Մաս Երրորդ․ Գրոսմանը գրում է իր նոթերը
Թարգմանչական գործի ավարտից հետո Վ․ Գրոսմանը ամիջապես սկսում է գրել իր հայայստանյան տպավորությունները։ Վերադառնալուն պես նրա սրտացավ հարևանը հայտնում է, որ եկել են էլեկտրիկներ, հավանաբար՝ գաղտնալսման սարքեր տեղադրելու համար։ Այդ տեղեկոթյունը Լ․ Գրոսմանը ընդունում է համարյա անտարբեր և շարունակում ազատ խոսել, արտահայտել իր անհաշտությունը։ Իսկ լսողը հասարակ մարդ չէր, այլ ԿԳԲ նոր ղեկավար Սեմիչաստնին։
Իր ընկեր Ս․ Լիպկինը համարում է նրա հայաստանյան նոթերը «մեծ ոգու» արտահայտություն և այն բնութագրում իբրև «պոեմ», որի նմանը Վ․ Գրոսմանը չի գրել, այն՝ իր խոսքերով «անսպասելի» էր։ Նա իր հիշողություններում գրում է․ ««Բարին ընդ ձեզը» ունի այն ամեն գեղեցիկը, թախծոտը, պայծառը, հզորը, ինչ կար Գրոսմանի նախորդ գրքերում, բայց կա նաև մի նոր բան, և այդ նոր բանը, որ ակնհայտ է, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ հեշտ չէ այն ուրվագծել քննադատական գրչով: Այո, ես չեմ փորձում արտահայտել իմ մտքերը Գրոսմանի հայաստանյան պոեմի մասին, ինձ թվում է, որ շատ ավելի կարևոր է պատմել դրա հրապարակման պատմությունը, որը նույնպես տխուր է, բայց ոչ լուսավոր»։
Ս․ Լիպկինը բազմիցս է գրում այն ուժեղ տպավորության մասին, որ ստացել է այդ նոթերից։ Ոչ միայն նա․ «Հայկական նոթերի մասին իմացան գրական միջավայրում։ Ընթերցվեց շարվածքը։ Ահա թե ինչ է գրել գրող Ֆ. Ա. Վիգդորովան Գրոսմանին.
«Ես կարդացի «Բարին ընդ ձեզը»: Այն ծայրահեղ գեղեցիկ է: Դառը, քնքուշ, ծակող: Դուք հիանալի գրող եք, և այս հարյուր էջերը պատկանում են ձեր գրած լավագույնին: Դուք տեսնում եք բոլորին, Ձեր հետ մտածում ենք: Լաց ես լինում, ծիծաղում ես։ Եվ այսպիսի ուրախություն է կարդալ դրանք, այդ հարյուր էջը, թեև դա հեշտ ընթերցանություն չէ»»:
Երբ ինքս կարդացի Վ․ Գրոսմանի ուղեգրությունը, նույնքան ուժեղ տպավորություն ստացա՝ դառը, քնքուշ, ծակող։ Բայց երևի ավելին, չէ՞ որ ես հայ եմ։ Երբ Գրոսմանը գրում է, որ կյանքում երբեք ոչ ոքի առաջ ծնկի չի իջել, բայց ծնկի է իջնում հայ գյուղացիների առաջ ․․․ դա իմ հուզմունքի գագաթնակետն էր։
Ս․ Լիպկինի շարադրում է այս գործի «չը֊հրապարակման» պատմությունը․ «Ավարտելով աշխատանքը՝ Գրոսմանը այն հանձնեց «Նովի Միրին»»։
Նոթերի ռուսերեն անունը նախապես եղել է «Путевые заметки пожилого человека»՝ «Ծեր մարդու ճանապարհային գրառումները», հետո վերանվանվել «Добро вам! Из путевых заметок», հայերեն անվանումը ` «Բարին ընդ ձեզ», չնայած հեղինակը նկատի է ունեցել սովորական «բարև ձեզը»։
Ս․ Լիպկինը շարունակում է․ «Տվարդովսկուն [«Նովի Միրի» խմբագրին] այն դուր եկավ, ձեռագրի լուսանցքում նրա միայն մեկ գրառում կա. Այնտեղ Գրոսմանը գրում է. «Միջին և մեծ տարիքի խմող կամ հարբեցող ընկերներ, դուք հավանաբար գիտեք, թե ինչ է խումարից արթնանալը կեսգիշերին», – մատիտով կողքից Տվարդովսկին գրեց․ «Իհարկե»:
Այլ մեկնաբանություններ չեղան, ակնարկ-պոեմը շարվեց, իսկ գրաքննությունն իր կենսատու կնիքը դրեց, բայց առաջարկեց ու հրամայեց, որ մեկ պարբերություն դուրս գցվի… Թող ընթերցողը հիշի իր դեկտեմբերի 25-ին ուղարկված նամակից այն հատվածը, որտեղ Գրոսմանը ասում է. «Այս ճամփորդությունը (Սասուն գյուղ), իհարկե, իմ ամենաուժեղ տպավորությունն է… Ես բավական մարդկային, բարի ճառեր լսեցի՝ կյանքումս առաջին անգամ»:
Ահա այդ ամենաուժեղ տպավորությունից ստեղծվել են այն տողերը, որոնք վախեցրել են գրաքննիչներին․
«Ես խոնարհվում եմ հայ գյուղացիների առաջ, որ լեռնային գյուղում հարսանեկան ուրախության ժամանակ հրապարակայնորեն խոսում էին ֆաշիստական, նացիստական մոլեգնության տարիներին հրեա ժողովրդի կրած տանջանքների մասին, մահվան ճամբարների մասին, որտեղ գերմանացի ֆաշիստները սպանում էին հրեա կանանց և երեխաներին, խոնարհվում եմ նրանց առաջ, ովքեր հանդիսավոր, թախծոտ և լուռ լսեցին այդ ելույթները։ Նրանց դեմքերը, նրանց աչքերն ինձ շատ բան էին ասում, ես խոնարհվում եմ կավե խանդակներում, գազային խցերում ու հողափոսերում զոհվածների մասին ողբալի խոսքի համար, այն կենդանի մարդկանց համար, ում մարդատյացները արհամարհանքի և ատելության խոսքեր են նետել. «Ափսոս, որ Հիտլերը չսպանեց բոլորիդ»։ Մինչեւ կյանքիս վերջ կհիշեմ գյուղական ակումբում լսած գյուղացիների ելույթները»։ [Гроссман, В.С. Добро вам! : из путевых заметок / В.С. Гроссман // Знамя. – 1988. – Кн. 11. – С. 5–62., էջ 62]
Գրոսմանը վիրավորվել և բորբոքվել էր գրաքննիչի որոշումից։ Նրա պնդմամբ Տվարդովսկին փորձել էր համոզել իր ամսագրին կցված գլավլիտի աշխատակցին, բայց ապարդյուն, այս տողերում նա զգոնորեն վտանգ էր տեսնում պետության համար, համառորեն պնդում էր իրենը։ Գրոսմանը հրաժարվեց ամսագրում տպագրել «Բարին ընդ ձեզը»։
Եթե 1980-ականների վերջին – 1990-ականների սկզբին «Կյանք ու ճակատագիր» վեպի և «Ամեն ինչ հոսում է» վիպակի հրապարակումը բուռն քննարկումների տեղիք տվեց, ապա «Բարին ընդ ձեզի» (վերա) հրապարակումը ավելի քիչ ուշադրություն գրավեց: Պատճառը այն է, որ «Կյանքն ու ճակատագիրը» և «Ամեն ինչ հոսում է…»-ն քննադատներն ու հրապարակախոսները քննարկում էին ոչ միայն գրական տեսակետից, այլև պերեստրոյկայի դարաշրջանի հասարակական-քաղաքական վեճերի կոնյուկտուրային շրջանակում։
Հետևաբար, նոթերի առաջին ամբողջական հրապարակումը քննադատների աչքում ավելի շատ հարգանքի տուրք էր Գրոսմանի հիշատակին, քան ինչ-որ վառ սոցիալական և գրական իրադարձություն:
Ըստ պատումի ժանրի և ոճի՝ «Բարին ընդ ձեզը» շատ տարբեր է այս գործերից: Սակայն այն մի քանի քննադատները, ովքեր ուշադրություն դարձրին «Բարին ընդ ձեզ»-ի հրապարակմանը, այդ ստեղծագործությանը բարձր գնահատական տվեցին։
Բայց կարծես թե գրքի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ 2013 թվականին Վասիլի Գրոսմանի «Բարին ընդ ձեզը» գիրքը թարգմանվել է անգլերեն։ Այն լույս է տեսել New York Review Books հեղինակավոր հրատարակչությունում «An Armenian Sketchbook (Sketches about Armenia)» վերնագրով Ռոբերտ և Էլիզաբեթ Չանդլերի թարգմանությամբ, որը հրատարակել է New York Review Books-ը 133 էջով։ Գրքում վերականգվել են խորհրդային և ժամանակակից ռուսերեն հրատարակություններում բաց թողնված բազմաթիվ պարբերություններ: Նկատենք, որ գիրքը ճանաչվեց տարվա լավագույն փաստագրական գործերից մեկը։
Այստեղ հարկավոր է մի կարևոր դիտարկում։ Ինչպես իր մերձավոր ընկեր Անդրեյ Պլատոնովը, Գրոսմանը անկեղծորեն հավատում էր հեղափոխությանը և սոցիալիզմին, բայց երկուսն էլ եղել են սովետական տոտալիտարիզմի անողոք քննադատներ։ Ինչպես և մեկ այլ մեծ գրող՝ Վառլամ Շալամովը։ Այստեղ հակասություն չկա․ այս երեք մեծ գրողներին միավորում էր սոցիալիստական դեմոկրատիզմը և նողկանքը խորհրդային բյուրոկրատիայի, նրա մասը կազմող մտավորականության և կուսակցական էլիտայի հանդեպ։
Ինչի՞ մասին է «Բարին ընդ ձեզ»-ը։ Ինչպես գրում է Լիել Լեյբովիցը․ «Առաջին իսկ օրից Գրոսմանին ցնցում և նրա կոսմոպոլիտ էությունը խորապես խոցում է այն ազգայնականությունը, որին նա ամեն քայլափոխի բախվում է Երևանում կամ այլուր, երբ բացառիկ կրթված, մտավորական մարդիկ՝ կին թե տղամարդ, խոսում էին իրենց փառահեղ Արարատից, ուր հանգրվանել էր Նոյի տապանը և պարծենում Հայաստանի բանաստեղծներով ու ճարտարապետներով՝ կարծես ամբողջ պատմության ընթացքում նրանցից լավը երբեք չէր եղել։ Իրենց ազգի ու դրա հարազատ զավակների չդադարող գովքը ստիպում է Գրոսմանին ընդունել պաշտպանվողի կեցվածք՝ անցնելով համընդհանուր եղբայրության օրհներգի տարփողմանը։
«Կարևորը ազգային կարծրատիպերի կաղապարներից իսկապես ավելի մարդկային մակարդակի անցնելու պահանջն է։ Կարևորը մարդ էակի սրտի ու հոգու հարստությունները բացահայտելն է։ Կարևորը գիտության ու պոեզիայի մարդեղեն բովանդակությունն է, ճարտարապետության համաշխարհային գեղեցկությունն ու հմայքը։ Կարևորը մարդկային խիզախությունն է, վեհանձնությունը….»։ Եւ այլն…»։
Վասիլի Գրոսմանը ոչ միայն քննադատում է հայկական ազգայնականությունը, այլ նաև ռուս գրականության և կենցաղի մարդատյաց պատկերացումները հայերի մասին․ «Եվ հետո մտքիս են գալիս հայերի մասին ոչ միայն ռուսական մտածողության խորդանոցում գոյություն ունեցող տափակ պատկերացումները, հայերի մասին անեկդոտները՝ զարմանալի հիմար և լկտի։ Դե, իհարկե, հայերը պրիմիտիվ են, պեդերաստներ, չարչիներ, անեկդոտների ողորմելի հերոսներ։
Դե իհարկե. «Իմ խեղճ Կարապետ, ինչու՞ ես գունատ»։ Դե, իհարկե, մինչև մեր խորհրդային ժամանակները՝ հայկական ռադիոյի հարց ու պատասխանը… Եվ անհամար անեկդոտներ. «Ասա խնդրեմ, Կարապետ…» Եվ ժպիտով, քմծիծաղով ասված բառեր. «Մեր պրոֆեսորը, գիտե՞ք, հայ է», «Պատկերացրեք, նա ամուսնացել է արմյաշկայի հետ…»:
Դառն է մտածելը, որ երկրագնդի մեծագույն գրականությունը և այս գրականության մեծագույն ներկայացուցիչները երբեմն մասնակցել են հայի ծեծված կերպար ստեղծելու անբարյացակամ գործին՝ չարչիի, հեշտասերի, հաբռգողի։ Ինչպե՞ս կարող էր պատահել, որ մեծ գրականությունը աշխատել է խորդանոցի, բթամիտ, շովինիստական մարդատյացության համար։
Միայն Հիտլերի ժամանակ, նրանից հետո առաջացան ազգային ատելության, ազգային արհամարհանքի, ազգային գերազանցության հարցեր՝ իրենց ողջ սարսափելի ծանրությամբ։ Որքա՜ն հեռու են այս ծաղրանկարային հայերը հայ գյուղացիների, զինվորների, գիտնականների, բժիշկների, ճարտարագետների բարդ, առանձնահատուկ, յուրօրինակ կերպարների հսկայական բազմազանությունից…»։ [Гроссман, В.С. Добро вам! : из путевых заметок / В.С. Гроссман // Знамя. – 1988. – Кн. 11. – С. 5–62., էջ11]
Լ․ Լեյբովիցը կարևոր տեղ է տալիս ծաղկաձորցի ծերունի Անդրեասի պատմությանը․ «Ոռնացող, ցնորված գյուղացին մինչեւ հոգու խորքը հուզում է մտավորական մոսկվացուն, ինչի պատճառը, կարելի է գուշակել, ավելին էր, քան սովորական մարդկային կարեկցանքը։ Անդրեասին Գրոսմանը բնավ չի խղճում այնպես, ինչպես դա կաներ պակաս տաղանդավոր գրողը։ Նա հասկանում է, որ թեպետ սառը դատողությամբ մոտենալիս այդ մարդու տրամաբանությունը գուցեեւ խեղված է թվում, այն խորապես ճշմարիտ է եւ ամբողջովին խոհեմ»։
Նա ոչ պակաս կարևոր դրվագներ է համարում երկու մոլոկան ընտանիքների՝ Թուրքիայի սահմանի հատման պատմությունը, կամ Սասուն գյուղում հարսանիքի դրվագը։ Այս փորձառությունը Վ․ Գրոսմանին բերում է մի կարևոր մտքի։ Լ․ Լեյբովիցը այն այսպես է ձևակերպում․ «Ի վերջո, ի՞նչ է եղբայրությունը՝ առանց արյունակցության։ Հայաստանում Գրոսմանի շրջագայությունը հաշտեցման մի պատմություն է այդ բարդ, բայց հիմնարար գաղափարի հետ»։ Ապա իր հոդվածի վերջում ամփոփում․ «Եւ Գրոսմանն ահա տեսնում է, թե ազգայնականությունն իրականում ինչ է կամ ինչ պիտի լինի՝ ոչ թե խորը վիհ, այլ կամուրջ մարդկային մշակույթների միջեւ, որոնցից ամեն մեկը հպարտ է իր ժառանգությամբ եւ խանդավառ՝ պատմելու ու կիսվելու մյուսի հետ ոչ միայն նմանություններով, այլեւ ունեցած բոլոր տարբերություններով։ Սա շատ ավելի հարուստ ու խորքային մի տեսլական է, քան Խորհրդային Միությունում ժողովուրդների բարեկամության թմբկահարվող պարտադրանքը՝ հաճախ պարզապես զվարթ մի դիմակ, որը թաքցնում էր անհանդուրժողության, հալածանքի ու մարդասպանության այլանդակ երեսը։ «Մինչեւ կյանքիս վերջը»,– գրքի վերջին էջում իր դիտարկումն է անում Գրոսմանը,– «ես չեմ մոռանա այն խոսքերը, որոնք լսեցի գյուղական այդ ակումբում»»։