ՄԱՐԴ-ԳԻՇԱՏԻՉ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՎԱՀԵ ՔԱՉԱՅԻ «ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ» ՎԻՊԱԿՈՒՄ/Արփինե Վարդանյան


Ունենալով պատմություն, երբ հայ մարդը ճակատագրի բերումով հարկադրված էր հեռանալ իր հայրենիքից և բնակություն հաստատել աշխարհի տարբեր անկյուններում, ըստ էության, օտարագրությունը պետք է դառնար անխուսափելի: Ի վերջո, մշակութային և քաղաքակրթության մեծ ազդեցությունը չէր կարող իր արտացոլումը չունենալ: Ուստի, Սփյուռքում շատ հայ գրողների ստեղծագործական լեզուն հայերենը չէ՝ օտար է: Եվ ինչքան էլ այս երևույթն ինչ-որ տեղ նաև մեր լեզվի համար ցավալի ընդունենք, այնուամենայնիվ, չենք կարող չփաստել, որ օտարագրությունը մյուս կողմից էլ դարձավ և մնում է հայ ժողովրդի ճակատագիրը, հայ մարդու դիմագիծն արտահայտելու միջոցներից մեկը (Մայքլ Առլեն Կրտսեր «Ուղևորություն դեպի Արարատ», Անտոնինա Արսլանը «Արտույտների ագարակը» Վիլյամ Սարոյան «Իմ անունն Արամ է», Փիթեր Բալաքյան «Ճակատագրի սև շունը» և ուրիշներ): Ու պատահական չէ, որ Վիլյամ Սարոյանը ժամանակին ասել է. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերեն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու՝ հայկական է»:1

Վահե Քաչան (Վահե Խաչատրյանը) ևս անմասն չմնաց հայ ժողովրդի ճակատագրից: Նա իր «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (1981) վեպում անդրադարձել է Արևմտյան Հայաստանի իրականությանը՝ պատկերելով պոլսահայության կյանքը համիդյան կոտորածներից մինչ Մեծ եղեռնը: Ստորև կփորձենք անդրադառնալ Վահե Քաչայի գործերից մեկին՝ դնելով այն կոնկրետ հարցադրման տակ:

Առհասարակ Վահե Քաչայի ստեղծագործություններում («Ակն ընդ ական», «Գավազան» և այլն) հերոսները շարունակ հայտնվում են բեկումնային իրավիճակներում: Այդ սուր, լարված իրադրություններում էլ դրսևորվում է հերոսների անհատականությունը։ Այս առումով առանձնացրել ենք Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վիպակը։ Մի կողմից փորձել ենք մեկնաբանել այսօրվա գեղարվեստական չափանիշների տեսանկյունից, մյուս կողմից այն քննել ենք կոնկրետ հարցադրման տակ դնելով՝ ինչպես է տեղի ունենում մարդ-գիշատիչ փոխակերպումը:

Հետաքրքիր է, թե հեղինակն ինչպես է գործողությունների մեջ ցույց տալիս այդ անցումը՝ մարդ-անհատից մինչև մարդ-գիշատիչ։ Ուշադրություն դարձնենք, թե հերոսներն ինչպիսին են մինչ շրջափակվելը և դրանից հետո: Առաջին հայացքից սկիզբը շատ սովորական է. պատրաստվում են տարեդարձ նշել և հյուրեր են ընդունում: Ու թեև շեշտվում է, որ պատերազմ է, բայց դա կարծես նրանց չի վերաբերում. «Կյանքը հոսում էր առանց բախումների. շաբաթը մեկ ֆիլմ, մի քանի գիրք, ձայնապնակներ, բարեկամներ…»2: Այստեղ ընդգծվում է նաև վերաբերմունքը թշնամու նկատմամբ: Ակնհայտ ատելություն, կարծեք, չկա (գոնե մինչ շրջափակվելը). խոսում են, քննարկում, բայց միաժամանակ պատերազմն իրենցից շատ հեռու է թվում: Բայց դա միայն սկզբում: Սակայն, կարելի է ասել, որ հեղինակը, թեև «աննկատ», բայց տող առ տող բացում է «խաղաքարտերը»։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա առաջին հայացքից հերոսները նույնիսկ շատ մարդկային են, բայց գրողն ընթերցողին նախապատրաստում է տվյալ հերոսի ով լինելու բացահայտմանը։ Ահա թե ինչ է ասում Բրիժիտը պատերազմի մասին. «Ես ատում եմ պատերազմը» (էջ 63)։ Այս խոսքերին անմիջապես հաջոդում է գրողի «արձագանքը». «Նա հատկապես պատերազմի շուրջը բացվող խոսակցություններն էր ատում։ Անվերջանալի ճառեր, որոնցից քունը տանում և հորանջում էր» (էջ 63)։ Այնպիսի տպավորություն է, որ հեղինակը «խառնվում է» դեպքերին և նախքան իրադարձությունների շրջադարձային փոփոխությանը, ընթերցողին ծանոթացնում է վերջիններիս հետ։ Քաչան, ինչպես արդեն նշեցինք, չի մոռանում նաև մարդկայինն ընդգծել նրանց մեջ։ Անշուշտ, սա պատահական չէ։ Ի վերջո, այդ մարդկայինը շեշտելով, պիտի ընդգծվի էականը՝ ե՞րբ է մարդը դադարում մարդ լինելուց, ավելին, դեպքերի զարգացմանը զուգընթաց թվում է, թե մարդկայինը նրանց մեջ չէր էլ եղել։ Եթե մինչ շրջափակվելը Վիլկերը նայում էր Պիեռին ու խղճում նրան. «Բարեբախտաբար ծնողներն ապահովված մարդիկ են» (էջ 65),- ապա հետո, սեփական կյանքը թանկ գնահատելով, Պիեռն արդեն պիտի դառնա ատելի։ Ու մարդկայնության կորուստը դառնում է այն գինը, որը պետք է ֆիզիկական գոյության պահպանման համար։ Եվ նույնիսկ բժիշկը պիտի կորցնի իր մասնագիտական նրբանկատությունը և Պիեռի երեսին շպրտի. «Դու դատապարտված ես ամբողջ կյանքում կույր լինելուն… Հասկացիր ինձ» (էջ 110)։

Նախ անդրադառնանք սկզբին: Երբ հերոսներն իմանում են, որ պետք է երկու պատանդ ընտրեն իրենցից՝ ի հատուցում երկու սպանված գերմանացիների, սկզբում փորձում են ստեղծված իրադրության մեջ հավասարակշռություն պահպանել: Սակայն աստիճանաբար իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, նյարդերը տեղի են տալիս, և արդեն ոչ մեկը պատասխանատու չէ իր արարքների համար: Քայլ առ քայլ ընդգծվում է մարդ-գիշատիչ անցումը, որը, ըստ երևույթին, բոլորին նոր լույսի տակ է ցույց տալիս: Իրադրությունն էլ այնքան է սրվում, որ անգամ Վիկտորը՝ որպես ամուսին, թեև ակնհայտ զայրույթ և խանդ է ապրում, բայց արգելք չի հանդիսանում, որ կինը գնա գերմանացի սպայի մոտ:

Ուշադրություն դարձնենք, թե ինչպես են սկիզբ առնում տարաձայնությունները, և թե ինչպես է փոխվում բարեկամների վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Թեև հեղինակը հաճախ է շեշտում նրանց «բարեկամ» լինելը, բայց դրանով, ըստ էության, ավելի է ընդգծում իրավիճակի լարվածությունը և վերջիններիս ոչ բարեկամ լինելը: Այս առումով էլ հերոսները ոչ միայն ուրիշ տեսանկյունից են սկսում ճանաչել իրենց կարծեցյալ բարեկամներին, որոնք դառնում են օտար. «․․․այս մարդիկ, որ իրեն շրջապատել են, իսկական բարեկամնե՞րն են, թե՞ ոչ: Նրան թվաց, թե առաջին անգամն է տեսնում այդ մարդկանց: Նրանց չէր ատում, բայց ապշել էր անսպասելի հայտնագործումից» (էջ 98),- այլև հերոսներն են, կարելի է ասել, բացահայտում իրենք իրենց: Եվ վերջիններիս ներքին աշխարհի քննումը հենց իրենց կողմից արդեն դուրս է գալիս շրջապատը նորովի ճանաչելու կոնտեքստից և հասնում ինքնաճանաչողության։ Ուստի, բժիշկը պետք է ինքն իր մասին մտածի. «Զարմացավ, իր մեջ այդքան ատելություն գտնելով: Տարիներ էր ապրել, առանց զայրույթի ամենափոքր նշան իսկ ցույց տալու» (էջ111): Այս իրադրության մեջ էլ բոլորն արդեն «մոռանում են», որ շրջապատված են իրենց բարեկամներով: Բարեկամներն էլ տվյալ դեպքում դառնում են թշնամիներ, որոնք խոչընդոտ են սեփական կյանքը փրկելու համար:

Եթե առանձին-առանձին վերցնենք հերոսներին, ապա պետք է նկատենք, որ իրավիճակն ամեն կերպ փորձում է վերահսկել Վիլկերը, որը սեփական կյանքը փրկելու համար ամեն քայլի գնում է (հիշենք, թե ինչպես է փորձում կտրոնով կաշառել Ֆրանսուազին, Բրիժիտին համոզում գնալ գերմանացու մոտ, թաքնվում է պահարանում և այլն): Չնայած նրա աչքի ընկնող քայլերին՝ սխալ կլինի ասել, թե նա միակն է. բոլորն էլ իրենց սեփական կյանքը փրկելու համար ծայրահեղ քայլերի են գնում: Քայլերը դուրս են գալիս ոչ միայն մարդկայինի պատկերացման սահմաններից, այլև հասցնում են մի կետի, երբ մարդիկ կորցնում են իրենց ինքնասիրությունը և բարոյապես անկում ապրում: Մի պահ նույնիսկ թվում է, թե վերջիններս կորցրել են սթափ դատելու կարողությունը: Նրանց քայլերը ոչ թե առաջնորդվում են բանականությամբ, այլ ֆիզիկական գոյությունն ամեն կերպ պահպանելու բնազդով, որի ազդեցության տակ էլ հերոսների մարդ-գիշատիչ փոխակերպումը նույնիսկ չգիտակցված է տեղի ունենում: Նրանց գիտակցական մակարդակը կարծես միայն մի բան է ընկալում՝ պետք է փրկել սեփական կյանքը: Այսպիսով, կարելի է ասել, չգիտակցված եսասիրությունը հասնում է իր գագաթնակետին: Չընդունելով էլ սեփական եսասիրությունը՝ հերոսներից յուրաքանչյուրի համար առաջնային է դառնում միայն մի բան՝ իր ապրելու իրավունքը: Եվ «պարզվում է», որ բոլորի ապրելու իրավունքը հիմնավորված «պատճառներով» է պայմանավորված: Ավելին, իրենց ապրելու կարևորությունն սկսում են մարդկային տեսանկյունից բացատրել: Վիլկերը պատմում է, թե ինչպես է օգնել ընկերոջը (իր իրերը գրավ դնելով և այլն): Մարդկային թվալու մոլուցքն այնքան է կարևոր դառնում, որ հերոսն ի դերև է հանում իր նեղ անձնականը. «…երբ ես ամուսնացա, իմ կինը հղի էր… ինձնից չէ… ուրիշից» (էջ 130): Ապրելու պատճառներ ունեն նաև մյուս հերոսները. Բրիժիտը հղի է, Վիկտորը հայր է դառնալու, բժիշկն իրեն պիտանի է համարում հասարակության համար, Պիեռն էլ արդեն մասնակցել է պատերազմի: Դրա համար Պիեռը նույնիսկ կարծես իրեն հերոս է համարում. չէ՞ որ կռվել ու կորցրել է տեսողությունը, և դրա համար անգամ շքանշան է ստացել: Այստեղ հեղինակը մի կարևոր հարց է կարևորում՝ ո՞վ է պատերազմի դաշտում կռվողը, և մի՞թե պատերազմի մասնակից լինելն արդեն իսկ հերոսություն է: Ճիշտ է, Պիեռը, թեև պատերազմի մասնակից է. կորցրել է տեսողությունը և շքանշան է ստացել, բայց, այնուամենայնիվ, նա չի դիտվում որպես հերոս, այլ կերպ ասած՝ պատերազմին մասնակցելը դեռ չի նշանակում լինել հերոս:

Առանձնանում են Տիմակովի և Ֆրանսուազի կերպարները: Տիմակովը և Ֆրանսուազը, ի տարբերություն մյուսների, ըստ էության, չեն կորցնում իրենց դեմքը: Նրանք մնում են այնպիսին, ինչպիսին էին, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, մարդ-գիշատիչ փոխակերպում նրանց դեպքում չի գործում: Եվ եթե վերլուծենք Տիմակովին, պետք է նկատենք, որ նա ավելի շատ դեպքերին կողքից նայողի տպավորություն է թողնում, քան բուն գործողություններին մասնակից անձի: Ստեղծված իրավիճակն էլ նրան ինչոր տեղ զվարճալի է թվում. նա մի տեսակ խաղում է: Թեև միանգամից չի համաձայնում պատանդ գնալ, բայց միաժամանակ պատրաստ է այդ քայլին: Ուշագրավ է նաև այն փաստը, որ երբ հերոսները ներկայացնում են իրենց «բարի գործերը», Տիմակովը նույնիսկ հեգնում է. «Այժմ իմ հերթն է բարի արարքներ ցուցադրելու» (էջ 125): Նա թվարկում է այնպիսի արարքներ, որոնք բնավ էլ օրինակելի ու բարի չեն: Բայց հենց սրանով էլ, ի տարբերություն մյուսների, շեշտվում է Տիմակովի մարդկային լինելն այն առումով, որ չի փորձում իրեն ներկայացնել ավելի լավը, քան իրականում կա: Պետք է նկատենք նաև, որ Տիմակովի համար բնավ էլ զարմանալի չէ իր «բարեկամներին» ուրիշ տեսանկյունից ճանաչելը: Այնպիսի տպավորություն է, որ նրա համար հարկավոր չէր նման իրավիճակ իրեն շրջապատող մարդկանց ճանաչելու համար: Ու պատահական չէ, որ հենց սկզբից նա ակնհայտ դրական վերաբերմունք ունի Ֆրանսուազի նկատմամբ: Իսկ ո՞վ էր Ֆրանսուազը: Վիպակում, թեև Ֆրանսուազի կերպարը գործողությունների մեջ առաջին պլան չի մղվում, բայց այնուամենայնիվ, նրա կերպարն առանցքային նշանակություն ունի: Նա, ինչպես և Տիմակովը, ոչ միայն մարդկային տեսանկյունից չի կերպարանափոխվում, այլև նրա պես պատրաստ է դեմ առ դեմ կանգնել մահվանը, թեև ինքն էլ միանգամից չի համաձայնում պատանդ դառնալ: Ավելին, Ֆրանսուազը, կարելի է ասել, միակն է, որ ստեղծված իրավիճակին նայում է մարդկայինի տեսանկյունից: Հիշենք, թե ինչպես է նա, երբ Պիեռը փորձում է փրկել իր, Բրիժիտի և Վիկտորի կյանքը, ոչ միայն դուրս բերում վերջիններիս փակված հյուրասենյակից, այլև այդ քայլով ընդգծում է ամենաէականը. «Մենք բոլոր իրավունքներն ունենք ապրելու» (էջ 135),- ասել է թե՝ ոչ ոք դիմացինից իրավունք չունի պահանջելու կյանքը զոհել իր սեփական կյանքի համար, երբ ինքն այդ քայլին չի գնում:

Մարդ-գիշատիչ անցման համար ոչ պակաս կարևոր է հենց իրավիճակի պատճառահետևանքայնությունը՝ պատերազմը և պատերազմ ասվածի ընկալումը հերոսների կողմից: Ինչպես նշեցինք սկզբում, պատերազմը կարծես թե հերոսների համար իրենցից հեռու թվացող մի երևույթ էր, բայց դա միայն առաջին հայացքից: Հեղինակը, թեև ոչ ուղղակիորեն, սակայն բարձրացնում է մի էական հարց՝ պատերազմի անմարդկային դրսևորումը, դրսևորում, որի հետևանքների կրողը, ըստ էության, դառնում են բոլորը: Սակայն միևնույն ժամանակ բոլորը չէ, որ պատերազմն ընկալում են, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, այն զգացել են սեփական մաշկի վրա (Պիեռի համար պատերազմն ատելի է այն պատճառով, որ կորցրել է տեսողությունը, Վիլկերի, Բրիժիտի, Վիկտորի համար այն իմաստով, որ չեն ապրում այնպես, ինչպես առաջ և այլն): Էական է այստեղ Ֆրանսուազի ընկալումը պատերազմ ասվածի նկատմամբ: Նա, թեև ինչպես արդեն նշեցինք, իր գործողություններով առաջին պլան չի մղվում վիպակում,բայց նրա, ինչ-որ տեղ «լուռ» կերպարն ինքնին խոսուն է որպես պատերազմը սեփական մաշկի վրա զգացած մեկը, որն ուղղակի վիշտ չի ապրում կորցրած ամուսնու համար, այլ նաև ընկալում է պատերազմ ասվածի ողջ անմարդկայնությունը: Ավելին, նա գնում է պատերազմ ասվածի ավելի խորքերը՝ գիտակցելով նաև պատերազմի կործանարար հետևանքները նույնիսկ դրա ավարտից հետո. «Մենք վերջիվերջո կհաշտվենք այս բոլորի հետ: Դրոշներ կծածանվեն, երաժշտություն կլինի: Մենք կպարենք մեր մեռելների վրա: Երբևէ մտածե՞լ եք այդ դառը թագավորության մասին, որ արձագանքվում է մեր ոտքերի տակ: Դա այն թագավորությունն է, որտեղ երկու հաշտված երկրների վրա կիտված մեռելներն են: Ես լսում եմ նրանց հեծեծանքները: Եվ ես ամաչում եմ» (էջ 139):

Պատահական չէ, որ վիպակում, թեև նշվում են տարեթիվը՝ 1942 թ., այսինքն՝ կոնկրետ պատերազմի ժամանակաշրջանը, նաև այն, որ գերմանացիներն են հակառակորդները, բայց այնուամենայնիվ, պատերազմը չի դիտվում որպես հանուն հայրենիքի բարօրության մղվող պայքար: Այստեղ հեղինակը դուրս է գալիս պատերազմի՝ «հանուն հայրենիքի պայքարի» կոնտեքստից և ընդգծում է ամենաէականը՝ պատերազմն իրականում արդարացում չունի: Եվ իզուր չէ, որ նրա հերոսները՝ իրենց անմարդկային դեմքով ընդգծվում են հենց պատերազմական իրավիճակի կրողը դառնալուց հետո և մարդուց կերպարանափոխվում են գիշատիչների: Սա ևս պատերազմի անմարդկային դրսևորումներից է: Այսինքն՝ եթե կա պատերազմ, անկախ նրանից դու կռվի դաշտում ես, թե ոչ, հարազատ կորցրել ես, թե ոչ, միևնույնն է, որպես անհատ՝ պատերազմ ասվածի կրողն ես դառնում: Կրող, որտեղ շատ կարևոր է չկորցնել ամենակարևորը՝ մարդկային դեմքը:

Էական է նաև վիպակի կառուցվածքային առանձնահատկությունը։ Փոքրիկ վիպակում առանձնացված գլուխներ չկան, բայց ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ եթե, կոպիտ ասած, վիպակից հանենք բուն գործողությունները, ապա վերջին հատվածի խնջույքի տեսարանը դառնում է առաջինի «շարունակությունը»։ Թեև առաջին հատվածում խնջույքը ձախողվում է, բայց երկրորդ հատվածում՝ ամենավերջում, որը, ըստ էության, ինչպես արդեն նշեցինք, դառնում է ստեղծագործության առաջին հատվածի՝ խնջույքի շարունակությունը, հերոսները փորձում են ստեղծված իրավիճակից հետո դարձյալ վերականգնել հավասարակշռությունը (կենացներ են ասում, նույնիսկ տոնական կարկանդակն են փչում), սակայն միմյանց հետ սեղան են նստում արդեն ոչ որպես բարեկամներ, և խնջույքը տվյալ դեպքում նույնիսկ շինծու է թվում: Սա արդեն ոչ թե բարեկամների խնջույք է, այլ միմյանց ճանաչող գիշատիչների խնջույք: Գիշատիչներ, որոնց կերպարներով, ըստ էության, հեղինակն ընդհանրացնում է մարդու տեսակը. «Մենք բոլորս գիշատիչներ ենք… փոքրիկ, սիրուն, լավ վարժեցրած գիշատիչներ, և մենք շղթայի կարիք ունենք: Մեր շղթան կոչվում է կարգուկանոն» (էջ 144): Վիպակի այս վերջաբանը ոչ պակաս կարևոր ընդգծմամբ է ավարտվում՝ Տիմակովի մտքերով: Սա, անշուշտ, պատահական չէ։ Պատահական չէ նաև այն, որ գրողը հերոսի մտքերը չի վերցնում չակերտների մեջ և, կարելի է ասել, հեղինակը և հերոսը նույնանում են, ասել է թե՝ դրանով Քաչան ընդգծում է իր գաղափարակիր հերոսին՝ Տիմակովին։

Շատ հաճախ մարդու մեջ մարդկայինն ընդգծելու համար բավական է ընդամենը նշել՝ մարդ է։ «Մարդ» ասվածը տվյալ դեպքում դառնում է մարդկայինի բնորոշումը, բնորոշում, որը միաժամանակ մարդկանց մեջ առանձնացնում է մարդուն, ասել է թե՝ մարդկանց մեջ «մարդ» ասելով չի կարելի հասկանալ բոլորին։ Բայց կա նաև հստակ սահմանում՝ «մարդ» կոչվածի և «ոչ մարդ» անվանվողի միջև։ Այս դեպքում «ոչ մարդ» անվանվողին կամ, այսպես ասած, «մարդ չէ» բնորոշմանը կարող ենք տալ տարբեր անուններ։ Քննության վերցնելով Քաչայի այս վիպակը՝ դնելով այն կոնկրետ հարցադրման տակ, թե ինչպես է մարդը փոխակերպվում գիշատչի, կարող ենք ասել, որ ստեղծագործության հիմքը ո՛չ «մարդ» կոչվածի ինչպիսին լինելու կարևորությունն է ընդգծում, ո՛չ հակառակը: Իսկ ինչքանո՞վ է վիպակն արդիական։ Արդիական է նրանով, որ գրողի բարձրացրած հարցերը՝ ինչպիսի՞ն է իրականում մարդը, ավելին, ճանաչո՞ւմ է ինքն իրեն, ի՞նչ է պատերազմ կոչված երևույթը, կոնկրետ ժամանակաշրջանի մտահոգություն չեն։ Այս առումով էլ, թեև վիպակում կա տարեթիվ՝ 1942 թ., բայց այն կարող է լինել և՛ 1978 թ., և՛ 2009 թ., և՛…. Վահե Քաչան, մարդուն որոշակի իրավիճակի մեջ դնելով, փորձում է ցույց տալ, որ մարդն անցնում է իր «մարդ լինելու» կոչման սահմանը։ Այս դեպքում մարդն արդեն այն նույն մարդը չէ։ Բայց հեղինակը սոսկ որոշակի իրադրությամբ չի մեկնաբանում դա: Իրադրությունը տվյալ դեպքում դառնում է «գործիք», որը պետք է մեծ դեր ունենա մարդ-գիշատիչ փոխակերպման ընթացքում: Փոխակերպում, որն ինքնին անակնկալ է դառնում հենց իրենց՝ հերոսների համար։ Նրանց կերպարներով հեղինակն առաջին հերթին ընդհանրացնում է մարդուն՝ առանց որևէ «մարդ լինելու» և «ոչ մարդ լինելու» բնորոշման: Եվ իրականում էլ մարդ-անհատի կոնկրետ բնորոշում չկա: Նույնիսկ այս դեպքում, երբ տեղի է ունենում մարդ-գիշատիչ փոխակերպում, դա մարդուն ոչ բնորոշ հատկանիշ չի դրսևորվում, այլ հենց մարդուն հատուկ փոխակերպում է: Ի վերջո, հերոսներն էլ, կարծեք, չգիտեին, որ իրենք այդպիսինն են՝ գիշատիչ։

Այսպիսով՝ Քաչայի հերոսները որպես ուղղակիորեն «ձևավորված» մարդկային ինչ-որ տեսակ չեն պատկերվում, այլ դեպքերին զուգընթաց դրսևորվում է նրանց անհատականությունը՝ որպես կարգուկանոնի տակ թաքնված գիշատիչ: Բայց մյուս կողմից էլ հեղինակը շեշտում է այդ փոխակերպման պատճառահետևանքային նշանակությունը, որը տվյալ դեպքում դառնում է պատերազմը: Եվ այս համատեքստում էլ գրողը նաև էական խնդիր է բարձրացնում՝ պատերազմը որպես մի երևույթ, որը չունի արդարացում:

1 Դավթյան Վ., Բարի հսկան, Երևան, 1979, էջ 3:
2 Քաչա Վ., Գիշատիչների խնջույքը, Երևան, 1976, էջ 61 (այս գրքից մեջբերված մյուս հատվածների էջերը կնշվեն տեղում):

Please follow and like us: