Աժդահակն ու անձրևորդը/Գրիգոր Գրիգորյան

«Այսուհետև հայրապետ չես, — ասաց, — դուրս եկ ու ոտքով
շարունակիր ճանապարհդ, ինչպես արժան է դավաճանին։

Վարդան Գրիգորյան («Դար կորստյան»)

Մի հաստավիզ դիմացից էր քայլում, մյուսը՝ հետևից, իսկ ինքը, ինչպես կյանքում փառքի ճամփան քրտնարյունով հարթած ռազմիկ, քայլում էր փոքր-ինչ ամոթխած, բայց տիրական քայլվածքով։ Շքեղաշուք հագուստը պսպղում էր՝ խամրեցնելով արևի դժգույն ճառագայթները, լպստած մազերը լույս էին արձակում, գեղեցկությունն ու հաղթությունը ծորում էին նրա ամեն մի շարժումից։ Նա շատ գոհ տեսք ուներ։ Գոհ էր ինքն իրենից, իր գործից ու բախտից, դիմացից քայլող հաստավզի կենդանական մռնչոցից, հետևինի փողով կշռած հավատարմությունից, կյանքում բացառիկ հնարավորությունը օգտագործելու և այդ հնարավորության փրփուրներից կառչելու իր անհավանական ձիրքից։ Սեփական եսի հանդեպ գրգռիչ սեռական ձգողականությունից թուքը եռում էր բերանում, թքագեղձերը չէին դադարում իրենց արտադրությունը, նոր յուղած հաստոցի պես «շվշվալեն» հումքը վերածում էին նյութի, նյութը՝ արտադրության, և արտադրական ցիկլի այդ անխափան վայելքը տենչում էր անհամապաղ սպառում։ Հրաբուխը բլթբլթում էր, կուտակված էներգիան պատռում էր ատոմը, հպարտության ժպիտը չէր իջնում շուրթից, իսկ Կասկադում քայլող ժողովուրդը, ոչ մի կերպ չհասկանալով փայլող ասպետի հիացմունքն ու այդ հիացմունքի առարկան, ոչ այդքան վախից, որքան ամոթից, հեռու էր քաշվում երիտասարդին հանդիպելու ճանապարհից։ Եվ այդքանից հետո մի ինչ-որ մարդուկ, ամբոխից պոկված ինչ-որ մի աննշան մանրէ, ինչ-որ մի «ոչինչ» քայլեց դիմացով ու դիմացինի ժպիտը հեգնանքով սաստելով՝ մեր ասպետին «դավաջան» կոչեց։

— Բերեք մոտս էդ բոզի տղուն, — թշերը կարմրեցին կատաղությունից։ — Հեյդա՛ր, ձեռքերը պինդ բռնի։ Մերո՛ւժ, ձվերը սեղմի, թող դեմս չոքի։

Հաստավիզ տղերքը շեֆի հրամանը արհեստավարժորեն կյանքի կոչեցին, ու խղճուկ սփյուռքահայը (ինչպես հետո պարզեցին մամուլի ներկայացուցիչները) չոքեց լպստած մազերովի դիմաց։

— Մազերից քաշեք, թող ինձ նայի։ Մի հատ էլ կրկնի, եղբա՛յր, ի՞նչ էիր ասում։

— Դա-վա-ջա՛ն, — Կասկադում բոլորը լսեցին, Կասկադում բոլորը կանգնեցին։

Մեր պլպլան հագուստովը քիթը հետ քաշեց, խորխը հավաքեց, մի փոքր մռնչաց ու տաք թուքը դուրս թողեց մսոտ շուրթերից։ Ու ճպունը լսվեց հանրապետությունով մեկ, մարդկանց ականջները տաքացան այդ ձայնից, անհասկանալի ձգողականություն զգացին դեպի դեպքի վայրն ու աստիճանաբար սկսեցին մոտենալ չոքած սփյուռքահային։ Առաջին մոտեցողը չոքեց թքով պատված սփյուռքահայի կողքին, գլուխը վեր պարզեց ու ամբողջ ուժով բղավեց․

— Դա-վա-ճա՛ն։

Մեր հզոր ասպետը չէր հասցրել «սուչիտ անել» նոր չոքածին, երբ ամեն վայրկյանը մեկ նոր «զոհ» էր հայտնվում և նախկինի ձայնի ուժգնությունը պահելով՝ գոռում․

— Դա-վա-ճա՛ն։

Ամեն թքելու հետ զորականը մաշվում էր, ամեն թուքի հետ նրա մարմնեղ կառուցվածքը փոքրանում էր, բայց դա չէր կանգնեցնում մեր աժդահակին։ Մարդկանց հոսքը շատանում էր, թացությունը ճաշակելու տենչը վարակի նման տարածվում էր մայրաքաղքով։ Լպստած մազերովը, ոչ մեկին չնեղացնելով, առանց շունչ քաշելու թքարտադրության հաստոցը ամբողջ հզորությամբ գործի էր դրել և նույն կետում անընդհատ նվագող փչացած ձայնասկավառակի նման թքում էր աջից ձախ, ձախից աջ ու ամեն թքի հետ նրա մկանոտ մարմինը երկրաչափական պրոգրեսիայով փոքրանում էր, մաշվում և նա աստիճանաբար անհետանում էր մարդկանց տեսադաշտից։ Այնքան նվազ դարձավ, որ հավասարվեց խոտերի մեջ վազվզող մրջյուններին։ Եվ հե՛նց այդ պահին սև ամպը փակեց արևը, երկինքը գոռաց, հորդառատ անձրևը հորդաց ու աշխարհն իր թացության տակ առավ։ Անձրևախշոցը մաքրեց ոչ միայն մարդկանց դեմքերն այրող թուքից, այլ նաև թափանցեց նրանց հոգիներն ու մաքրեց տագնապով պատված նրանց վախվորած հոգիները։ Ու ծնկի եկած ամբոխը հայացքները պարզեց վեր, պարզերես նայեց սև ամպին ու մոռանալով խավարասերների հասակից ցածր դարձած «աժդահակին»՝ ժպտադեմ հայացքներով իրենց լուռ շնորհակալությունն ուղարկեց անսպասելի փրկիչ անձրև ծնած Բարձրյալին։ 

Այդ ոչ աննշան պահին, երբ սև ամպը դիրքը սկսեց աստիճանաբար զիջել ծիկրակող արևին, թփերի տակից մի անձրևորդ դուրս պրծավ և, անշտապ սողալով, շարժեց դեպի մրջյունների փոսակում թաքնված մազերը լպստածը։ Հասնելով փոսակին՝ անձրևորդը փոքր-ինչ բացեց ծպտյալ բերանն ու հպվելով մեր «աժդահակի» պսպղուն դեմքին՝ վակումով նրան դեպի իրեն քաշեց, և վայրկյաններ անց «աժդահակը» արդեն մարսվում էր անձրևորդի մսոտ երկարության մեջ։ Ծանր սողալով՝ անձևորդը դուրս պրծավ խոտերից և իր թաց մարմինը տաքացնելու համար շարժվեց արևից տաքացող քարի ուղղությամբ։ Անձևորդն արդեն հասել էր քարին, երբ վերևից մի սոված ճնճղուկ կայծակի արագությամբ հայտնվեց նրան դեմ-դիմաց, և անձրևորդին ոչինչ չէր մնում, քան չմարսված լպստածի հետ դառնալ ճնճղուկի երեկոյան համեղ կերակուրը։ Առանց երկար-բարակ մտածելու ճնճղուկը կուլ տվեց անձևորդին և սավառնեց վերև՝ ինքն էլ չհասկանալով, թե ստամոքսում հայտնված անձրևորդն ինչպես անմիջապես մարսվեց և որպես ջրիկ ծերտ՝ վերից ընկավ ամբոխի հետ միասին դեպի երկինք նայող փոքրացած աժդահակի թիկնապահներից մեկի աչքին։

Տարիներ հետո հաստավիզ թիկնապահն իր հուշագրություններում կզետեղի իր կյանքի այս տարօրինակ դիպվածը՝ նկարագրույթյունը պատկերավոր դարձնելու համար ավելացնելով հետևյալ մեջբերումը․ «․․․Շեֆն անձնուրաց պայքարում էր հազարավոր մրջյունների դեմ և երբ հաղթանակն արդեն շատ մոտ էր թվում, նա սեփական կրքերի դավադիր զոհ դարձավ և մատ թափ տվող մոր անզուգական պատկերն աչքերի առջև՝ հայտնվեց լկտի անձրևորդի երախի ճիրաններում․․․»։

Please follow and like us: