Մկրտիչ Արմեն/Մաշված ոտնաման

1

Ի՞նչ փչեց Կարապետ աղայի խելքին այն տարի՝ ոչ ոք չգիտեր։ Միայն թե, այս անգամ, փոխանակ ուրիշին ուղարկելու, նա ինքն անձամբ վեր կացավ, գնաց Ռուսաստան՝ իր կոշկեղենի խանութի համար ապրանք բերելու։ Այդ մասին արեւկող պատի տակ անում են մի քանի ենթադրություններ։ Մեկն ասում է, որ նա որոշել էր վերջիվերջո մի անգամ գոնե տեսնել աշխարհը Հայաստանից այն կողմ, մանավանդ որ, բոլշեւիկները տիրել էին Ռուսաստանի մեծ մասին, եւ կարծիք կար, որ աշխարհը շուտով պիտի ջնջվեր աշխարհի երեսից։ Մյուսն ասում էր, որ Կարապետ աղան քաղաքացիական կռիվների խառը տարիներին իր գործակատարներից ոչ ոքի փող չէր կարող վստահել, իսկ մի երրորդը պնդում էր, թե նա կոշկեղենի համար չէր գնացել, այլ ուրիշ, ավելի մութ նպատակներով։ Իսկ ի՞նչ մութ նպատակներ՝ այդ ինքն էլ չէր կարող ասել։

Ինչեւէ։ Փաստն այն է, որ Կարապետ աղան, այդ խառը ժամանակին նստեց, գնաց եւ մեկնեց դեպի Մոսկվա։ Մի ամպոտ օր էր, աշուն։ Երբ գնացքը շարժվեց, Կարապետ աղան բնազդաբար ձեռքը տարավ դեպի աճուկները,- գնացքի շարժումներից չբացվի՞ այնտեղ կարված գաղտնի տոպրակը եւ չթափվե՞ն թղթադրամները․․․ Համենայն դեպս աշնանային մռայլ օրն ամենաուրախ մարդուն անգամ կդարձներ հոռետես։

Գնացքը սլանում էր։ Յուրաքանչյուր րոպե կրճատվում էր այն տարածությունը, որ կար Կարապետ աղայի եւ կոշիկների միջեւ։ Հետզհետե ավելի ու ավելի էին մոտենում դրանք՝ այդ նվիրական կոշիկները, եւ Կարապետ աղայի աճուկները հուզվոմ էին վճարելու եւ գնելու ցանկությունից։ Այո, նա կքանդի իր շալվարի կոճակները, կհանի այնտեղից ամբողջ դրամը եւ աղայավայել ձեւով կվճարի։ Վճարելիս նա կգիտենա, որ յուրաքանչյուր զույգ կոշիկների մեջ պահված՝ իրեն է սպասում մի նոր, ավելի մեծ թղթադրամ։ Երբ հասնի Հայաստան, նա իր ձեռքը կկոխի ոտնամանների մեջ եւ կսկսի հավաքել այնտեղից փողը, հավաքել․․․

Բոլոր կայարաններում վագոն էին բարձրանում նորանոր մարդիկ՝ իջնողների փոխարեն։ Կարապետ աղան նրանցից ոչ մեկի երեսին չէր նայում, նա զբաղված էր նրանց ոտներով։ Քսան տարվա կոշկավաճառի հմտությամբ նա մարդկանց ճանաչում էր նրանց ոտնամաններով։ Նա գիտեր, որ մի անգամ արդեն հագնված կոշիկը ստանում է իր տիրոջ բնավորությունը։ Հագնված կոշիկը կարծես կենդանանում է։ Ծռմռվելով եւ հարմարվելով ոտքին՝ նա իր մեջ արտացոլում է իր տիրոջը։ Եթե Կարապետ աղային ցույց տան մի զույգ մաշված կոշիկներ, նա հեշտությամբ կպատմի դրանց տիրոջ ամբողջ կենսագրությունը։ Մազոլից մաշված կաշին, մազոլից ուռած փուչիկը, մազոլից ծակված անցքը, մազոլի տեղում գցված կարկատանը,- մի՞թե դրանք տարբեր բաներ չեն, որոնցից ամեն մեկը մի ամբողջ տեղեկատու գիրք է կոշկի տիրոջ վերաբերյալ։ Էլ չխոսենք այն մասին, որ մազոլից զատ գոյություն ունեն՝ քրտինք, կոշկաներկ՝ զանազան տեսակի, կարկատաններ՝ զանազան ձեւի, կոշկակապեր՝ զանազան դիմացկունությամբ եւ այլն։ Կան ճեղքված կոշիկներ, կան՝ որոնց տակն է մաշվել, կան՝ որոնց երեսը․․․ Ոտների եւ ոտնամանների մի ամբողջ էնցիկլոպեդիա կարող է կազմել Կարապետ աղան։ Բայց այժմ, վագոն մտնողի ոտներին նայելիս, նրա միտքն ուրիշ տեղ էր՝ դեպի հեռու Հայաստանը, որտեղ բազմաթիվ ոտներ սպասում էին իրենց խնամատարին։ Կվերադառնա նա, կոշիկները թակարդների պես կշարի իր մագազինի ցուցափեղկերում, եւ հաճախորդները կգան ու զույգ ոտով կընկնեն դրանց մեջ․․․

Հանկարծ գնացքը կանգ առավ դատարկ տեղում։ Կոշիկները դադարեցին մոտենալ։ Ինչո՞ւ։ Ի՞նչ պատահեց։ Ճամփորդներից շատերը թռան ներքեւ։ Շոգեմեքենայի մոտ հավաքվել էին մի քանի ձիավոր զինվորներ եւ ինչ-որ բան էին ասում մեքենավարին։ Քիչ հետո, շոգեմեքենան սուլեց, եւ գնացքը նորից շարժվեց, բայց դեպի ետ։ Կոշիկները սկսեցին հեռանալ Կարապետ աղայից։

Այո՛։ Առաջ գնալ անկարելի էր։ Դիմացն արդեն բոլշեւիկներ էին՝ նրանք, որոնց մասին այնքան շատ էր լսել Կարապետ աղան Հայաստանում։ Եվ հիմա ի՞նչ, վերադառնալ դատարկաձեռն առանց կոշիկների՞․․․

– Ո՞ր ենք գնում, պարոն կոնդուկտոր։

– Ետ։

– Այսինքն՝ ո՞ւր։

– Ով ուր որ ուզենա։

– Ո՞րն է լինելու առաջին քաղաքը։

– Որը որ քիչ առաջ վերջինն էր։

– Անունը, պարոն կոնդուկտոր․․․

Կոնդուկտորը տվեց քաղաքի անունը։ Կարապետ աղան զարմացած նայեց շուրջը, եւ այդ րոպեին ճանապարհորդներից մեկը, կոնդուկտորից ավելի սիրալիր, սկսեց բացատրել։ Դիմացը գավառական քաղաք է՝ մեկը իր նման հարյուրավորներից։ Իսկ մեծ քաղաքի կհասնենք վաղը, եթե իհարկե շարունակենք գնալ․․․

Կարապետ աղայի հոգում սկսվեց բուռն մենամարտ։ Այնտեղ կռվում էին վաճառականն ու քաղքենին։ Մեկն ասում էր՝ իջիր հենց այս քաղաքում, ո՜վ ոտների հովանավոր, իջիր եւ գնիր ինչ որ հնարավոր է գնել։ Որքան ավելի առաջ գնաս դեպի ետ, այնքան ավելի պիտի թանկանան ոտնամանները։ Ուզո՞ւմ ես արդյոք, որ երբ ականջիդ մոտ բռնած ցնցես կոշիկը, ռուբլիանոցների խշխշոցի փոխարեն դրա մեջ ողորմելիորեն ճնգճնգա մի շահանոցը։

Իսկ քաղքենին վախեցած փսփսում էր՝ շո՛ւտ, շո՛ւտ, շո՛ւտ, փախիր, գնա, ազատվիր, Կարապետ աղա։ Շտապիր, թե չէ նրանք կհասնեն ետեւիցդ։ Եթե չսպանեն էլ քեզ, այնուամենայնիվ բաց կանեն ոտներդ, կխլեն քեզանից քո երազների առարկան՝ փողը։ Ավելի լավ չէ՞ մեռնել, քան թե վերադառնալ դատարկ տոպրակով եւ առանց կոշիկների․․․

Մինչեւ երեկո մտածեց Կարապետ աղան։ Մինչեւ երեկո նրա մտքերը մտան կոշիկների մեջ ու դուրս եկան՝ պահանջոկոտ հաճախորդի ոտքի պես, որին հարկավոր է այնպիսի կոշիկ, որը ոչ լայն լինի, ոչ շատ նեղ, ոչ շատ բարակ կաշի ունենա, ոչ շատ հաստ, ոչ շատ թանկ լինի, ոչ շատ էժան․․․ Մինչեւ երեկո նա չափեց-չափչփեց եւ չհավանեց ոչ մեկը։ Եվ նույնիսկ այն րոպեին, երբ գնացքը կանգնեց փոքրիկ քաղաքում, նա դեռ չէր հանել իր որոշումը։  Ահա կխփի զանգը, եւ նորից կսուլի շոգեմեքենան։ Ի՞նչ անել՝ գնա՞լ, մնա՞լ․․․ Ի՞նչ անել ախր․․․ Մտածելու ժամանակ չկա․․․

Կես ժամ հետո Կարապետ աղան իր մտքից տարակուսած գլուխը վեր բարձրացրեց։ Վագոնում ոչ ոք չկար։ Նա սարսափած ցատկեց տեղից եւ թռավ դուրս։ Փոքրիկ կայարանը լցված էր զինվորներով, բազմաթիվ զինվորներով, որոնց մեջ քաղաքացիական հագուստ կրողները երեւում էին հատուկենտ։ Կարապետ աղան անցավ գնացքի ամբողջ երկայնքով, բայց բոլոր վագոնները դատարկ էին, եւ նույնիսկ շոգեմեքենայի վրա ոչ ոք չկար․․․ Նա պատրաստ էր գժվել ապշությունից, եթե հանկարծ հեռվում, լուսավոր փարոսի նման չերեւար ծանոթ կոնդուկտորի ճաղատ գլուխը։ Կարապետ աղան նետվեց դեպի նա․

– Ինչո՞ւ չենք գնում։

– Ո՞ւր։

– Առաջ։

– Ո՞րն է առաջը։

– Այս կողմ։ Կամ այն կողմ․․․

– Որ կողմն էլ գնանք, օղակ է։

Կարապետ աղան թուլացած նստեց։ Առաջին անգամ ողջ ճանապարհորդության ընթացքում նա մոռացավ նույնիսկ իր աճուկներն ստուգելը։

Ինչո՞ւ համար էին այդքան շատ զինվորներ հավաքվել քաղաքոմ։ Ինչո՞ւ համար էին գաղթում հարուստները։ Ինչո՞ւ համար էին ձերբակալում բանվորներին։ Կարապետ աղան ի՞նչ իմանար։ Նա իր կյանքում նման խնդիրներով չէր հետաքրքրվել։ Իսկ այժմ նա միայն մի բան գիտեր․- աշխարհն իրար է խառնվել։ Նա այդ սպառիչ պատասխանն էր տալիս բոլոր հարցերին, որոնք ծնունդ էին առնում իր գլխի կլոր  կոշկավաճառանոցում։ Իսկ ինչո՞ւ է աշխարհն իրար խառնվել․․․ Նա տալիս էր նաեւ դրա պատասխանը։ Պատճառն այն է, որ չունեւորներն ուզում են ունեւորների ողջ ունեցվածքը խլել, իսկ ունեւորները թույլ չեն տալիս այդ։

Այսքանով վերջանում էին Կարապետ աղայի գիտելիքներն աշխարհի անցուդարձի մասին։  Այժմ նույնպես, իջնելով այդ փոքրիկ քաղաքն ու տեսնելով մարդկանց նախապատրաստությունը, նա մի ավելորդ անգամ ապացուցված էր տեսնում իր այն կարծիքը, որ աշխարհն իրար է խառնվել։

Աճուկների արանքում զգալով դրամի ծանրությունը՝ Կարապետ աղան գնաց հյուրանոց։ Միայն մի ազատ սենյակ կար, եւ նա անմիջապես տեղավորվեց այնտեղ։ Հյուրանոցը մի հարկանի փոքրիկ շենք էր, որն իր ետեւում ուներ շատ բարձր պատերով եւ հսկայական մեծությամբ մի բոլորովին դատարկ բակ։ Այնտեղ չկար ոչ մի ծառ, ոչ մի թուփ։ Բակը նման էր Մոսկվայից ստացվող կոշկեղենի դատակ արկղի։ Լուսամուտից տեսնելով այդ բակը՝ նա ունեցավ մենակության ծանր զգացում։  Վարագույրն իջեցրեց ներքեւ, որպեսզի չերեւար այդ անիմաստ, ամայի, բարձր պատերով բանտարկված տարածությունը։ Նա նույնիսկ խնդրեց հյուրանոցի տիրոջից՝ փոխել իր սենյակը մի ուրիշ սենյակի հետ, որի լուսամուտները նայեին փողոցին։ Բայց բոլոր սենյակները զբաղված էին նույն անխուսափելի զինվորականներով, որոնք աշխարհը խառնել էին իրար։

Լվացվելուց եւ արտաքնոցում երկար մնալուց հետո (նա տնտղում էր աճուկների արանքում, վարտիքի վրա կարված տոպրակը), Կարապետ աղան դուրս եկավ կոշիկ փնտրելու։ Փակ էին համարյա բոլոր խանութները։ Մոտենալով դրանցից մեկի դռանը՝ Կարապետ աղան նայեց ներս։ Խանութը դատարկ էր, ինչպես հյուրանոցի բակը։ Կարապետ աղան հասկացավ։ Տերերը փախել են․․․Հասկացավ, եւ նրա մարմնով կարծես լվեր անցան։

Սակայն կոշիկ էր հարկավոր։ Քսան տարվա կոշկավաճառը Կարապետ աղայի մեջ հանգիստ չէր տալիս նան։ Եվ այդ ներքին ձայնին հլու, գնում էր Կարապետ աղան փողոցներով՝ փնտրելով ցուցանակների վրա կոշիկի գործարանների ֆիլիալների անունները․․․ Սակայն չկային բաղձալի ցուցանակները, եւ Կարապետ աղան մոտ էր հուսահատության։ Բայց միշտ բախտը ժպտացել էր նրան, թեեւ զուսպ, բայց հաճախակի ժպիտներով։ Այս անգամ նույնպես, նա օգնության հասավ։

Տեսավ Կարապետ աղան, թե ինչպես իր աչքի առաջ փայլատակեց խոշոր տառերվ գրված թիթեղը․ – «Մագազինը փակելու պատճառով թատրոնական ռեկվիզիտի եւ այլ իրերի մեծաքանակ եւ էժանագին վաճառք»։

Նկատեց Կարապետ աղան, թե ինչպես մագազինի տիրոջ աչքերում բորբոքվում էր շուտ վաճառելու եւ փախչելու ցանկությունը։ Սարսափեց Կարապետ աղան։ Նրանից ավելի խելոք, ավելի հարուստ վաճառականները ծախում են, ծախծխում իրենց ունեցածը, շտապում են փախչել։ Իսկ ի՞նչ է անում նա ինքը․․․ Պատրաստվում է կոշիկներ գնելու․․․ Ինչո՞ւ․․․ Ի՜նչ հիմարություն․․․

Սակայն նրա խորքում թաքնված մանր չարչին վեր բարձրացավ իր ամբողջ կարճլիկ հասակով․- մոտեցիր, Կարապետ աղա, գոնե հարցրու ապրանքի գինը․․․

Կարապետ աղան մտավ մագազին, հարցրեց գները եւ ապշեց աներեւակայելի էժանությունից։ Նա գնեց թատրոնական ռեկվիզիտին պատկանող բոլոր կոշիկները, ձեռքը շտապ տարավ դեպի շալվարը եւ փրթ, փրթ, իրար ետեւից քանդեց բոլոր կոճակները։ Մագազինի տերը նույնիսկ չհաշվեց փողը։ Հավաքեց բոլոր կոշիկները, լցրեց չորս պարկերի մեջ եւ տվեց Կարապետ աղային։ Ինչպիսի՜ ոտնամաններ կային այնտեղ․․․ Տղամարդկանց, կանացի, երկարաճիտ, բաց երեսով, հազար ու մի ձեւի ու գույնի․․․ Կարապետ աղան մշակ կանչեց եւ բեռն անմիջապես փոխադրեց հյորանոց։

Այժմ պետք էր մտածել վերադառնալու մասին։ Նստել գնացք, իր չորս կողմում շարել չորս պարկերը, բազմել դրանց միջեւ՝ լայն ժպիտը երեսին, եւ սլանալ դեպի իր հայրենիքի սիրելի գնորդները․․․

Հյուրանոցում Կարապետ աղան հաշվեց կոշիկները, տնտղեց դրանց ներբանները, ձիգ տվեց երեսների կաշին ու գոհ մնաց։  Հետո նորից խնամքով լցրեց իրենց տեղը եւ սենյակից ելավ դուրս՝ դուռը խնամքով փակելով։ Հարկավոր էր տեղեկանալ՝ երբ է մեկնելու գնացքը․․․

Քաղաքն անսովոր հուզմունքի մեջ էր։ Ամենուր զինվորներ էին։ Փոքրիկ քաղաքը կենդանացել է զինվորական անթիվ ֆուրգոնների ու թնդանոթների անիվների գռգռոցից, հոգնած քայլերգներից ու հրահանգի բառերից, բնակիչների ահաբեկ շշուկներից։

Կարապետ աղան քայլերն արագացրեց։ Որքան մոտենում էր կայարանին, այնքան նրա սիրտը խփում էր անհամբերությունից, ինչպես դախլում մենակ մնացած շահանոց, որն ընկերներ էր պահանջում մենակությունից ազատվելու համար։

Կայարանում կարծես կայծակը խփեց Կարապետ աղային։ Մեկնելու պատրաստ կանգնել էր գնացքը։ Դա միակ գնացքն էր, որ դուրս էր գալու։

Միակ գնացքը․․․ Դժվար էր պատկերացնել, թե ինչ խուճապ կարող էր տիրել կայարանում։ Թվում էր, թե վագոնները պիտի պայթեին իրենց պարունակությունից։ Մարդիկ ծեփ կպել էին նաեւ վագոնների կտուրներին, կպել էին վագոնների պատերին, ինչպես մեղրաթղթի վրա բռնված ճանճեր։ Ովքե՞ր էին, ո՞ւր էին գնում, ինչո՞ւ․․․ Կարապետ աղան ահով նկատեց, որ բոլորն էլ իր նման մարդիկ են, իր դիրքի մարդիկ՝ իրենց ընտանիքներով եւ ունեցած-չունեցածով։

Մի րոպե Կարապետ աղան հասավ խելագարության դռներին եւ փոշմանած ետ դարձավ։ Մի րոպե նա որոշեց քաշել, ոտնատակ նետել մի քանիսին վագոնի աստիճաններից եւ նրանց փոխարեն ինքը նստել ու գնալ․․․ Բայց այնտեղից՝ հյուրանոցից, հաճելի բեռը սիրած կնոջ նման կախվեց Կարապետ աղայի վզից եւ նրան թույլ չտվեց ի կատար ածելու իր մտածածը։ Եվ մնաց Կարապետ աղան իր տեղում մեխված։

Գնացքը շարժվեց․․․ Ի՞նչ կարող էր անել Կարապետ աղան, եթե ոչ այլայլված վերադառնալ հյուրանոց եւ պինդ փակել դուռն ու լուսամուտը։ Այժմ նա գիտեր, որ կատարվում էր մի մեծ ու սոսկալի բան։ Ինչո՞ւ ինքն էլ չփախավ՝ թքելով կոշիկների վրա․․․

Սակայն այդ մտքերը երկար չտեւեցին, եւ շուտով Կարապետ աղան քնեց սարսափից․․․

2

Արթնացավ Կարապետ աղան եւ ըստ իր հին սովորության գնաց արտաքնոց։ Հյուրանոցի միջանցքում ոչ ոք չկար։ Քնկոտ աչքերը ճմռելով՝  նա մտավ «տղամարդկանց» դռնով։ Սկսեց մտածել։ Սպասիր, ինչպե՞ս թե միջանցքում ոչ ոք չկար․․․ Սպասիր, հարեւան սենյակից չի՞ լսվում գրամեքենայի չխկչխկոցը եւ թելադրողի ձայնը։ Սպասիր, չէ՞ որ ամեն օր այս ժամին․․․

Եվ Կարապետ աղան դուրս թռավ միջանցք։ Հատակի վրա թափթփված էին թղթեր, եւ դռներից մեկը կիսաբաց էր․․․

Վատ նախազգացումը համարձակություն տվեց Կարապետ աղային։ Նա ետ հրեց դուռը եւ նայեց ներս։ Ոչ ոք չկար։ Նա բաց արեց երկրորդ դուռը։ Նորից ոչ ոք։ Այդպես բացուխուփ անելով բոլոր դռները՝ նա դողդողացող ոտքերն ուղղեց դեպի բուֆետի սենյակը։ Ի՞նչ է պատահել։ Գուցե հյուրանոցատերը կբացատրի։ Այդ խոր հավատով նա մտավ ներս․․․ Բայց բուֆետոմ նույնպես ոչ ոք չկար․․․ Ամեն ինչ իր տեղումն էր, բայց տերը չկար․․․ Փախել էր․․․ Թողել էր ունեցած-չունեցածն ու փախել․․․

Զարհուրեց Կարապետ աղան։ Հազիվ հագնվելով՝ նա իրեն նետեց փողոց։ Ի՞նչ է պատահել․․․ Ի՞նչ է պատահել․․․ Ի՞նչ է պատահել վերջապես․․․

– Ոչինչ,- պատասխանում էին նրան անցորդները։- Մերոնք գալիս են։ Սրանք գիշերով փախել են։ Մեր պիկետները մի մասին բռնել են, բայց մյուսներին հաջողվել է ծլկվել։ Քաղաքում կազմված է նոր իշխանություն։ Մերոնցից․․․

Այլեւս ոչինչ չլսեց Կարապետ աղան։ Նա հազիվ իրեն գցեց հյուրանոց եւ պինդ փակվեց այնտեղ։

Սեփականատիրոջ մոլուցքով բռնված՝ նա սարսափած նայեց կոշիկներին։ Ի՞նչ անել։ Թողնել, որ գան բոլշեւիկները եւ հագնե՞ն դրանք․․․ Ոչ, Կարապետ աղան այդպիսի բան թույլ չի տա։ Նա կգործածի, կմաշի բոլոր կոշիկները, որքան որ թույլ տա իր տրամադրության տակ եղած ժամանակը․․․

Եվ նա սկսեց մաշել։

Իր օրվա մեծագույն մասը, վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո, նա անց էր կացնոմ հսկայական քարե բակում ետ ու առաջ շրջելով՝ թե «մարսողության» համար եւ թե կոշիկները մաշելու։ Ժամը մեկ փոխելով ոտնամանները՝ նա քայլում էր ու քայլում։

Նա հագնում էր երկարաճիտ սապոգներ, որոնք կարող էին զարդարել հերթապահության կանգնած ոստիկանների ոտները։ Հագնում էր լեզգինկա պարողի ծուղիներ՝ նուրբ երեսներով ու փափուկ տակերով։ Հագնում էր կինտոյական չեքմաներ, որոնք միանգամից փոխում էին նրա քայլերի բնույթը։ Հագնում էր տուֆլիներ, որոնցով դուքսերն էին ներկայանում անգլիական թագավորին՝ 18-րդ դարում։  Դրանից անմիջապես հետո նա ոտքերն էր անցկացնում արեւելյան քոշեր, որ կրում էին Հարուն ալ-Ռաշիդի ժամանակի բաղդադցիները։ Ժամանակի եւ տարածության վրայով մի ահագին թռիչք կատարելով՝ Կարապետ աղան հագնում էր ժամանակակից բատինկաներ, որոնք կազմում էին ճակատամարտերում կռվող զինվորների հանդերձանքի մի մասը։ Բավականին մաշելով դրանք՝ նա այժմ ոտներն էր անցկացնում Ղրիմում հանգստանալու եկած ամառանոցավորի սանդալներ։ Հագնում էր բուցիներ, ինչպես խաղացողները՝ ֆուտբոլի ժամանակ։ Այնուհետեւ նա պարսիկ խաների նման հագնում էր տնային փափուկ կյանքի սիմվոլ մյասերը՝ դրանց անխուսափելի զուգակից բաբուջների մեջ։ Նա փորձում էր նաեւ գյուղական, սովորական տրեխները, որոնք մաշվում էին մյուսների հետ հավասար հաջողոթյամբ։ Անընդհատ քայլելուց ուժաթափ՝ նա հագնում էր չուստեր, ինչպես գավառաքաղաքի ինտելիգենտ։ Իսկ երբ արդեն կեսգիշեր էր դառնում, նա բակի խավարն ու անդորրը խախտում էր փայտե նալիկների համաչափ թխկթխկոցով։

Այդ ծանր աշխատանքից հետո հազիվ մի քանի ժամ քնելով՝ նա նորից էր վեր կենում՝ մաշելու բոլոր ժամանակների եւ բոլոր աշխարհների ոտնամանները։

Տարօրինակ էր, որ ոչ ոք չէր վրդովում Կարապետ աղայի հանգիստը։ Միայն մի անգամ երկու մարդ թակեցին հյուրանոցի դուռը եւ հարցրին հյուրանոցատիրոջը․

– Քնած է,- հայտնեց Կարապետ աղան,- իսկ ես նրա օգնականն եմ, ի՞նչ եք ուզում։

Անծանոթները գնացին, նրանք ոչինչ չէին ուզում, նրանք հենց այնպես․․․

Ամեն ինչ կար հյուրանոցի բուֆետում՝ խնձոր, խաշած ձու, ձկան պահածոներ․․․ Պահարաններում շարված էին լիմոնադի շշեր, իսկ վաճառասեղանի տակ՝ մի փոքրիկ տակառ գինի։ Վաճառասեղանի վրա երկարավուն պնակների մեջ դրված էին մի քանի եփած հավեր։ Դրանք արդեն մի քիչ հոտել էին, բայց դեռեւս ուտելու համար պետք կգային։ Ինչի՞ մասին կարող է մտածել այլեւս Կարապետ աղան։  Կարելի էր սպասել բոլշեւիկներին եւ այդ բոլորն ուտել․․․

Եվ նա սկսեց ուտել․․․ Ուտել՝ արշալույսի հետ, ուտել՝ ցերեկվա շողին, ուտել վերջալույսի շողերի տակ։ Ուտել՝ ինչ որ կպատահեր, լիներ դա բողկ, սարդինկա, սառած փլավ, կանաչի․․․ Ուտում էր՝ այդ ամենը բոլշեւիկների ձեռքից փրկելու հաստատ գիտակցությամբ։ Ուտում էր, սրարշավ վազում արտաքնոց։ Հետո գալիս եւ վերականգնված ուժերով շարունակում ուտել․․․

Երբ նրա ստամոքսում դիզվում էր խժռված նպարեղենի բավականին հաստ մի շերտ, Կարապետ աղան դա ցողում էր ձեռքն ընկած հեղուկով՝ օղի, բենեդիկտին, գարեջուր կամ պարզապես քացախ։ Կատարելով այդ ոռոգումը՝ նա սկսում էր բուֆետային կոնգլոմերատի մի նոր շերտով պնդացնել իր փորը։ Այսպես շերտ առ շերտ դիզվում էին նրա ստամոքսում պինդ ու հեղուկ մարմինները, մինչեւ որ կերակրափողի բղկոցը նախազգուշացնող ազդանշան էր տալիս հնարավոր կատաստրոֆի մասին։

Եվ միայն այդ րոպեին, երբ արդեն կշտանում էր Կարապետ աղան, նրա ուղեղն ստանում էր մտածելու ընդունակություն։ Ուտելու խելահեղ փափագից հագեցած՝ նա անդրադառնում էր իր ողբերգական վիճակին։ Նա հուսահատությունից մազերն էր պոկում, որ ահա ինքն անզոր, անօգնական ընկել է այս օտար քաղաքը՝ առանց գիտենալու, թե ինչ պիտի լինի վաղը։ Նրա ականջները նույնպես կարծես բացվում էին միայն կշտանալուց հետո։ Նա միայն այդ րոպեներին էր լսում, թե ինչպես հեռվում խուլ որոտում էին թնդանոթները։ Ո՜վ, օտար քաղաքի օտար հյուրանոցում մենակ մնացածի աստված, ո՞ր կողմը պիտի հաղթի արդյոք։

Հուսահատության եւ թնդանոթաձգության ձայները խլացնելու համար նա ձեռը երկարում էր  դեպի խմիչքներից որեւէ մեկը եւ փորձում էր խմել։ Այդպիսի դեպքերում նրա ստամոքսը հրաժարվում էր որեւէ նոր բան ներս ընդունելուց։ Սակայն եթե ընդունում էլ էր, Կարապետ աղան չէր կարողանում հարբել ինքնամոռացության աստիճան․․․

Նա համարյա բոլորովին դուրս չէր գնում հյուրանոցից։ Ինչո՞ւ գնար։ Ճողոպրելու հույսից նա ձեռք էր քաշել։ Կարիք անգամ չկար կայարան այցելելու։ Գուցե նրան հետաքրքրեր դեպքերի ընթացքը, հետաքրքրեին նոր լուրերը։ Բայց ոչ, Կարապետ աղան այդպիսի մարդ չէր։ Նա հենց սկզբից գիտեր, որ նոր ոչինչ չի լսի։ Ինչ էլ որ լսելու լինի, դարձյալ նույն եզրակացությունը պիտի անի, որ աշխարհն իրար է խառնվել։ Էլ ի՞նչ կարիք կար նույն բանն իմանալու համար անհանգստանալ եւ հեռանալ սննդարար հյուրանոցից։

Մի անգամս սակայն, նա դուրս եկավ կես ժամով եւ շրջեց քաղաքը։ Մի քանի շենքերի վրա նա տեսավ կարմիր դրոշակներ։ Բոլոր մարդիկ քայլում էին՝ ականջները լարած դեպի թնդանոթաձգության խուլ ձայները։ Ինչ-որ տեղում ինչ-որ մարդիկ կռվում էին ինչ-որ մարդկանց դեմ ինչ-որ նպատակով։ Կարապետ աղան բավարարվեց այդքանով ու վերադարձավ իր ուտելավայրը։

Փողոցներով շրջում էին քաղաքացիական պիկետները։ Հենց Կարապետ աղայի աչքերի առաջ նրանք ձերբակալեցին մի քանի մարդկանց, որոնք փորձում էին թալանել մի փակ խանութ։ Կարապետ աղան հանգիստ շունչ քաշեց։ Դեպքերի խառնիճաղանջի միջից նա միայն մի բան էր պարզ կռահում՝ նախկին տերերը փախել են, բայց քաղաքում խոհրդային իշխանությունը դեռ չի ամրացել։ Այդ կախված է նրանից, թե ում օգտին կլուծվի հեռու թնդանոթաձգությունը։

Ցերբերի կատաղությամբ Կարապետ աղան պաշտպանում էր հյուրանոցի դռները։ Քանի դեռ դրա բուֆետում կա մի սկուտեղ՝ խնձորով լի, կամ մի տուփ սարդինկա, Կարապետ աղան ոչ ոքի թույլ չի տա մտնել այդտեղ։ Ես եմ հյուրանոցի տերը, ի՞նչ եք ուզում։ Բոլոր համարներն զբաղված են․․․

Եվ նորից Կարապետ աղան հարձակվում էր բուֆետի վրա եւ սկսոմ էր ուտել։ Քանի՜ հավ իր վախճանը գտավ նրա ստամոքսում, քանի՜ տեսակ խմիչք նրա կոկորդի նեղուցով հոսեց դեպի վար․․․

Եթե չլինեին այդ ուտելիքները, նա հազիվ թե ուժ ունենար օրական տասը-տասներկու ժամ շրջել դատարկ ու փակ բակում եւ մաշել կոշիկները։ Բայց, մյուս կողմից, եթե չլինեին այդ կոշիկները եւ դրանք մաշելու համար ձեռնարկված շրջագայությունները, Կարապետ աղան հազիվ թե մարսեր այդքան ճոխ բուֆետը, որը նա մաս առ մաս տեղափոխում էր իր ստամոքս։ Հյուրանոցի բուֆետն ու թատրոնական կոշիկները փոխադարձաաբար օժանդակում էին իրար եւ լրացնում։ Կարապետ աղան լիուլի օգտվում էր երկուսից էլ՝ դրանք բոլշեւիկներից ազատելու վեհ նպատակով։

Ահա իրերն այս վիճակի մեջ էին, երբ երկու օր հետո բոլշեւիկները մտան քաղաք, եւ նրանց շտաբը եկավ տեղավորվելու այդ հյուրանոցում։

3

Քիչ մնաց Կարապետ աղային հանձնեին դատի՝ թատրոնի ռեկվիզիտները հափշտակելու համար։ Նրան հազիվ հաջողվեց ապացուցել, որ այդ բոլորը նա գնել է մի ուրիշից, որը իհարկե փախել էր քաղաքից։ Իր սեփական մեջքի վրա բարձած՝ նա կոշիկներով լի պարկերը մեկ առ մեկ տարավ թատրոն եւ դրեց իր տեղը։ Չորրորդ պարկը տանելուց հետո նա այլեւս չվերադարձավ հյուրանոց, այլ գնաց ուղիղ կայարան։ Հազիվ տեղ գտնելով մի ապրանքատար վագոնում՝ նա վերադարձավ ետ՝ տուն, իր հետ տանելով միայն մի մաշված ոտնաման՝ իր դեմքը։

1933

Please follow and like us: