Գրիգոր Գրիգորյան/ԱՐՓԻՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Արփին միացրեց թարթիչն ու, կտրելով Տիգրան Մեծ պողոտան, մոտեցավ Հանրապետության Հրապարակի շրջանին։ Մի քանի մեքենայի զիջելով՝ կարմիր «Volvo»-ն վերջապես մտավ շրջանի մեջ և հանգիստ ընթացքով սկսեց շարժվել երկրորդ գծով։ Այդ պահին մի «BMW» առաջին գծից արագացրեց ընթացքը, մտավ երկրորդ գիծ և, հայտնվելով Արփիի կարմիր «Volvo»-ի հետևը, սկսեց ուժեղ «սիգնալ» տալ։ Արփին շփոթվեց, բայց պահպանելով հանգստությունը՝ շարունակեց մեքենայի հանգիստ ընթացքը։ «BMW»-ի վարորդն անմիջապես մեքենան քաշեց 3-րդ գիծ, անիվները ճռացնելով արագություն հավաքեց, անցավ Արփիի մեքենային և, շատ կտրուկ աջ քաշելով, հայտնվեց կարմիր «Volvo»-ի դեմ-դիմաց։ Արփին շփոթվեց, ոտքով սեղմեց արգելակի ոտնակը, ձեռքով քաշեց արգելակի ձեռնակը, մյուս ձեռքով ղեկը թեքեց աջ, հետո` ձախ, այնուհետև ինչ-որ խառը կոճակներ սեղմեց և, կարմիր «Volvo»-ի  շարժիչն անջատվելով, ավտոմեքենան մեխվեց Հրապարակի հենց կենտրոնում։ Արփին միացրեց թարթիչներն ու մի քանի փորձ արեց շարժիչն աշխատացնելու համար։ Շարժիչը դավադրաբար ոչ մի կերպ չէր միանում․ փորձեց մեկ անգամ, երկու անգամ, միևնույնն է՝ ոչինչ չէր փոխվում։ Ոչ այդքան ջղայնությունից, որքան անճարությունից`Արփիի աչքերը լցվեցին, և գլուխը ղեկին հենելով՝ աղջիկը սկսեց լաց լինել։ Այդ պահին Աբովյան փողոցի վրա կանգնած տաքսու վարորդները մոտեցան կարմիր «Volvo»-ին։

1-ԻՆ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ — Քո՛ւր ջան, լա՞վ ես, հո շատ չե՞ս վախեցել։

2-ՐԴ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ — Բալա՛, իջի մեքենայից, արի՛, արի՛: Սեթո՛, մաշը՛նիցը մի հատ ջուր բեր։

3-ՐԴ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ — Իջի՛, իջի՛, աղջի՛կ ջան, մտածես վեչ, հեսա սաղ կնայենք, մաշնեն տեղը կգցենք, ես էդ «BMW»-ի տիրու նանը․․․

ԱՐՓԻ — Տեսա՞ր էդ այլանդակին, պապի՛ ջան (հոնգուր-հոնգուր լացում է)…

1-ԻՆ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ — Մի լացի, ա՛յ քուր ջան, դրանք՝ էդ «բէեմվեիստները», գլխակեր են, «նիվայականներին» տվել-անցել են։ Հո սոված չե՞ս, կոֆե կուզե՞ս։ Սեթո՛, էդ ջուրն ի՞նչ էղավ։

 «ՔԱՉԱԼ» ՎԱՐՈՐԴ — Բերեցի, բերեցի ջուրը, ո՞ւր ա մեր նախշունը։ Առ, սիրո՛ւն ջան, դու էնտեղ նստի կամ ավելի լավ ա՝ կողքի կաֆեն հարմարվի՝ հանգստացի, մենք հեսա քո «նանարի» հախիցը գանք։ Ջուլի՛կ, ա՛յ Ջուլիկ, էս էրեխին մի տեղ նստացրու, կոֆե-քաղցր-սոկ-ջուր իմ հաշվին տուր… Չէ՛, ավելի լավ ա՝ Բիձու հաշվին տուր, մինչև տենանք՝ էս կարմիր ծիտիկին ինչ ա էղել։

ՍՐՃԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂ ՋՈՒԼԻԿ — Արդեն դրել եմ, Սեթո՛, քո հաշվին էլ գրել եմ, ջանդ յուղի։ Սպասի, աղջի՛կ ջան, հեսա գամ ու քեզ փողոցը անցկացնեմ։

Երբ Ջուլիկը Արփիին օգնում էր փողոցը լքել, այդ ժամանակ տաքսու վարորդներից 1-ինը մտել էր մեքենայի տակ, 2-րդն արդեն «Volvo»-ի մեջ ինչ-որ բաներ էր ստուգում, 3-րդ տաքսու վարորդը կանգնել էր «կարմիր ծիտիկի» հետևն ու ոստիկանական շարժումներով փողոցի մեքենաներին հրահանգում էր` այլ կողմով գնա, հանկարծ չխփեն «Volvo»-ին, իսկ Սեթոն՝«Քաչալը», բացել էր «կապոտ»-ն ու բջջայինը դրած ականջին՝ ինչ-որ մեկի հետ շատ կրքոտ խոսում էր.

«ՔԱՉԱԼ» — Հլա լսի, Չաչո՛, կնգանդ մաշնից ա, դրա նոր մոդելը․․․ Չէ, կնգանդ նոր մոդելը չի, մաշնի․․․ Ո՞նց բաժանավել ես։ Լավ, էդ հետո, էդ հիմա կարևոր չի… «Volvo»-ից ա, բայց կարմիր, Հրապարակի մեջտեղում կանգնել ու չի գնում․․․ Գույնից կլինի՞, գույնը փոխե՞նք․․․

1-ԻՆ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ — (գլուխը հանում է մեքենայի տակից) Տակի ստոյկեն դուրս չի գալիս, տղե՛րք, աչքիս դրանից ա, ջանգը շատ ա, ժեշտին կերել ա․․․

2-ՐԴ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ — (գլուխը դուրս է հանում է մեքենայի պատուհանից) Լիքը կնոպկա կա, մի քանիսի լույսը վառում ա, մյուսներինը՝ հը՛ը՛, բայց ամենավատն էն ա, որ մագի զվուկն ա ամենաբարձրի վրա դրած էղել, երևի դրանից էլ տոռմուզները բլոկ ա գցել․․․

«ՔԱՉԱԼ» — (հեռախոսով է խոսում) Ա՛յ Չաչո՛, հոքուրիդ տղեն խադավիկ ա, չէ՞․․․ էլ խադավիկ չի՞․․․ էլ հոքուրիդ տղեն չի՞․․․ Ա՛յ տա, էս ինչքան բան ա փոխվել քո կյանքում, բայց էդ հեչ, էդ հիմա կարևոր չի… Դու էն ասա՝ էս մաշնեն հընչի՞ ա կանգնել։ Պագռիշկեքը փոխա՞ծ ա, թե՞ չէ․․․ Ոնց որ փոխած չի։ Է՞դ ա, դրանից ա մատոռը ատկազ արե՞։ Ուրեմն գույնն ու պագռիշկեքը փոխենք՝ ավտոն կքշվի՞․․․

3-րդ տաքսու վարորդն արդեն ոստիկաններին էր կանգնեցրել իր տեղը, և ոստիկանները կարգավորում էին երթևեկությունը։ Իսկ ինքը՝ 3-րդ տաքսու վարորդը, մի մեծ սրբիչ ձեռքին, մեքենայի ապակիներն էր ջանասիրաբար մաքրում և քթի տակ փնփնթում․ «Էս կեղտի մեջ վիր մաշընեն կաշխատի․․․»։

2-ՐԴ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ — (կռացել է նստատեղի ներքևում, իսկ ոտքերը դուրս են եկել մեքենայի պատուհանից) Գտել եմ պատճառը․ աչքիս պեդալի տակը ծակ ա, ձեռս էդ ծակով մտցրել եմ ու դուրս էկած բոլտը քաշում եմ վիրև․․․

1-ԻՆ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴ — (մեքենայի տակից՝ խուլ ձայնով) Ժանգը ծակել ա մաշնեն, պիտի ծակը լցնել կամ սկոչել․․․ Վա՛խ, էս ով ա քաշում քիթս․․․

«ՔԱՉԱԼ» — (հեռախոսն ականջին է դեռ, գլուխը՝ «կապոտի» տակ) Չաչո՛, ա՛յ Չաչիտո, ձեր գեղի դալալ Սուրոն կա՞․․․ Սուրոն Սուսո ա տառ՞ել․․․ Մեղա, մեղա, բայց էդ կարևոր չի, էդ հետո… Ինքը էլի ավտոյի գործ ա անո՞ւմ Սովետաշենում․․․ Հի՞նչ, Ծերեթելիում ավելի լավ գործ ա գտե՞լ․․․

Այդ պահին սրճարանի աշխատող Ջուլիկը, մեծ սկուտեղը ձեռքին, մոտեցավ Արփիին, որը նստել էր սրճարանում ու բերանը բաց հետևում էր իր մեքենայի շուրջ րոպե առ րոպե ակտիվացող իրարանցմանը։

ՍՐՃԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂ ՋՈՒԼԻԿ — (Արփիի դիմաց է դնում հաց, կանաչի, պանիր, հյութ, բաճակ, «ստոլիկ», մոխրաման․․․) Բալա՛, դու սկսի մի քիչ ուտել, մինչև կարտոշկա ժարիտն ու կատլետը տաքանան․․․

ԱՐՓԻ — Չէ՛, չէ՛, ես մենակ սուրճ կխմեմ․․․

ՍՐՃԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂ ՋՈՒԼԻԿ — Աղջի՛ ջան, դու ինձ լսի, մի 2-3 ժամ դեռ ստեղ ես․ մինչև ամեն ինչ չսարքեն, ավտոյիդ գույնը չփոխեն՝ քեզ ստեղից բաց չեն թողնելու, իսկ վերջում, «պաչոտնի», քեզ ճանապարհելու են ոստիկաններով, որ հանգիստ տուն հասնես։
«ՔԱՉԱԼ» — (բջջայինը երկու ձեռքով սեղմել է ականջին) Չաչուլո՛, ա՛յ Չաչո․․․ Հի՞նչ, Չաչոն չի՞, բա էսքան ժամանակ ո՞ւմ հետ էի խոսում․․․

Please follow and like us: