Գրիգոր Գրիգորյան/Անառակի Կիրակի

Գագոյին 2 ժամ առաջ էին թաղել, ու գյուղի ավանդույթների համաձայն քելեխի սեղանին միայն տղամարդիկ էին նստած։ Մեռածի ախպեր Սաքոն իր տղուն՝ փոքրիկ Սեթին, նստացրել էր քելեխնոցի դիմաց, թուղթ ու գրիչը տվել էր ձեռը, որ Սեթը մարդկանցից հերթով 1000 դրամները վերցնի, թղթի վրա անուն-ազգանունները գրի ու ներս թողնի։ Ասել էր՝ բալա՛, սովորի մարդկանցից փող վերցնել, սաղ կյանքը կողքդ չենք լինելու, արդեն պիտի մարդ դառնաս։ Պա՛պ, բա որ չտա՞ն՝ միամիտ-միամիտ հարցրել էր Սեթը։ Ուրեմն լավ չես ուզել, չպիտի՛ խնդրես, պիտի՛ պահանջես, ականջից քաշել էր հերն ու ավելացրել՝ փողը քեզ կպահես։

Հավաքվածներն արդեն մի քանի բաժակ խմել էին, Մեծ պապի ու Մուկուչի կողքին նստած Տեր հայրը Գագոյի հոգուն հանգստություն էր ցանկացել, հարազատներին համբերություն մաղթել, ու քելեխի սեղանի շուրջ խմբված մարդիկ ավելի անկաշկանդ էին դարձել։ Բողչի Լյութոն խաշլամի երրորդ կտորն էր ուտում, Դքի Մոսին իր դիմաց դրված թթվի ամանը դատարկել ու անցել էր կողքի բաստուրմա-սուջուխին, Քյոռօղլու Սիմոնի աչքը կպել էր։ Իսկ Մեծ պապի ու Մուկուչի դիմաց նստած Սաքոն խմում էր՝ առանց որևև բան ուտելու, լսում էր Տեր հոր խոսքը, դեմքի անտարբեր արտահայտությամբ համբերատար սպասում էր, որ հոգևորականն ավարտի միտքն ու մի շնչով դատարկում էր մեծ բաժակը։ Խմում էր, կողքի կանաչի փունջը մոտեցնում քթին, հոտոտում ու դնում տեղը։ Սաքոն դրսից հանգիստ էր թվում, բայց Մեծ պապը լավ գիտեր փոքր որդուն, գիտեր մեջի բոցավառ մտքերը, որոնց արագությունն ամեն բաժակի հետ ավելի ու ավելի էր ուժգնանում։ Ձախ ափը Մուկուչի ծնկին դրած՝ Մեծ պապը աչքը Սաքոյից չէր կտրում, բայց նաև լուռ էր, չէր խանգարում, կանխատեսելով էս ամենի ընթացքը՝ հասկանում էր, որ ուղղակի հետևելն ու դեռ ոչինչ չանելը գուցե ամենալավ լուծումն է։

— Հը, Տե՛ր հայր, էլ ասելիք չունե՞ս մեծ ախպորս մասին, — արաղի բաժակը շոյելով՝ խոժոռ հայացքով վերջապես խոսեց Սաքոն։ — Արդեն բոլոր արժանիքները նշեցի՞ր, թե՞ սպասենք նոր հայտնությունների։

Տեր հայրն անակնկալի եկած ոտքի կանգնեց ու սկսեց հանդարտ խոսել․

— Հանգուցյալը բոլորիս նման մարդ էր․․․

— Մե՞ր նման, — դառը քմծիծաղը շուրթերին՝ հոգևորականին ընդհատեց Սաքոն։ — Մենք ո՜ւր, էն ո՜ւր։ Ինչ ա ախպերս մեռել ա, արդեն հետներս չի, պիտի լոլոներ կարդա՞ս սաղիս գլխին․․․

Մուկուչն ուզում էր սաստել հորեղբորը, բայց Մեծ պապը ձախ ափով սեղմեց Մուկուչի ծունկը։

— Մենք որ դեռ ապրում ենք, շնչում ենք, Տե՛ր հայր, պարտավո՞ր ենք լսել էդ ծեծված, բոլոր թաղում-քելեխների ժամանակ ասված անարժեք մտքերն ու մխիթարությունները։ Ոչ մեկի համար էլ ստեղ գաղտնիք չի, թե ով ա էղել ախպերս, թե ինչ խմորից էր սարքած, ինչ ղալաթներ ա արել իր ապրած տարիների ընթացքում, էլ քյալաք չմնաց, որ չբերեր գլխներիս․․․

— Որդյա՛կ իմ, — իր տիրական ձայնով ընդհատեց բորբոքված Սաքոյին Տեր հայրը, — մարդ է լքել այս մեղավոր աշխարհը, որտեղ ոչ մեկն անբիծ չէ․․․ 

— Հա, ճի՛շտ ես, Հա՛յր սուրբ, ոչ մեկս էլ մաքուր չենք, բայց ե՛ս չէի, որ ինչ-որ քաձի համար էրեխա, կնիկ, ծնող, ընտանիք, տուն ու տեղ թողեցի՝ փախա ռուսաստաններ, ե՛ս չէի, որ տարիներով ձեն-ձուն չհանեցի, առոք-փառոք ապրեցի, իսկ մի օր բոլորից թաքուն եկա ու ասեցի՝ Մե՛ծ պապ, պարտքերի մեջ խրված եմ, արի մեր պապական տունը ծախենք ու էդ պարտքերը փակենք, ե՛ս չէի, որ ամեն Աստծու օր լակում էի ու սեփական մորս անիծում իմ դժբախտ կյանքի համար․․․ Տե՛ր հայր, Գագոն իմ մեծ ախպերն էր, էս քյոռփի հերը, — մատը Մուկուչի կողմ պարզեց Սաքոն, — բայց մի հասարակ անառակ էր՝ բոզ, որ բեռ էր դառել էս աշխարհքի վրա, ու դու ինձանից էդ լավ գիտես․․․

Մուկուչն ուզում էր ոտքի կանգնել, բայց Մեծ պապն էս անգամ էլ կարողացավ իր ձեռքի ափով ստիպել թոռանը անշարժ մնալ։

— Որդյա՛կ իմ, բոլորս էլ կյանքի ընթացքում մոլորվում ենք, շիտակ ճամփից շեղվում ենք․․․

— Ես չեմ շեղվել, Հա՛յր սուրբ, — բղավեց Սաքոն ու հելավ ոտքի, — ես սաղ կյանքս Գագոյի քաշվածն եմ, իրա լակոտին տեր եմ եղել՝ իմոնց հետ մեծացրել, տարբերություն չեմ դրել, հլը իմոնցից էլ լավ եմ նայել, հետևից թողած քաքերը լեզվով եմ մաքրել, տարիներիս քրտինքը էդ ուտող-ուրացողի համար եմ մսխել, կյանքը, սաղ ապրածս կյանքը, —Սաքոն սկսեց բռունցքով հարվածել կրծքին, — դրա պատճառով տանուլ եմ տվել․․․ Էդ մսխած տարիներս, էդ կորցրածս ես հիմա ումի՞ց հետ ուզեմ, Տե՛ր հայր, դո՞ւ ես դրանք փոխհատուցելու, թե՞ քո ամենազոր Աստվածը, — Սաքոյի աչքերը փայլփլում էին կատաղությունից, — մի էլ փորձի պատասխանել, ոչ մեկդ էլ բանի պետք չեք, բոլորդ էլ նույն բոչկից եք։ Ու հիմա, ինչ ա իմ մեծ ախպեր Գագոն մեռել ա ու հետներս էլ չի կարա լակի, մի արի ստեղ, Տե՛ր հայր, ու քո սուտ խրատներով փորձի չմաքրվող կեղտը քերել էդ պոռնիկի վրից․․․

— Մեղք մի գործիր, որդյա՛կ իմ․․․

— Տո սաղ կյանքս մեղքի մեջ ապրել եմ, հիմա պիտի վախենա՞մ մեղքից, — Սաքոն արաղի շիշը վերցրեց սեղանից, լցրեց իր մեծ բաժակն ու դրեց կողքին։ — Հարգելի՛ սգո սեղանի մասնակիցներ, էս բաժակով ուզում եմ ևս մի մահացու մեղք վերցնել ինձ վրա ու հպարտորեն խմել էս անարատ պահի կենացը։ Էն պահի, որտեղ արդեն չկա մեծ ախպերս, չկա Գագոն ու երկրագունդն ազատվել է ևս մեկ անարժան, ապերախտ զավակից։ Թող էս պահը դառնա հավերժություն, որտեղ ամեն ինչ էնքան զուլալ կլինի, որ բոզին բոզ կասեն, գժին էլ՝ գիժ։

Մեծ բաժակով արաղը ամբողջությամբ քաշեց գլուխը, հետո վայրենավարի մռնչաց ու բաժակն ամբողջ ուժով շպրտեց կողքի պատի ուղղությամբ։ Փշրված բաժակի զրնգունից հետո քելեխնոցում քար լռություն տիրեց, մարդիկ վախենում էին նույնիսկ լիաթոք շնչել։ Մուկուչը մեկ փորձ էլ արեց ոտքի կանգնելու, բայց Մեծ պապն էս անգամ էլ նրան խոչընդոտ եղավ։ Ջղայնությունից ձախ ափով ուժեղ ճմռեց երեխու ծունկը, ոտքի ելավ ու ծանր քայլերով քայլեց սեղանի երկայնքով։ Շրջանցելով բոլոր նստածներին՝ հայտնվեց որդուն՝ Սաքոյի դեմուդեմ։ Սաքոն անշարժ էր քարի նման, կարմրած աչքերը չէր հեռացնում դիմացը կանգնած հոր անհաղորդ հայացքից։ Մեծ պապը աջ ափը լեն բացեց ու, ողջ մարմինը թևի հետ թեքելով, ուժեղ սիլլեց Սաքոյին։ Հարվածի ձենը մի քանի անգամ արձագանքեց փոքրիկ սենյակում ու Սաքոն սատկած գառան լեշի պես հետ ընկավ իր աթոռին։ Մեծ պապի հայացքը սկսեց սահել նստածների վրայով ու հանկարծ փոքր-ինչ հեռվում հանդիպեց դռան մոտ կանգնած Սաքոյի տղա Սեթին, որը փողը ձեռքերից թափած կուչ էր էկել անկյունում ու անձայն լաց էր լինում։

— Հա՛յր սուրբ, — Սեթ թոռանից հայացքը չկտրելով՝ ասաց Մեծ պապը, — պրծացրու էս քելեխը, բոլորս գնանք մեր տան գործերին։

Տեր հայրը շոյեց իր ալեհեր մորուքն ու զրնգուն ձայնով դիմեց բոլորին․

— Երկար չեմ խոսի, Մե՛ծ պապ, ինչ կար ասելու՝ արդեն ասել՝ վերջացրել ենք, հլը դեռ մի բան էլ ավել․․․ —
Տեր հայրը շոյեց իր ալեհեր մորուքը, աջը տարավ պարանոցից կախված խաչին ու զրնգուն ձայնով դիմեց բոլորին:
— Այսօր Մեծ պահքի երրորդ կիրակին է, այսօր Անառակի Կիրակի է, զավակնե՛րս, ու եկեք հանգիստ թողնենք մեր
հին ու նոր մեռելներին, ավելի լավ է` եկեք հիմա մենք մեզ հիշենք, քանզի միմյանց հիշելու շա՜տ մեծ պակաս
ունենք։ Բոլորս մի օր ծնվում ենք ու մի պատահական օր էլ բոլորս գնալու ենք այս կյանքից՝ հատ առ հատ: Ու թող ոչ
մեկս սրբերի շարքին իրեն չդասի, կյանքի ընթացքում բոլո՛րս էլ անառականում ենք, — Հայր սուրբի հայացքը
կանգնել էր Սաքոյի վրա, սակայն խոսքն ուղղված էր բոլորին, — չկա՛ մեկը, որ անբիծ, անարատ, մաքուր, առանց
մեղք կապրի ծնունդից մինչ մահ: Իսկ հիմա տուն դառնանք, զավակնե՛րս, գնանք տուն ու կախ գլխով, ոտքներիս
տակի մաքուր հողը ծամելով, սեփական ճղճիմությունը լուռ ընդունելով տրվենք մեր գործերին․․․ Եվ գուցե այդքանից
հետո Մարդու որդին մի օր գրկաբաց կընդունի տուն դարձած անառակներիս։

Please follow and like us: