Լսվեց երկու նրբագեղ թակոց, և դուռը բացվեց։ Երիտասարդն անվստահ քայլերով ներս մտավ և իր հետևից փակեց դուռը։ Համակարգչի դիմաց գամված Լուսիկը ցուցադրաբար ավելի խորությամբ ընկղմվեց աշխատանքի մեջ՝ հայացքը հատուկ չկտրելով էկրանից։ «Նորելուկ գրող է, հաստա՛տ, կամ մի մոլորված պոետ»,- մտածեց կինն ու սկսեց ավելի ջանասիրաբար շարժել համակարգչի մկնիկը։
— Բարև Ձեզ, կարելի՞ է, — երիտասարդի ձայնում թեթևակի թրթիռ էր նկատվում։
Լուսիկը թողեց աշխատանքը, ակնոցի տակից նայեց տղային, բայց չէր շտապում պատասխանել։ Երիտասարդի «վանդակավոր բաճկոն-շարֆ-երկար մազեր-լարվածությունը թաքցնող հիմար ժպիտ» կոմպոզիցիան կնոջը ստիպեց աննշան քմծիծաղել։
— Իհարկե։ Դուք գրանցվե՞լ էիք։
— Չէ՛, չէ՛, — մեկ քայլ առաջ եկավ երիտասարդը, — Ձեր մասին ինձ Հուսիկն է ասել, դեռ մի քանի օր առաջ․․․ Բայց եթե հարմար չի, ուրիշ օր կգամ։
— Հուսիկն ո՞վ ա, — զարմացավ կինը՝ ուշադրություն չդարձնելով տղայի վերջին արտահայտությանը։
— Բանաստեղծ․․․ Վերջերս իր ժողովածուն Ձեր կայքում հրապարակել էիք․․․
— Հուսիկ․․․ Հուսիկ․․․ Հուսիկ․․․ — առաստաղին նայելով՝ փորձում էր վերհիշել կինը։
— Դուք, կներեք, Բռթող Լուսոն չե՞ք, կարո՞ղ է՝ ճիշտ չեմ եկել։
— Ճիշտ եք եկել, Բռթողը ես եմ, բայց Հուսիկին չեմ հիշում, որտե՞ղ ա աշխատում։
— Շուկայում։
— Ո՞ր շուկայում, ի՞նչ ա ծախում։
— Դե․․․ Ինքն իրեն է վաճառում, էլի։
— Ի՞նչ։
— Ֆայլա բազառում, որ բանվորություն և ուրիշ նմանատիպ գործեր են անում։
— Հաաա՜, Ճռճռ Հուսոն․․․ Տնաշե՛ն, — ժպտաց կինը, — Հուսի՜կ, ժողովածո՜ւ, եսիմ ի՜նչ․․․ Ես էլ ասեմ՝ ով ա։ Հլը որ մի հատիկ բանաստեղծություն ա գրել, էն էլ ութ ձև խմբագրեցի, դզեցի-փչեցի ու նոր տեղադրեցի կայքում․․․ Բայց արդեն հայտնի տիպ ա, լավ լայքեր հավաքեց էդ օրը։ Այ հիմա նստի, տեսնենք՝ ինչ հարցով ես եկել։ Անունդ ի՞նչ ա, — անմիջապես «դու»-ի անցավ կինը։
— Մամիկոն, Մամիկոն Քաղհանյան, — երիտասարդն արդեն ձիգ-ձիգ նստած էր կնոջ դիմաց։
— Դե, Մամիկո՛ն ջան, պատմի՛, փորացավդ ի՞նչ ա, ինչո՞վ կարամ օգնած լինեմ։
—Ես էլ Հուսիկի պես ստեղծագործող եմ։ Վերջերս հավաքեցի իմ բոլոր ստեղծագործությունները, մեկ անգամ էլ վերընթերցեցի և հասկացա, որ արդեն ժամանակն է, որպեսզի դրանք կարդամ ոչ միայն ես, ուզում եմ կիսվել բոլորի հետ․․․ Հուսիկը պատմեց Ձեր մասին, Ձեր հեղինակության մասին, Ձեր ծառայությունների մասին, ես էլ մտածեցի՝ ինչու ոչ, ես էլ փորձեմ․ եթե Հուսիկի մոտ ստացվել է, գուցե ես էլ հաջողություն ունենամ, գուցե իմ գործերն էլ իրենցից ինչ-որ արժեք ներկայացնում են․․․
— Դու էլ ես ֆայլա բազառում աշխատո՞ւմ, չեմ հասկանում՝ ըտեղ բոլորը գրողնե՞ր են։
— Չէ՛, չէ՛, ես շուկայում չեմ աշխատում․․․ Չնայած մեկ-մեկ՝ շաբաթ-կիրակիներին գնում եմ, տղերքին օգնում եմ։ Բայց հիմնական աշխատանքս դպրոցում է, ֆիզկուլտուրայի ուսուցիչ եմ․․․
— Մի ամաչի, Մամիկո՛ն ջան, գործը մարդու համար ա։ Ո՞ւր ա գրածներդ, տուր տեսնեմ, հաստատ մոտդ ա, մի տեղ պախկվացրած կլինես, չէ՞։
Երիտասարդը հապճեպորեն ձեռքը տարավ ծոցագրպանն ու արագորեն հանեց չափսերով փոքրիկ մի նոթատետր։
— Տո՛ւր, տո՛ւր, մի վախեցի, ա՛յ բալամ, հլը տեսնենք՝ ինչեր ես բստրում, ինչ ոճի մեջ ես ստեղծագործում։
Երիտասարդի ձեռքն օդում դողում էր լարվածությունից։ Լուսիկը մեկ-երկու տող կարդաց, հետո թերթեց էջը, այնուհետև փոքրիկ դադար վերցրեց, մտածկոտ հայացքով նայեց անորոշ ուղղությամբ և կրկին վերադարձավ ընթերցանությանը։ Եվ այդպես մոտ տասը րոպե, որոնք հավերժություն թվացին հուզմունքից քրտնած Մամիկոնի համար։
— Կարա լինի, վատ չի՛, — վերջապես արձագանքեց կինը։ — Սկսնակի համար նորմալ ա, բայց, իհարկե՛, դեռ լիքը գործ կա անելու։
Մամիկոնի դեմքից ժպիտը չէր անհետանում, նա երանության մեջ էր։
— Հիմա շատ խառն եմ, բայց որ Ճռճռն ա քեզ ուղարկել՝ մի բան կանենք, քո գործը առաջ կտանք․ ես սկսնակ ջահելներին միշտ էլ տեղ եմ տալիս, – կնոջ ձայներանգն աստիճանաբար ավելի տիրական էր դառնում։ – Մի բանաստեղծություն կտեղադրենք կայքում, հետո կերևա։
— Բայց ես բանաստեղծություն չեմ գրում, իմը միայն արձակ է,— զարմացավ երիտասարդը։
— Գիտե՛մ, էն էլ խակ արձակ,— դժգոհ արձագանքեց Լուսիկը։— Քո արձակով ոչ մեկին չես զարմացնի, տղա՛ ջան, պիտի մի հատ քո մասին իմաց անես բոլորին, ամբոխի մեջ գոռաս, որ քեզ լսեն։ Իսկ փոքրիկ բանաստեղծությունը էս դեպքում ամենաիձիալականն ա, մարդիկ կարճ տեքստեր են սիրում, պարզ ու հասարակ։ Մի էշություն կգրես, կհրապարակենք էսօր։
— Էշությո՞ւն։
— Իհարկե՛ էշություն։ Էս գրած-մրածդ պահի հետոյի համար, երբ որ արդեն անունդ կհելնի, քեզ մի քիչ կճանաչեն՝ գիրք կտպենք, շնորհանդես կանենք,— հետ է վերադարձնում նոթատետրը երիտասարդին, որի աչքերն անմիջապես փայլում են գրքի մասին լսելիս։— Հիմա մենակ էշություն ա պետք, հիմարություն, որ ուշադրություն հրավիրես, քո մասին խոսան, քննարկեն գրածդ, քլնգեն, զզվելի բաներ ասեն, համեմատեն մեծերի հետ․․․ Էդ ստանդարտ պրոցես ա, Մամիկո՛ն ջան, մի նեղվի, պատրաստվի հայտնի դառնալուն։ Իսկ հայտնի դառնալու ճամփեն, գիտե՛ս, խորդուբորդ ա, փշոտ ու քաքոտ, պիտի համարձակություն ունենաս՝ դրա մեջով անցնես:
— Բայց ես երբեք բանաստեղծություն գրած չկամ, էն էլ այդպիսին, էլի․․․ Էշություն․․․ Դրա համար էլ, երևի, տաղանդ է հարկավոր, չէ՞։
— Չէ հա, րոպեների հարց ա, էդ հիմա միասինք կբստրենք․ մի երկու-երեք քառատող, շատ չէ, առանց հանգ, առօրեկան զիզի-բիզի մի բան։ Հլը ասա՝ էս շաբաթվա մեջ ի՞նչ ես արել, ո՞ւր ես գնացել, մի քանի բան պատմի քո անցկացրած վերջին օրերից։
— Դե, երկուշաբթի գնացել էի դասի, իսկ երեկոյան՝ հոգեհանգստի էի,— երիտասարդը սկսում է դանդաղորեն հիշել անցած օրերը,— մյուս օրը ընկերներիցս մեկը երեխա էր ունեցել, իր հետ միասին մի քանի տեղ գնացինք՝ զագս, անձնագրային բաժին, երեխային պետք է դուրս գրեին։ Թաղումից էլ ուշացա, պիտի գնայի, բայց այդպես էլ չստացվեց։ Երեկ ազատ օրս էր, տանն եմ եղել, ստեղծագործել եմ մի քիչ․․․ Փորձել եմ ստեղագործել․․․ Իսկ այսօր առավոտից եկել եմ Ձեզ մոտ։ Ես այդքան էլ հարուստ կյանքով չեմ ապրում, տիկի՛ն Բռթող․․․
— Լա՜վ։
Լուսիկը մատիտն ու թուղթը դրեց իր դիմաց և սկսեց լուռ ինչ-որ բաներ գրել։ Որոշ դադարից հետո մատիտը մի կողմ դրեց և ինքնագոհ ասաց․
— Ուրեմն՝ սենց մի բան կարա լինի․
Երկուշաբթի ես գնացի զագս
Բայց կեսս չկար, մենակ ներս մտա
Դիմավորեցին, ժպտացին, գրկեցին
Իմ հոգեհանգիստն էր՝ պարզվեց հիմա։
Նստեցի կողքիս, նայեցի վրաս
Ախր ո՞ւմ եմ պետք էս հիմար տեսքով,
Կյանքը զզվում է իմնմաններից՝
Տգեղ, գարշելի, այլանդակ մի կով։
Երեքշաբթի՝ մեխակներ ձեռքիս
Տաք հագնվեցի, գնացի թաղում
Պարզվեց՝ սխալվել եմ մեռելի հարցում
Ես դեռ ապրում եմ, շնչում, տառապում․․․
Վատ չէր սկզբի համար, ի՞նչ կասես, վերնագիրն էլ՝ «Ես դեռ կամ»․․․ Չէ՛, չէ՛, չէ՛․ «Ինձ բացակա չդնեք»։
— Ես այդքան էլ լավ չեմ հասկանում պոեզիայից,— «ի՞նչ կասես» հռետորաբար հնչած հարցին տխուր պատասխանեց երիտասարդը։— Վերնագիրը, իհարկե, շատ լավն է, բայց այս ամենն իմը չի, ես չեմ գրել, էլի։
— Ո՞նց թե դու չես գրել։ Լավ էլ դու ես գրել․ լրիվ քո մտքերն ու հույզերն են, քո զգացածն ա՝ մի քանի տողի մեջ խտացված, որն ուղղակի ես վերաշարադրեցի։ Իրիկունը մի հատ էլ վրով կանցնեմ ու էս էշությունը քո անվան տակ կգցեմ կայք, ասենք՝ որպես Մամիկ Յան, չէ, չէ՝ Մամ Յան․ սրա մեջ մի քիչ ասիական երանգ կա, սիրուն ա հնչում։ Ավելի ուշոտ, գիշերվան մոտ՝ մեր տուզիկները ֆեյսբուք-ինստագրամներով կտարածեն գրառումը, դե ընդեղ՝ լայք ա, քֆուր ա, տարօրինակ մեկնաբանություններ ա, հետո էլ գրական քննարկումներում, գրքային «չելենջներում» քո անունն էլ կմտցնեն, ստեղից ընտեղ կտշեն, ընտեղից՝ ստեղ․․․ Մի խոսքով՝ շուխուռը տեղը տեղին կապահովեն, ու արդեն վաղը դու կզարթնես որպես հայտնի գրող, որպես Մամ Յան, մեր տուզիկներն իրանց գործը շատ լավ գիտեն։
— Տուզիկներն ի՞նչ են,— ամեն դեպքում հարցրեց դեռ օդերում ճախրող երիտասարդը։
— Տուզիկը շան տեսակ ա՝ պուճուր, մունդռիկ կենադանի ա, անընդհատ ոտիդ տակ ա ընկնում, պիտի զգույշ լինես՝ չտրորես։
— Այսքան բարի լինելով՝ նաև կենդանասե՞ր եք․․․ Դուք ուղղակի հրաշք եք,— բարձրաձայն արձանագրեց ոգևորված երիտասարդը։
— Հա, կա տենց բան, կենդանիների ու գրողների համար ուշքս գնում ա, տղե՛ս։ Դե, էսքա՛նը, եթե էլ բան չունենք՝ ես վերադառնամ գործիս․ մի կարևոր պատմավեպի վրա եմ աշխատում, մեր գազի տեսուչն ա հեղինակը։
Մամիկոնն անմիջապես ոտքի կանգնեց, ուղղեց պիջակը, ձգեց շարֆն ու կռանալով դեպի կինը՝ համբուրեց նրա աջը։
— Ցտեսությո՜ւն, տիկի՛ն Բռթող, շնորհակալություն ամեն ինչի համար, անչափ շնորհակալ եմ․․․
— Խնդրեմ, մե՛ծն Մամ Յան, ցտեսությո՜ւն,— ձայնին հատուկ պաշտոնական երանգ հաղորդելով ՝ ոտքի կանգնեց Լուսիկը,— գնա ու վայելիր քո անհայտության վերջին ժամերը, վաղնևեթ քո նավը լողալու է փառքի ալեկոծ ալիքներին ընդառաջ․․․
Մամիկոնը թափթփված քայլերով դուրս եկավ սենյակից՝ հետևում թողնելով իրեն ճանապարհող Լուսիկի խղճահարույց, բայց միաժամանակ հպարտ հայացքը։