Արփինե Վարդանյան/Դեպի ծով

– Մի օր ծով կգնանք,- ասում էր մերս ու հերթական 500 դրամանոցը նետում բանկայի մեջ։

Ես էլ նայում էի ու հոգոց հանում․ «Ո՞նց ես էհ գնալու, ո՞նց․․․ ինչքա՜ն ես դեռ հա հավաքելու, որ․․․»։ Եվ նման պահերին սկսում էի խղճալ՝ մեզ։

Եղբայրս ուրիշ էր, մերս էր ասում։ Ես նայում էի այդ «ուրիշ»-ին ու ինքս ինձ բռնացնում այն մտքի վրա, որ մենք այդպես էլ ծով չենք գնա, քանի դեռ․․․․ Երվանդին երևի մեկ-մեկ ատում էի, իսկ ավելի շուտ՝ գուցե ամաչում, չգիտեմ։ Բայց տատս բացահայտ ցույց էր տալիս, որ Երվանդը, իրոք, «ուրիշ» էր, միայն թե մորս ու տատիս պատկերացրած «ուրիշը» տարբերվում էին իրարից։

– Երվանդս առանձնահատուկ ու ուրիշ երեխա է,- ասում էր մերս։

– Հիվանդ է, քոռանայի, չտեսնեի,- ախ էր քաշում տատս։

Իսկ ես։ Ես ի՞նչ։ Երբ սկսեցի ինֆորմացիա հավաքել աուտիզմ ունեցող երեխաների մասին, փնտրտուքներս ոչ մի լավ բանի չբերեցին, ոչ էլ հույս մնաց։ Միշտ մտածում էի՝ մերս, որ այդքան Երվանդին այսուայնտեղ էր տանում, մի օգուտ կտար, ու Երվանդն էլ «ուրիշ» չէր լինի, այլ բոլորի նման կլիներ, բայց․․․

– Դա հիվանդություն չէ,- ճչում էր մերս, երբ թեման էի բացում։

Եվ նման պահերին, երբ կողքից էլ տատս էր վրա տալիս՝ թե բա հիվանդություն է, բա ինչ է, մի բան նեսումս ծակում էր․ մերս մենակ էր ու մենակ փորձում էր Երվանդի համար այս աշխարհում տեղ գտնել։

                                                                   *** 

Հերս Ռուսաստանից չէր գալիս։

– Ինչ Երվանդը էսպես եղավ, էլ բալես տուն չի գալիս,- մրմռում էր տատս։

Մերս խեթ հայացքով նման պահերին նայում էր տատիս։ Իսկ ես շտապում էի իրավիճակը փրկել․ «Լավ, էլի, խնդրում եմ՝ պետք չի»,- աղերսանքով դիմում էի թե՛ մորս, թե՛ տատիս։

– Լարիսին հարս չեն տանի,- չէր հանգստանում տատս,- ո՞վ կտանի, որ նման եղբայր ունի։

Նման պահերին, իրոք, ատում էի տատիս։ Մի տեսակ շատ էր փորում։ Իսկ մորս դա ցավեցնում էր։ Ինձ էլ։

– Թո՛ղ չտանեն, -իր հերթին էլ պոռթկում էր մերս,- մեկ է՝ ում հետ էլ ամուսնանա, փոշմանելու է։

Երվանդին մերս սովորեցրել էր, որ ինքնուրույն 500 դրամանոցները նետեր բանկայի մեջ։ Երվանդը դա այնքան մեխանիկորեն էր անում, բայց անգամ այդպես` դա մորս մեծ ուրախություն էր պատճառում։

– Լոգոպեդն ասում է, որ դա առաջընթաց է,- բացատրում էր մերս, բայց հիասթափության պես մի բան էր զգում, երբ ես ու տատս չէինք կիսում նրա ոգևորությունը։

– Ծով ենք գնալու,- իսկ մերս, այնուամենայնիվ, աշխատում էր ոչ ինքը կոտրվել , ոչ էլ մեզ թողնել, որ կոտրվեինք։ Իսկ թե ե՞րբ էինք գնալու, դրա մասին խոսք չկար, որովհետև ինքն էլ չգիտեր։ Բայց նման պահերին մորս սկսում էի խղճալ և սկսեցի ինքս երբեմն 500 դրամանոցներ նետել բանկայի մեջ։ Եվ դա ոգևորում էր մորս։ Մորս համար էլ անում էի։ Գուցե խղճի խայթ էի զգում, որ ես էլ էի բոլորի մեջ մտնում՝ նրանց մեջ, ովքեր մորս մենակ էին թողել․․․ իրեն ու Երվանդին։

Հերս էլ չնայած գումար ուղարկում էր, բայց լինում էր, որ ուշանում էր աշխատավարձը, այդ ժամանակ հույսը մնում էր տատիս թոշակը։ Եվ կռիվն անխուսափելի էր։ Երվանդին ժամանակ առ ժամանակ մերս Երևան էր տանում՝ լոգոպեդի և այլ մասնագետների հետ աշխատելու համար, և երբ այցերը համընկնում էին նման ֆինանասական իրավիճակի հետ, տատս ճանապարհածախս չէր ուզում տալ/այցերը բերեգործական էին, ճիշտ է, չէինք վճարում, բայց ճանապարահածախսի հարցը պետք է մենք լուծեինք/։

-Դիմացը նոր ուսումնական տարի է, Լարիսը կոշիկ չունի․․․․ աղջկադ մասին հեչ մտածո՞ւմ ես։

– Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ուզում․․․ Երվանդն էլ է քո թոռը, հա՛, էսպիսին է ու չի կարելի այցերը բաց թողնել,- իր հերթին էլ չէր հանգստանում մերս։ 

Վերջը։ Ինչպես միշտ, հաղթեց մերս։

– Դու էլ կգաս,- հանկարծ մերս դիմեց ինձ։

Կասկածով նայեցի մորս։ Ինձ երբեք հետը քաղաք չէր տանում։ 

– Քեզ կոշիկ կառնենք,- վրա բերեց։

Զարմացա։ Ի՞նչ փողերով։ Տատս հազիվ թոշակից ճանապարահածախս տվեց, իսկ մնացածով պետք է յոլա գնայինք, մինչև հերս փող ուղարկեր։

Ընկանք ճամփա։ Երթուղայինում Երվանդը հանկարծ ագրեսիվ դարձավ։ Մերս   փորձում էր հանգստացնել Երվանդին, բայց Երվանդի վարքը անկառավարելի էր․ բարձր ձայներ էր հանում, անկանոն շարժումներ։ Մերս բռնել էր ձեռքերը․

– Հիվանդ էրեխա է,- ասում էին կողքից։

– Իջե՛ք երթուղայինից,- հանկարծ ասաց վարորդը։

Չիջանք։ Մերս ատամներով դիմադրեց։ Բարեբախտաբար, շուտով Երվանդն էլ հանգստացավ։ Մի տեսակ վախեցած նայեցի մորս․

– Միշտ նույնն է լինում, բան չկա,- համ դողալով, համ ինձ ուժ տալու տոնով ասաց մերս։

«Միշտ նույնն է լինում»,- մորս խոսքերը դեռ երկար պետք է հնչեին ականջներումս։

Երվանդին թողեցինք ինչ-որ կենտրոնում ու գնացինք ինձ կոշիկ առնելու։ Մորս հետ երբեք այդքան հավեսով ժամանակ դեռ չէինք ունեցել։ Կարծես նոր մեկս մյուսին գտել էինք․ մի տեսակ տարօրինակ զգացողություն էր։ Առանձին էինք՝ մենակ ես ու ինքը` գյուղից դուրս։ Քայլեցինք փողոցներով, պաղպաղակ գնեցինք․․․ գնացինք խանութներով․․․

– Սա եմ ուզում,- ասեցի ու միանգամից լեզուս կծեցի, երբ գինը տեսա։ Բայց շտապեցի նաև ավելացնել,-չէ՛։

– Հա՛,- վստահ տոնով ասաց մերս։

Զարմացած նայեցի մորս։

Բայց մինչ կհասցնեի ինչ-որ բան ասել․

– Գնա ու դրսում սպասիր, ես հեսա կգամ։

Նորից չհասցրի ինչ-որ բան ասել, բայց մերս համարյա ուժով ինձ դուրս հանեց խանութից։ Իսկ մի քիչ հետո ինքն էլ դուրս եկավ։ Աչքս միանգամից ընկավ ձեռքի տոպրակին։ Կոշիկներս գնել էր։ Բայց ինձ մոտ հարց մնաց՝ ինչու՞ ինձ մոտ չվճարեց։

Երևանից գյուղ վերադարձանք։ Երվանդը հանգիստ էր։ Մերս գրկել էր նրան, ես էլ կոշիկներս էի վերցրել։ Սիրտս թրթռում էր։ Չէի հավատում, որ հենց իմ ուզած կոշիկներն ունեցա։ Հանկարծ իմ ու մորս հայացքները խաչվեցին։ Մի տեսակ ուրիշ, հասկացողի ժպիտով իրար նայեցինք։ Իմ ու մորս հարաբերություններն էլ առաջվանը չէին, ու դա լավ էր։

Տանը դեռ Երվանդը շատ կփնտրեր մեր 500 դրամանոցների բանկան։ Չէր գտնելու։ Սկսեց լաց լինել։ Ես սկսեցի փնտրել։ Չգտա։ Հետո հայացքս ընկավ կոշիկներիս։ Գտա՛։ Ծով չէինք գնալու։

Please follow and like us: