Բակը բակի նման չէր, երբ Էդոն այնտեղ չէր։ Բակի ուրախությունն էր Էդոն, բնակիչները սիրում էին նրան՝անկեղծ, մաքուր, իրենց թևի տակ էր մեծացել նա․ ո՞վ կարող էր Էդոյին նեղացնել։
-Էդո ջա՞ն, էս ինչի՞ ես բարակ հագնվել, բա որ մրսե՞ս,- ասաց «բուդկի Սուրիկը»։
(Բակի մի մեծ հատված Սուրիկի տնակ-խանութն էր գրավում, սկզբում հարևանները նեղանում էին, թե բա՝ երեխաներին խաղալու տեղ չի մնում, բայց հետո հաշտվեցին այդ մտքի հետ․մի բակի մարդիկ էին, հետո էլ Սուրիկը նիսիայով ապրանք էր տալիս)։
-Չեմ մրսի,- հազիվ տառերն իրար միացնելով ասաց Էդոն,- տատին ասել ա, որ գարուն ա, տաք ա, տաք ժամանակ չենք մրսում։
-Ինչ տատուդ խելքը, ինչ՝ քոնը,-մատը տնկելով ասաց Սուրիկը,-ներս արի, հեսա չայնիկը միացնեմ, իրար հետ չայ խմենք։
Էդոն խելոք մոտեցավ, բռնեց Սուրիկի ձեռքն ու մտան խանութ։
-Էդո՜, Էդո՜,- պատուհանից ձայն էր տալիս Էդոյի տատը։
-Հը՜,- խանութից դուրս գալով պատասխանեց Սուրիկը,- մոտս ա էրեխեն, ի՞նչ կա։
-Վա՜յ, մի ժամ ա ման եմ գալիս, սիրտս տրաքեց, շոր կա՞ հագը։
-Չէ, իբր ասել ես՝ տաք ա, էլ շոր պետք չի,- ծիծաղեց Սուրիկը։
-Մեղա քեզ, ասա թող տուն գա։
-Չայ ենք խմում, կգա։
* * *
Էդոն 23 տարեկան էր, բայց երեք տարեկանի խելք ուներ։ Երկու տարեկանից հիվանդանոց չմնաց, որ ընտանիքը չդիմի, բժիշկներն ասում էին՝ մենք անզոր ենք, բնության գործն է, ի ծնե հիվանդ է։ Բայց տատը վստահ էր, որ թոռն առողջ է ծնվել, չարն է էրեխուն աչքով տվել։ Հազար անգամ հարսին ասաց, որ գիշերով նոր ծնված էրեխուն դուրս չեն հանում, մթով է գալիս չարը։ Հարսը «ինտելիգենտ» աղջիկ էր, նման բաների չէր հավատում․․․
Սկզբում բակի երեխաները ծիծաղում էին, Էդոյի նման թլոր էին խոսում, բայց Էդոն չէր նեղանում, ծիծաղում էր նրանց հետ։
Ամենաշատը տատն էր նեղսրտում․ «Որ Էդոյիս սենց տեսնում եմ, սրտիցս արյուն ա կաթում, մեռնեի, չտեսնեի»։ Բայց ու՞ր մեռներ տատը, Էդոյով էր ապրում, մորից լավ գիտեր՝ որ դեղը որ ժամին պետք է տալ, ինչն է կարելի, ինչը՝ ոչ, մի քանի տեսակի ուտելիք էր պատրաստում՝ Էդոյի ու տնեցիների համար։ Ինքն էր Էդոյին դպրոց տանում, խաղահրապարակ, հյուր էին գնում, Զատիկին էլ՝ եկեղեցի։ Էս աշխարհում ամեն մեկն ունի իր հենման կետը, Էդոյինը տատն էր։ Աստված գիտի՝ ում ում կողքին դնի։
Էդոյի հասակակիցները մեծանալով գիտակցում էին, որ Էդոն իրենց նման չի, բայց և շատ բարի է, նրանք Էդոյի կողքին հասունացան․ սիրահարվեցին, ընկերուհիներին ծաղիկներ նվիրեցին, կողքի բակի տղաների հետ կռվեցին, իսկ Էդոն ժամանակին դեղերն էր խմում, որ չկորցնի իր ու տնեցիների խաղաղությունը։ Տատը սովորեցրել էր՝ ինչպես մենակ սափրվել, Էդոն ուրախացել էր, որ արդեն կարողանում է «մեծ» բան անել։
Տասնութ տարեկան էր, երբ զինկոմից կանչեցին ու Էդոյին տվեցին զինգրքույկը՝ Պիտանի չէ ծառայության։
Երբ սիրուն աղջիկ էր տեսնում, բերանը բաց նայում էր նրան, բայց չէր շարժվում տեղից։ Ամեն աղջկա չէր նայում, միայն՝ սիրուններին։ Գեղեցիկը գնահատել գիտեր։
Մի օր բակի տղաներից մեկը՝ Նարեկը, արձակուրդ էր եկել բանակից։ Պիտի առաջինն Էդոյին տեսներ։ Գնաց նրանց տուն, տանը չէր, բակում չէր, բայց Էդոն սովորություն չուներ կորելու։ Զինվորական համազգեստն առանց հանելու գնաց փնտրելու Էդոյին։ Մի քանի ժամ անց, երկու փողոց այն կողմ գտավ Էդոյին՝ տղաների հետ։
-Էտ ի՞նչ եք անում,- գոռաց Նարեկը։
-Նա-րե՜կ,-հազիվ գոռաց Էդոն ու վազեց Նարեկի մոտ, գրկեց։
-Էս ի՞նչ ա ձեռինդ, Էդո,- հարցրեց Նարեկը։
Երբ լարվում էր, ընդհանրապես չէր կարողանում խոսել Էդոն։
-Արա, էս ի՞նչ եք տվել ձեռը, դուք չգիտե՞ք, որ Էդոյին չի կարելի,-գոռաց Նարեկը,- հեսա սաղիդ կսատկացնեմ ։
-Բանակ ես գնացել, ուժեղ տղա՞ ես խաղում,- ծամածռվեցին տղաները,- տղա չի՞, թող ծխի, թևիս տակ կպահեմ Էդոյին, չմտածես, հետս տեղ-մեղ կտանեմ։
Չհասցրեց միտքն ավարտել, երբ Նարեկը խփեց նրա դեմքին։ Հետո իրեն կորցրած սկսեց ծեծել, հազիվ ձեռքից առան։
-Մոռացե՞լ ես՝ ոնց էիր չիշիկ անում տակդ դպրոցում, մեծացել, մարդ ես դարձե՞լ,- գոռաց Նարեկն ու բռնեց Էդոյի ձեռքը։
-Նա-րեկ,-լացում էր Էդոն։
-Մյուս անգամ չանես սենց բան, լսու՞մ ես, Է՛դ, չի կարելի։ Քանի ժամ տատիդ քեզ ա ման գալիս։
-Ես սիրում եմ տատիին։
-Եթե կորես, տատդ կմեռնի։
-Ու ես կծխեմ։
-Ո՞վ ա տենց բան ասել։
-Իրանք։ Տղաները ծխում են, որ չլացեն, ես էլ եմ տղա, չէ՞, Նար։
-Հա, տղա ես, բայց դու լավ տղա ես, էլ չանես, տատիդ կջղայնանա։
Նարեկի համազգեստը պատռվել էր, ձեռքերն՝ արյունոտվել։ Մայրը վախեցավ․
-Բա որ քեզ բռնե՞ն, էտ շորերով կռիվ ես արել, կդատեն քեզ։
-Մոռացա շորերս հանեի, մա՛մ,- ծիծաղեց Նարեկը։
-Ո՞ւր էիր կորել, վախեցա, Էդո ջան,- անհանգիստ հարցրեց տատը։
-Մաման կգոռա,- ասաց Էդոն։
-Մամային չենք ասի, գնա, լվացվի։
Էդոյի մայրն ամբողջ օրն աշխատում էր, որ օգնի ամուսնուն՝ Էդոյի դեղերի, սննդի գումարի հարցում։ Շատ էր աշխատում, որ մի քիչ մոռանա․․․Քիչ էր ժամանակ անցկացնում տղայի հետ։
-Մի գոռա, Էդիսոն(երբեմն Էդիսոն էր ասում տղային, դե ինքը «ինտելիգենտ» կին էր, պիտի տարբերվեր), հացը պատրաստ է արդեն, մի քիչ դիմացի։- Մի լացիր, քեզ հետ անհնար է երբեմն, կարծես չգործած մեղքերիս վերջին պատիժը լինես,- ասաց ու կծեց լեզուն։
Ի՞նչ էր խոսում, ախր, դիմացինն օտար չէր, իր միս ու արյունն էր, իր երազած տղան․ ո՜նց էր ուրախացել, երբ իմացել էր հղիության մասին։
-Չգործա՞ծ, թե՞ գործած մեղքերի,-թևերը ծալեց սկեսուրը։
-Ուղղակի բարկացած էի, ես սիրում եմ Էդիին։
-Գիտեիր՝ ուրիշի ընտանիք քանդելով քո՞նն ես կառուցելու, քանի էրեխու անհեր թողեցիր։
-Պահը բաց չես թողնում, սկեսուր մայրիկ, ես սիրում էի տղայիդ։
-Էրեխեքն էլ իրանց հորն էին սիրում,-ասաց ու մոտեցավ էդոյին,- արի, տատը քեզ մատաղ։
Էդոն հավաքական ապաշխարանք էր։
***
Թաղման թափորի հետևից չգնաց Էդոն, իրենց մուտքի մոտ կանգնած ծխում էր։
-Հանի բերանիցդ,-բարկացավ Սուրիկը,- էս զիբիլը որ չդնես բերանդ, չի լինի՞։
-Թո՛ղ,-գոռաց Էդոն,-տղերքը ծխում են, որ չլացեն, տատն ասել ա, որ չլացեմ, երբ ինքը մեռնի։
Սուրիկը գնաց խանութ, մի տուփ ծխախոտ վերցրեց ու դրեց Էդոյի գրպանը։
-Ծխի՛։