-Արո, ալո, բարլուս, լսում ե՞ս,- հազիվ լսելի շշնջոցը Արուսին միանգամից արթնացրեց։
-Այ պնդուկ, դու խի՞ քնած չես,- բացականչեց աղջիկը,-տեսե՞լ ես՝ քանիսն է ժամը։
-Լսի, Արո, ժամանակ չկա, ամեն օր նույն հարցը տալիս ես, գիտես՝ առանց ձենդ լսելու չեմ կարա քնեմ, ըստեղ մի քիչ խառն ենք, չենք քնելու էսօր, բայց մի տեսակ սիրտս վատ բան է գուշակում, քեզ մարտական առաջադրանք եմ տալի, կարա՞ս գնաս մեր տուն, հիմա չէ՝ առավոտը, տենաս՝ ոսկե ձուկս ոնց ա․․․
– Վայ Արո, կերել ես դու ինձ քո ոսկե ձկով , իրան ավելի շատ ես սիրում, քան ինձ, – նեղացավ Արուսը։
– Արո աղջիկ, գալու եմ թուշդ կծեմ, էդ ձուկը իմ երազանքների վկան է, ինքը շատ բան գիտի, ես հավատում եմ, որ գոնե երեքը պիտի կատարի։
– Վայ Արո, բանակ էլ գնացիր՝ չմեծացար, այ տղա․․․ Դա ընդամենը թեփուկավոր, փոքրիկ, դեղին կենդանի է, որը շնչում է խռիկներով։
– Արո աղջիկ, զահլես մի տար, ինչ ասում եմ՝ էդ արա, հենց տենաս, մի բառ գրի՝ լավ ա ու վերջ, չզանգես, չեմ կարենա խոսամ։
– Լավ, Ար, անպայման, լսում եմ, պարոն պնդուկ հրամանատար, խելոք մնա, զգուշ էղի, մինչ վաղը։
– Բարի գիշեր, Արոյի կյանք, պաչում եմ, կապի վերջ։
Արուսը բացեց հեռախոսի նկարների պանակն ու սկսեց հերթով վերապրել Արոյի հետ անցկացրած պայծառ օրերից մնացած լուսանկարային ակնթարթները։ Ահա այստեղ «պնդուկը» ձուկ է գնել, թափանցիկ պոլիէթիլենային տոպրակը ափերի մեջ այնպես զգույշ է բռնել, տոպրակի մեջ մի փոքրիկ ոսկե ձկնիկ է լողում։
«Սա իմ երազանքները կկատարի, իմը որ ասում եմ, քոնն էլ է ընդգրկում»,- Արուսի ականջին շշնջացել էր Արոն։ Արուսը չէր հավատում այդ հեքիաթին, բայց քանի որ Արոն հավատում էր, ինքն էլ սուսուփուս համաձայնում էր։
Արոն «ձկների գիժ» է, դա բոլորն էլ գիտեն։ Բայց նրանք նաև գիտեն, որ «Արոն Արուսի գիժն է»։ Ընկերները Արոյին «պնդուկ» մականունն էին տվել, որովհետև փոքրամարմին այդ տղան այնքան ուժ ուներ, այնքան համառություն, որ ուրիշ էլ ինչ ասեին։ Համ էլ Արուսը պնդուկ շատ էր սիրում, ու երբ ընկերական նեղ շրջապատում հասկացան՝ Արոյի մտքերում ու սրտում ով է մշտական բնակություն հաստատել, պնդուկը դարձավ Արոյի ու Արուսի միության խորհրդանիշը։
Երբ քոլեջի ավարտական երեկոյից հետո Արուսն ու Արոն ձեռք ձեռքի դուրս էին եկել՝ այգում զբոսնելու, ընկերները նրանց վրա պնդուկ էին շաղ տվել։ Հումորով, հետաքրքիր, մի քիչ էլ երազող Արոն բանակ զորակոչվեց ավարտական երեկոյից մի քանի օր անց։ Տարի ու կես է՝ Արուսը ամեն երեկո սպասում է Արոյի զանգին։ Զինվորը զանգում է ու շշուկով խոսում, որովհետև խախտում է զորամասի կարգը, ու եթե բռնվի, լավ չի լինելու․․․ Բայց Արոյին պնդուկ կասեն, ուստի իր մտքերի տիրուհու հետ խոսելուն ոչինչ չի խանգարի։
Արոյի բանակ գնալուց հետո նրա ձկների աշխարհը մնացել է Արոյի մայրիկի խնամքին։ Արուսը միշտ գալիս է հյուր, որ կատարի նրա «մարտական առաջադրանքը» , տեսնի՝ ոսկե ձկնիկը ոնց է, հետո հեռախոսով մի բառ գրի՝ լավ ա․․․
Այս մտքերով Արոն, նույն ինքը՝ Արուսը քնեց ու արթնացավ առավոտյան իննին։ Արագ պատրաստվեց ու դուրս թռավ տնից։
Իրենց շենքից մինչև նշանակետը ընդամենը մեկ նեղ փողոց է հատում Արուսը, ահա արդեն դռան մոտ է․ հինգհարկանի հանրակացարանի առաջին հարկի բնակարաններից մեկը Արոյենցն է, նայեց ծաղկամաններին, ժպտաց․ շքամուտքում երկու մեծ քար է դրել Արոն, վրան էլ ծաղկամաններով կակտուսներ է աճեցրել, զարմանալի տղա է՝ զարմանալի ճաշակով, Արուսը տանել չի կարողանում այդ փշոտ տձև բույսերը, իսկ Արոն համոզված պնդում է, որ «դրանք ուժի խորհրդանիշ են, էնքան համառ են, որ ծարավից տերևի տեղը փուշ են աճեցրել, որ դիմանան, իրենց կանաչ հոգու ջրերը արևից չցամաքեն, ու միշտ ողջ մնան»․․․
Դուռը թակեց, ապա չսպասելով արձագանքի՝ ներս մտավ։
Արոյի մայրը՝ տիկին Գոհարը, նստել էր ակվարիումի մոտ ու աչքերը թաց նայում էր ձկներին։
– Տիկին Գոհար, բարի լույս։
– Բարև, աղջիկս,- պատասխանեց կինը։
– Ի՞նչ է եղել, ինչու՞ եք տխուր, հո հիվանդ չե՞ք, – անհանգստացավ Արուսը։
– Արուս ջան, Արոյիս ոսկե ձուկը սատկել է։
– Վաաաայ,- ճչաց Արուսը ,- չի կարող, անհնար ա, բա ես հիմա ի՞նչ եմ ասելու իրեն․․․
Եվ Արոսւն առաջին անգամ լաց եղավ Արոյենց տանը, լաց եղավ ձկան համար, մի ձկան,որ իր համար ընդամենը թեփուկներով ու խռիկներով ինչ-որ արարած էր, բայց այդ ոսկեգույն համր ձկնիկը Արոյի երազանքների խտացումն էր, սպասումների ու հավատի խորհրդանիշը, որ այլևս չկա․․․
– Այ բալիկ, մի՛ լացի, վա՜յ,- աղջկա հուզմունքից շփոթված՝ հանգստացրեց տիկին Գոհարը,- նորը կառնենք, կդնենք տեղը, ձկան համար էլ մարդ էդպես լաց կկապի՞, մեծ աղջիկ ես, ցավդ տանեմ, վերջացրու։
– Տիկին Գոհար, ես Արոյին ոնց ասեմ, է, որ ձուկը չկա, ես չեմ կարող, դուք ասեք, հա՞․․․
– Էէէէ, դուք հլը էդ խաղերին վերջ չեք տվե՞լ, ուրիշ թեմա չունե՞ք խոսելու, ձկան մասին եք հենց միայն խոսու՞մ․․․ասա՝ լավ ա ձուկը, ուտում, խմում, լողում ա․․․
– Չէէէէ, ես չեմ կարա Արոյին խաբեմ․․․
– Մի խաբի, ուղղակի բան էլ մի ասա, էս ա ՝ կգնամ, մի նոր ձուկ կբերեմ, չնեղվես․․․ Արոյի գալուն դեռ 9 ամիս կա, էդ ձուկը կհասցնի ձագ էլ բերի, ընտանիքի տեր դառնա,- ծիծաղեց տիկին Գոհարը։
Բայց Արուսի համար ոչ մի ծիծաղելի բան չկար, նա զգաց, թե ինչպես է սիրտը ճմլվում, հիշեց գիշերվա խոսակցությունը, Արոյի բառերը․ «Սիրտս վատ բան ա գուշակում»։
Նա ներողություն խնդրեց ու դուրս եկավ տնից, մի փոքր շփոթված, չիմանալով իր անելիքը՝ քայլերն ուղղեց դեպի եկեղեցին։ Ճանապարհն անցնում էր դպրոցի մոտով, բակում խաչքար կար և հուշարձան, որ հավերժացնում էր 2020-ի քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը։ Նրանց մեջ էին նաև Արուսի քեռին ու Արոյի հայրը․ նրանք մեկնել էին կամավորների խմբի հետ և զոհվել Մատաղիսում։ Արոյի մայրը՝ տիկին Գոհարը, որ իրենց ավանի փոքրիկ գրադարանի միակ գրադարանավարն էր, կարողացավ հաղթահարել իր ցավն ու դիմանալ միայն Արոյի գոյության ու իր աշխատանքի շնորհիվ։
Արոն, որ Արուսի կյանքը զարդարեց իր հեքիաթով, տիկին Գոհարի միակ լուսավոր կետն էր ու ապրելու իմաստը։ Արուսը չգիտեր՝ ինչու մտածեց այդ մասին, բայց ակամա ձեռքը տարավ սրտին ու զգաց, որ օդը չի հերիքում։ Եկեղեցին մարդաշատ էր, ներս մտավ, նստեց անկյունում, սկսեց աղոթել։
Դուրս եկավ մի տեսակ ընդարմացած, հասավ տուն, միացրեց հեռուստացույցը, գնաց խոհանոց՝ սուրճ եփելու։
Նայեց ժամացույցին՝ 11-ն է, սկսվեց լուրերի հերթական թողարկումը։
– Բարի օր, հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, այս ժամի համար Արցախի մեր թղթակիցները հայտնում են, որ թշնամին շարունակում է ծանր տեխնիկայի, անօդաչուների և տարբեր տեսակի զենքերի կիրառմամբ առաջխաղացումն ու հարձակումը արցախաադբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է, առավել ստույգ այդ մասին կներկայացնենք մեր հետագա թողարկումների ընթացքում։ Հիշեցնենք, որ թշնամին նախահարձակ գործողությունները սկսել է այսօր առավոտյան ՝ ժամը յոթին, և մինչ այս պահը թեժ մարտերը շարունակվում են սահմանի տարբեր հատվածներում։
Արուսը տեղում քարացավ, վազեց սենյակ, վերցրեց Արոյի լուսանկարը։ Զինվորական համազգեստով տղայի ձեռքին զենք է, աղջիկը ժպտաց ակամա․ փոքրամարմին Արոն ու իրենից չափերով ահագին մեծ զենքը․․․
– Արո՛ տղա, քեզ պնդուկ կասեն, քեզ բան չի լինի, ես գիտեմ,- ինքն իրեն հանգստացրեց բարձրաձայն։
Հեռախոսը․․․արագ սեղմեց Արոյի անունի վրա, զանգը գնաց և անջատվեց։
– Ըհը, պնդուկի մեկը, միշտ անջատում ես, – զայրացավ բարձրաձայն,- բայց էդ լավ ա, ուրեմն լավ ես, որ անջատում ես։
Վազեց տիկին Գոհարի տուն։ Տանը չէր, հաստատ գրադարան էր գնացել։ Շնչակտուր հասավ գրադարան։ Տիկին Գոհարը տխուր նստել էր ընթերցասրահում՝ Նժդեհի գիրքը ձեռքին, հայացքը մի անորոշ կետի։
– Տիկին Գոհար, գիտե՞ս․․․․
– Գիտեմ, բալես, գիտեմ․․․,- հառաչեց Գոհարը,- բայց մերոնք ուժեղ են, մերոնք հաստատ դրանց ջարդը կտան։
-Արոն չի պատասխանում․․․
– Զանգել էր, ինձ ասաց, որ իրենց մոտ հանգիստ է, լավ են ,- պատասխանեց տիկին Գոհարը՝ փորձելով հանգստություն պահպանել՝ հասկանալով աղջնակի ապրումները,- աղոթենք մեր բալեքի համար, մեր Արոն անփորձանք հետ կգա, աղջիկս, ես գիտեմ։
Բացեց գիրքն ու սկսեց բարձրաձայն կարդալ․ «Իմ հոգին զույգ հենարաններ ունի` Աստված եւ հայրենիք»։
– Իմ հոգին էլ երկու հենարան ունի՝ Արո և հայրենիք, որոնց Աստված է պահպանում,- գիրքը փակելով՝ շշնջաց տիկին Գոհարը։
Այս ուժեղ կնոջ կերպարից Արուսը թևեր էր առնում, այս խոսքերը լսելով՝ ասես մխիթարվեց, խաղաղվեց, տիկին Գոհարը ելավ տեղից, գրկեց աղջկան, ոչինչ չասաց, Արուսն էլ չիմացավ՝ ինչ բառերով փարատի ճնշող լռությունը, առանց բառ ասելու դուրս եկավ ու հասավ տուն։
Մայրն աշխատանքից եկել էր ընդմիջման, աղջկա մոլորված տեսքից անհանգիստ՝ հարցրեց․
– Արուս, բալես, հո հիվանդ չե՞ս։
– Չէ ,մամ , եկեղեցի էի գնացել, պատերզմ է սկսվել, մամ, ես վախենում եմ,- Արուսը գրկեց մորն ու փղձկաց։
– Գիտեմ, բալես, գիտեմ, բայց դու գիտես նաև, որ զինվորն է սահմանի պահապանը, նրանցով ենք մենք ուժեղ, նրանց սխրանքով է հայրենիքը մնում թշնամու համար անհաս, աղոթենք, ուժեղ մնանք, Արոյին բան չի լինի, հանգստացիր, բալես․․․
– Զանգել էր, ասում էր՝ վատ բան է զգում սիրտը․․․ ոսկե ձուկը սատկել է․․․
Մայրը ցավով նայեց իր դեռատի աղջկան, որ դեռ նոր կյանք մտած՝ արդեն ճաշակում էր պատերազմի դառնությունը, այսքան ծաղկուն տարիքում ինչ օրեր են տեսնում մեր ջահելները, ինչքան ցավ ու տառապանք, ինչ երազանքներ են գնում հողի գիրկը․ անիծվեն պատերզմ հրահրողները, որ չեն թողնում՝ մարդիկ իրենց առօրյա հոգսերով ապրեն, ապագա ստեղծեն․․․
Մայր ու աղջիկ լուռ նստեցին խոհանոցում, սուրճը խմեցին անխոս, հերթով թերթեցին լուրերի ալիքները, ամեն տեղ նույն տեսաշարն է՝ ավերակված շեներ, գնդակոծված շենքեր, այրված մեքենաներ, փոշի, ծուխ, պատերազմի կսկիծ, տեղահանված մարդիկ, ապաստարաններում ծվարած երեխաներ ու կանայք․․․
Օրը մթնեց տեղեկատվական շտաբի հերթական թողարկման ու զոհվածների ցանկի անունների անվերջ թվացող հոսքի հետ․․․ Տասնյակ անուններ կարդաց Արուսը, կարդաց ու պատկերացրեց՝ ինչ ցավ է իջնում այդ տղերքի հարազատների սրտերին, հիշեց քեռուն, հիշեց Արոյի հորը․․․ աչքին երևաց Արոն՝ իր հսկա զենքով թշնամու դեմ պայքարելիս․կրակի, արյան, մահաբեր արկերի այդ սարսափելի տեսարանների մղձավանջը չտեսնելու համար երազեց աչքեր չունենալու մասին, կոպերը սեղմել էր ցավելու չափ ամուր, քրտնեց, հետո սկսեց մրսել, օդը չէր հերիքում, բացեց պատուհանը․ սեպտեմբերի գոլ քամին լցվեց ներս։ Այսօր միայն, հենց այս երեկո Արուսը իսկապես գիտակցեց, թե ինչ է կարոտը, սրտի մարդուն կորցնելու վախը, որի դեմ ոչ մի դեղահաբ չկա․․․
Թերթեց, թերթեց լուսանկարները հազարերորդ անգամ, հետո նամակ գրեց, գրեց ու մի մեծ մեղք գործածի զգացումով սեղմեց «ուղարկել» կոճակը, մեկ բառ՝ լավ ա․․․Պատասխանի սպասելով՝ ննջեց, լուսադեմին արթնացավ զանգից․
– Ալո՜, ալո՜, քուրո՛, Արուսը դու՞ ես,- մի անծանոթ խզված ձայն կանչում էր հևասպառ։
– Այո,-հազիվ շշնջաց Արուսը։
– Քուրո՜, Տիկոն է՝ Արոյի ընկերը, Արոն ըսեց՝ զանգեմ քեզի, ըսեմ, որ․․․․,- ձայնն ընդհատվեց, դողաց, հեռախոսի մյուս կողմում տղամարդը բարձր հեկեկում էր,- ըսեմ որ․․․ինքը քեզի շադ կսիրե․․․ Ձուկը գիդե, ըսեց, դու էլ իմացի՝ իրեք բան գուզեր ինքը՝ մաման երջանիկ էղնի, դու երջանիկ էղնիս, երկիրը խաղաղ էղնի․․․Լսեսկը՞, քուր, իրեք բան հիշե, ես չիդեմ՝ ես երբ կերթամ Արո ախպոր հետևից, բայց պարտքս էր, որ քեզի ըսքանը ըսեի․․․Ինքը հերոս տղա է, ինքը․․․
Արուսի ականջներում այնպիսի աղմուկ էր, ասես ռումբերը իր մեջ էին պայթում, լեզուն թմրել էր, ինքը վերացել էր, չէր զգում․․․
– Քուրո, լսեսկը՞ ընձի, քուրո, ինքը ուրախ գնաց, ինքը ստացավ նամակդ, աչքերը փակելուց ըսեց՝ հլը կարդա էլի, մի հատ էլ։ Ես իրեք անգամ կարդացի՝ լավ ա, լավ ա, լավ ա․․․ Ինքը ժպիտով գնաց, քուրո, դու հասցրիր իրան ուրախացնեիր, քուրո․․․
Զանգն ընդհատվեց ուժեղ պայթյունից, այդ ձայնից ասես Արուսն էլ սթափվեց, ձեռքն առավ Արոյի նկարն ու սկսեց ծիծաղել․
– Վայ պնդուկ, պնդուկ, ի՜նքը, իր զենքի մեծությո՜ւնը․․․ Արո տղա, հետ արի, արիիի, հետ արիիի․․․
Մայրը վեր թռավ աղջկա բղավոցից ու վազեց սենյակ, գրկեց՝ առանց խոսքի էլ հասկանալով՝ ինչ է եղել․․․ Երկուսով նստեցին հատակին, իրար գրկած հեկեկացին․․․
Սյունյաց լեռներին նայելիս մարդու շունչ է կտրվում․ այսպես էր Արոն եզրափակում իրենց արշավներն ամեն անգամ, երբ Խուստուփի լանջերով հևասպառ իջնելիս նստում էին մի քարի։ Արուսը միշտ փորձում էր ապացուցել, որ ինքն ավելի ուժեղ է, ավելի ճարպիկ, բայց քանի անգամ սայթաքեր, Արոն հասցնում էր բռնել։ Այսօր նա մենակ էր նստել Խուստուփի լանջին, նայում էր երկինք ու մտածում․ «Չէ, ես չեմ ուզում ուժեղ լինել քեզնից, դու գիտես, ախր, արի, էլի, Ար, ես քեզնից ուժեղ չեմ։ Բայց դու էլի ինձնից առաջ անցար, դու հասար էդտեղ, պնդուկ տղա, դու հերոսացար, ապրես դու, բա ե՞ս, ես ի՞նչ անեմ, որ գոնե մի քիչ արժանի լինի քո արարքին․․․ Քո ձուկը չկարողացավ երկու բան անել, երրորդը գոնե դու տղերքի հետ էդ վերևներից կանես, չէ՞»։
Արշավախումբը մնացել էր հեռվում, իսկ ինքը նստել էր մի քարի ու վայելում էր լեռների աշնան քամին՝ Արոյի պես խելառ, կատակասեր, հարազատ ․․․ Արուսը գտել էր Արոյի կարոտը ցավազրկող միակ դեղահաբը․ երբ զգում էր՝ էլ չի դիմանում, փախչում էր Սյունյաց լեռները, լեռների ոգին զգալով, քամու հետ թև առած՝ մի քարի նստում ու երկնքի հետ կռիվ էր տալիս․․․
Այսօր էլ վայելում էր արձակուրդի վերջին օրը, որովհետև վաղը նորից պիտի ներկայանա զորամաս։
Բուժքույր Արուսը ամեն օր բուժկետի իր սեղանին պիտի կերակրի, խնամի, թարմ ջուր լցնի, նայի ոսկե ձկնիկներին․ նրանք անգիր գիտեն՝ որն է հայի միակ երազանքը․․․