ՆԻՆԱ ՍԱԴՈՒՐ/ԱԹՈՌԸ

Ու՞ր դնել աթոռը:
Բոլոր պատերը խիտ դասավորված են: Դուռ-սպասքապահարան, հեռուստացույց, պատուհան, զգեստապահարան, բազմոց-մահճակալ, ոտնակով  կարի մեքենա  «Զինգեր»-դուռ:
Ոչ մի լուսանցք չկա:
Բայց աթոռը անհրաժեշտ է դնել: Աթոռը չի կարող մնալ սենյակի մեջտեղում: Այդ դեպքում պետք է սեղան դնել կողքը: Սեղանիկ (մեծը չի տեղավորվի): Փոքրիկ, սուրճի: Բայց նա սուրճ չի խմում: Սեղանիկի վրա կարելի է դնել սրվակներ և թելերով տուփ: Այդպես հարկավոր չի լինի դրանք անընդհատ փնտրել, դրանք կլինեն ձեռքի տակ ամեն պահ: Նա ստիպված է անընդհատ փոփոխել կիսաշրջազգեստն ու երկու զգեստները, որովհետև գիրանում է: Ամեն օր մի քիչ գիրանում է: Մի օր ցույց տվեց դստերը.
-Զարմանալի բան է, բայց ես նիհարել եմ,-ասաց ու ցույց տվեց կիսաշրջազգեստի գոտին:
-Ոչ թե դու ես նիհարել, այլ կիսաշրջազգեստդ է լայնացել հնությունից,-գոռում էր դուստրը:
Նրանք թունդ վիճում էին ուտելիքի պատճառով:
-Դու տառապում ես բուլեմիայով: Չի՛ կարելի ծովատառեխ, չի՛ կարելի տապակած կարտոֆիլ և կարագով հաց: Չի՛ կարելի այդքան քաշ հավաքել:
Իսկ նա ճչում էր՝ հիմարությո՜ւն… Ու ամեն առավոտ տապակում էր կարտոֆիլը կարագով:
Երբ դուստրը գալիս էր խոհանոց, ասում էր  քնքուշ խորհրդավորությամբ. «Ուզու՞մ ես տապակած կարտոֆիլիկներ»: Աղջիկը գոռում էր, իսկ նա հրճվում էր:
Նա նաև ասում էր՝ քաշիր տուբարետը:
-Նախ սա աթոռ է,- ասում էր աղջիկը դողացող ձայնով և եզրափակում ճչալով,-և երկրորդ՝ տաբՈՒրետ:
-Տուբարետը քաշիր,- կրկնում էր՝ լսելով հեծկլտոցը աղջկա ձայնի մեջ: Եվ հոգին կարծես թեթևանում էր: Մի ժամանակ քիչ էր մնում դառնար դերասանուհի և մանկաբույժ՝ խարտյաշ թագը վեհաշուք գլխին: Բայց հիմա նա չէր ուզում լինել ո՛չ գեղեցիկ, ո՛չ քաղաքավարի, ո՛չ էլ կրթված մտավորական կին: Նա տարված էր իր ցանկությունների պարզունակությամբ ու հասանելիությամբ: Իսկ դուստրը դա չէր հասկանում:
Փոքր հասակում դստրիկն իր ձեռքերն էր: Այդ ձեռքերով նա շոշափում էր աշխարհը: Ինքը, վախենալով մոտենալ, աղջնակին ուղարկում էր  ամենաթեժ տեղերը:
-Եվ ի՞նչ ասացին նրանք քեզ,- հարցնում էր քնքուշ ձայնով՝ ագահորեն ընկղմվելով մանկան թոթովանքների մեջ:
Լավ կլիներ՝ ինքն իրեն հետևեր այդ դուստրը… Այս նոր տղամարդը, որ գալիս է մոտը, ստախոս ու գող է:
-Ո՞վ է ասել, որ նա գող է,-գոռում էր աղջիկը,-նա գիտաշխատող է:
-Նա գողացել է իմ գդալները,-հերքում էր նա:
-Ահա քո գդալները,- հեկեկում էր դուստրը,- դրանցով կերար քո ամուսնուն, հիմա էլ հերթը իմ սիրեկանինն է:
Մի օր էլ դուստրը հետ մնաց: Բանսարկությունն էլ չէր խոցում նրան, և չէր ընկնում որոգայթները: Ու երբ նա դիտմամբ հարցնում էր՝ կարելի՞ է մի կտոր ծովատառեխ, աղջիկը արձագանքում էր հազիվ լսելի ձայնով՝ քեզ ամեն ինչ կարելի՜ է: Նա ծաղրում էր, հեգնում, բայց այլևս չէր զգում այն հետդարձող տաք ալիքը, որ գալիս էր աղջկան հարվածելու դիպուկ նշանառության հաճույքից:
Գեղեցիկ, գիրությունը հաջողությամբ թաքցնող զգեստը, օծանելիքի սրվակն ու ծաղիկ-կրծքազարդը վերադարձրեց աղջկան:
-Սա ինձ համար չափից շատ է: Մի՛ ծախսիր այդքան փող:
Աղջկա հայացքում ստվեր հայտնվեց: Նման էր գազանի: Բայց երկրի վրա այդպիսի գազաններ չեն լինում: Նա ստուգել է: Նա փնտրել է դրան Բրեմի* մոտ: Նա տեսել է դրան ավելի վաղ: Հավանաբար՝ երազում: Նա հիանում էր իր երևակայությամբ: Եվ հանկարծ զարմացավ՝ երևակայություն- գազանը իրականություն է դարձել՝ մութ ստվերի պես արտացոլվելով իր դստեր հայացքում:
Այդ օրից դուստրը սկսեց կարծես թե անհետանալ, ձուլվել, անէանալ, մինչև վերջնականապես վերացավ: Նրան պատմում էին, որ աղջկան տեսել են աղբամանները փորփրելիս, հազիվ էին ճանաչել: Բայց այնտեղ էլ անճանաչելին հալվում էր, հալվում  և անէացավ առմիշտ:
Ու նա մոռացավ դստեր մասին: Ապրում էր իմաստալից, կոկիկ, դուրս էր գալիս ու նստում ծերերի կողքին, թաքուն քմծիծաղում էր նրանց հիմարությունների վրա, գնում էր կտրատած հաց, մի տոպրակ կարտոֆիլ ու «Պարսից գիշեր» տորթ: Մինչև այս առավոտ:
Այսօր առավոտ նա տեսավ, որ աթոռը սենյակի մեջտեղում է և խանգարում է քայլելուն: Նա սկսեց մտածել՝ ու՞ր դնի այն: Դռան հետևում դատարկ պատի մի կտոր էր: Բայց այդ դեպքում դուռը լրիվ չէր բացվի, և ինքը չէր կարողանա ոչ մտնել, ոչ դուրս գալ նեղ արանքով: Սպասքապահարանի մոտ դնել չէր կարելի, կփակվեր ճանապարհը դեպի զարթուցիչը: Կարելի էր դնել պատուհանի մոտ, այդ դեպքում էլ անհնար կդառնար մոտենալն ու վարագույրի հետևից թաքուն ծիկրակելը՝ ծիծաղելով աշխարհի  անհեթեթությունների վրա:
Միջանցք հանելու կամ մյուս երեք սենյակներում տեղավորելու մասին խոսք լինել չէր կարող: Շքեղ կահավորված, գոռոզ՝ դրանք վախեցնում էին նրան ինչ-որ անկենդանությամբ: Եվ իսկապես էլ անկենդան էին, որովհետև այնտեղ ոչ ոք չէր ապրում: Նա չէր էլ մտնում այդ սենյակները: Մեկ անգամ էր մտել՝ այդ աթոռը վերցնելու: Դեռ այն ժամանակ ասաց՝ մեր ինչի՞ն են պետք սեղանն ու վեց աթոռը:
– Ես ընտանիք կունենամ, մենք հյուրեր կունենանք,- պատասխանեցին իրեն:
Նա անհանգստացավ և իրեն պահեց մի աթոռ: Հիմա իրավամբ այն նրանն է: Այն պատկանում էր այդ սենյակին, ուր հին կահույքն էր, կոտրված ոտնակով «Զինգեր» կարի մեքենան ու պատուհանը՝ դեպի աշխարհ:
Նա փորձեց հիշել՝ որտեղ էր աթոռը մինչ իր նկատելը. սպասքապահարանի՞ մոտ, հեռուստացույցի՞, պատուհանի՞, զգեստապահարանի՞, բազմոց- մահճակալի՞, թե՞ կարի մեքենայի, որով ինքը կարել չգիտեր…
Մտաբերեց, փորփրեց հիշողությունը, հիշեց…
Սենյակը սկսեց պտտվել: Նա ուզում էր ծիծաղել (միշտ վախից ծիծաղում էր): Եվ ահա բացականչեց կատակող ձայնով՝ այս ի՜նչ տանջանք է, և հանկարծ հասկացավ,որ սա իսկական տառապանք է:Ամենաիսկական,կուտակված ու հրդեհվող տառապանք: Նա խորամանկ էր, որոշեց նստել աթոռին: Որպեսզի այն չլինի այդքան դատարկ: Նստել աթոռին: Բայց չկարողացավ ելնել բազմոց-մահճակալից:
– Ինչու՞ չեմ կարողանում բարձրանալ,- կատակի տալով՝ ասաց նա,- ես պետք է աթոռն իր տեղը դնեմ:
Երբ արցունքները վերջացան, նկատեց, որ սենյակում մեկը կա: Դա երեխա էր: Նախասկզբնական աղջիկը՝ յոթնամյա: Փայտիկի պես բարակ էր՝ ճերմակ ու կոշտ քանքուլով: Բայց դա ճշմարտություն էր. այն սարսափազդու  քսանական թվականներին նրա մազերը խուզում էին մեքենայով, որ ոջիլ չհավաքվի: Հյուսքերով աղջիկները ոջլոտում էին, իսկ նա՝ չէ: Աղջկա աչքերում հիացմունք կար: Այո, ամեն տարին՝ իր հիացումը. մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ հիացում աշխարհով, իսկ հետո՞: Իսկ հետո նա կուրացավ քաղցից: Դա պատահում էր շատերի հետ այն ժամանակ, որովհետև սաստիկ սովն էր մոլեգնում: Եվ հենց այդ ժամանակ կուրացած աշխարհում հայտնվեց այդ գազանը: Նա ոտից գլուխ սարսռաց դրա անհավանական տեսքից: Բայց գազանը սկսեց ծիծաղելի թռչկոտել, ու նա սկզբում ժպտաց, իսկ հետո ծիծաղեց զրնգուն. գազանը ծիծաղեցրեց կույր երեխային՝ յոթնամյա աղջնակին, ու նա մտածեց. «Ահա ես կույր եմ, բայց արթնացել է իմ հարուստ երևակայությունը»: Հետո տեսողությունն էլ վերականգնվեց, երևակայությունն  էլ մնաց իր հետ: Գազանին նա այլևս չէր տեսնում, բայց ծիծաղելի ոստյունները հաճախ էր զգում, և դրանից է, որ շատ էր ծիծաղում:
Այո, բայց իր առջև կանգնած աղջնակի մեջ կուրության հետքեր չկային: Սակայն կար հիացմունքի լույսը: Թևերը թեև այնքան ձյունաճերմակ չէին, ավելի ճիշտ՝ընդհանրապես ձյունաճերմակ չէին. դրանք հրեղեն էին:
«Ուրեմն նրանք մեր կերպարով են,մեր դեմքով,- հասկացավ նա,- մերը, երբ մենք եղել ենք մանուկ: Մինչ կուրանալը: Ահա և վերջ: Ամեն ինչ կլինի․․․ Ամեն ինչ կլինի ճիշտ:
Եվ հրեշտակը վերցրեց աթոռն ու դրեց տեղը:
-Շնորհակա՜լ եմ,- շշնջաց նա ու փակեց աչքերը հիացմունքով…


Ծանոթագրություններ
*Բրեմ Սթոքեր՝ իռլանդացի գրող և թատերական քննադատ, առավելապես հայտնի է «Դրակուլա» վեպով։

Ռուսերենից թարգմանեց Մարինա Գևորգյանը

Please follow and like us: