Մհեր Իսրայելյան/Իննսուներկուսի լույս իննսուներեքի գիշերը

Հենց իննսուներկուսի լույս իննսուներեքի գիշերվա ձմեռնամուտին էլ մայրս հղացավ այդ հանճարեղ գաղափարը։ Ծնվելով ցուրտ ու մութ տարիների հմայանքով՝ այն արտասովոր աշխուժություն առաջացրեց հաղթական պատերազմ վարող երկրի գլխավոր քաղաքի մի տխուր ծայրամասում ու ձմեռն առոք-փառոք անցկացնելու աղոտ հույս արթնացրեց։ Մինչ մենք՝ տան տղամարդիկ, լուրջ գործերով էինք զբաղված և մեր անճարակությունը արդարացնելու համար փորձում էինք գտնել մազութը լափելու դարի ոճրագործության հիմնական մեղավորին ու ամեն ինչի մեղքը  բարդել նրա վրա, բժիշկ մայրս անցավ գործի։ Հիվանդներին առժամանակ հանգիստ թողեց, մի անգործ մնացած ատաղծագործ գտավ, ու շուտով մեր շենքի երրորդ և չորրորդ հարկերի արանքի աստիճանահարթակի անկյունում կանացի հնարամտության և ինժեներական ճկուն մտքի ճառագումով վեր հառնեց մեր երկարուձիգ մետաղյա պահարանը։ Մտահղացման համաձայն չորրորդ հարկից ընդամենը տասն աստիճան իջնում էիր, պտտում կողպեքի բանալին և համարյա հայտնվում դրախտում։ Մորս խոսքն ու մանավանդ գործը գետնով չտալու ու գաղափարն ավիշ ու ավյունով, իսկ կենցաղային լեզվով ասած՝ ձմեռվա պաշարով լցնելու համար ստիպված էինք մենք էլ ձեռքներս ծալած չնստել։ Նախ, կյանքի գորշությանը մի թեթև մարտահրավեր նետեցինք ու պահարանը ներկեցինք կանաչ գույնի, որ կոչված էր քիչ թե շատ ցրելու այդ տարիներին տարածված ու ժամանակ առ ժամանակ փողոցներում առկայծող սև ժապավենների բերած մռայլ տրամադրությունը։  Եթե հիշում եք՝ այդ ժապավենների վրա էին հենց հայտնվում տղամարդկանց անուններ ու երկնիշ թիվ քսանից հիսունի միջակայքում, հազվադեպ էլ՝ տասնութ կամ տասնինը։ Այդ ժապավենները մի քանի օրով հիշեցնում էին, որ պատերազմը պատերազմ է, անկախ նրանից՝ դու բուն սահմանին ես վայելում հաղթանակի բերկրանքը կամ կսկծում պարտության դառնությունը, թե խորը թիկունքում։ Հետո մի քանի օրից հավաքում էին ու հետքները չէր մնում, անհետանում էին, գետնի տակ անցնում՝  իրենց հետ տանելով անունների հիշողությունը, ասես այդ մարդիկ ոչ ծնվել էին, ոչ ապրել երկնիշ թվի հուշած տարիների չափ և մանավանդ՝ ոչ էլ զոհվել հանուն հայրենիքի։

– Բախտավոր շենք ենք, ոչ մի զոհ դեռ չենք տվել, ոչ մի սև ժապավեն էլ լվացքի պարանի պես չենք կապել մեր փողոցում, թու-թու-թու,- ասում էր մի մարդ, որ միշտ վախը մեջն էր, թե վատ բան է պատահելու։

– Բերանդ խերով բաց,- նախատում էր մեկ ուրիշը,- իբր քիչ կռռացող կա։   

Մարդիկ ապրում էին զուգահեռ աշխարհների մեջ։ Սահմաններին մոլեգնում էր պատերազմը, մեր ազգից քչերը կռվում էին ու զոհվում, շատերը ցույց էին անում հրապարակում և քննադատում մազութը լափած կառավարության քաղաքականությունը, մենք էլ՝  դպրոցը նոր ավարտած ընկերներով մի քիչ նրանց, մի քիչ սրանց լսելով ու փորձելով հասկանալ, թե ինչ են ուզում էս փուչ աշխարհից, մեր ուսանողական տարիներն էինք  ուզում գունավորել, որ հետո թոռներին պատմելու բան լինի։ 

– Մազութը որ չլափեին, հիմա Բաքուն գրավել էինք,-ասում էր Արամը։

– Ստամբուլն էլ արյան ծով էինք սարքել,- հեգնում էր Վարդանը։

– Էս սև ժապավենները մեր խղճին էլ են ծանրացած, տղերքը զոհվում են, իսկ մենք սմբուկի պահածո ենք փակում,- կրակին յուղ էր լցնում Աշոտը։

– Լրիվ խայտառակ ենք եղել, մեր շենքից ոչ մի զոհ չկա, ասես պատերազմը մեր կողքով է անցնում,- մի բան ասելու համար էլ իբր սրամտում էի ես։ 

Սև ժապավեն կլինի, թե չի լինի՝ ձմեռը պիտի հանել։ Բանդագուշանքներին տուրք կտանք, թե կարհամարհենք, պիտի անսասան մնանք մեր համոզմունքներում։ Իսկ համոզմունքը հուշում է քայլեր ձեռնարկել հղացած գաղափարի անշեղ իրագործման համար։ Ուստի հենց կանաչ ներկը չորացավ, պիոների պես շարվեցինք մորս դեմ-հանդիման՝ հումորով պատվի առնելով ու կրկնելով «միշտ պատրաստ» հայտնի կարգախոսը։ 

– Եվ այսպես, կգնեք տասը կիլոգրամ սմբուկ, նույնքան պղպեղ, մի այդքան էլ վարունգ, լոլիկ, ծիրան, դեղձ, սալոր, այլ մրգեր և հատապտուղներ՝ խավիարի, աջիկայի, թթվի, տարատեսակ պահածոների, կոմպոտների, հյութերի, մուրաբաների ու ջեմերի համար,- իննսուներկուսի լույս իննսուներեքի գիշերվա ձմեռնամուտին, ավելի ճիշտ ամռան արձակուրդին խնդրեց մայրս։ 

– Երինջն էլ իմ վրա,- ընկերոջս հույսով գլուխ գովեցի ես,-առանց կարգին ղավուրմայի ի՞նչ ձմեռ, դրանք մազութը լափեցին, մենք էլ մեր ղավուրման կվայելենք։

– Իսկ գլուխը գովալու տեղ իրոք ունեի, քանի որ շենքի հենց տանիքում մեր շենքի Բենոյի հետ լեվի լույս էինք գտել ու վենա մտել։ Այդ ժամանակ ինչքան բաց լար կար, Բենոն հերթով ձեռք էր տվել, ես էլ սարսափահար գոռացել էի՝ Բենո, զգույշ, տոկը չխփի, Բենոն էլ թե՝ Աստված ձենդ լսի, ասել է թե՝ եթե խփի, ուրեմն գտել ենք այն, ինչ փնտրում էինք։ Երկու երնեկ մի տեղ չի լինում։  Բարեբախտաբար Բենոն էնքան էր լարերի հետ խաղացել, ձեռքերը էլեկտրամեկուսիչ էին դարձել, ինչի շնորհիվ աստծո թույլտվությամբ մի քանի ամպերանոց մի թույլ լույս էինք փախցրել, որ հերիքում էր մեկումեջ ֆուտբոլ նայելու համար։ Իսկ ֆուտբոլի հետ ավելի լավ բան, քան ձմեռվա ղավուրման է, հում սոխն ու թթու վարունգը, էլ չասած սմբուկի խավիարի մասին, դժվար էլ պատկերացնեք։ Հա, բնականաբար գյուղից բերած խաղողի տնական օղու հետ, քեռուս տված բժշկական ֆիլտրերով կրկնակի զտած։ 

Հաշվարկն արվել էր այնպես, որ պահարանի ինը սովորական դարակներից յուրաքանչյուրում շարվում էին իննական պահածո, այսինքն շուրջ ութսունմեկ բանկա արվեստի գործ։ Եթե բաժանենք ձմեռվա ամիսների վրա, շաբաթ-կիրակի օրերը չհաշված, օրական համարյա մի բան կունենայինք ուտելու կամ խմելու, մի խոսքով ձմեռը լավից վատից կհանեինք։ Եվ լրացուցիչ մի հարկաբաժին՝ ղավուրմայի, սոխի ու կարտոֆիլի համար։ 

– Միայն մի բան եմ զգուշացնում, պահարանի բացումն անելու ենք նոյեմբերի մեկին,- խնդրում է մայրս,- մինչ այդ կարող եք միայն փակելուց համտեսել, որ համը բերաններումդ մնա։ 

Ինչպես մայրս ուզում էր, այդպես էլ արեցինք։ Ժրաջան մեղվի պես լծվեցինք մեր դրախտ-պահարանի արարման սուրբ գործին։ Տասը կիլոգրամ սմբուկ բերեցինք, նույնքան պղպեղ, լոլիկ, տարբեր մրգրեր, հատապտուղներ, մի խոսքով այն ամենն, ինչ անհրաժեշտ էր արժանապատիվ ձմեռ անցկացնելու համար։ Կրակը վառեցինք, եփեցինք, խառնեցինք, հարեցինք, մի խոսքով մեր հոգին դրեցինք մտածված սուրբ գործում։ Ինչպես մայրս էր խոստացել, համտեսի ժամանակ համը բերաններս մնաց։ Երբ քիմքդ զգում էր սմբուկի խավիարի դուրեկան կծվությունը սմբուկի և պղպեղի ճիշտ համամասնությամբ բռնեցրած, այնպես էիր նվաղում, որ ուզում էիր այդ վայրկյանը երկարի։ Սերկևիլի կոմպոտից լեզուդ մեղմ տտպում էր, իսկ աջիկայի, ախորժաբերի ու իման-բայալդիի համից աչքերդ հաճույքից կլորանում։ Ասեմ, որ ես էլ իմ խոստումը պահեցի, լոռեցի ընկերոջս հետ ալյուր տարանք Լոռի, փոխեցինք երինջի հետ ու բնական, անարատ միսը ղավուրմայի համար պատրաստ էր՝ ի տես նախանձ հարևանների։ Ղավուրմայի յուղը այնպես էինք բռնացրել, որ մսի հետ միաձուլված, հում սոխը վրան, պարզապես հալվում էր բերանումդ։ Երկու շաբաթվա մեջ մեր կանաչ ներկած պահարանը լիուլի մտել էր իր դերի մեջ, սառը մետաղական կաղապարի մեջ ամփոփելով մեր ձմեռվա երազանքը, որ պիտի մի քանի ամսից հորդար դուրս։ Այնքան էինք ոգևորվել, որ տղերքից մեկը նույնիսկ առաջարկեց պահարանի անունը Փեթակ դնել, բայց դա համարեցինք խրախճանք ժանտախտի ժամանակ և արագ մոռացանք այդ մասին։ Ամեն ինչ տեղավորվել էր, ինչպես նախատեսել էինք՝ ամեն դարակում իննական բանկա, իսկ տակի հարկաբաժնում՝ ղավուրման, կարտոֆիլը, ու վերջում մի կերպ խցկել էինք գլուխ սոխը։

– Գուցե սոխը պետք չի դնել,- ասել էր տղերքից մեկը։

– Եթե չդնենք, կծլի,- զգուշացրել էր մեկ ուրիշը։ 

Ասել, թե մինչև նոյեմբերի մեկը ժամանակը հեշտ անցավ, նույնն է թե ոչինչ չասել։ Երբ մի բանի սրտատրոփ սպասում ես, ամեն վայրկյանը մի դար է թվում։ Ուրախալին այն էր, որ այդ երկու-երեք ամսում մեր փողոցում չերևացին սև ժապավեններ ու երկնիշ թվով ցուցանակներ, ու նոյեմբերի մեկին ուրախ-զվարթ հավաքվեցինք մեր տանը պահարանի հանդիսավոր բացումն անելու։ Ընդամենը տասը աստիճան մեր տնից իջանք, հասանք երանելի աստիճանահարթակին, մի քանի վայրկյան զմայլվեցինք պահարանի թովիչ կանաչով, զգուշորեն բանալին պտտեցինք կողպեքի մեջ, բացեցինք դուռը ու համարյա դրախտում հայտնվելու փոխարեն գտանք ձմեռվա երազանքը հօդս ցնդած, պահարանը այնքան դափ-դատարկ, որ եթե խիղճները կորցնեին` մկները մեջը ֆուտբոլ կխաղային։ 

– Լրիվ սրբել են առնետները,-ասաց Արամը։

– Այ քեզ բան, նույնիսկ սոխն են տարել,- զարմացավ Վարդանը։

– Վայ ես դրանց մերը․․․,- լեզուն հազիվ կծեց Աշոտը։

– Սոխի մրմուռը հաստատ չեն մարսելու,- գուժեց աղմուկի վրա հասած մեր հարևանի կինը՝ Նազիկ ծյոծյան,- գոնե էդ պիտի հասկանային։

– Պետք չի անիծել, դժվար ժամանակներ են,-եզրափակեց մայրս։  

Իհարկե, առանց պահարանի էլ ձմեռն իր հունով շարունակվեց, պատերազմն էլ իր հունով շարունակվեց, խաղաղությունն էլ տոտիկ-տոտիկ մոտեցավ, ֆուտբոլ էլ քիչումիչ նայեցինք, խաղողի օղին էլ՝ քեռուս բերած բժշկական ֆիլտրով երկու երես զտած, վատ չխմվեց։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ իննսուներկուսի լույս իննսուներեքի գիշերը դատարկ պահարանով ավելի վստահ մտավ իր իրավունքների մեջ։ Թե չէ ով է լսել խրախճանք ժանտախտի ժամանակ։ Տղերքից մեկը նույնիսկ առաջարկեց պահարանը կտրատել ու որպես մետաղական ջարդոն ծախել պարսիկներին, բայց ի վերջո որոշեցինք թողնել՝ մի օր գուցե խաղաղություն լինի ու մորս հանճարեղ գաղափարը լիաթոք կյանքի կոչենք։ Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու մի օր մեր փողոցում նորից հայտնվեց համարյա մոռացված սև ժապավենը, լվացքի պարանի պես ծայրից ծայր կապած։

– Մեր բակի Հարութին են անցյալ շաբաթ բանակում սպանել, նոր էին տարել,- ասացին տղերքը,- ոնց որ թե մերոնք են խփել։ Երկու օր առաջ են թաղել, բայց ոչ մեկի ձեռքը չի գնում ժապավենը հանեն, գնանք ցավակցենք։  

Հարութի հայրը շնորհակալություն հայտնեց ցավակցության համար, ասաց, որ տղայի կարոտը իր ընկերներից է ուզում առնել ու խնդրեց մի բաժակ բան խմել իր հետ, հենց մեր տարած խաղողի օղուց։ Մի իսկական քեֆի սեղան գցեց, սմբուկի խավիարով, ղավուրմայով, աջիկայով ու կոմպոտով։ Ղավուրմայի յուղն ու աղը այնպես էր բռնեցրած, որ միանգամից հալվում էր բերանումդ, իսկ խավիարի ու աջիկայի համից աչքերդ կլորանում էին։ Ավաղ, սերկևիլի կոմպոտից էլ լեզուներս էր մեղմ տտպում։

– Էհ, Հարութն էր բանակ գնալուց առաջ բերել, ասաց, որ մի հարևան էր արտագաղթում Ամերիկա, մի քանի կոպեկով տվել էր, համարյա նվեր։ Ես էլ ասացի, որ այդքան սոխն իզուր ես վերցրել, միևնույն է ծլեց ու դեն նետեցինք,- արցունքը մի կերպ զսպելով պատմեց հայրը։- Հազար ողորմի Հարութին, ափսոս, լավ տղա էր,- կոկորդներս սեղմած թուքը չկարողացանք կուլ տալ մենք։ 

Please follow and like us: