Եղանակը նորից կփոխվի ու ավելի ցուրտ կլինի, իսկ ես կշարունակեմ նորից օրերը հաշվել։ Չնայած ի՞նչ տարբերություն։ Դրանից բան չի փոխվելու։
Դողացող ձեռքերով մոտենում եմ գանձապահին։ Հացս փորձում եմ առաջ անցկացնել, բայց ինձանից առաջ կանգնած կինը թարս նայում է։ «Մեծ կին եմ, չես էլ ամաչում»,- ուզում եմ մուննաթով բարձրաձայնել, բայց այդ կինը ինձանից առաջ է անցնում.
-Լավ, տատի՛, եկեք։
Ուզում եմ «շնորհակալություն» ասել, բայց լեզուս մի տեսակ չի պտտվում։ Ինքս՝ դժգոհ ու մուննաթ դեմքով, հայացք եմ նետում ու առաջ անցնում։
-250 դրամ, -արձագանքում է գանձապահը։
Գրպանումս փորձում եմ գտնել գումարը։ Ինչ ասես, որ չեմ հանում ` թաշկինակ, մետրոյի ժետոն, քարտ, բանալի, բայց կոպեկներս չեմ գտնում։
Լարված լռություն էր կախվել օդում։ Հայացքս գցեցի հերթին։ Ինչ խոսք, երկար հերթ էր կուտակվել։ Լռությունը միայն ու միայն իմ շարժումներն ու գրպանիս շըրխկոցն էին խախտում։ Շնչառությունս գնալով ծանրանում էր։ Ոչ մեկը բան չէր ասում ու չէր դժգոհում. «Դե մեծ կին եմ»։ Բայց ներքին լարվածություն ունեի։ Նայեցի գանձապահին։ Հայացքը լարված ու սպասողական էր կամ էլ՝ ինձ թվաց, հը՞։
-Հեսա,- շտապեցի ավելացնել։
Ոչ մեկը բան չասեց, բայց բոլորի հայացքում, կարծես, «շտապիր» էր գրված։ Անօգուտ։ Կոպեկներս չէի գտնում։
Հիշեցի, որ գուցե տոպրակիս մեջ լինեին։ Հիմա էլ սկսեցի տոպրակս քչփորել։ Ձեռքերս լարվածությունից դողում էին։
-Ստացե՛ք,- հանկարծ լսեցի կողքից։ Այն կինն էր։ Մինչ կհասցնեի հասկանալ, հացը գանձապահը տվեց ձեռքս.
-Առաջացե՛ք ,- ոնց որ օդից լսեի։
Դրսում փորձում էի մտքումս դասավորել կատարվածը։ «Նույնիսկ շնորհակալություն չասեցի», – հանկարծ մտածեցի ես, բայց արդեն ուշ էր։ Անօգուտ էլ շարունակեցի փնտրել գումարս։
***
Հեռուստացույցը էլի չէր միանում։ Նման պահերին ուզում էի լաց լինել։ «Հիմա ու՞մ կանչեմ»,- հոգոց հանեցի ու քայլերս ուղղեցի դեպի դուռը։ Երեք րոպեից արդեն հարևանիս դռան առաջ էի․
-Ռուբենը դասի է հիմա, Անիկ տատի, հենց գա, անպայման կուղարկեմ։
-Լավ, Լարիս ջան։
Բայց Լարիսից ավելի նյարդայնացա։ Թարս էր՝ սկեսուրը դուռը չբացեց։ Հաստատ Ռուբենին չէր ասելու։ Այս մտքից ավելի ջղայնացա։ «Ի՜նչ մի մեծ բան պետք է անի տղան, որ տղային խնայում է․․․ պա՜հ»,- արդեն անկողնուս մեջ շուռումուռ գալով՝ փորձեցի քնել։ Նորից չէի քնելու։ «Թոշակի հերթը վաղը էլի երկար է լինելու»,- այս մտքերն էլ մյուս կողմից։ Չէ՛, աչքերիս քուն չէր գալու։
***
Պահարանումս շատ իրեր կային, բայց ամեն անգամ նույն հագուստն էի ընտրում, երբ պատրաստվում էի տնից դուրս գալ։ Դողացող ձեռքերով էի գտնում այն, ինչ պետք է հագնեի, բայց ամեն անգամ նեղվում էի պահարանիս «առատությունից»։ «Պետք է ազատվել»,- մտածում էի ու ոչինչ չէի անում։ Առհասարակ, տանն այնքան իրեր կային, որ էլ ինձ պետք չէին, ասում էի ու ոչինչ չէի անում։ Իրենք նորից մնում էին իրենց տեղում՝ չօգտագործվող ու փոշոտ։ Ժամանակը կանգ չէր առել ու չէր առնում։ Սպիտակը նստել էր իմ մազերին, իսկ փոշին՝ իրենց։ Փոշին էլ իրենց սպիտակն էր, իրենց խաչն ու «իմ ժամանակն անցել է»-ի վկան։ Իմ սպիտակը իմն էր, փոշին՝ իրենցը։ «Տխուր է»,- նման պահերին ակամայից մտածում էի ես․ հին իրերս ավելին էին, քան ուղղակի կային։ Նրանք իմ մի մասն էին, ավելին՝ իրենք հենց ես էի։ Դողացող ձեռքերով հանկարծ ընտրեցի կախված զգեստներից մեկը։ Դրեցի մահճակալին։ Հետո պահարանի ամենախորքից, մութ անկյունում դրված, հանեցի արկղիկը։ Դժվարությամբ բացվեց․․․ Այլևս չօգտագործվող շրթներկներն ու զարդերը տեսնես ինչե՞ր կպատմեին կնոջ մասին, եթե կարողանային խոսել։ Իսկ իրենք հաստատ պատմելու շա՜տ բաներ կունենային։ Ինչ լավ է, որ չեն խոսում ու ոչինչ չեն պատմում։ Ականջներս կփակեի։ Ոչինչ լսել չէի ուզում։ Ուզում էի նայել հայելուն ու մտածել, որ միշտ այսպիսին եմ եղել՝ կնճռոտված ու տգեղ, խամրած աչքերով ու․․․ Հա՛, այսպիսնն եմ եղել։ Սանրի վրա միշտ սպիտակ մազեր էին մնում։ Իմ մի մասից մի երկու թել․ «Գլխամաշկիս վրա էլի տեղ ազատվեց․․․․ Օղորմածիկ մերս ասում էր, որ երբ ծնվեցի, գլխիս վրա ոչ մի մազ չկար»։ Աչքս անընդհատ ընկնում էր իրերիս։ Իրենք դեն նետված չէին, իրենք ուղղակի էլ չէին օգտագործվում։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Երբ «դեն ես նետված», սովորաբար, քեզ միշտ փոխարինում են, բայց ա՛յ երբ կաս ու չես․․․ Փոշու շերտը հաստ էր, այնքան հաստ, որ դրա տակ իրերը կորցրել էին իրենց դեմքն ու գույնը, կորցրել էին իրենց ու չէին երևում։ Իսկ փոշին ժամանակի մասն էր՝ այն ժամանակի, որը հա առաջ էր գնում, դարձել էր սպիտակած մազեր ու կուտակված փոշի ․․․
***
-Այսօր թոշակ չկա,- համարյա «Հայփոստի» մոտ էր հասել, երբ տեսա հետ վերադարձողներին։
-Հա՜,- ծոր տվեցի ու երևի ձայնս խզվեց։
-Լա՞վ ես, Անիկ,-ինչ-որ մեկը ինձ դիմեց։
Շուռ եկա։ Մարիամն էր։ Ինձնից բեթար էր․ «Ինչ գեշ պառավ է»,- մտածեցի։ Ուզեցի էլ ինչ-որ բան ասել, բայց չհասցրի․
-Վա՜յ , տրանսպորտը,- համարյա գոռաց Մարիամը,- տեղ էլ չկա ոնց որ․․․ ջահելներն էլ՝ անշնորհք, տեղ չեն տա։
Ձայն չհանեցի, բայց, չգիտես ինչու, աչքերով սկեցի հետևել նրան․․․ Մարիամս հազիվ, ինչ-որ մեկն էլ հըլը օգնեց, մի կերպ երթուղային բարձրացավ։ Իրոք, երթուղայինը ծանրաբեռնված էր։ «Տե՞ղ չեն տա»,- մտածեցի ու միանգամից էլ նկատեցի․ Մարիամս նստել էր արդեն։ Տեղ էին տվել։ «Տեսնես շնորհակալություն ասե՞ց, թե ինձ նման լռեց ու փնթփնթաց»,- հիշեցի խանութի դեպքը։ Ինչևէ։ Նեղված էի։ Թոշակ դեռ չկար։ Մանրիկ քայլերովս հիասթափված հասա տուն։ Եվ երբ արդեն փոխում էի հագուստս, աչքս ընկավ այն զգեստին, որը առավոտյան էի հանել ու դրել մահճակալին։ Մի տեսակ արհամարհանք զգացի։ Սիրտս խառնեց․․․ ամեն ինչից։ Երևի թարս հայացք նետեցի այդ անշունչ, ընդամենը լաթի կտորին։ Դողացող ձեռքերով էլ հանեցի «դրսի հագուստս» ու նետեցի այն արկղկի վրա, որ գոնե դա հիմա աչքիս չընկներ։
Ինչ-որ մետաղի ձայն խախտեց ծանր լռությունը։ Չհասկացա։ Մի բան գրպանիցս ընկավ, հա՞։ Մոտեցա։ Հազիվ մեջքս բռնելով ՝ կռացա։ Իրարից ոչ հեռու էին ընկել․․․ Մի կերպ վերցրի ու, մեջքիս ցավը հաղթահարելով, նորից ուղղվեցի։ Աչքերս էլ մի քիչ կկոցեցի ու գտածս մոտ բերեցի․այն 200 և 50 դրամներն էին։