանի որ թիկունքի կողմից ինչ-որ անտեսանելի բութ հարվածներ է զգում` մեկ, երկու, հարյուր, հազար, միլիոն…
Հետո ոտքերը մեխանիկորեն առաջ են շարժվում, ու մի քանի քայլ ճանապարհը նրան մի ամբողջ հավերժություն է թվում: Արագ վերցնում է դեղերը, գրեթե վազելով հետ դառնում նույն ծառուղով` նորից թիկունքին կրելով իր հետևից խաղաղ քայլող թուրք բժշկի` կացնահարվածի նման մեջքին խրված ծանր հայացքը:
Հետո ժամանակի հետ ամեն ինչ անցնում է` երեխայի հիվանդությունն ու ցավերը, այդ մղձավանջային գիշերվա ծանր ապրումները, բայց կիսամութի մեջ կանաչին տվող աչքերով մի ծանր հայացք հավետ մնում է կնոջ հիշողության մեջ դաջված: Թուրքի գիշատիչ հայացքը, անգամ այն դեպքում, երբ այդ թուրքը իր երեխայի փրկիչն է, այդ պահին` իր Աստվածը…
…Անտառներում նոր ծնված գայլաձագերի քթերը հիմա երևի խուտուտ են գալիս, ու անձրևահոտը երևի ժպիտներ է նկարում նրանց նորելուկ դեմքերին:
Անձրևահոտը մի կուշտ մարսելուց հետո ես դեռ պիտի նոր հնձած խոտերի, դաղձի, ուրցի ու մեղուների փեթակների բույրերի հետևից գնամ: Քամիները լավ գիտեն հասցես: Դրա համար էլ այդ բույրերը ինձ են հասցնում ճիշտ և անսխալ:
Հետո դեռ պիտի պղտորված ու սևացած սիրտս բացեմ հարազատ անձրևների դիմաց, որ լվանա, լվանա ու մաքրվի մի քիչ գոնե հիշողությունս չարից…