Օր 1-ին
Գիշերը ահաբեկիչները գրավել են Գրողուցավը։ Նրանք մանրամասն պատրաստվել էին, մի քանի օր ուսումնասիրելով ընդհանուր տարածքն ու տիրույթը՝ գիշերային «բլից կրիգ» էին արել։ Թվում էր, թե ամեն բան հաշվի առնված է եղել, իսկ հաջողությունը հավատարմորեն ուղեկցել է նրանց․ Մեծ Բրիտանիայում մի հնդիկ հավակնում էր վարչապետի պաշտոնին, ռուսներն ուկրաինացիների հետ ինչ-ինչ բաներ չէին կիսում, իսկ Աստված, տարօրինակ է, արձակուրդ էր վերցրել։ Ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրը լույսի արագությամբ տարածվեց ամբողջ հանրապետությունով մեկ, բայց բոլորս հանգիստ էինք, խուճապի նշույլ անգամ չկար։ Մենք շարունակում էինք մեր բնականոն կյանքը։ Հաշվենկատ ահաբեկիչները վերջնական հաջողության ոչ մի տարբերակ չունեին, Արփին ու Դավիթը նրանց պիտի որ բզկտեին, քարը քարի վրա չթողնեին․․․ Ես վճարեցի տարօրինակ տաքսիստին և իջա մեքենայից։
Օր 2-րդ
Ահաբեկիչները դեռ Գրողուցավում են, նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացնում։ Որքան հասկանում եմ՝ ոչ մի պահանջ չներկայացնելը հե՛նց պահանջ է, հասկացել են, որ մենք հիանալի ոչինչ չանողներ ենք ու հե՛նց էդ պահանջով էլ, սրիկանե՛րը, լուռ հանդես են գալիս։ Սրանք Դավիթին չեն ճանաչում, Դավիթը դեռ չի ուզում իր ողջ ներուժը ներդնի, 40 գորգի տակ պատսպարված է, բայց հենց դուրս եկավ՝ սրանց «կաշիները քերթելու է»։ Իսկ կյանքը հանգիստ հունով շարունակվում է․ Հաբեթն ու իր եղբայրները կրկին գնացին ֆաշիստների դեմ, պապը գերմանացի գերու գլխարկը վերցնում ու նրան բաց է թողնում, իսկ ես նույն տաքսիով գնում եմ իմ աշխատանքին։ Այս տաքսիստը պոետ դուրս եկավ, բանաստեղծություն է, որ շարում է․․․ Ինքն էլ իր ամենօրյա գործն է անում։
Օր 3-րդ
Արփին ուղիղ եթեր դուրս եկավ ու դիմեց հանրությանը․ Գրողուցավը հլը դրանց ձեռքում էր, տնավորվել էին, լկտիները չէին պատրաստվում հանձնվել։ Հանրության ամեն մի ներկայացուցիչ մինչև վերջին բառը լսեց Արփիին (ի դեպ, շատ մեծ ուշադրությամբ էինք լսում), հետո անցավ առօրյա կյանքին։ Տաքսիստս էսօր ֆանտաստիկ էր, քառատողերը շշելով էր քշում, իսկ Արսենը էլի լամպ էր պտտում մեր մուտքում․․․ Պտտում էր ու արդեն մտածում նոր լամպ գնելու մասին, քանի որ գիտեր՝ օրվա երկրորդ կեսին այսօրվա լամպը գողանալու էին։ Բայց ամենազավեշտալին դա չէր, ամենազավեշտալին Աստվածն էր, որ առաջին արձակուրդը չվայելած` արդեն երկրորդի դիմումն էր գրել։ Աստված նույնպես լսել էր Արփիի «լայվը»․․․ Երևի հենց այդ պատճառով էլ երկրորդ արձակուրդն էր խնդրել։
Օր 4-րդ
Մոսկվան պաշտոնապես հայտարարեց Կրեմլում ահաբեկչի ու դավաճանի հանդիպման մասին։ Պենտագոնից ու Բրյուսելից արձագանքներ դեռ չկան, վերջին օրերի հորդորների ձայները խլանում էին Գրողուցավի փակ դռներին բախվելով։ Դավիթը դուրս էր եկել գորգերի տակից, բայց դեռ ոչ մի լուր չկար։ Սպասում էինք։ Հանրությունը համակ ուշադրությամբ հետևում էր իրադարձություններին, ահաբեկիչների «հնչեղ» պահանջը իրագործում էինք ամենայն պատասխանատվությամբ և շարունակում էինք դարերից ժառանգած, մայրական կաթի հետ սերնդե սերունդ փոխանցված ամենասուրբ գործերից մեկը՝ որոնել Փրկչին։ Որոնումների լաբիրինթը սկսվում էր «Արփի-Դավիթ» անհաղթ զույգից, շարժվում Մոսկվայի Կարմիր հրապարակով, անցնում Բրյուսելի միզող երեխայի դիմացով, հասնում Պենտագոն և ուղևորվում Աստծու մոտ․․․ Աստված արդեն թվով երրորդ արձակուրդի դիմումն էր գրել։ Տաքսիստս չգիտեր այդ մասին ու ինձ աշխատավայրում իջեցնելով՝ հռետորաբար հորդաց․
Հայացքը վերև մենք լուռ սպասում ենք,
Աստվա՛ծ ջան, ախր էլ ուրիշ ի՞նչ անենք։
Օր 5-րդ
Ահաբեկիչները փախան։ Փախան ո՞րն է, ծլկեցին։ Վախկոտնե՛ր։ Բա ի՞նչ պիտի անեին, արդարությունը, ի վերջո, միշտ էլ հաղթանակում է։ Ախր, հանրային ճնշումը շատ մեծ էր․ Կրեմլի ու Արևմուտքի միջամտությունը մի կողմից, մեր համբերատար լռությունն ու «ամեն մեկս իր գործով զբաղվելու» արդարացված ու անկոտրում որոշումը մյուս կողմից։ Էս համադրության դեմ հակախաղ չկա, սա պիտի հաջողությամբ պսակվեր, այլ տարբերակ չէր էլ կարող լիներ։ Գրողուցավն ազատագրված է ստոր ահաբեկիչներից, որոնք ինչպես եկել էին, ինչպես գրավել էին, այնպես էլ անխոչընդոտ լքեցին տիրույթը․․․ Այո՛, Գրողուցավն ազատագրվեց, բայց փոքրիկ, մի փոքրիկ, շա՜տ աննշան փոփոխություն եղավ նրա հետ՝
վերնագրի տարածքային որոշակի զիջումներից հետո ահաբեկիչները «Գրող»-ին իրենցը դարձրին, «ու» անկլավը, որպես վիճելի տարածք, չեզոք գոտի ճանաչվեց, և Գրողուցավը վերանվանվեց Ցավ։
Օր 6-րդ
Կյանքը շարունակվում էր․ պապը հերթական գերմանացուն էր բաց թողնում, Արսենը շինանյութի խանութ էր փնտրում, հովիվը ոչխարներին սար էր բարձրացնում, չորացած թզենին՝ անեծքին կարոտ, մեզ նման Աստծուն էր սպասում․․․ Արփին ու Դավիթը մեծ ցավով ընդունեցին Ցավի փոխակերպումը, բայց հաղթահարելով այդ ահռելի ու անմարդկային վիշտը՝ շարունակում էին աշխատել Ցավի լավացման և կատարելգործման վրա, իսկ որոշ դեպքերում՝ Ցավի համար։ Ես վայելում էի տաքսիստի հերթական «գլուխգործոցը», որը խոստանում էր լինել Fook Best-ի բացահայտումը։
Օր 7-րդ
Աստծու արձակուրդն ավարտվել էր, բայց նա շարունակում էր հանգստանալ․ 7-րդ օրը նա երբեք չէր աշխատում։